Ամանորի գիշերը՝ դեկտեմբեռի 31-ին, «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնում ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, ինչպես և նախորդ տարի, այս տարի նույնպես կազմակերպել էր տոնական երեկո՝ վերականգնողական կենտրոնի զինվորների համար։
Կենտրոնում տիրում էր ամանորյա և ընտանեկան ջերմ մթնոլորտ, քանի որ շատերի համար այն, իսկապես, դարձել է տուն։ Այս տարի Հայրենիքի պաշտպաններին բացի ավանդույթ դարձած հագեցած շոու-ծրագրից՝ նվերներից, Ձմեռ Պապ ու Ձյունանուշից, աճպարարից և ակրոբատներից, սպասվում էր նաև ֆուտբոլային անակնկալ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ՝ տղաներին եկել էին շնորհավորելու ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, «Արարատ 73»-ի լեգենդար գավաթակիր Սերգեյ Բոգդարենկոն, ինչպես նաև խորհրդային և հայկական ֆոտբոլիստ Ալբերտ Սարգսյանը։
Տղաներից յուրաքանչյուրն անձամբ ֆուտբոլիստներից ստացավ իր հուշանվեր գնդակը՝ «Արարատ 73»-ի 50 ամյակի կապակցությամբ՝ ֆուտբոլային ակումբի բոլոր անդամների ստորագրություններով։