«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թ.-ի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող և մ․թ․ա․ 1-2 դարերով թվագրվող Անահիտ դիցուհու բրոնզե կիսանդրին, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Անահիտ դիցուհին` պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր նախաքրիստոնեական հայկական դիցաբանությունում։
Համաձայն Բրիտանական թանգարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքի, Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը հայտնաբերվել է 1872 թ.-ին ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Սադակ քաղաքում (Էրզինջանի մարզ): Աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, իսկ այնուհետև Իտալիա, որտեղ այն գնել է Ալեսանդրո Կաստելանին, ով և ավելի ուշ փոխանցել է Անահիտի բրոնզաձույլ գլուխը Բրիտանական թանգարանին: Հետագայում թանգարանին է փոխանցվել նաև նույն արձանի երկրորդ դրվագը՝ ձախ ձեռքը: