Անցյալ կիրակի Հայաստանում, ինչպես նաև շատ ավելի հեռու դրա սահմաններից դուրս՝ հայկական սփյուռքում չէր մնացել գրեթե ոչ ոք, ում վրա սառը ջուր լցրած չլինեին: Այդ ամենն այն պատճառով, որ Հայ Առաքելական եկեղեցին հերթական անգամ նշում էր Վարդավառի ուրախ տոնը, որն ուղեկցվում է համընդհանուր ջրման ավանդույթով, որի մեջ բառի բուն իմաստով գլխով սուզվել էր ամբողջ հայությունը: Անմասն չմնացին նաև Հանրապետության հյուրերը: Եվ դա բնական է. գրեթե անհնարին է դիմակայել հովանալու ցանկությանը ամառային սարսափելի տապին (Երևանում այդ օրերին ջերմաչափերը ցույց էին տալիս +43(!) աստիճան ջերմություն):

Վարդավառի պատմությունը, թեպետ և գալիս է դարերի խորքից՝ հեթանոսական արմատներից, այնուամենայնիվ Հայ Առաքելական եկեղեցին ներառել է այն կրոնական քրիստոնեական տոների օրացույցի մեջ՝ ի պատիվ Աստծո Պայծառակերպությանը Թաբոր լեռան վրա: Ըստ ավանդույթի՝ առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը ըստ հայկական օրացույցի նշանակել է այս տոնը նոր տարվա առաջին օրը՝ այսինքն օգոստոսի 11-ին: Սակայն VI դարում Մովսես Երկրորդը կապեց այդ օրը Զատիկի օրացույցի հետ: Արդյունքում Պայծառակերպության տոնը փոփոխական դարձավ և ինչ-որ հեքիաթային կերպով համընկավ այժմ գոյություն ունեցող Վարդավառի հետ: Քանի որ տոնի անվանումը առավել հաճախ հակված են մեկնաբանել «վարդ» և «վառ» բառերի թարգմանությամբ, այսինքն վառ վարդ, ապա քրիստոնեական մեկնաբանության մեջ վարդերը փաստացի փոփոխել են իրենց խորհրդանշությունը: Ինչպես Քրիստոսը պայծառակերպվեց Թաբոր լեռան վրա և նրա հագուստի գույնը սպիտակ դարձավ, այնպես էլ վարդը իր ձևավորման ընթացքում կոկոնից վերածվում է ծաղկի: Իսկ ապագա վարդի գույնը կարելի է տեսնել բացառապես այն ժամանակ, երբ կոկոնը բացվի…

Ինչո՞ւ է տոնը կրում հենց այդ անվանումը, այլ ոչ թե մեկ ուրիշ: Այդ կապակցությամբ միասնական կարծիք չկա: Առավել հայտնի վարկածը կապում է այս տոնը սիրո աստվածուհի Աստղիկի և նրա սիրեցյալ կրակի աստծո՝ Վահագնի հետ: Աստղիկը վարդագույն ջուր էր ցանում երկրի երեսին՝ ծածկելով այն վարդերով և մարդկանց սեր պարգևելով: Եվ երբ Աստղիկին առևանգեց Յանախը՝ մահվան աստվածը, նրան փրկեց ոչ այլ մեկը, քան Վահագնը: Հատկապես ի հիշատակ սրան ամեն տարի Հայաստանում սկսեցին միմյանց վարդեր նվիրել և ջրել: Որոշ ժամանակ անց վարդի թերթիկներ ցանելու ավանդույթները պահպանվել են երևի թե միայն թատերական ներկայացումներում, որոնք կազմակերպվում են տոնի առթիվ: Իսկ համընդհանուր ջրելը հասել է մեր օրեր առանց փոխակերպումների:

Ի դեպ, այս տարի միջոցառումներ տեղի ունեցան Գառնու տաճարի և Գեղարդ վանքի մոտ, Սևանա լճում և իհարկե Երևանում՝ մայրաքաղաքում այս եկեղեցական տոնի նախօրեին յուրահատուկ ակցիա մեկնարկեց: Միջոցառման մասնակիցները ազգային տարազներով եկեղեցուց քայլեցին մինչև Մանկական այգի, որտեղ երանգ հաղորդեցին մոտեցող ուրախ Վարդավառին: Այստեղ հնչում էին ազգային մոտիվներ, միջոցառման մասնակիցները պարում էին, իսկ ներկա գտնվող զբոսաշրջիկներին և Հանրապետության հյուրերին բացատրեցին տոնի իմաստը թատերական բեմադրությունների միջոցով՝ կապված աստվածաշնչյան առասպելների հետ: «Մուտքը» Վարդավառի հիմնական գործողությանը շատ ուրախ ստացվեց և ավարտվեց ավանդական «ջրային պրոցեդուրաներով»:

