Starmus միջազգային փառատոնը նվիրված է աստղագիտությանը, տիեզերական հետազոտություններին, հարակից գիտություններին, ինչպիսիք են կենսաբանությունը, քիմիան և, իհարկե, երաժշտությունն ու արվեստը: Այն հիմնադրվել է Իսպանիայի Կանարյան կղզիների Տեներիֆե քաղաքի աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական Գարիկ Իսրայելյանի կողմից:
Մի փոքր պատմություն
Գարիկ Իսրայելյանը աշխարհահռչակ աստղաֆիզիկոս է և արդեն համաշխարհային համբավ ձեռք բերած Starmus գիտության ու երաժշտության փառատոնի գլխավոր կազմակերպիչը: Նա երազում էր դառնալ ռոք-կիթառահար, սակայն դարձավ աստղաֆիզիկոս, բայց մոլորակի լավագույն երաժիշտները սիրով և պատրաստակամությամբ հյուրընկալվում են նրան:
«Դպրոցում ես քայլող աղետ եմ եղել», – իր վաղ պատանեկությունն է բնորոշում Գարիկ Իսրայելյանը։ Ավելին՝ դպրոցն ավարտելու պահին Գարիկը անգամ չէր էլ մտածում բուհ ընդունվելու մասին՝ վրդովված մի կողմ վանելով նման մտքերը։ Նա երազում էր դառնալ արտիստ և նվագել ռոք իր սիրելի կիթառի վրա։
Սակայն այնպես ստացվեց, որ հենց այդ նույն ժամանակ Գարիկը դիտեց Անդրեյ Տարկովսկու «Սոլարիսը»։ Ասել, որ նա ցնցված էր ֆիլմից, նշանակում է ոչինչ չասել։ Երիտասարդի կյանքում կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ. Գարիկը սկսեց սերտել դպրոցական ուսումնառության տարիներին անտեսած առարկաները, որոնք անհրաժեշտ էին ֆիզիկայի ֆայուլտետ ընդունվելու համար: Եվ նա ընդունվեց, բնականաբար, մասնագիտանալով աստղաֆիզիկայի ոլորտում:
Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց 1992 թվականին գիտությունների դոկտորի կոչում ստանալով, իսկ ընդամենը մի քանի տարի անց նա արդեն դասավանդում էր Բրյուսելի, այնուհետև Սիդնեյի համալսարաններում՝ զուգահեռաբար գիտահետազոտական աշխատանքով զբաղվելով։ Երկարատև գիտական դեգերումներից հետո Իսրայելյանը բնակություն հաստատեց Կանարյան կղզիներում՝ աստղաֆիզիկայի՝ խոշոր աստղադիտարանով աշխարհահռչակ ինստիտուտում։ Այժմ նա այստեղ պրոֆեսոր է։ Նրա գիտական ժառանգությունը ներառում է առանցքային աշխատանքներ տիեզերքի քիմիական էվոլյուցիայի, էկզոմոլորակների, ինչպես նաև աստղա- և հելիոսեյսմոլոգիայի վերաբերյալ: Վերջին կետի մասին արժե նշել մանրամասն. Իսրայելականը հետազոտում է աստղերի մթնոլորտում ակուստիկ ալիքների տարածումը:
2000 թվականին գիտնականները հայտնաբերեցին մեզ ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Ալֆայի ձայնային տատանումները: Մնացած բոլոր աստղերը նույնպես «հնչում են»՝ ամեն մեկը յուրովի: Իսրայելյանը պնդում է, որ ակուստիկ ալիքների պարամետրերը կարող են պատմել աստղի կառուցվածքի, քիմիական կազմի մասին, պատկերացում տալ լուսատուի զանգվածի, տրամագծի և անգամ տարիքի մասին: Մի խոսքով, Արեգակի և հեռավոր օբյեկտների մասին շատ արժեքավոր տեղեկություններ կան։ Գարիկ Իսրայելյանը նաև նշում է, որ աստղերի ձայնային տատանումները շատ նման են էլեկտրական կիթառի հնչողությանը:
