Թվում է, թե Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ աղմուկը հանդարտվեց: Սակայն նախնիկի պես քիչ չեն ստեղծված իրավիճակի մասին ասեկոսեները և ենթադրությունները: Դրանցից ամենատարածվածի համաձայն՝ Ամուլսարում պատրաստվում են արդյունաբերել ոչ թե ոսկի, այլ ուրան: Այս հանքաայրում հանքաքարի քանակությունը այդքան էլ մեծ չէ, սակայն ուրանը բավականին շատ է, որն էլ հենց Ամուլսարի նկատմամբ արդյունաբերական հետաքրքրության առաջացման պատճառն է:

Մինչդեռ, ռադիոակտիվ քիմիական տարրի արդյունաբերումն, իհարկե, կհանգեցնի լուրջ բնապահպանական աղետի՝ շրջակա միջավայրի համար անդառնալի հետևանքներով: Այս պատճառով էլ բնապահպանները, հասարակությունը և, առաջին հերթին, տարածաշրջանի բնակիչները դեմ են արտահայտվել բնական հանքավայրում աշխատանքների ծավալմանը: Արդյո՞ք Ամուլսարում իսկապես ուրան կա, և արդյո՞ք հենց դրա համար, այլ ոչ թե աննշան քանակությամբ ոսկու պատճառով է, որ «Լիդիան ինթերնեյշնլ»-ը ժամանակին եկավ Հայաստան. այս և այլ հարցերի մասին Dalma News-ի թղթակիցը զրուցեց բնապահպանական իրավունքի մասնագետ, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի հետ:

– Ամուլսարում, անկասկած, ուրան կա: Դեռ 1952 թվականին Հայաստան ուղարկվեց մի արշավախումբ՝ ԽՍՀՄ Բնական օգտակար հանածոների արդյունաբերական հետախուզական պլանի շրջանակներում առաջին խոշոր արշավախումբը, որը հայտնի է որպես «Գրոմովի արշավախումբ»: Եվ հենց վերջինիս շրջանակներում հայտնաբերվեցին ուրանի հանքավայրերը և պաշարները: Հայաստանի Գեոֆոնդում արձանագրվել է Ամուլսարում ուրանի և թորիումի հանքավայրերի առկայության փաստը: Թեպետ, թե՛ խորհրդային տարիներին և թե՛ նույնիսկ Միության փլուզումից հետո՝ «Գաղտնի» դրոշմագրի ներքո: Բայց հիմա այդ տվյալները բաց են, և դրանք կարելի է հեշտությամբ ստանալ այդ կառույցից: Անձամբ ես հատվածներ ունեմ Է. Լ. Սարուխանյանի և Ա.Ե.Քոչարյանի «Թորիումի և ուրանի հանքավայրերը Ամուլսարում» գիտական, դոկտորական աշխատանքներից: Այսպիսով Հայաստանում, և մասնավորապես՝ Ամուլսարում այդ ռադիոակտիվ տարրի առկայության մասին վկայությունները բավարար են:

Լիդիան ընկերության շինարարությունը Ամուլսարում

– Որո՞նք են տվյալ քիմիական տարրի պաշարները:

– 2007 թվականին «Հանքարդյունաբերության ամսագրում» հրապարակված իր հոդվածում Պետրոս Ալոյանը, որն, ի դեպ, հանդիսանում է «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայիս գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հայրը, նշում է, որ խոսքը վերաբերում է Ամուլսարում մոտ 100 տոննա ուրանի պաշարներին: Ճիշտ է, ոչ այնքան վաղ անցյալում Հայկ Ալոյանը հերքեց դա՝ ասելով, որ հայրն այն ժամանակ պարզապես արտատպել է այս տեղեկատվությունը մեկ այլ աղբյուրից: Նույնիսկ եթե դա այդպես է, ակնհայտ է դառնում, որ տեղեկատվությունը ինչ-որ տեղ փոխառելը, ինքնին, նշանակում է, որ գոյություն ունեն աղբյուրներ, որոնք վկայում են նշված տարածքում ուրանի հանքավայրերի առկայությունը: Այսպիսով, այդ տեղեկատվության հուսալիությանը կասկածելու հիմքեր չկան:

– Հարյուր տոննա ուրանը շա՞տ է, թե՞ քիչ: Հետաքրքի՞ր է արդյոք նման պաշարը հանքարդյունաբերող ընկերության տեսանկյունից:

– Այսպես ասեմ, դա անկասկած ավելին է, քան Ամուլսարի ընդերքում առկա ոսկին: (Ժպտում է): Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում:

Ամուլսարի մեկ տոննա ոսկու հանքաքարը 0,75 գ. ոսկի է պարունակում, և, ընդհանուր առմամբ, ամբողջ հանքավայրի հաշվարկով` առկա է մոտ 70 տոննա թանկարժեք մետաղ: Որը բավականին քիչ է: Այսպիսով, զարգացած երկրներում 1 տոննա հանքաքարում 2 գրամից պակաս ոսկի պարունակող հանքերը համարվում են անարդյունավետ, և ոչ ոք չի ստանձնում դրանց արդյունահանումը: Նույնիսկ Աֆրիկյան երկրներում մեկ տոննա հանքաքարում ոսկու նվազագույն պարունակությունը, որի դեպքում թանկարժեք մետաղի արդյունահանումը կհամարվի շահավետ, կազմում է 1 գրամ: Իսկ մեզ մոտ, փաստացիորեն, դեղին մետաղի պարունակությունը նույնիսկ ավելի ցածր է, քան «աֆրիկյան» չափանիշը: Փաստորեն կասկած չի մնում, որ Ամուլսարը ոսկու արդյունահանման առումով ցածր արդյունավետություն ունի: Ինչ վերաբերում է ուրանի պաշարներին, դրանք թեպետ և գերազանցում են ոսկու պաշարները, սակայն, դժվար թե կարող են համարվել առանձնապես գրավիչ: Երբ 1950-ականների սկզբին Հայաստանում ուրան հայտնաբերվեց, երկրաբանները զուգահեռաբար ուրանի հանքավայրեր հայտնաբերեցին Ղազախստանում: Այնուամենայնիվ, նախապատվությունը տրվեց ղազախական ընդերքին, քանի որ այնտեղ այս ռադիոակտիվ մետաղը զգալիորեն ավելի շատ էր: Միևնույն ժամանակ, մեր հանքավայրը մնաց առկախ, և, ըստ երևույթին, մոռացվեց…

Բողոքի ցույցեր Երևանում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Լուսանկարները՝ Photolure

– Փաստորեն, այն խոսակցությունները, որ օտարերկրյա արդյունահանողները հետաքրքրված են բացառապես ուրանով, անհիմն են: Բայց չէ՞ որ Ամուլսարում նաև բավարար քանակությամբ ոսկի չկա: Այդ դեպքում ո՞րն է այս հանքավայրը շահագործողների հետաքրքրությունը:

– Իմ համոզմամբ, ամեն ինչ պայմանավորված է բորսային «խաղերով»: Դատեք ինքներդ՝ օտարերկրյա ներդրողը նախ հայտարարեց, որ գտել է ամենամեծ ոսկու հանքը: Որն իրականում ճիշտ չէ, քանի որ հայտնի է, որ Հայաստանում ամենամեծ ոսկու հանքաքարը Սոթքն է, որտեղ 1 տոննա հանքաքարի մեջ պարունակվում է մոտ 4 գրամ ոսկի: Այնուամենայնիվ, «Լիդիան ինթերնեյշնլ»-ը, որդեգրելով այդպիսի հիանալի մատուցում և ասելով՝ «տեսե՛ք, մենք գտել ենք Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը», սկսեց բաժնետոմսեր վաճառել Ամուլսարի «անթիվ-անհամար» ոսկու պաշարների խոստման ներքո: Խոսքը Տորոնտոյի բորսայի մասին էր, որտեղ այն ժամանակ՝ 2006թ.-ին, երբ «Լիդիան ինթերնեյշնլ»-ը նոր էր մտել մեր շուկա, բաժնետոմսերը լուրջ արժեք ունեին: Հիմա, հասկանալի պատճառներով, նրանք ընկել են մինչև ծիծաղելի 0,095-0,01 դոլար, այսինքն՝ 1 ցենտ: Եվ ակնհայտ է, որ եթե արագորեն չսկսեն և չավարտեն շինարարական աշխատանքները հանքավայրում, ողջ այս բուրգը խայտառակ ձևով «պայթելու է»: Ահա թե ինչու, հենց հիմա՝ տարիներ շարունակ հանքավայրում ցուցաբերած գրեթե լիակատար անգործությունից հետո, ընկերությունը նախաձեռնել է աշխատանքների իրականացման սկիզբը:

-Բայց եթե խոսքը հիմնականում ոսկու արդյունահանման մասին է, այլ ոչ թե ռադիոակտիվ ուրանի, ապա ի՞նչ բնապահպանական ռիսկերի մասին է խոսքը: Արժե՞ անգամ խոսել դրանց մասին:

– Իհարկե: Իսկապես, նույնիսկ հիմա, երբ հանքավայրը չի գործում, Ամուլսարի հարակից շրջաններում օդի մեջ պարունակվող որոշակի նյութեր իրենց քանակով գերազանցում են նորման: Ռվ դեռ 2012թ.-ին, երբ «Լիդիան ինթերնեյշնլ»-ը դիմեց ևս մեկ փորձաքննության համար, ՀՀ ԳԱԱ Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն՝ փաստաթղթում նշելով, որ օդում ռադոնի պարունակությունը կազմում էր մեկ խորանարդ մետրի համար 400 բեքերել, ինչը գերազանցում է նորման 2 անգամ: Ուրանի հարցը նույնպես այդքան էլ դրական չէ. ոչ այնքան վաղ անցյալում գիտնականներն ու հասարակական գործիչները չափումներ են իրականացրել Ամուլսարի մոտ, որի արդյունքում պարզվել է, որ ճառագայթումը 5, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ 60 անգամ գերազանցում է նորմերը: Եվ սա դեռ այն ժամանակ, երբ հանքավայրում դեռ չեն ավարտվել շինարարական աշխատանքները:

Փաստն այն է, որ նույնիսկ եթե հանքարդյունաբերություն չի իրականացվում, հորատանցքների մեջ ներթափանցող թթվածինը միանում է ծծումբ պարունակող սուլֆիդային հանքապարների հետ: Ստացվում է ծծմբաթթու, որի մեջ լուծարվում են բոլոր մետաղները, այդ թվում նաև՝ ռադիոակտիվները, որոնցից են ուրանը և թորիումը: Իհարկե, դրամից բխող բոլոր հետևանքներով: Այսպիսով, Ամուլսարը չի կարելի ձեռք տալ և վերջ:

Լուսանկարները՝ Azat.tv

– Ասում են, որ Ամուլսար անունը նշանակում է անպտղաբեր լեռ: Եվ որ տեղացի բնակչությունը հենց բարձր ռադիոակտիվությամբ է պայմանավորում սարի որոշ հատվածներում բուսականության բացակայությունը…

– Այո, կա այդպիսի կարծիք: Ի դեպ, եթե հանքավայրի մշակումը սկսվի, ապա սարից գրեթե ոչինչ չի մնա: Եվ այդ ժամանակ մենք կխոսենք ոչ միայն ստորերկրյա ջրերի աղտոտման, իսկ դրանց միջոցով նաև՝ լեգենդար աղբյուրի ջրի աղտոտման, այլ նաև այս յուրահատուկ առողջարանային քաղաքի լանդշաֆտի փոփոխության մասին: Մենք կկորցնենք Ջերմուկը ոչ միայն որպես առողջարան, որտեղ շատ զբոսաշրջիկներ են գալիս բարելավելու իրենց առողջությունը տեղի հանքային աղբյուրների օգտակար հատկությունների միջոցով, այլև որպես հանգստավայր` յուրահատուկ կլիմայով: Համաձայն քամիների վարդի, ավելի հաճախ քամին փչում է լեռան կողմից, և եթե այդ բնական խոչընդոտը վերացվի, ապա Ջերմուկի վրա այնպիսի փոթորիկներ վրա կհասնեն, որ կքշեն-կտանեն այնտեղից զբոսաշրջիկներին…