Իսկ մեկ օր անց՝ հուլիսի 8-ի վաղ առավոտից Վարդավառը սկսեց թափ հավաքել: Ըստ ավանդույթի՝ մայրաքաղաքի փողոցներ դուրս եկան տարբեր կերպ զարդարված ջրցան մեքենաներ՝ «Սանիտեկ» ընկերությանը պատկանող, որոնք ջրի հզոր հոսանքներ էին արձակում: Երևանցիներից ոմանք փորձեցին մտնել ջրի տակ, որպեսզի հովանան: Սակայն վարորդները տարբերվեցին իրենց ճարպկությամբ, ոչ ոք չընկավ մեքենայի անվադողերի տակ, ընդ որում մայրաքաղաքային ճանապարհները չափից դուրս ջրվեցին։

Լիաթոք շնչեցին նաև հուշարձանները: Ամեն տարի Վարդավառի օրը, արդեն ավանդույթ դարձած ևս մեկ ակցիայի շրջանակներում, հզոր ջրային հոսանքով լվանում են նաև տարբեր հուշահամալիրներ, ճարտարապետական կոթողներ և այլն: Բացառություն չդարձավ նաև այս անգամը: Ամեն ինչ անում են կամավորները, իդեալական փայլեցնում են, չմոռանալով նաև բազմաթիվ սելֆիներ անել քանդակների ֆոնին, օրինակ՝ Խաչատուրյանի կամ Բաբաջանյանի:

Վարդավառի յուրահատուկ շտաբ-բնակարանը արդեն մի քանի տարի համարվում է Կարապի լիճը, արհեստական լճակի հարթ թափանցիկությունը վարկյանների ընթացքում վերածվում է բուռն օվկիանոսի: Այս ոչ խորը ջրային օազիսի մեջ հաճույքով ցատկում են թեˊ մեծերը, թեˊ երիտասարդները: Իսկ սիրահար զույգերը այդպես միասին էլ սուզվում են: Այս ամենն ինքստինքյան ուղեկցվում է ինչպես մասնակիցների, այնպես էլ կողմնակի դիտորդների բուռն ճիչերով և հիացմունքով: Չնայած այս գործողությանը կողքից դիտողներ, որպես կանոն, չեն լինում: Վարդավառի մեջ ներգրավվում է ցանկացածը, ով կհամարձակվի այդ օրը տանից դուրս գալ, բնականաբար իր ցանկությունից դուրս:

Առավոտյան արդեն ժամը յոթից բազմահարկ շենքերի, մասնավոր հատվածի բնակիչները սկսում են ջրել սկզբում հարևաններին: Իսկ երբ այս պարտադիր ծրագիրը արդեն ետևում է մնում, ապա հերթը հասնում է նաև պատահական անցորդներին: Չնայած ինչո՞ւ միայն անցորդներին, ամբողջությամբ ջրի մեջ են լինում հասարակական տրանսպորտի, տաքսիների վարորդները և նույնիսկ ուղևորները… Վերջին տարիներին կրակ հաղորդելու համար՝ ավելի ճիշտ ջրային զովություն, Վարդավառի մեջ ներգրավվել են նաև տեղի իշխանությունները՝ մայրաքաղաքի համայնքային պրեֆեկտուրաները երեխաներին մեկական դույլեր են բաժանում, ապահովում են նաև ջրով:

Մինչև ծայրը ջրով հագեցած ջրատարները շրջում են մայրաքաղաքի վարչական շրջաններով, բոլոր անցողրդների վրա ջուր ցանելով, իսկ ցանկության դեպքում նաև տրամադրելով տարաների մեջ անհրաժեշտ քանակությամբ ջուր: Չնայած ամբողջովին թաց երեխաները շարունակում են կենսական ջուր տանել նաև ջրատարի հեռանալուց հետո՝ ցայտաղբյուրներից: Արդյունքում այդ օրը «ավազաններից» այնքան մեծ քանակությամբ ջուր է վերցվում, որ ջրի թափը բազմահարկ շենքերում հազիվ հասնում է մինչև միջին հարկեր:

«Սառը» տոնին վերջին ժամանակներում գնալով սառնությամբ չեն վերաբերում, այլ ընդհակառակը՝ հումորով և ստեղծագործական մոտեցմամբ: Օրինակ՝ անցյալ հանգստյան օրը, ինչպես լավագույն սիցիլիական թրիլերներում, բավականին հասուն տարիքի երկու տղամարդիկ ավելի լավ բան չմտածեցին, քան ջրով լցնել բեռնատար մեքենան, մտնել դրա մեջ և զինվելով ջրային հրացաններով «կրակել» բոլոր նրանց, ովքեր կհանդիպեին իրենց ճանապարհին: Իսկ այս զույգի ճանապարհը գնում էր ոչ թե ինչ-որ ծայրամաս, այլ հենց Երևանի կենտրոն՝ անցնելով Թումանյան փողոցով: Սև ակնոցները, իբրև թե մաֆիոզներ և լողավարտիքներով մեծահասակ ավազակների բավականին ներկայացուցչական տեսքը բուռն ծիծաղ էին առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր դիտում էին տեսարանը: Եվ հատկապես զբոսաշրջիկների:

Ի դեպ, Հայաստանի հյուրերը ուրախանում էին հայրենակիցների հետ հավասար: Գառնիում Վարդավառի փառատոնի ժամանակ զբոսաշրջիկներից մեկը՝ ամբողջությամբ ջրված, հիացմունքով հայտարարեց, որ մտադիր է կիսվել այս հայկական ավանդույթով իր հայրենիքում: Ասաց, թե ո՞վ գիտի, միգուցե՞ արմատներ կթողնի…

Մինչդեռ Վարդավառի նախօրեին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարությամբ դիմեց ռուս զբոսաշրջիկներին։ Պատմելով այն մասին, որ Վարդավառը «ամենամեծ ամառային տոնն է, որը վերածվում է աղմկոտ մանկական խաղի, որի ընթացքում Հայաստանի բնակիչները ջրում են անցորդներին փողոցներում, մեքենաներում, պատշգամբներից», Facebook-յան էջում իրենց հայտարարության մեջ դեսպանատան աշխատակիցները գրել էին նաև. «Նմանատիպ գործողությունների հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի դեպքում խորհուրդ ենք տալիս այդ օրը մնալ փակ տարածություններում կամ փաստաթղթերը, գումարը և այլ կարևոր իրերը պահել անջրանցիկ տոպրակների մեջ»: Արդյոք ռուսները անբարյացակամ վերաբերմունք էին տածում հայկական տոնի հանդեպ, պատմությունը լռում է: Չնայած դատելով Երևանի փողոցներում տեսածներից, ՌԴ քաղաքացիները, ովքեր ամեն դեպքում ռիսկի դիմեցին և դուրս եկան փողոց այդ օրը, լիարժեք հիացմունք էին ապրում այն բանից, ինչ տեսնում էին:

Ընդանրապես Վարդավառի օրը ընդունված չէ նեղանալ ջրողներից: Ավելին, այդ օրը ընդունված է ներել բոլոր կուտակված վիրավորանքները: Եվ ընդանրապես ջրման գործընթացը ավելի շուտ խորհրդանշում է ոչ թե հովանալու ձգտում, չէ որ այս տոնը հաճախ ընկնում է բավականին զով օրերին, քանի որ տեղի է ունենում հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում, այլ մեղքերից մաքրվելու և բուժվելու: Ճիշտ է այն դեպքերում, երբ համընդհանուր ուրախության մասնակիցները ընկնում են մոլեգնության գիրկը, խոսքը երբեմն ոչ թե բուժման մասին է, այլ ճիշտ հակառակը:

Այսպես այս տարի «չարաճճիներից» մեկը որոշել էր խաղալ արտասահմանյան մեքենայի վարորդի հետ: Ջրի հզոր ցայտը դույլից՝ ուղղված անմիջապես բաց պատուհանին, վարորդին դուրս բերեց հավասակշռությունից և անսպասելիությունից վերջինս կորցրեց կառավարումը և կտրուկ շեղվեց ճանապարհից: Մեծ արագության տակ մեքենան հարվածեց գազատարին և վարկյանների ընթացքում ծակեց «խողովակը»: Գազի հզոր սյունը բարձրացավ գրեթե հարևան բարձրահարկի կտուրը: Իսկ մեքենան ծուխ բաց թողնելով այրվում էր ամբողջ ազնիվ ժողովրդի աչքի առաջ: Հրաշքով հաջողվեց դուրս գալ իրավիճակից առանց զոհերի: Սակայն սոցցանցերի օգտատերերը, որտեղ տարածվել էր տեղի ունեցածի վիդեոտեսագրությունը, այնուամենայնիվ պահանջում են պատժի ենթարկել եթե ոչ Վարդավառ խաղացող երեխային, ապա նրա ծնողներին:

Մարդկանց կարելի է հասկանալ․ սա չարաճճիության միակ դեպքը չէ, որը ծանր հետևանքներ է ունեցել: Մի քանի տարի առաջ բարձրահարկի վերևի հարկից նետված ջրով ցելոֆանե տոպրակի հարվածից հիվանդանոցում էր հայտնվել մի տղամարդ, ով համեմատաբար վերջերս էր ինֆարկտ տարել: Լավ է, որ կենդանի մնաց… Իսկ այս տողերի հեղինակը դարձել էր այն բանի ականատեսը, թե ինչպես երևանյան ինը հարկանիներից մեկի վերևի հարկի պատանին, որոշելով շնորհավորել իր ներքևի հարկի հարևանին, ով վաղ առավոտյան լուծվող սուրճ էր վայելում պատշգամբում, նրա «Նեսկաֆեին» խառնել էր ծորակից ջրի բավականին մեծ բաժին: Ի ուրախություն պատանուն, սրճամոլի արձագանքը բավականին զուսպ եղավ և բանը վեճերի չհասավ: Սակայն ավելի հաճախ տեղի է ունենում հակառակը…

Չնայած Վարդավառի բոլոր վերապահումներին, սա այնուամենայնիվ հիանալի տոն է: Չէ՞ որ բացի ամառային հնարավոր տապի հետ անուղղակի պայքարը, այն նախ և առաջ ուղղված է նրան, որպեսզի մեր հոգիներում տիրի ուրախություն, հանգստություն և խաղաղություն: Իսկ այդ նպատակը՝ որպես կանոն իրականացված է լինում:

 

Իրինա Գրիգորյան