Վերջերս Մոսկվայի հեղինակավոր ակումբներից մեկում կայացավ Armfashionday միջոցառումը: Այսպես կոչված` «Հայկական նորաձևության օրերը» մեկ հարկի տակ էր հավաքել հայկական ծագում ունեցող դիզայներների և մոդելավորողների, ովքեր ստեղծագործում են Ռուսաստանում և արդեն բավական ճանաչում ունեն այդ բնագավառում: Այն մասին, թե առողջ հավակնություններով ու անհատնում ստեղծագործ էներգիայով լի մարդիկ ինչպիսի հավաքածուներ են ներկայացրել հանդիսատեսի դատին, պատմում է Մոսկվայում Dalma News-ի հատուկ թղթակից Էլեոնորա Արարտյանը:
Միշտ հեռու եմ եղել գլամուրից և նորաձևության բնագավառից: Բայց վերջերս սոցիալական ցանցերից մեկում տեսա Armfashionday միջոցառման անոնսը: «Հայկական նորաձևության օրերի» անցկացման գաղափարն ինձ դուր եկավ, մանավանդ, որ Մոսկվայում էր անցնելու: Որոշեցի գնալ և կիսվել տպավորություններով:
Եվ այսպես` իրենց աշխատանքները ներկայացրեցին այնպիսի մոդելավորողներ և դիզայներներ, ինչպիսիք են Աննա Մուրադյանը (AMURSTYLE), Անի Մանուկյանը (AniManoukiann), Արակսիա Վիտան (AraksiaVita), Նարինե Հարությունյանը (Narny), Արտյոմ Սյունեցին (ArtemSyuneci), Արմինե Գոմցյանը (Agreeg) և Րեգինա Ակոպովան (ՌեգինաԱկոպովա):
Ռուսաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչների մոտ յուրահատուկ հեղինակություն են վայելում միջազգային որակում ունեցող դիզայներ Անի Մանուկյանի աշխատանքները:
Անին նորաձևության բնագավառում իր առաջին քայլերն արել է 2002թ-ին: Առաջին բարձրագույն կրթությունն ստացելլ է Մոսկվայում, սովորել է նաև Muller&Sohn Մյունխենյան ակադեմիայում: Մոդելավորողը սերտ համագործակցության մեջ է GLAMOUR, Playboy, ProFashion, ModaTopical, Millioner ամսագրերի հետ: 2009թ-ին նա հիմնել է իր` AniManoukian նորաձևության տուն-ատելյեն, որը մեկ տարի անց ստացել է «Տարվա լավագույն բիզնես-ստարտ» անվանակարգի առաջին մրցանակը: Անին ստեղծում է հարսանեկան, երեկոյան և դասական հագուստներ:
«Ես առաջին անգամ եմ մասնակցում հայկական ցուցադրությանը: Հայուհի լինելով, ես իհարկե հետաքրքրվում եմ Հայաստանում այս բնագավառով: Շատ կուզենամ, որ այս ուղղությունը զարգացում ապրի նաև իմ հայրենիքում: Ուզում եմ նշել, որ անկախ եվրոպական տենդենցների` հայ մոդելավորողներն իրենց յուրահատուկ ճաշակն ունեն: Մենք պետք է պահպանենք մեր յուրահատկությունը»
Հաջորդ մոդելավորողը` Աննա Մուրադյանը, նույնպես մեծացել և կրթություն է ստացել Մոսկվայում: Armfashionday-ը Աննայի համար հատուկ միջոցառում էր: Նա առաջին անգամ ներկայացրեց իր գլխարկների հավաքածուն` Amour style բրենդով
«Ես լուսանկարչի կրթություն եմ ստացել: Հաճախ եմ աշխատել մոդելների հետ: Միշտ նոր մոդելներ էի հորինում և կյանքի էի կոչում գաղափարներս: Հետո որոշեցի ստեղծել իմ սեփական հավաքածուն»
