Խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է: Հոբելյանը նշում է ոչ միայն ինքը՝ ֆուտբոլիստը, այլ նաև նրա երկրպագուների մեծ բանակը։ Նիկիտա Սիմոնյանը մեծ սպորտում իր կարիերան որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ավարտել է 33 տարեկանում, սակայն ներկայիս սերունդը ևս գիտի և հիշում է նրա փայլուն անցյալը։ Անցյալ, որով ոչ բոլորը կարող են պարծենալ՝ ԽՍՀՄ քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, 1956 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ութ անգամ եղել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում, երկու անգամ՝ առաջին համարի տակ։ Մի քանի անգամ դարձել է ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու։ Սիմոնյանի մարզչական կարիերայի և ղեկավար գործունեության մասին խոսելն ավելորդ է՝ նա դեռևս Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է և Տեխնիկական կոմիտեի նախագահը։ Իսկ եթե արտասանել «Արարատ-73» ու վերհիշել ԽՍՀՄ Գավաթի եզրափակչում հայտնի հաղթանակի մթնոլորտը, ապա ևս մեկ անգամ կարելի է համոզվել Սիմոնյանի իմաստուն և պրոֆեսիոնալ ղեկավարության մեջ։
«Ես գիտակցեցի, որ թիմի հետ ևս մեկ գավաթ եմ նվաճել: Ուրախ էի, որ Պողոս Մկրտիչևիչի կամ Պավել Նիկիտիչի որդին ինչ-որ բան արեց Հայաստանի համար»,- պատմում է Նիկիտա Պավլովիչը «Նիկիտա Սիմոնյան. Նորին մեծություն ֆուտբոլը» վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացել է «Առաջին ալիքի» եթերում հոկտեմբերի 12-ին՝ նրա ծննդյան 95-ամյակի օրը:
Մանրամասն, կարծես վերապրելով այդ դրամատիկ հանդիպման յուրաքանչյուր րոպեն, երբ «Արարատը» դեմ առ դեմ դուրս եկավ ուժեղագույն Կիևի «Դինամոյին», Սիմոնյանը պատմում է տարած հաղթանակի մասին, այն մասին, թե ինչպես են ֆուտբոլիստները խաղից առաջ օրերով չեն քնել: Նաև՝ ինչպես, անհանգստանալով տղաների համար, թիմի բժշկին խնդրել է ինչ-որ ձեռնարկել. արդյունքում ինքն է գտել մոտեցում՝ ասելով. խաղացեք ինչպես միշտ՝ վստահ և համարձակ: Իսկ խաղացողները, հանգստանալով, գնացել են «մարտի»։ Այնուամենայնիվ, կիևցիները, ովքեր ատլետիկ տվյալներով գերազանցում էին մեր խաղացողներին, անմիջապես առաջ են անցել՝ 1:0: Մեր մարզիկները ևս ունեին ուժեղ կողմ՝ հմուտ կերպով տիրում էին գնդակին։ Իսկ հաշիվը, թեկուզ մեծ դժվարությամբ, միայն 89-րդ րոպեին, սակայն, այնուամենայնիվ, հաջողվեց հավասարեցնել։ Լրացուցիչ խաղից առաջ ընդմիջման գնալով՝ բոլորը հասկացան՝ միայն հաղթանակ էր պետք։ Եվ հետո Նիկիտա Պավլովիչը օգտագործեց իրեն բնորոշ հմայքն ու հումորը.
«Ես տղաներին ասացի՝ մենք հենց նոր դուրս եկանք դագաղից, և նորից այնտեղ մտնելը հիմարություն և անմտություն կլինի»։ Արդյունքում, լրացուցիչ 30 րոպեներին «Արարատը» ամենաբարձր մակարդակով կոլեկտիվ ֆուտբոլ ցուցադրեց. կրկին աչքի ընկավ Լևոն Իշտոյանը՝ խփելով հաղթական երկրորդ գոլը։ Այսպիսով, «Արարատը» ստեղծեց այսպես կոչված «ոսկե դուբլը»՝ նվաճեց ԽՍՀՄ գավաթը և դարձավ երկրի չեմպիոն։
«Ես երջանիկ էի որպես մարզիչ և, անկեղծ ասած, նախանձում էի խաղացողներին»,- պատմում է Նիկիտա Պավլովիչը՝ հիշելով, թե ինչպես են նրանց դիմավորել Կիևից վերադառնալիս։
«Պոկեցին բաճկոնիս թևերը», – ծիծաղելով ասում է նա և թափահարում ձեռքը՝ կարծես հիշելով, թե ինչպես է «ետ մղել» համառ երկրպագուներին: Երկրպագուներն այդ տարիներին իսկապես հավատարիմ էին և սրտանց ընդունում ու տոնում իրենց սիրելի թիմի յուրաքանչյուր հաղթանակը։ Դեռևս օդանավում խաղացողները տեղեկացել էին, որ օդանավակայանում իրենց դիմավորել է եկել Երևանի գրեթե կեսը։ Իրականում ամեն բան ավելի լուրջ էր։ Օդանավակայանից մայրաքաղաք ճանապարհը ժամանակավորապես վերածվեց մեկ հսկայական խնջույքի. սեղաններ տեղադրվեցին հենց քաղաք տանող ճանապարհի վրա։ Մարդիկ բերեցին ինչ ունեին՝ խմիչքներ, ուտելիքներ։ Ժողովուրդը խանդավառությամբ ողջունեց իր հերոսներին։ «Մեր ավտոբուսը չկարողացավ անցնել, մենք գործնականում ոտքով էինք գնում», – հիշում է «Արարատի» ֆուտբոլիստներից մեկը։
Չնայած իր համբավին՝ Նիկիտա Պավլովիչը մնաց համեստ, պարկեշտ և բարձր բարոյական չափանիշներով անձնավորություն։ Հավանաբար դա է պատճառը, որ շատերն էին նրան այդքան սիրում ու սիրում են մինչ օրս։ «Արարատի» առաջին հաղթանակից հետո հյուրանոցում բնակվող մարզչին առաջարկվել է 4 սենյականոց բնակարան, սակայն նա նախընտրել է հրաժարվել բնակարանից՝ այն տալով Արկադի Անդրեասյանին։
«Ասաց, որ ֆուտբոլիստներն այժմ ավելի կարևոր են: Նիկիտա Պավլովիչն ամբողջությամբ կենտրոնացած էր ֆուտբոլի վրա. նրան առաջնությունում հաղթելուց բացի ոչինչ չէր հետաքրքրում», – վավերագրական ֆիլմում պատմել է Նիկիտա Սիմոնյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Ինքը՝ լեգենդար ֆուտբոլիստը, իր ձեռքբերումների, երկրպագուների հետ հանդիպումների մասին մի փոքր ամաչելով է պատմում. «Հիշում եմ՝ երբ արդեն հայտնի էր, որ ընդունում եմ «Արարատը», քայլում էի փողոցով, դիմացից ամուսին ու կին էին գալիս՝ «Օ՜, Նիկիտա Պավլովիչ, Դո՞ւք եք»: Պատասխանում եմ՝ «Այո։ Բարև Ձեզ»: Ինչին ի պատասխան՝ լսում եմ. «Օ՜, գավաթը մերն է լինելու»: Ես ի պատասխան ծիծաղում եմ. «Սեզոնը դեռ չի սկսվել, ինչո՞ւ եք այդքան վստահ, որ գավաթը մերն է լինելու»։ «Որովհետև Դուք գավաթակիր եք», – պատասխանեց ինձ գեղեցիկ զույգը:
Ի վերջո, այս զույգի հույսերը ոչ միայն չարդարացվեցին, այլև գերազանցեցին բոլոր սպասելիքները։ «Երկու գավաթ նվաճելը դժվար է… Դրան ոչ բոլորն են հասնում…», – պատմում է Սիմոնյանը։ – Մայրս ականատես եղավ «դուբլին», նա Երևանում էր, երբ պատվում էին «Արարատը»։ Սակայն հայրս այլևս կենդանի չէր…»:
«Նիկիտա Սիմոնյանը շատ էր ցանկանում, որ հայրը տեսներ և ուրախանար նրա գլխավոր հաղթանակով։ Չէ՞ որ նա դա արեց հանուն Հայաստանի», – կադրի հետևում հնչում է տեքստը։ Եվ սա է իրական ճշմարտությունը, ինչպես նաև Սիմոնյանների հայկական ընտանիքի պատմությունը, որը Նիկիտա Պավլովիչը նկարագրել է վերջերս վերահրատարակված «Ֆուտբոլը միայն խա՞ղ է» գրքում։
«Հայրս շատ դժվարություններ է տեսել։ Ծնվելով Թուրքիայում՝ վերապրել է ցեղասպանության սարսափները։ 1915 թվականին, երբ թուրքական իշխանությունների դրդմամբ սկսվեց հայերի զանգվածային բնաջնջումը, նա փախավ Ռուսաստան։ Այդքան տառապանք տեսնելով՝ նա սրտին մոտ էր ընդունում ուրիշների ցավը, առանձնահատուկ ուշադրություն էր ցուցաբերում հայրենադարձների նկատմամբ. 20-ականներին սկսվեց տարբեր երկրներում ցրված հայերի հայրենադարձությունը Խորհրդային Միություն։ Հավանաբար, ժողովրդի ճակատագրի հիմքում հենց ազգակցական կապերի այս հատուկ ամրությունն է, ինչը առանձնացնում է հայերին։ Բնականաբար, ես շատ ավելի ուշ մտածեցի այս մասին», – գրել է նա գլուխներից մեկում:
Հուզիչ է գրքի նաև մեկ այլ հատված. «Նախապատերազմական ժամանակներում մեր ընտանիքը փոքր էր՝ հայրս՝ Պողոս Մկրտիչևիչը կամ Պավել Նիկիտիչը, ինչպես նրան ասում էին շատ հարևաններ, մայրս՝ Վարսենիկ Հակոբովնան, քույրս՝ Նինան, ով ինձանից փոքր է և ես: Բայց տանը ապրում էին նաև տատիկս, հորս մայրը, նրա քույրերը։ Բարեկամները հաճախ էին հյուր գալիս: Հորիցս հաճախ կարելի էր լսել. «Պետք է երեխաներին ոտքի կանգնեցնել». և նա օգնում էր նրանց, որքանով կարողանում էր»:
Ըստ երևույթին, հենց դրա համար, ենթադրելով, որ նախ պետք է մասնագիտություն ունենալ և ոտքի կանգնել, փոքրիկ Նիկիտայի հայրը դեմ էր, որպեսզի նա ֆուտբոլով զբաղվի։ Տղային հաճախ էին պատժում, երբ վերադառնում էր հերթական բակային հանդիպումից։ «Սովետների թևեր» մայրաքաղաքային թիմին միանալ հայրը թույլ է տվել միայն մարզիչներից երաշխիքներ ստանալուց հետո, որ որդին անպայման սովորելու է։ Այդ ժամանակ Պողոս Մկրտիչևիչը չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց իր Նիկիտայի գոլերի շնորհիվ ազգային հավաքականի հերթական հաղթանակից հետո գործընկերները նրան ձեռքերի վրա են բարձրացնելու: Իսկ հանդիպումներից մեկում, երբ հանդիսատեսը վանկարկում էր «Նիկի՛տա, Նիկի՛տա», հայրը զարմանքով կդիմեր ներկա գտնվող բարեկամներից մեկին՝ «Ո՞ր Նիկիտային են երկրպագում: Մի՞թե իմ Նիկիտային»:
Հետագայում Պողոս Մկրտիչևիչը հպարտության շատ պատճառներ ուներ. ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո որդին անցավ մարզչական աշխատանքի։ Մարզել է Մոսկվայի «Սպարտակը», «Արարատը», «Չորնոմորեցը», ԽՍՀՄ հավաքականը։ Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ՖՖ-ում։ Դե, իսկ մեդալներն ու շքանշանները մեծաթիվ են։ Նիկիտա Պավլովիչի համար, հավանաբար, հատկապես թանկ է հայկական Պատվո շքանշանը։ «Գիտեք, ես 100 տոկոսով հայ եմ», – ասաց նա 2011 թվականի մարտին մրցանակաբաշխության ժամանակ: Սիմոնյանը հիշում և հարգում է իր արմատները: Ի պատասխան՝ հայ ժողովուրդը սիրում և հպարտանում է նրանով` խորհրդային ֆուտբոլը մարմնավորող նշանավոր հայով:
«Որոշեցինք Նիկիտա Պավլովիչի 75-ամյակը նշել Հայաստանում, հրաշալի տոն ստացվեց։ Բոլորը կատակում էին, որ մարզադաշտ ավելի շատ մարդ է եկել, քան հավաքականի խաղերին։ Անձրև եկավ, և ոչ ոք չհեռացավ: Նա այնքան զգացված էր, որ երկրպագուների առաջ ծնկի եկավ։ Դժվար էր գտնել մեկին, ով լաց չէր լինում. և՛ տղամարդիկ, և՛ կանայք այնքան հուզված էին… Սա, իհարկե, հիշարժան պատմություն է», – հիշում է Արթուր Սողոմոնյանը:
Հեռավոր 2001 թվականի այս դեպքը պատկերող վավերագրական ֆիլմի կադրերը ավելացնում են էմոցիաները: «Երախտագիտության խոսքեր չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ այն, ինչ զգում եմ այսօր: Շնորհակալ եմ, որ այսօր եկել եք մեր հարազատ «Հրազդան» մարզադաշտ՝ շնորհավորելու ինձ։ Հավատացեք, այս օրը ողջ կյանքում կհիշեմ: Շնորհակալություն», – 20 տարի առաջ ասաց հուզված Նիկիտա Պավլովիչը։
Համոզված ենք, որ եթե այժմ նման միջոցառում կազմակերպվեր վարպետի 95-ամյակի կապակցությամբ, ավելի շատ մարդ կհավաքվեր։ Շնորհավորում ենք տարեդարձի առթիվ, Նիկիտա Պավլովիչ: Ապրեք շատ երկար՝ հիացնելով և զարմացնելով կենսունակության, կամքի ուժի և մարդկանց հանդեպ վերաբերմունքի Ձեր օրինակով։ Հպարտ ենք Ձեզնով:
Իրինա Գրիգորյան