Իր հոբբիին տուրք մատուցելով՝ Իսրայելյանը տեղափոխեց և վերհանեց աստղերի «ձայնը» մարդկային ականջի կողմից ընկալելի ձայնային տիրույթի մեջ: Նա երաժշտություն գրեց այս էկզոտիկ հիմքի վրա, նախ, հավանաբար, որպեսզի մարդիկ հրաժեշտ տան տիեզերքի մասին տարածված այն թյուր պատկերացմանը, թե տիեզերքը «մեծն լռություն» է, այնինչ տիեզերքը հնչում է, երգում։
Երաժշտական փառատոն կազմակերպելու գաղափարը միշտ գրավել է Իսրայելյանին, սակայն պետք էր գտնել պատճառ և ուժեղ խթան։ Լեգենդար Queen խմբի հիմնադիր Բրայան Մեյի հետ ծանոթությունը թույլ տվեց հույսեր տածել առ այն, որ փառատոնը կկայանա և բավականին ներկայացուցչական կազմ կունենա։ Մեյը, ի դեպ, նույնպես աստղաֆիզիկոս է՝ գիտական կոչումներով, և նրանք Իսրայելյանի հետ շատ նման են՝ երկուսն էլ երազում էին ռոքեր դառնալ, միայն թե Իսրայելյանը դարձավ աստղաֆիզիկոս՝ մնալով ռոքեր, իսկ Մեյը, ընդհակառակը, դարձավ ռոքեր, չհեռանալով աստղաֆիզիկայից:
2011 թվականին Իսրայելյանի գլխում մի միտք հղացավ. ախր հիմա Գագարինի թռիչքի կեսդարյա տարեդարձն է։ Բազմաթիվ գաղափարներ ծնվեցին՝ բացի բուն ռոք փառատոնից, օրինակ՝ զանազան «կլոր սեղաններ»՝ առաջատար գիտնականների մասնակցությամբ, հանդիպումներ տիեզերագնացների հետ։ Ի դեպ, իրագործվեց գրեթե այն ամենը, ինչ նախատեսված էր։
Բրայան Մեյը նունպես լսեց «աստղային երաժշտության» մշակումները և հիացած մնաց՝ ասելով. «Այս երաժշտությունն իմ գլխում է, այն իմ ներսում է, երբ մտածում եմ աստղերի և տիեզերքի մասին»։ Մոտավորապես նույնկերպ արտահայտվեց Պիտեր Գեբրիելը, որին մարդաշատ երեկույթին մասնակցել համոզելը իրական սխրանք էր։ Genesis և Դեվիդ Գիլմոր, Ժան-Միշել Ժառ և շատ ուրիշներ. մի խոսքով, Կանարյան կղզիներ առաջին Starmus-ին մասնակցելու եկած կատարողների և խմբերի ցանկը իրապես ակնածանք է առաջացնում ռոքի ցանկացած սիրահարի մոտ:
Այնուհետև տեղի ունեցավ ևս չորս փառատոն, վերջինը այս տարվա Երևանից առաջ անցավ 2019 թվականին՝ կովիդ համավարակից անմիջապես առաջ։
Երևանի աստղային սեպտեմբերը
Starmus VI-ը պետք է տեղի ունենար 2021 թվականի սեպտեմբերին Երևանում, սակայն այն հետաձգվեց մինչև 2022 թվականի սեպտեմբեր՝ COVID-19 համաճարակի պատճառով և տեղի ունեցավ մեկ տարի անց՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը։
«50 տարի Մարսի վրա» կոչվող Starmus վեցերորդ փառատոնի գլխավոր թեման Կարմիր մոլորակի շուրջ հետազոտություններն են։
Փառատոնը բավականին հագեցած անցավ՝ նույնիսկ Գյումրիում անցկացվեցին միջոցառումներ։ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի տեխնոլոգիական կենտրոնում փառատոնի հյուրերին ցուցադրվեց «Արշալույս 5» մեգալիթյան քարը, որի ներքո գիտությունների և արվեստի Starmus փառատոնի շրջանակներում Գյումրիում կայացավ «STARMUS VI: co-creating the future» թեմայով քննարկում։
