Dalma News-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում «Ինտեգրացիա և զարգացում»  վերլուծա-հետազոտական կազմակերպության տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Վիլենի Սաֆարյանի հետ ունեցած իր հարցազրույցը:

f55c4f4ec5de74_55c4f4ec5e269.thumb

Արամ Վիլենի, ի՞նչ կասեք Եվրազեսին Հայաստանի անդամակցության կոնտեքստում  2016 թ. տնտեսական արդյունքների մասին:

2016 թվականը Հայաստանի համար բավական բարդ տարի էր: Լինում են դեպքեր, երբ պարզապես ստիպված ես լինում ահազանգել ու փնտրել տնտեսության բարելավման արմատական մեթոդներ: Օրինակ՝ անցյալ՝ 2016 թ. հայկական տնտեսության մեջ ամրագրվեց արտաքին ներդրումների ամենացածր ցուցանիշը՝ 100 մլն-ից պակաս դոլլար: Սա չափազանց ցածր ցուցանիշ է, ու խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունն արտաքին ներդրողների համար բոլորովին գայթակղիչ չէ:

Երկրորդը, ի հակառակ բոլոր, այդ թվում նաև World Bank-ի և International Monetary Fund-ի՝ 2,5 % ՀՆԱ աճի կանխատեսումներին, Հայաստանի համար այդ տարին ավարտվեց ընդամենը 0,5 % ՀՆԱ աճով: Դարձյալ չափազանց ցածր արդյունք, որը թույլ չի տալիս խոսել այն մասին, որ երկիրն իրոք բռնել է ակտիվ զարգացման ուղի:

Երրորդը, չնայած մի շարք ոլորտների ընդհանուր անհաջող ցուցանիշներին, կարող ենք հաստատապես ասել, որ Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ամենահաջող կերպով անդրադարձավ մեր երկրի տնտեսական վիճակի վրա: 2016 թ.-ին զգալի աճ ու զարգացում ցույց տվող ընդամենը երեք ցուցանիշ է ամրագրվել, և այդ բոլոր երեքը հանդիսանում են Եվրազեսին մեր անդամակցության  անմիջական արդյունք: Առաջինը դա հայկական ապրանքների արտահանման ծավալի աճն է դեպի Ռուսաստան, որը զգալի չափերի հասավ՝ վերջին մեր անկախ 25 տարիների ընթացքում հասնելով իր պատմական առավելագույնին: Երկրորդ, ավելացավ թեթև արդյունաբերական ապրանքների ծավալն ու արտահանումը՝ կրկին Ռուսաստանի ուղղությամբ: Եվ երրորդ, մեծացել է ծառայությունների շուկայի ծավալը, դարձյալ կապված Եվրազեսին Հայաստանի անդամակցության հետ:

Մի շարք այլ ոլորտների՝ շինարարության, արդյունաբերության և այլն ցուցանիշներ այդքան էլ բարձր չեն, բայց մասնագետներն ու տնտեսագետները վստահեցնում են, որ ստեղծված քաղաքական ու տնտեսական մեխանիզմների շնորհիվ նշված երեք ոլորտների զարգացման միտումները, որոնք 2016 թ. զգալի արդյունքներ ամրագրեցին, կպահպանվեն նաև 2017 թ. ընթացքում: Այդ պատճառով էլ, անձամբ ես գտնում եմ, որ եթե Հայաստանը չլիներ Եվրազեսի անդամ, չլիներ Ռուսաստանի ռազմա-քաղաքական և տնտեսական ամենամոտ դաշնակիցը, ապա 2016 թ. նրա տնտեսական վիճակն ավելի վատ էր լինելու:

Այս մոտեցումը մեր տնտեսագետները կձևակերպեին այսպես. Հայկական տնտեսությունը շահել է այն բանից, որ մենք հանդիսանում ենք Եվրազեսի անդամ, իսկ բացասական միտումները, որոնք հետապնդում են աշխարհի երկրների մեծ մասին, ինչպես նաև ետխորհրդային երկրներին, այդ թվում և Հայաստանին, ոչ մի կերպ կապված չէ Եվրազեսին մեր անդամակցության հետ: Բացասական գործոններն ազդում են մեր քաղաքականության, տնտեսության, պետական կառավարման վրա, սակայն չեն հանդիսանում Եվրազեսին անդամակցության անմիջական հետևանք:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումների ներգրավման ինվեստիցիոն ֆոնդ է ստեղծվում: Այս հարցի հետ կապված ինչպիսի դիտարկումներ ունեք:

Ես չափազանց ուշադիր հետևել եմ մեր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստան կատարած այցին ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած նրա բանակցություններին: Կարծում եմ, որ դա շատ կարևոր այց էր, ու այն 2017 թ.-ին մեր երկրի տնտեսական զարգացման վրա զգալի ազդեցություն կունենա, հնարավոր է նույնիսկ այդ դրական ազդեցությունը շարունակվի նաև 2018 թ.-ի ընթացքում: Կարեն Կարապետյանը հայտարարեց հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումների ներգրավման ինվեստիցիոն ֆոնդ ստեղծելու մասին: Դա երկար սպասված իրադարձություն էր, որը շատ վաղ է նախատեսվել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա իրականացումը միշտ հետաձգվում էր: Հիմա մեր կառավարությունը ցանկանում է կյանքի կոչել այս ծրագիրը, և ես վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ 2017 թ. կարելի է սպասել Հայաստանյան տնտեսության մեջ 300 մլն. դոլլարի չափով ռուսական անմիջական ներդրումներ, բավական հիմնավորված լավատեսություն է: Նպատակը բարձր, բայց հասանելի է:

Մեր տնտեսագետների կարծիքով, որպեսզի Հայաստանի տնտեսությունը քիչ թե շատ ազատ շունչ քաշել կարողանա, անհրաժեշտ է, որպեսզի այդտեղ տարեկան առնվազն 500-600 մլն դոլլարի ներդրում կատավի: Ոչ մի դեպքում դրանից պակաս: Եվ այդ 500-600-ից 300 մլն-ը մեր կառավարությունը, կարելի է ասել, արդեն հայթայթել է: Հիմա մնում է հասկանալ, թե է՞լ որտեղից է հնարավոր ներգրավել ևս 200-300 մլն դոլլարի ներդրում:

Визит Карена Карапетняа в Москву

Հասկանալի է, որ թե ռազմա-քաղաքական, թե տնտեսական, թե մի շարք այլ ոլորտների, ու առհասարակ ողջ տնտեսության զարգացման համար, Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնության ամենամոտ դաշնակից և ընկեր, ինչպես և ժամանակակից աշխարհում նրան ամենամոտ կանգնած կողմնակից, անհրաժեշտ գործընկերներ որոնելիս իր հայացքը հենց այդ երկրին կուղղի: 2016 թ.-ի տնտեսական այն դրական արդյունքները, որոնց մասին ես արդեն խոսեցի, ստիպում են մեր կառավարությանն ու շահագրգիռ պետական մարմիններին աջակցություն փնտրել հենց ռուս գործընկերների շրջանում, որպեսզի ապահովեն նաև այդ համագործակցության հնարավոր զարգացումը: Եվ սա բնական է: Կարծում եմ հիմա, երբ մենք խոսում ենք տնտեսական կյանքի վրա մեր պետության, կառավարության, պետական համակարգի ունեցած ազդեցության անհրաժեշտության մասին, նկատի ունենք հենց նրա կարգավորող գործոնն ու տնտեսական հարցերի լուծման մեջ նրա միջամտությունը, ինչը, որպես կանոն, բնորոշ է ցանկացած երկրի իշխանությանը:

Մենք, և հատկապես ես, սպասում ենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2017 թ.-ին ներդրողների որոնմամբ կսկսի զբաղվել կրկնակի, եռակի եռանդով: Իմ կարծիքով, էական միջոցների ներգրավումը հայ-իրանական ազատ առևտրային գոտի՝ Մեղրիի տարածքում, ինչպես և մի շարք այլ նախագծերում՝ բարձր տեխնոլոգիներ, արդյունաբերության ժամանակակից ոլորտներ, ռազմաարդյունաբերական ոլորտ և այլն, բացարձակ լուծելի առաջադրանք է: Ես մեծ լավատեսությամբ եմ հետևում կառավարության ակտիվ գործունեությանը՝ ուղղված ետխորհրդային ինտեգրացիոն միջավայրում նոր գործընկերների, նոր, մինչ այդ երկրի տնտեսության համար չօգտագործվող ռեսուրսների որոնման, հայթայթման ու կիրառման գործընթացին: Կարծում եմ, որ այդ որոնումները հաջողությամբ պսակելու տրամաբանական բոլոր լծակները կան:

Հայաստանի տնտեսության համար ներդրումներն ուղղակի անհրաժեշտություն են: Որտեղի՞ց է հնարավոր գտնել ներդրման աղբյուրներ ու ի՞նչպիսի նպատակների իրականացման համար կարելի է դրանք ծառայեցնել:

Սա շատ ճիշտ հարց է, ու այս հարցը պետք է բարձրացվի: Առաջին հերթին իհարկե այդ ներդրումները պետք է Ռուսաստանում փնտրենք: Սակայն հարկավոր է հասկանալ, որ Ռուսաստանն ինքը այսօր տնտեսական բնույթի որոշ դժվարություններ ունի: Ռուսաստանի ազատ միջոցներն անչափ մեծ չեն, չնայած որ այն մեծ երկիր է՝ սպառողական ու արտադրական անսահման հնարավորություններով ու զարգացման ներուժով: Բայց այստեղ կարևոր է ճիշտ հարցադրում սահմանելը, որը կարող է լուծվել քաղաքա-տնտեսական միջավայրի համար պատշաճ ու ճիշտ ձևակերպմամբ:

Ինչպե՞ս ես կձևակերպեի այս հարցը. Ես կասեի այսպես՝ Արևմուտքի և Ռուսաստանի հետ առճակատումը վերջին 25 տարիների ընթացքում Ռուսաստանին ստիպեց լրջորեն ու նորովի մտածել երկրի տնտեսական ինքնաբավության, տնտեսական անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, ինչը դրսից աջակցության կարիք չի ունենա, որը տեղ-տեղ ուղեկցվում է ճնշմամբ ու քաղաքական սպառնալիքներով, ինչպես նաև օտար ու ոչ հարիր, իսկ երբեմն նաև թշնամական, վնասակար քաղաքական որոշումների պարտադրմամբ:

Ռուսաստանում առաջին անգամ այդ մասին սկսեցին մտածել Ղրիմի իրադարձություններից հետո, որը հանգեցրեց Ռուսաստանի ու Արևմուտքի միջև պատժամիջոցային պատերազմին: Հիմա, փառք Աստծո, Ռուսաստանում այդ փնտրտուքներն իրականացվում են, ու հատկապես բարձր են գնահատվում այն ընկերները, որոնք պատրաստ են տրամադրել տնտեսական աջակցություն, պատրաստ են իրենց տնտեսական ներուժով օգնել ապահովելու ռուսական ինքնաբավությունը, ընդ որում՝ չենթարկվելով ճնշման, սպառնալիքի ու թշնամական հարձակման: Հայաստանը փոքր երկիր է, ու նրա ներուժը շատ սահմանափակ է: Սակայն մենք նույնպես, մեր համեստ հնարավորությունների չափով, պատրաստ ենք մասնակցել դեպի Ռուսաստան կատարվող ներմուծումների, ինչպես նաև ինքնաբավ տնտեսություն ստեղծելու գործընթացին: 2016 թ.-ը ցույց տվեց, որ Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական մթերքների կարիքն ունի, և մենք մի քանի անգամ կարող ենք ավելացնել մեր այդ ապրանքների արտահանումը:
euroasiaunioneba7

