Մեզանից յուրաքանչյուրը, եթե չի տեսել, ապա գոնե լսել է 4 «մարտ առանց կանոնների» սպորտային երևույթի մասին:Սակայն քչերը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս քիչ հայտնի, բայց ողջ հետխորհրդային տարածքում թափ հավաքող սպորտը: Սկսենք նրանից, որ «մարտեր առանց կանոնների» տերմինը կորեկտ չէ, իրականում այս սպորտաձևը պետք է կոչել MMA (Mixed Martial Arts կամ Խառը մարտեր): Երկրորդ տարածված սխալը` «մարտեր առանց կանոնների»-ից խոսելիս միանգամից պատկերացնում ենք ռինգում ցատկող, արյան ծարավից ծռված դեմքերով հսկա բոդիբիլդերիների, ովքեր խփում են իրար տարբեր շղթաներով և ընդհանրապես ձեռքի տակ եղածով: Իսկ երբ խոսքը կանանց մասին է, ապա երևակայությունը ավելի վառ է աշխատում: Շտապում ենք հիասթափեցնել`ամեն ինչ այդպես չէ: «Չկան շղթաներ և ծեծկռտուք: Կան կանոններ և բավական խիստ»,- պատմում է մեր հարցազրույցի հերոսուհին` Հայաստանը այս սպորտաձևում ներկայացնող սպորտսմենուհիներից այսօրվա դրությամբ ամենաուժեղը` Կարինե (արքայադուստր) Գևորգյան:
Սպորտը նրա ամբողջ կյանքն է: Դա և աշխատանք է, և մի ամբողջ փիլիսոփայություն, և ֆիզկական անհրաժեշտություն: Բայց…ամեն ինչ հերթով:
Կարինե, ինձ համար միշտ դժվար է եղել հասկանալ, թե ինչպես են կանայք ընտրում ուժային սպորտաձևեր` բռնցքամարտ, ծանրաձող, մարտաձևեր և այլն: Մի՞թե փոքր ժամանակ`լինելով այսպես ժպտերես, գեղեցիկ, երազել ես ոչ թե տղաների, ծաղիկների ու այլ աղջկական բաների մասին, այլ` ծանրաձողի կամ բռնցքամարտի ձեռնոցների: Պատմիր, խնդրում եմ, թե ինպես սկսեցիր և ինչպես եկար հենց MMA-ին:
(ծիծաղում է): Անկեղծ ասած` ընտրությունը արդեն կանխորոշված էր, որովհետև մեր ընտանիքում գրեթե բոլորը զբաղվում են «ծանր» սպորտաձևերով: Մայրս ձյուդոիստ է և լողորդ, պապս` բռնցքամարտիկ, քույրս նույնպես զբաղվում է ուժային առարկաներով: Նրանց օրինակը վարակիչ էր: Փոքր ժամանակ զբաղվում էի սամբոյով, ձյուդոյով, հետո երկար ժամանակ բռնցքամարտով:Այդ առարկաներում բավական լավ արդյուքների հասա, մասնակցել եմ եվրոպական և միջազգային մակարդակի մրցությունների, պատվոգրեր ու մրցանակային տեղեր ունեմ գրաված: Բայց իսկապես ինձ գտա միայն «մարտեր առանց կանոնների» սպորտաձևում: Սա իմն է, ես ինձ այստեղ հարմարավետ եմ զգում նաև MMA-ի բազմակողմանիության պատճառով` այստեղ ես կարող եմ լինել և բռնցքամարտիկ և կարատեիստ, ստացածդ բոլոր հմտությունները մեկ սպորտաձևում համադրելը շատ ավելի հետաքրքիր է:
Շատ այլ կոպիտ սպորտաձևեր կան, բայց MMA-ն իմ կարծիքով ` ամենակոպիտն է: Այստեղ ռինգ են դուրս գալիս ոչ միայն և ոչ այնքան հաղթանակի, որքան հենց մարտի համար: Տրամաբանությունն այսպիսին է ` ինքդ չես ծեծի, քեզ կծեծեն:
Ինչպես փողոցային կռվու՞մ:
Ոչ մի դեպքում: Մենք սպորտսմեններ ենք, փողոցային կռվի կանոնները (ավելի ճիշտ` դրանց բացակայությունը) այստեղ չեն գործում, մենք օգտագործում ենք մարտավարություն և տեխնիկական հմտություններ, այստեղ մարտի հոգեբանությունն էլ լրիվ այլ է: MMA-ում գոյություն ունեն բավական կոպիտ կանոններ և սահմանափակումներ: Մենք չենք խփում հակառակորդին ինչով պատահի և ինչպես պատահի, սա փողոցային կռիվ չէ: Արգելված է կծելը և հարվածելն աճուկային հատվածին, կոկորդին, ծոծրակին և ողնաշարին, թույլ չի տրվում սեղմել աչքերը, մատներով հարձակվել չպաշտպանված հատվածներին` ականջներ, բերան, ռունգեր և այլ տարբեր արգելքներ:
Առհասարակ ես գիտակցաբար խուսափում եմ փողոցային կոնֆլիկտներից: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը որևէ վիրավորական բան է ասում, երբեք չեմ պատասխանում: Պետք է կարողանալ մի քանի քայլ առաջ մտածել, գնահատել ռիսկի չափը, արարքներիդ հետևանքները, ցանկացած իրավիճակի կշռադատված մոտենալ: Չեմ ուզում իջնել փողոցային խուլիգանների մակարդակին: Ես սպորտսմենուհի եմ, ոչ թե խուլիգան: Իսկական պրոֆեսիոնալը երբեք ձեռք չի բարձրացնի իրենից ակնհայտ թույլի վրա, նույինսկ եթե նա արժանի է: Վերադառնալով նախորդ հարցին` MMA-ն ընտրելու մասին, ինձ դրդեց քույրս: Վերջին շրջանում ես հետաքրքրվում էի ևս մի էկզոտիկ սպորտաձևով` մաս-ռեսլինգով : Ի դեպ Երևանում վերջերս անցած միջազգային մրցությունում երրորդ տեղն եմ գրավել:
Մաս-ռեսլի՞նգ: Առաջին անգամ եմ լսում: Դա Արմռեսլինգի նման մի բա՞ն է:Մանրամասն պատմիր խնդրում եմ:
Դա սպորտաձև է, երբ հակառակորդները նստում են իրար հանդիպակաց, հենվում են ոտքերով միջնապատին և բռնում են երկու ձեռքով միևնույն փայտը, բայց տարբեր բռնելաձևով: Մի խոսքով` ով կարողանա մյուսին իր կողմ քաշել, կամ էլ փայտը վերցնել` նա էլ հաղթում է: Անկեղծ ասած` ես ինքս այնքան էլ լավ չգիտեմ այս սպորտաձևի նրբությունները: Միայն գիտեմ, որ պետք է ահռելի ուժ ունենալ: Կամզակերպիչները հրավիրեցին ինձ մասնակցել չեմպիոնատին, քանի որ համարեցին, որ ես ունեմ այդ ուժը (ծիծաղում է): Ինձ դուր եկավ և հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել` հաճելի է: Եթե էլի կհրավիրեն, ապա ինչու ոչ, հետագայում ել կզբաղվեմ դրանով: Իսկ մաս-ռեսլինգի մասին կարող եք ինտերնետում կարդալ: (Կարդացինք: Վիքիպեդիայում ասվում է, որ դա Յակուտիայի ազգային սպորտաձևն է, որը ընդունվել է Ռուսաստանի դաշնության կողմից և 2003թ-ին մտել է համառուսական սպորտի ռեեստրի մեջ):
Լավ, վերադառնանք քո հիմնական զբաղմունքին: Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես MMA-ով: ԻՆչպիսի՞ բարձունքների ես հասել, ի՞նչ ծրագրեր և հեռանկարներ ունես:
Արդեն մեկ տարի է, ինչ ես աբողջովին կենտրոնացել եմ MMA-ի վրա, ներկայանում են «մինչև 60կգ» քաշային կարգում, արդեն երկու պրոֆեսիոնալ մարտ եմ ունեցել: Մեկը այստեղ է կայացել` Երևանում, որի ժամանակ իմ հակառակորդը Իրանից մի աղջիկ էր, մյուսը ` ռուսական Յառոսլավլում` Ուկրաինացի սպորտսմենուհու հետ: Երկուսում էլ հաղթող դուրս եկա, իսկ ուկրաինուհուն 50 վարկյանում պառկեցրի (ծիծաղում է): Ծրագրերի մասին ` ես հիմա պատրաստվում են 2016թ-ին կայանալիք մարտերին: Հրավերներ շատ կան, բայց ասել, թե որտեղ և ում հետ կլինեն մարտերը դեռ չեմ կարող: Հայտերը կնայի և ընտրություն կկատարի իմ մարզիչ և փրոմոութեր, Petrosyan Dojo MMQ Fight Club-ի հիմնադիր,որի կողմից ես հանդես եմ գալիս, Աշոտ Պետրոսյանը:
Մենք, իհարկե ամեն ինչ քննարկում են, բայց մրցություններին վերաբերվող վերջին խոսքը նրանն է: Ակումբը շատ է ինձ օգնում և նյութապես և հոգեբանորեն: Ես շատ գոհ եմ: Մենք հարազատացել ենք և իսկապես ընտանիք ենք դարձել` նայում և մտածում ենք միևնույն ուղղությամբ, միասին աճում ենք: Իմ հաջողությունը ակումբի հաջողությունն է և հակառակը:
Ինչպիսի՞ չեմպյոնատներն են առավել հեղինակավոր համարվում, դրանցից որի՞ն ես «հասել» և որի՞ն ես երազում մասնակցել: Առհասարակ ինչպիսի՞ մաքսիմալ խդիր ես դրել քո առաջ:
Դե, ապրիորի ընկնել միջազգային մրցույթների կարելի է միայն որոշակի ռեյտինգային ստատուս ունենալուց հետո, որը տրվում է ակումբային մրցույթների արդյունքների հիման վրա: Ամենահեղինակավոր կազմակերպությունը, որը զբաղվում է խառը կանոնններով մարտերի կազմակրպմամբ ամերիկյան UFC (Ultimate Fighting Championship), ցանկացած MMA պրոֆեսիոնալ երազում է մասնակցել հենց նրանց չեմպիոնատներին: Մինչև հիմա ես ներկայացել եմ MMA Հայաստանի ֆեդերացիայի հովանու ներքո, բայց 2016թ-ին պլանավորում եմ նաև ներկայանալ ռուսական չեմպիոնատներում:
Հնարավոր է անհամեստ հչի, բայց ես այսօրվա դրությամբ միակ MMA մարզիկն եմ, որ ներկայացնում է Հայաստանը միջազգային ռինգերում: Միակը, ով արդեն ունի նմանատիպ մրցությունների փորձ և հաղթանակներ: Կան նաև ուրիշ սպորտսմենուհիներ, մի քանիսին էլ ես եմ մարզում, բայց նրանք դեռ չեն հասել լուրջ մակարդակի:
Ռինգ դուրս գալու համար բավական չէ ուժեղ լինել, պետք են նաև որոշակի անհատական բնավորության գծեր: Այդ առումով աղջիկներին պակասում է ինքնավստահությունը: Նախ պետք է ինքդ քեզ վրա հաղթանակ տանես: Սակայն այս ամենը փոխկապակցված է: Եթե մարզումների ընթացքում մարզիկը գիտակցում է, ֆիզիկապես զգում է իր ուժը, ապա դրան հաջորդում է հոգեբանական հարմարավետությունը, ինքնավստահությունը, անվախությունը: Պետք է շատ մարզվել:
«Մարտեր առաց կանոնների»-ի հետ ասոցացվող արմատացած առասպելներից մեկն այն է, որ դա ավելի շատ շոու է, քան սպորտ: Սիրողական սպորտում, այսպես ասած, սպորտսմենները պահում են դրոշի, երկրի պատիվը, իսկ պրոֆեսիոնալում` միակ մոտիվացիան փողն է: Ինչպե՞ս դու կմեկնաբանես սպորտի մասին այդպիսի պատկերացումը:
Միանշանակ նյութական գործառույթը շատ մեծ է, չեմ ժխտի, որ փողը վերջին տեղում չէ: Հատկապես դա վերաբերվում է կանանց չեմպիոնատներին, որտեղ դրույքներն ավելի բարձր են, իսկ մարզիկները` քիչ: Բայց ես կատեգորիկ դեմ եմ, որ MMA-ն ավելի շատ շոու է քան մաքուր սպորտ: Մի՞թե ես չեմ ներկայացնում նաև իմ երկրի սպորտային պատիվը:
Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, ապա ես, երկար տարիներ սիրողական դաշտում լինելով, գնացի պրոֆեսիոնալ սպորտ, քանի որ ինձ առաջն հերթին հետաքրքրում էր ինձ և իմ ուժերը փորձելը: Փողի մասին առանձնապես չեմ մտածել: Բայց երբ դուրս եկա ռինգ, և ամեն ինչ ստացվեց, ավելին` նաև լավ վարձատրվեցի, իհարկե մոտիվացիան բարձրացավ` ըստ ստացած փորձի և հոնորարի չափի: Պետք է ասել, որ շատ բարձրացավ (ծիծաղում է): Ամեն դեպքում մենք բոլորս կրթություն ենք ստանում, աշխատումե նք մեզ վրա, որպեսզի արդյունքում գումար վաստակենք: ԵՍ չեմ ամաչում դրանից: Դա նոռմալ է: Ես ջանադրաբար աշխատել եմ գիշեր-ցերեկ մարզվել եմ, որպեսզի մասնագիտություն ունենամ և գումար վաստակեմ: Ինձ համար կարևորն այն է, որ այդ գումարը վաստակում եմ ազնիվ աշխատանքով: Ես ֆիզիկապես վատ եմ զգում առանց մարզումների, առանց ծանրաբեռնվածության: Այնպես որ, կա փող, թե չկա`ես միևնույնն է չեմ ակրող առանց դրա:
Ինչո՞վ է պրոֆեսիոնալ սպորտսմենը տարբերվում սիրողականից:
Նախ և առաջ` ելույթների քանակով: Պրոֆեսիոնալները ի տարբերություն սիրողական սպորտսմենների, չեն կարող ամեն ամիս մրցությունների մասնակցել: Եվ խնդիրը հրավերների քանակի մեջ չէ, այլ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության: Մեկ մարտի համար պրոֆեսիոնալը պատրաստվում է մի քանի ամիս: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հակառակորդին, նայել նրա բոլոր մարտերը: Առողջական խնդիրներ են լինում և վերականգնման համար կրկին երկար ժամանակ է պահանջվում մրցումներից հետո:
Մի խոսքով` պրոֆեսիոնալ սպորտը դա աշխատանք է: Նյութական առումով այսպես ասեմ` որպեսզի մեկ տարվա համար բավական գումար վաստակես, անհրաժեշտ է 4 հաջող մարտ ունենալ:
Երբ դու սպորտից ես խոսում աչքերդ փայլում են, երևում է, որ դու իսկապես ապրում ես դրանով:
Աշխարհում չկա այնպիսի մի բան, ինչը ես կարող եմ զգացողությունների առումով համեմատել ռինգում հերթական հաղթանակից հետո ունեցածս էյֆորիայի, տրիումֆի զգացողության հետ: Ապշեցուցիչ` ահա ճիշտ բառը: Դա տևում է 15 րոպե, ինչը սահուն փոխակերպվում է հարգանքի սեփական անձի նկատմամբ և բավարարվածության կյանքի հանդեպ: Փառքի այդ 15 րեպեները արժեն բոլոր զոհաբերություններին: Ծախսված ուժերը, տանջող մարզումները, անձնական կյանքով զբաղվելու և ընկերների հետ հանդիելու ժամանակի բացակայություն` այս ամենը փոխհատուցվում է:
Հաղթանակ սեփական եսի և սեփական վախերի վրա` ահա թե ինչ է ինձ տալիս ռինգը: Դա ինձ շատ դուր է գալիս և դա ամենակարևորն է: Եթե չհաղթես ինքդ քեզ` հակառակորդիդ չես հաղթի:
Իսկ ո՞րն է քո ամենամեծ վախը:
Ամեն անգամ ես միայն մի բանից եմ վախենում` սեփական էմոցիաները չկարողնալ կառավարել: Ռինգ են դուրս գալիս գրեթե հավասար ուժ ունեցող հակառակորդներ: Եթե չկարողացար հաղթել, ուրեմն պարտվեցիր նախ ինքդ քեզ, չկարողացար հաղթահարել հոգեբանական արգելքները:
Դու բավական ամբիցիոզ և ինքնագոհ ես, ինչը հիմնականում հատուկ է բոլոր լուրջ սպորտսմեններին: Իսկ ինչպե՞ս ես տանում պարտությունը: Չէ որ ռինգում քո հակառակորդը կյանքում քո ընկերն է: Կարողանու՞մ ես կյանք չբերել ռինգում առկա նեգատիվ էմոցիաները:
Անկեղծ ասած` այդ իմաստով ես շատ դժվար մարդ եմ: երկար ժամանկ է պետք լինում, որպեսզի մարսեմ պարտությունը և հետո ինձ համար դժվար է լինում ընկերաբար շփվել ավելի հաջողակ կոլոգայի հետ: Դա նախանձ չէ, և իմ կողմից ոչ մի ագրեսիա էլ չկա, պարզապես սեփական անձի հանդեպ դժգոհությունս այդ պահին գերակշռում է և մարդը կարող է մտածել, որ ես նեղացած եմ իրենից: Բայց դա այդպես չէ, պարտության դեպքում ես նեղանում եմ ինքս ինձանից: Ինձ համար հեշտ է ընդհանրապես դադարեցնել շփումը, քան ձևացնել թե միևնույնն է: Ինձ համար միևնույն չէ: Պարզապես ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:
Բայց ասյտեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Օրինակ ` մաս-ռեսլինգի մրցության ժամանակ ես պարտվեցի ռուսաստանի սպորտսմենուհուն և շատ հանգիստ ընդունեցի դա: Պարզապես գիտակցեցի, որ այդ աղջիկը միք անի անգամ ավելի ուժեղ էր ինձանից: Նման մրցակցից կրած պարտությունն ընդունելը հոգեբանորեն այնքան էլ դժվար չէ: Բայց երբ պարտվում ես քեզ հավասարնին, ստացվում է «նքդ քո առաջ ընկրկեցիր»: Եվ դա արդեն ավելի դրամատիկ պատմություն է:
Մարտի ժամանակ հարազատների ներկայությունը քեզ օգնում է, թե՞ խանգարում:
Օգնում է: Քույրս լինում է իմ բոլոր մրցություններին, ոչ մեկը բաց չի թողնում: Նրա ձայնը, նրա աուրան ինձ հանգստացնում է: Բայց նա միշտ շատ է անհանգստանում ինձ համար:
Հիշում եմ, մի մարտի ժամանակ, ուժերս լքում էին ինձ, ես հոգնել էի, գրեթե հանձնվել էի և հանկարծ ռինգի մոտ տեսա մորս: Նա բացականչեց «խփիր, խփիր» և ուժերս վերականգնվեցին, չիտեմ ինչպես, բացվեց երկրորդ շնչառությունս: Այնպես որ, այո, հարազատների ներկայությունը օգնում է:
Երբեք չե՞ս մտածել դադար վերցնելու մասին, որևէ այլ բնագավառում կայանալ, ստանալ այլ մասնագիտություն: Չէ որ սպորտը, խլում է, առանց չափազանցնելու,քո ողջ ժամանակը:
Գիտես, չէ: Ես ունեմ մասնագիտություն: Հիմա ես տարբեր սպորտայն խմբակնե եմ վարում երեխաների համար, զբաղվում եմ մարզումներով, աշխատանքով, որը իր մեջ նեռառում է երիտասարդ կադրերի պատրաստման բոլոր դրույթները:Փորձում եմ տալ նրան այն ամենն ինչ գիտեմ, անգամ ինչը չգիտեմ: Երբ մեծ սպորտից հեռանամ ավելի լուրջ կզբաղվեմ այս գործով: Հացի գումար միշտ էլ կարող եմ վաստակել:
Ես միտումնավոր չհետաքրքրվեցի, թե ով և ինչու է մեր հերոսուհուն անվանել ` «արքայադուստր»: Հնարավոր է Կարինեն ինքն է իր համար այդպիսի կեղծանուն ընտրել, կամ էլ ինչ-որ մեկը կատակ է արել, իսկ անունը մնացել է: Ինչ էլ լինի, այդ անունը զարմանալիորեն սազում է այս հաճելի, բայց ոչ փխրուն աղջկան:: Ի դեպ Կարինեի սիրտը դեռ ազատ է:
«Երբ կհանդիպեմ այն միակին, կհասկանամ, որ նա է իմը և կգտնվի ժամանակ նաև անձնական կյանքի համար, դա հաստատ: Երբ գտնեմ` ամուր եմ պահելու»,- կատակում է Կարինեն:
Մնումէ ամենաքիչը` գտնել այնպիսի մեկի, ով չի վախենա լինել բոլոր առումներով ուժեղ կնոջ կողքին:
Պատրաստեց Անահիտ Բալասանյանը