Վիշապաքարերը մեգալիթյան կառույցներ են՝ սփռված Հայկական լեռնաշխարհով մեկ։ «Արշալույս 5»-ը հայտնաբերվել է 2018 թվականին Հնագիտության և ազգագրության գիտահետազոտական ինստիտուտի արշավախմբի կողմից Գեղամա լեռներում («Արշալույսի լեռ» բնակավայրում): Հնագետների գնահատմամբ նրա տարիքը կազմում է մոտ 4 հազար տարի։
Քննարկման շրջանակներում գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեցան տեսնելու տիեզերագնաց Չարլի Դյուկին, ով Apollo-16-ի անձնակազմի հետ վայրէջք է կատարել Լուսնի վրա, ինչպես նաև iPod-ի հեղինակ և iPhone-ի համահեղինակ Թոնի Ֆադելին։
Բայց գլխավոր տոնախմբությունը ծավալվում էր Երևանում:
Փառատոնի երրորդ օրը, ի հավելումն գերհարուստ ու հետաքրքիր ծրագրի, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում ելույթ ունեցավ Տավուշի թեմի երիտասարդական երգչախումբը։ Ինքը՝ Բրայան Մեյը, ներկայացրեց փոքրիկ երգիչներին կատարումից առաջ, որից հետո երեխաները հրաշալի ելույթ ունեցան:
Տղաները կատարեցին Queen-ի երգացանկից մի քանի հայտնի ստեղծագործություններ՝ ավարտելով ելույթը ամենահայտնի We Are the Champions երգով։ Կատարումից հետո մի քանի րոպե հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց երգիչներին, նրանց թվում և Բրայան Մեյը:
Մանկական երգչախմբի և Բրայան Մեյի ելույթը նույն բեմում նախապես հայտարարված էր, և Մեյը մամուլի ասուլիսում խոստովանեց, որ այդ պահին ապրեց վաղուց մոռացված պատանեկան հուզմունքի զգացում՝ տեսնելով, թե երեխաները ինչ ոգևորությամբ են պատրաստվում իր հետ ելույթին։
Բրայան Մեյն առհասարակ փառատոնի գլխավոր հերոսն էր, և եզրափակիչ համերգը, որը կոչվում էր «Another World», չէր կարող անցնել առանց նրա ներկայության։ Սա իսկապես մի զուգահեռ, այլ աշխարհ էր. Բրայան Մեյը ելույթ էր ունենում Ջիվան Գասպարյան կրտսերի հետ:
Հանուն արդարության պետք է ասել, որ սա ռոքի և դուդուկի համադրման առաջին «միչուրինյան» փորձը չէ. մոտ 15 տարի առաջ Բորիս Գրեբենշչիկովը ցիկլ էր ձայնագրել Ջիվան Գասպարյան ավագի հետ, որը այն ժամանակ դեռ ելույթ էր ունենում։ Համադրությունը հեքիաթային էր: Սակայն այլ կերպ չի էլ կարող լինել, երբ իսկական վարպետներն են գործի անցնում: Իսկ վարպետը ամեն գործում է վարպետ: Աստղաֆիզիկան չի խանգարում ռոք երաժշտությանը, նրանք փոխլրացնում են միմյանց, գիտությունն ու արվեստն անբաժան են։ Եվ այդ առումով Սթարմուսը կարող է երկար և հետաքրքիր կյանք ունենալ։
Փառատոն՝ առանց հորինված կատեգորիաների և անհարկի մրցանակների, ձանձրալի շնորհանդեսների, բայց լի հետաքրքիր մարդկանցով, ովքեր ասելիք ունեն երիտասարդներին այս դժվարին ժամանակներում։ Համաշխարհային մակարդակի գիտնականներ, տիեզերագնացներ, այդ թվում՝ ամերիկահայ Ջեյմս Բաղյանը, երաժիշտներ և փիլիսոփաներ, դասախոսներ և գործարարներ։
Իսկ երբեմն պարզապես անձնավորություններ, որոնք ամենազարմանալի կերպով համատեղում են զանազան որակներ և հմտություններ: Ինչպես Գագիկ Իսրայելյանը կամ Բրայան Մեյը: Նրանք հենց այն «առաջադեմ անհատներն» են, որոնց մասին երազել են բոլոր գիտաֆանտաստները:
Ռուբեն Գյուլմիսարյան