Dalma News-ը ընթերցողին է ներկայացնում հայրենական և համաշխարհային գիտության զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցած խորհրդային գիտնականների մասին նյութերի շարք: Մեր նյութերի հերոսների գյուտերը, ուսումնասիրությունները և երկար տարիների քրտնաջան աշխատանքը մեկընդմիշտ փոխեցին աշխարհը և պատմության ընթացքը:

Խորհրդային Միության միջուկային ներուժը ստեղծվեց սեղմ ժամկետներում` երկրի անվտանգության կոնկրետ խնդիրներով պայմանավորված և սպառազինություններում հավասարակշռություն ստեղծելու նպատակով: Միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների բնագավառում ԽՍՀՄ նվաճումները, որոնք հնարավոր դարձան այնպիսի գիտնականների շնորհիվ, ինչպիսիք էին Կուրչատովը, Կորոլյովը, Կելդիշը, Քոչարյանցը և այլք, հնարավորություն տվեցին ստեղծել երկրի հրթիռամիջուկային վահան, ինչպես նաև խաղաղ նպատակներով օգտագործել վերջին հայտնագործությունները:

Գիտնականների և նախագծողների թվում, որոնք ջանքեր չխնայեցին միջուկային զենքի, ատոմային էլեկտրակայանների և սառցահատերի արագ ստեղծման համար, շատ են եղել մեր հայրենակիցները, որոնց ցուցակը տպավորիչ է՝ Սամվել Քոչարյանց, Գևորգ Դանիելյան, Արմեն Աբաղյան, Յուրի Աբովը, և սա ամբողջ ցուցակը չէ: Նրանց թվում էր նաև, իհարկե, ատոմային ռումբի անմիջական ստեղծողներից մեկը` Աբրահամ Իսահակի Ալիխանյանը:

Ալիխանյան եղբայրները` Աբրահամը և Արտեմը, երկուսն էլ ականավոր ֆիզիկոսներ էին: Արտեմ Ալիխանյանը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Արագած լեռան վրա գտնվող գիտահետազոտական կայանի հիմնադիրն էր, որտեղ 1943թ.` դաժան պատերազմի հենց ամենաթեժ պահին, տիեզերական «նեղ» ճառագայթափնջեր հայտնաբերվեցին:

1945թ. հոկտեմբերի սկզբին Պետական պաշտպանության կոմիտեին կից Հատուկ հանձնաժողովը, որը ղեկավարում էր ատոմային էներգիայի օգտագործման բոլոր աշխատանքները, որոշեց ստեղծել այսպես կոչված «Լաբորատորիա-3»-ը (այժմ` Մոսկվայի Ալիխանյանի անվան Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ), որի տնօրեն նշանակվեց Աբրահամ Ալիխանյանը, իսկ ծրագրի ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր ականավոր ֆիզիկոս Կուրչատովը:

Ա.Իոֆե, Ա.Ալիխանյան, Ի.Կուրչատով (ձախից աջ): 30-ականների սկիզբ:

«Լաբորատորիա-3»-ի անձնակազմը մեծ չէր. Աբրահամ Ալիխանովը հավաքեց փոքր, բայց աներևակայելի տաղանդավոր թիմ: Եվ այսպես, ծանր ջրի վրա ռեակտորի նախագիծը պատրաստ էր 1947թ., ռեակտորը կառուցվեց մոտ մեկ տարի անց, իսկ 1949թ. ապրիլին այն գործարկվեց. և սա այն պայմաններում, երբ արտասահմանից բացարձակապես ոչ մի տեղեկություն չէր ստացվում: Լաբորատորիայի անձնակազմն ամեն ինչ ինքնուրույն արեց. մշակեց ռեակտորների տեսությունը և կատարեց մի շարք անհրաժեշտ փորձեր: Ռեակտորը գործարկվեց գիշերը, առանց վերադասների: Առավոտյան եկան հիմնարկի ղեկավարները, և, ահա՛, ռեակտորն արդեն աշխատում է: Արդյունաբերական ծանր ջրի ռեակտորի գործարկումը նշանակում էր կառավարության առաջադրանքի ամբողջական կատարում:

1954թ. Աբրահամ Ալիխանյանը դարձավ Սոցիալական աշխատանքի հերոս, իսկ ընդհանուր առմամբ ունեցավ երեք Ստալինյան մրցանակ՝ երկու Լենինի շքանշան և մեկ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան:

Ծանր ջրի ռեակտորները, սակայն, չդարձան ԽՍՀՄ միջուկային էներգետիկայի հիմք, և Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի ուսումնասիրության առաջնահերթությանը դարձավ միջուկային ֆիզիկան: Ռեակտորի գործարկումից անմիջապես հետո ինստիտուտում գործարկվեց ցիկլոտրոն, որի վրա այդ ժամանակվա համար առավելագույն ճշգրտությամբ չափվում էին տարրերի նեյտրոնային արդյունավետ ճեղքումները` օգտագործելով թռիչքի ժամանակի մեթոդը: Իսկ 1950-ականների սկզբին Աբրահամ Ալիխանյանը և նրա տեղակալ Վ.Վ. Վլադիմիրսկին ծրագրել էին կառուցել երկրի առաջին պրոտոնային արագացուցիչը:

Աբրահամ Ալիխանյանը կոշտ բնավորությամբ մարդ էր. նա սկզբունքային էր ամեն ինչում, պարզապես չէր կարողանում հրաժարվել սկզբունքներից: Խորհրդային իրականության, ստալինյան ժամանակաշրջանի համար անհավատալի բան էր` լուրջ բարձունքների հասած գիտնականը, որին թույլատրում էին ներկա գտնվել ամենագաղտնի փորձարկումներին, մուտք գործել ամենաանհասանելի սենյակներ, անկուսակցական էր: Նույնիսկ չգիտեմ` կա՞ նման մեկ այլ օրինակ…

Ալիխանյան եղբայրները` Աբրահամը և Արտեմը

Դա սարսափելի բարկացնում էր շատերին` հատկապես Կենտկոմի կուսակցական գործիչներին: Նա պարզապես անտեսում էր ԽՄԿԿ Կենտկոմի պաշտպանության բաժինը, քանի որ արդարացիորեն գտնում էր, որ կուսակցության պաշտոնյան, որը գիտությունից ոչինչ չի հասկանում, իրավունք չունի գիտնականներին «արժեքավոր ցուցումներ» տալ, և եթե տվել է դրանք, ապա պետք չէ դրանց ուշադրություն դարձնել: Սակայն ի՜նչ կուսակցական ընկերներ. անհրաժեշտության դեպքում Ալիխանյանը անմիջապես դիմում էր նախարարին, չնայած սուբորդինացիան պահանջում էր նախ դիմել ժողկոմատի գլխավոր վարչության պետին:

Մեկ անգամ Աբրահամ Ալիխանյանի աշխատասենյակ եկավ ինստիտուտի հրշեջ խմբի ղեկավարը և դժգոհություն հայտնեց սենյակի մանրահատակի վերաբերյալ` ասելով, որ պետք է փոխարինել այն չայրվող հակատով: Ալիխանյանը պատասխանեց, որ ժամանակ չունի սենյակի հատակները փոխելու համար, ապա ասաց. «Ավելի հեշտ է ձեզ փոխարինել»: Ասաց ու արեց:

Որպես գիտնական Աբրահամ Ալիխանյանի կենսագրությունը սկսվել է Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Այդ ժամանակ տեղի ունեցավ տաղանդների անհավանական պայթյուն` միանգամից հայտնվեց գիտնականների մի ամբողջ սերունդ (հաճախ հանճարների﴿, ինչը մեծ հռչակ բերեց խորհրդային գիտությանը:

Թող չթվա, թե Աբրահամ Ալիխանյանը դիկտատոր էր, որը չէր ցանկանում ոչինչ իմանալ բացի գիտությունից և իր աշխատասենյակից: Ամենևին այդպես չէ. խորհրդային ատոմային ռումբի ստեղծողներից մեկը արվեստի նրբաճաշակ և բանիմաց գիտակ էր: Նրա կինը՝ Սլավա Ռոշալը, ջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր էր, իսկ ինքը` Աբրահամ Ալիխանյանը մտերիմ էր Կաբալևսկու, Խաչատրյանի, Սարյանի հետ. մեծ նկարիչը, ի դեպ, նկարել է Ալիխանյանի դիմանկարը: Քանի՞սը կարող են պարծենալ, որ իրենց դիմանկարը Սարյանն է նկարել:

Կենտրոնում պատկերված է Մարտիրոս Սարյանի Աբրամ Ալիխանովի դիմանկարը

Ժամանակին Ալիխանյանը բնակվում էր Չերեմուշկա գյուղում` Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտին մոտ գտնվող տանը. այդ ժամանակ թվում էր, թե դա շատ հեռու է Մոսկվայից: Դմիտրի Շոստակովիչը երեկոյան հաճախ էր գալիս և անընդհատ կրկնում էր. «Աբրահամ Ալիխանյան, դուք հիասքանչ տուն ունեք, բայց ինչպե՞ս կարող եք այդքան հեռու ապրել կոնսերվատորիայից»:

Երբ սկսվեց դասական դարձած մշակութաբանական վեճը «ֆիզիկոսների» և «լիրիկների» միջև, նման դասակարգման անմտության մասին մամուլում առաջինը խոսեց ակադեմիկոս Ալիխանովը. նույնիսկ Էրենբուրգից առաջ: Այդպես անկեղծորեն էլ հայտարարում էր` անհեթեթություններ եք խոսում, հարգելի՛ ընկերներ:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Աբրահամ Ալիխանյանի որդին` Տիգրանը, խորհրդային և ռուս հայտնի դաշնակահար է, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՌԴ ժողովրդական արտիստ: Իսկ դուստրը` ջութակահար Եվգենիան, ժամանակին «Մոսկովյան լարային քառյակ» անսամբլի առաջին ջութակն էր:

Ռուբեն Գյուլմիսարյան

 

Կարդացեք նաև.

Հույժ գաղտնի Քոչարյանցը. ինչպես ստեղծվեց խորհրդային միջուկային վահանը

«Բուրան» եզակի ուղեծրային տիեզերանավը. նախագիծ հայերի զգալի մասնակցությամբ

Իր ժամանակից առաջ ընկած Հովհաննես Ադամյանը. ոչ մի օր առանց գյուտերի, երաժշտության և կտավների

Որպեսզի Մարսի վրա էլ ծառեր ծաղկեն. Նորայր Սիսակյանի տիեզերական կենսաբանությունը