Illustration: armeniasputnik.am

Այսօր աշխարհասփյուռ հայությունը տոնում է երիտասարդների ամենասիրելի տոնը` Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակման օրը: Այն նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Բնական է, որ հիմա շատերը պիտի կարդան ու Սուրբ Սարգիսին նույնացնեն Սուրբ Վալենտինի հետ, բայց ամենևին էլ իրականությունն այդ չէ: Կաթոլիկ տոների օրացույցում Սուրբ Վալենտինի անունը հայտնվել է 1969-ին, և ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, ընդ որում՝ հիմնականում արևմտյան: Մինչդեռ Արևմուտքի սրբերին թողնելով եվրոպացիներին՝ հայերը նախընտրում են նշել իրենց սիրառատ զորավար Սուրբ Սարգսի տոնը:

Ի դեպ, Սուրբ Սարգիսն իր «գործընկերոջից»՝ Սուրբ Վալենտինից առաջին հերթին տարբերվում է նրանով, որ Սուրբ Վալենտինի մասին շատ քիչ բան է հայտնի, մինչդեռ Սուրբ Սարգսի մասին տեղեկատվության պակաս չկա: Սուրբ Սարգիս զորավարը՝ երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը, իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, ինչի համար էլ դասվել է սրբերի շարքում:

Սուրբ Սարգիսը իր որդու` Մարտիրոսի հետ

Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով Սուրբ Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սարգիս զորավարը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից: Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին պատմում է, որ Սուրբ Սարգսի տոնը հին հայկական տոներից մեկն է.

«Ըստ Գրիգոր Լուսավորչի` մենք միշտ ունեցել ենք նախատոներ, նրա կոնդակի (ուղերձ) համաձայն էլ քրիստոնեական տոները կապվել են նախաքրիստոնեական տոների հետ` Վարդավառ-Պայծառակերպություն, Տրնդեզ-Տյառնընդառաջ և այլն»:

Լուսիկ Ագուլեցի

Ազգագրագետն ընդգծում է, որ թեպետ հայերն ունեն նաեւ այնպիսի կերպարներ, որոնք կենդանի չեն` խորհրդանշական են, բայց Սուրբ Սարգիսը կենդանի կերպար է. «Շատ սրբեր ունենք, բայց Գրիգոր Լուսավորչից հետո Սուրբ Սարգիսն է: Այն երիտասարդները, ովքեր տոնում են Վալենտինը, նշանակում է` չգիտեն Սուրբ Սարգսի գաղափարը»:

Այնպես որ, նշել Սուրբ Վալենտինի, թե Սուրբ Սարգսի տոնը, համենայնդեպս, Հայ Առաքելական եկեղեցին սկզբունքորեն է հարցին վերաբերում:

Տեր Վիգեն քահանա Ղազարյան

Ախթալա համայնքի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանն այս մասին նշում է. «Առաքելական եկեղեցին անում է ամեն ինչ, որպեսզի հայ երիտասարդները նշեն միայն մեր տոնը` Սուրբ Սարգիսը: Մնում է, որ մարդիկ իրենց արյան և հոգու կանչով կարողանան ներգրավվել հայկական, այլ ոչ թե օտար միջավայր: Օտարամոլությունից է, որ մարդու մոտ հետաքրքրությունը սևեռված է դեպի օտար երևույթներ»:

Ըստ Տեր հոր, երբ մարդու մեջ հայկականությունը ուժեղ է և կենսունակ, նրան օտար ոչ մի բան չի հրապուրի.

«Մենք չենք ժխտում Վալենտինի սուրբ լինելը, պարզապես նա իր ազգի զավակների համար է, իսկ մերը` Սուրբ Սարգիսն է» – ասում է նա: 

Սուրբ Սարգսի տոնը տարին տարու վրա էլ ավելի լայն մասշտաբների է հասնում: Այս տարի եւս մի շար միջոցառումներ են նախատեսված Երեւանում ու Երեւանից դուրս: Սուրբ Սարգսի մասունքակիր Աջը և Սուրբ Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Իսկ Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի զինվորների և երիտասարդների օրհնության կարգ: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։ Ապա քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի, որտեղ էլ տեղի կունենա արդեն ավանդական դարձած մեծ համերգը:

Չմոռանանք նշել, որ Սուրբ Սարգսի տոնը, բացի եկեղեցական ծիսակատարությունից և երիտասարդների օրհնության կարգից, ունի նաև տոնը նշելու ժողովրդական սովորություն: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որը պետք է պատրաստի երջանիկ կին: Հենց այդ բլիթի հետ է կապվում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այսինքն՝ ում կտեսնես երազիդ այդ գիշեր, ու նա քեզ ջուր կտա, ինքն էլ կդառնա ապագա ամուսինդ: Ավելին՝ նախկինում այդ օրը ամանով փոխինձ կամ ալյուր էին դնում  տան տանիքին կամ պատշգամբին ու սպասում, որ առավոտյան Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքն է լինելու փոխանձի կամ ալյուրի վրա, ինչը կնշանակեր, որ հենց այդ տարի ընտանիքում հարսանիք է լինելու:

Գուցե առաջին հայացքից այս ամենը ֆանտաստիկայի ժանր է հիշեցնում, բայց շատ ու շատ հայ ամուսիններ պնդում են, որ, իսկապես, աղի բլիթ են կերել ու տեսել իրենց ապագա կնոջը կամ ամուսնուն:

Ինչևէ, առավել իրատեսները, պարզապես, այսօր Սուրբ Սարգսի բարեխոսությունն են խնդրում, որպեսզի երջանիկ լինեն և բավարարվում են ամենասիրաշատ տոնը պատշաճ նշելով: Ուստի՝ մեզ մնում է շնորհավորել քրիստոնյա հայերին ու ցանկանալ, որպեսզի Սուրբ Սարգիսն իր արագավազ ձիով սլանա աշխահի բոլոր կողմերը եւ ամենուր տարածված ատելությունը վերածի սիրո, չարությունը՝ բարության:

 

Պատրաստեց Հայկ Սամսոնյանը

Հ.Գ.– Ամեն դեպքում, ուշադիր եղեք ձեր երազների ու երազանքների նկատմամբ, դրանք կատարվելու սովորություն ունեն…