– Բնապահպան ակտիվիստները հիմնականում հանդես են գալիս՝ ի պաշտպանություն Ջերմուկի հանքային աղբյուրների: Կվտանգվի՞ նաև քաղցրահամ ջրի ավազանը՝ Սևանը, որը «սնուցում է» բոլորիս խմելու ջրով:

– Անկասկած: «ELARD» խորհրդատվական ընկերության եզրակացության մեջ հստակ նշված է, որ անհնար է կարգավորել և երաշխավորել այն փաստը, որ աղտոտված ջուրը դուրս չի գա շրջակա միջավայր: Նախկինում նույն բանն էին հայտարարել նաև աշխարհի չորս լավագույն փորձագետները, որոնց 2017թ.-ին իր սեփական նախաձեռնությամբ և միջոցներով Հայաստան էր հրավիրել ամերիկացի հայազգի քիմիկոս Հարություն Բրոնոզյանը: ELARD-ը հղում է կատարում այդ փորձագետներից մեկի գիտական աշխատանքին: Այսպիսով, այս թեմայի վերաբերյալ բացասական նշանով եզրակացություններ շատ կան: Սակայն մինչ այժմ այդ բոլոր «բացասականները» ապարդյուն են եղել…

– Բայց եթե մասնագետների մեծ մասը դեմ է աշխատանքների մեկնարկին, ինչո՞ւ է իրավիճակը այդքան երկար մնում փակուղում:

– Դա լիովին անհասկանալի է: Չգիտես ինչու, կառավարությունն այս ողջ ընթացքում համառորեն քննարկում է, թե արդյոք հանքավայրի գործարկումից վնասներ կլինե՞ն, թե ոչ: Մինչդեռ կարելի էր գնալ ավելի պարզ և արդյունավետ ճանապարհով` օրենսդրությամբ: Այս համատեքստում հարկ է հիշել, որ երկրում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնցում կան արգելքներ, և դրանց պարզապես պետք է հետևել: Օրինակ, համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, հանքարդյունաբերությունն արգելվում է այն վայրերում, որտեղ բնակվում են Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, և Ջերմուկն այս առումով նույնպես բացառություն չէ: Համաձայն մեկ այլ օրենքի՝ հանքարդյունաբերությունն արգելվում է այն վայրերում, որոնց մերձակայքում կան հանքային ջրերի մշակման տարածքներ, ինչպես նաև, եթե հավանական ռիսկերը վերաբերում են Սևանա լճի ջրավազանին: Այնպես որ, միանգամայն անհասկանալի է, թե ինչու ենք մենք այդքան երկար-բարակ մտածում, եթե հնարավոր է գործել ներկայիս օրենսդրության շրջանակներում:

Օրինակ, երբ մենք գնում ենք մայրուղով, ճանապարհին «աղյուս» նշանը տեսնելով, անհապաղ կանգնում ենք: Ավելին, նույնիսկ եթե փողոցը լիովին ազատ է, և արգելքի նշանի տակ անցնելու մեր ռիսկը լիովին կառավարելի է: Իսկ ինչո՞ւ այժմ Ամուլսարի իրավիճակի առնչությամբ մենք դեռ մտածում ենք՝ կանգ առնել «աղյուսի» նշանի տակ թե անցնել: Այս իրավիճակում միայն մի բան է պարզ. տեղի բնակչությունը կկանգնի մինչև վերջ: Քանի որ միայն նրանք են գիտակցում նրանց հայրենի տեղանքի վրա ծառացած վտանգի ողջ լրջությունը: Եվ վերջինիս հայտնի բալնեոլոգիական հանգստավայրի կարգավիճակը պահպանելը դարձել է նրանց կենսական հարցը:

 

Զրուցեց Իրինա Գրիգորյանը