Ահա և ձեզ գործունեության ոլորտ: Կատարեք ներդրումներ, ստեղծեք գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություն և դուրս տարեք ձեր արտադրանքը: Ահա և ձեզ գյուղատնտեսական ապրանքների ոլորտում տնտեսական անվտանգության ապահովում: Ռուսաստանի բոլոր գործընկերները՝ Ղազախստանը, Բելոռուսիան, Ղրղզստանը, հնարավոր է նաև ուրիշ այլ երկրներ, իրենց հնարավորությունների չափով պետք է մասնակցեն այս գործընթացին: Ես կարծում եմ, որ Հայաստանը, որպես Հարավ-կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի հուսալի գործընկեր, և Եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակից, ունի բոլոր հնարավորությունները և պատրաստ է  ուրախությամբ աջակցել ռուսական տնտեսության՝ նոր մակարդակ բարձրանալուն, և իր տեղը զբաղեցնի ետխորհրդային ինտեգրացիոն միջավայրի տնտեսական անվտանգության ընդհանուր համակարգում:

Երկրորդ, եթե հայ-իրանական ազատ առևտրային գոտում՝ Մեղրու և Արաքս գետի շրջանում, հաջողություններ ամրագրվեն, ապա դրանք նույնիսկ այլ երկրներից, այդ թվում նաև Եվրոպայից ու ԱՄՆ-ից ներդրումների ներգրավման իրատեսական հնարավորություններ կապահովեն: Երբ խոսում եմ Եվրոպայի ու ԱՄՆ-ի մասին, ես առաջին հերթին նկատի ունեմ մեր հայրենակիցներին, այլ կերպ ասած՝ այդ երկրներում ապրող հայ գործարարներին: Նրանց մասին, ում տնտեսական ազատության այդ զոնան օգտակար ու շահավետ կլինի, և ով իրապես կցանկանա ներդրում կատարել հայկական տնտեսությունում: Ինչո՞ւ է ներդրումների առկա մակարդակը մինչև այժմ թույլ տվել մեզ ցանկանալ ավելին, որովհետև մեր տնտեսությունը  բավարար գայթակղիչ չի եղել, այն ավելի շուտ փակ ու ինքնամփոփ էր: Կոռումպացված համակարգի պայմաններում երբեք հնարավոր չէ խոսել գումարների ու ներդրողների, ինչպես և մեծ գումարների ազատ տեղաշարժերի մասին: Սակայն, եթե հիմա մեր կառավարությունն այս հարցին լրջորեն մոտենա, և իր նոր ու ակտիվ տնտեսական քաղաքականության շնորհիվ երաշխավորի տնտեսական գործունեության ազատություն և շահույթի ստացում, ապա այդ ժամանակ մենք իրավունք կունենանք հույս հայտնելու, որ մեր հայրենակիցները, իսկ նրանց ետևից նաև այլ ներդրողներ կցանկանան գալ Հայաստան:

Мегри
Мегри

Թերևս կրկնվեմ, եթե 2017 թ.-ին նոր ներդրումային միջոցների որոնման Հայաստանի կառավարության ջանքերն ապարդյուն անցնեն, ապա մեր տնտեսությունն իսկապես կկանգնի դժվար կացության առաջ: Բայց նման ողբերգական կանխատեսումներ հիմա՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անել ես չէի ցանկանա: Հակառակը, ուզում եմ աջակցել բոլոր նրանց, ովքեր իրենց լավատեսությամբ և կառուցողական գործունեությամբ ուզում են կարգավորել իրերի ներկա վիճակը հայկական տնտեսության մեջ:

Հայաստանում մինչև այժմ շարունակվում է Եվրասիական միության կողմնակիցների ու հակառակորդների միջև ընթացող պայքարը: Ձեր կարծիքով մեր երկրի՝ արդեն երկամյա անդամակցությունը Եվրազեսին, ինչպե՞ս է անդրադառնում գաղափարների այդ պայքարի վրա:

Շնորհակալություն այս հարցի համար: Բոլորն էլ գիտեն, որ մեր երկրի անդամակցության Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագիծը թևակոխում է իր երրորդ տարին: Երեք տարի է, ինչ մեր երկիրն ակտիվորեն աշխատում է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին անդամակցելու ուղղությամբ, իսկ կողմնակիցների ու հակառակորդների միջև ընթացող այդ պայքարը նույն բնույթն  ու իմաստն է կրում, ինչ-որ 2014-2015թթ.՝ Եվրազեսին մեր անդամակցության ամենասկզբում: Մի՞թե դա բնական է: Իհարկե ոչ: Այստեղ ոչ մի բնական բան չկա: Միանգամայն ակնհայտ է, որ այդ հակասությունը մեզ պարտադրվում է դրսից:

Ես այսպես եմ կարծում. Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ընթանում է գաղափարների բավական լուրջ պայքար: Մեծ հույսեր ունեմ, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահությունը  դրականորեն կանդրադառնա ռուս- ամերիկյան երկխոսության, հետևաբար նաև Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վրա առհասարակ: Սակայն, եթե Թրամփը այս գործընթացում չնշանավորվի որևէ լուրջ հաջողությամբ, ուրեմն կարելի է ենթադրել, որ առաջիկա տարիներին այդ հակասությունը կշարունակվի: Այս դեպքում հակասական ողջ գոտում՝ Հարավային Կովկասից մինչև Բալթիկ ծով՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընկած բոլոր երկրները շատ սուր կերպով կզգան հակասության այդ ազդեցությունն իրենց ներքին քաղաքականության վրա: Ես ասել եմ, ու շարունակում եմ համարել, որ մեր փոքր երկրի համար բացարձակ անթույլատրելի է արևմտամետ ու ռուսամետ տրամադրվածությունների մրցակցությունն ու հակամարտը: Եթե մենք ոտք դնենք կողմնորոշումների պատերազմի այդ դաշտը, ապա դրանից դուրս կգանք մեծ ու էական կորուստներով և ցավոտ կապտուկներով: Չէի ուզենա նման հեռանկարի մասին մտածել: Կարծում եմ, որ Հայաստանում հեղինակավոր ու ազդեցիկ կլինի այն իշխանությունը, որը կկարողանա ներդաշնակության մեջ դնել արևմտամետ ու ռուսամետ տրամադրվածությունների ազդեցությունները, և որը տնտեսություն, քաղաքականություն և հումանիտար գործունեություն կստեղծի այնպես, որ այդ երկխոսություններն ու գաղափարների պայքարը կնպաստեն Հայաստանի հզորացմանը, այլ ոչ թե նրան կներքաշեն մեծ քաղաքականության կոնֆլիկտի ճահիճ: Եթե մենք ընկղմվենք այդ ճահճի մեջ, ապա այդտեղից ողջ դուրս գալ չենք կարող: Ոչ մեր տնտեսությունը, ոչ էլ փխրուն քաղաքական համակարգը մեզ այդ մեծ ողբերգությունից ետ պահել ի վիճակի չեն լինի:

Այս մասին հարկավոր է խոսել թեկուզ միայն այն պատճառով, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերում քաղաքական այդ պայքարին այս կամ այն կողմերում, ուշադրության արժանացնեն համագործակցության, քաղաքացիական համերաշխության, հայ քաղաքացիության միասնականության հարցերն ու համահայկական համերաշխության խնդիրը, և սահմանափակեն իրենց քաղաքական կրքերի ու զգացմունքների պոռթկումները: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ին ու Եվրազեսին անդամակցումից բացի Հայաստանի համար այսօր իսկապես այլ ողջամիտ այլընտրանք չկա:

Միայն թե՝ կարո՞ղ է արդյոք այդ ուղին երաշխավորել մեր հաջողությունն ու մեր երկրի զարգացումը: Իհարկե ոչ: Սա մեր քաղաքականության առանցքային վեկտորն է, սակայն ինչ-որ ուրիշ կերպ այնհարկավոր է լրացնել ակտիվ գործունեության այլ ձևերով՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի հետ հարաբերություններով և այլն:

Բայց ՀԱՊԿ-ին ու Եվրազեսին անդամակցությունից դուրս գալու քարոզչությունը վտանգավոր է, քանի որ դրան այլ ողջամիտ այլընտրանք այսօր գոյություն չունի: Առանցքային այդ վեկտորը արտաքին քաղաքական ակտիվությամբ լրացնել իհարկե հարկավոր է: Այդպես են ապրում ժամանակակից աշխարհի բոլոր պետությունները: Բայց անթույլատրելի  և չափազանց վտանգավոր է դա անել հայ-ռուսական ռազմավարական միության հաշվին:

Զրուցեց Ծովինար Կոստանյանը