Աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, նույնիսկ ամենազարգացած երկրների, ունեն աղբային թափոնների հավաքման հետ կապված խնդիր, և Երևանն այս առումով բացառություն չէ: Անվիճելի է, որ վերջին տասնամյակների ընթացքում մեր փողոցները ավելի մաքուր են դարձել, աղբի հավաքման խնդիրը, կարծես թե, լուծվել է միասնական օպերատորի հայտնվելուց հետո, սակայն գլոբալ առումով խնդիրը մնում է և պահանջում անհապաղ լուծում: Սրա վառ օրինակն է Նուբարաշենի աղբանոցը (Երևանի կենտրոնից ընդհամենը 10 կմ հեռավորության վրա է գտնվում), որն արդեն կես դար է գոյություն ունի, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի կառավարություն այդպես էլ չգտավ այս խոցի լուծումը մայրաքաղաքի քարտեզի վրա:
2014 թվականի դեկտեմբերից մայրաքաղաքի աղբի հավաքման և սանիտար մաքրման համար պատասխանատու է «Սանիտեկ» ընկերությունը` Sanitek International Group միջազգային կազմակերպության մասնաճյուղը, որը հիմնադրվել է 2010 թվականին Բեյրութում: Մեկնարկելով Կենտրոնից` այսօրվա դրությամբ օպերատորը սպասարկում է Երևանի բոլոր վարչական շրջանները: Կազմակերպությունից հայտնում են, որ ամբողջ Երևանի տարածքով տեղադրված են ավելի քան 8 հազար աղբաման, ամսական կտրվածքով դուրս է բերվում 21 տոննա աղբ, թեպետ ամռանն այս թիվը շատ ավելի մեծ է: «Սանիտեկը» նաև պատասխանատու է ձմռան ամիսներին ձյան մաքրման համար և իր տրամադրության տակ ունի հատուկ ձնամաքրման տեխնիկա: Սակայն անվիճելի է, որ մայրաքաղաքի մաքրությունը կախված է ոչ այն օպերատորից, այլև մեզանից: Եվ թեպետ նախատեսված են ադմինիստրատիվ տուգանքներ աղբը չնախատեսված վայրում թափելու համար, այնուամենայնիվ, հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են վարորդները դուրս նետում իրենց ծխախոտի մնացորդները, կամ բոլորովին հազվադեպ չէ, երբ կանայք թողնում են աղբը աղբամանի կողքին՝ տոպրակի մեջ:
Ի դեպ, անդրադառնանք պոլիէթիլենային կախվածությանը, որի մեջ մխրճվել է Երևանը: Վերջին տարիներին քաղաքակիրթ աշխարհը սկսել է հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից, փոխարինելով դրանք թղթե կամ բազմակի օգտագործման կտորե տոպրակներով, քանի որ ապացուցված է դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Խնդիրն այն է, որ շրջակա միջավայր դուրս նետված տոպրակները երկար ժամանակ մնում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման` առաջացնելով կայուն աղբ: Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում չկա աղբավերամշակող գործարան, իսկ աղբակույտերն աճում են ոչ թե օրերով, այլ ժամերով, էկոլոգիական աղետը նման փոքր երկրի համար, հնարավոր է, այնքան էլ անիրական սցենար չէ:
Հետևելով մի շարք երկրների օրինակին` Հայաստանում սկսվել է պոլիէթիլենային տոպրակների տարածման նվազման ուղղությամբ գործընթաց` դրանք դարձնելով վճարովի որոշ առևտրային կենտրոններում: Եթե նախկինում մեր գնումներն իրենց մեջ էին ներառում անթիվ անվճար պոլիէթիլենային տոպրակներ, ապա այսօր դրանց համար ստիպված ենք վճարել: Բայց սա կօգնի՞ նվազեցնել դրանց ամենօրյա կիրառման քանակը: Դժվար թե: Այստեղ հարկավոր են կտրուկ գործողություններ, որոնք կիրառվում են մի շարք երկրներում:
Օրինակ, Դանիան դեռևս 1994 թվականին առևտրային կազմակերպություններում հարկ սահմանեց պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրման համար, որից հետո դրանց պահանջվածությունը գնորդների մոտ նվազեց 90%-ով: Տանզանիայում գործում են բավականին դաժան տուգանքներ պոլիէթիլենային տոպրակների արտադրման, ներկրման կամ վաճառքի համար՝ 2000 դոլար կամ մեկ տարի կալանք: Նույնիսկ զբոսաշրջիկի կարգավիճակը ձեզ չի փրկի, եթե պայուսակում հայտնաբերեն նման տոպրակ: ԱՄՆ-ի որոշ նահանգներում պոլիէթիլենային տոպրակները արգելված են. Հավայան կղզիները առաջինն էին, որ հրաժարվեցին դրանցից, իսկ Սան-Ֆրանցիսկոյում առևտրային և դեղատնային ցանցերը պարզապես չեն օգտագործում դրանք: Ավելի քան 10 տարի է, ինչ դրանց օգտագործումն ուղղակիորեն արգելված է նաև Ավստրալիայի սուպերմարկետներում: 2016 թվականի սկզբին Ֆանսիան ուղիղ արգելք սահմանեց մեկանգամյան օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վրա, ինչպես նաև դարձավ առաջին երկիրը, որը արգելեց մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի արտադրությունը և վաճառքն իր տարածքում: Ճիշտ է, օրենքն ուժի մեջ կմտնի միայն 2020 թվականին, բայց այսօր արդեն արդյունքներն ակնհայտ են: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այս չարիքի հետ պայքարի սկիզբը ազդարարեց Ռուսաստանի խոշորագույն մթերային մանրածախ առեւտրային կենտրոններից մեկը` «Աշանը», որը, սկսած անցյալ տարվա նոյեմբերից դադարեց անվճար տոպրակներ բաժանել երկրի բոլոր 62 հիպերմարկետներում:.
Հայաստանը, ինչպես արդեն նշեցինք, դեռևս ընտրել է չարիքի դեմ պայքարի ամենամեղմ ճանապարհը` հավելավճար պոլիէթիլենային տոպրակի համար: Մինչդեռ, աղբի վերամշակման խնդիրը սուր է և պահանջում է կոշտ միջոցներ: Վաղուց են շրջանառվում խոսակցություններ աղբավերամշակման գործարանի կառուցման մասին, գրեթե բոլոր կառավարությունները բարձրացրել են այդ հարցը և անոնսավորել կառուցումը, սակայն որևէ առաջընթաց այս հարցում դեռևս չկա: Երևանի իշխանությունները, փորձելով ներգրավել ներդրողների (հատկապես դրանով հետաքրքրված է ճապոնական կողմը), հայտարարում են, որ նման գործարանը ձեռնտու է բիզնեսի համար՝ ինչ արժեք կունենա միայն Նուբարաշենի աղբանոցը, որը 50 տարիների ընթացքում կուտակել է ավելի քան 9,5 մլն տոննա աղբ: Մինչդեռ, էկոլոգները հայտարարում են, որ աղբի վերամշակմամբ վաղուց և հաջող զբաղվում են առանձին անհատներ, իսկ այդ նույն իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում պոտենցիալ ներդրողների համար, քանի որ խոսքը գնում է միլիոնների ստվերային շրջանառության մասին:
Օրինակ, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար (1991-1994 թթ.), «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով, Հայաստանում վաղուց և հաջող զարգանում է աղբի վերամշակման ստվերային բիզնեսը, որի մասին պաշտոնական մակարդակով չեն խոսում: Մասնավորապես, այս բիզնեսը զարգանում է աղբանոցներում, որտեղ ապրում են ընտանիքներով, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի գործողությունների իր տարածքը ՝քչփորում են աղբի մեջ, առանձնացնում ըստ տեսակի և նյութերի, այնուհետև հատոկ մեքենաներով տեղափոխում վերամշակման, և այսպես տարիներ շարունակ:
«2000 թվականներին, երբ ճապոնական կողմի հետ պայմանագիր ստորագրվեց Նուբարաշենի աղբանոցի տարածքում աղբավերամշակող գործարանի կառուցման մասին, հենց այս ստվերային բիզնեսի պատճառով նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց», – հայտարարեն նախկին նախարարը:.
Երկու տարի առաջ կառավարությունը հերթական անգամ վերադարձավ այս հարցին, հայտարարելով, որ նախատեսել է վարկ վերցնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, որը կուղղվի Երևանի բնապահպանության վրա կոշտ թափոնների վնասակար ազդեցության նվազեցմանը: Սակայն վարկային միջոցները ուղղվելու են ոչ թե Նուբարաշենի աղբանոցի վերացմանը, այլ նոր, ժամանակակից աղբանոցի կառուցմանը հարևան տարածքում: Դրա համար ԵԶԲ և Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրեն 8 մլն եվրո: Իսկ լրացուցիչ 8 մլն եվրո կտրամադրի ԵՄ հարևանության ներդրումային գործիքը: Կարծես թե, նախագիծն արժեքավոր է, Հայաստանի կառավարության համար էլ, որ արդեն խեղդվում է վարկերի մեջ, ավելորդ վարկային պարտվորությունը՝ 24 մլն եվրո արժողությամբ, թվում է՝ այդքան էլ ծանրություն չէ (ընդհամենը 55% ՀՆԱ-ից), սակայն խնդիրն այն է, որ նոր աղբանոցի շահագործումը նախատեսված է միայն 28 տարվա համար: Իսկ դա նշանակում է, որ այդ ժամկետի ավարտվելուն պես կառավարությունը ստիպված կլինի մտածել նոր աղբանոցի կառուցման մասին, հավանաբար, հերթական վարկի հաշվին… Մի խոսքով՝ փակ շղթա է:
Պատրաստեց Լինա Մակարյանը