Դիզայները պատմեց, որ դեռ մանկուց է սիրել գլխարկներ, հաճախ կրում է և հատուկ սեր ունի դրանց նկատմամբ: Դեֆիլեի ավարտին դուրս եկավ նաև աշխատանքների հեղինակը` շքեղ կարմիր զգեստով` լրացված գեղեցիկ սև գլխարկով:
Նեոֆուտուրիստական գաղափարներով ոգեշնչված` մոդելավորող Արաքսիա Վիտան, ստեղծել է շատ պրակտիկ հավաքածու: Ինչպես հենց Արաքսիան է ասում ` իր աշխատանքները կարելի է կրել ինչպես ցերեկը, այնպես էլ երեկոյան` տարբեր միջոցառումների ժամանակ:
«Մեգապոլիսներում ժամանակը չի հերքում, և կանայք փնտրում են պրակտիկ հագուստ: Զգեստներ, որոնք կարելի է համադրել տարբեր ակսեսուարների հետ»
Արաքսիան նորաձևությամբ է զբաղվում արդեն 8 տարի, բայց հագուստի իր սեփական գիծը սկսեց ստեղծել և զարգացել միայն 2015թ-ից: Հեղինակն արդեն ունեցել է մի քնաի ցուցադրություններ` Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
Խոսելով հայ մոդելավորողների յուրահատկություններից` Արակսիան ասաց, որ նրանք տարբերվում են իրենց կոլորիտային մտածողությամբ: «Հայ դիզայներները շատ խորքային են, կարողանում են գույնը լրիվ այլ տեսակից ընկալել»,- հպարտությամբ ասաց Արաքսիան:
Narny բրենդի հիմնադիր Նարինե Հարությունյանի մոդելները շատ կանացի են` մետաքսով և շիֆոնով պարուրված: Նարինեն արդնե 9 տարի է իր հրաշալի գաղափարների շուրջ մոդելներ է ստեղծում նորաձև աղջիկների համար: Մի քանի անգամ ցուցադրություններ է ունեցել Մոսկվայում և ռուսական այլ քաղաքներում` Իրկուտսկում, Կրասնոդարում և Սոչիում: Նարինեն նշեց, որ Հայաստանում աշխատող հայ դիզայներենրի աշխատանքներում նա հավանում է էթնիկ լուծումները:
Ի դեպ, Armfashiondeay-ին մասնակցեց նաև Հայաստանից ժամանած մոդելավորող Արտյոմ Սյունեցին, ով ներկայացրեց Մոսկվայում իր հայկական ազգային հագուստի հավաքածուն:
«Կանայք ինձ համար թագուհիներ են, իսկ իմ մոդելները ներկայացնում են Ուրարտական ժամանակների և Վանի թագավորության ժամանակաշրջանի թագուհիների հագուստները»
Հայաստանում Արտեմը աշխատում է «Ատեքս» հայտնի մոդելային տան հետ, համագործակցում է նաև պարային համույթների հետ` ապահովելով նրանց բեմական հագուստներով:
Սա դեռ ամենը չէ` կազմակերպիչները խոստանում են այսպիսի տոնական միջոցառումները դարձնել ամենամյա: Ինձ հետ զրույցում Armfashionday-ի կազմակերպիչ Նաիրա Նաիազյանը նշեց, որ այսպիսի միջոցառումների նպատակը մեկն է` հավաքել հայ տաղանդավոր մարդկանց մի նպատակի շուրջ, ներկայացնել, հայ ժողովրդի կոլորիտը:
«Մեր մեջ շատ են բազմակողմանի զարգացած մարդիկ, ովքեր յուրաքանչյուր օր հարստացնում և զարգացնում են հայկական մշակույթը և ինքնությունը մեր հայրենիքից հեռու»
Դե ինչ, մնում է սպասել Armfashionday-2016-ին…
Եվ մի քիչ էլ լուսանկարներ նորաձևության տոնից…
Պատրաստեց Էլեոնորա Արարատյանը
Լուսանկարները` Տիգրան Թադևոսյանի