Խորհրդային Միության փլուզման գործընթացը պատմականորեն դեռ ավարտված չէ՝ կապված տարածաշրջանում վերջնական կարգավիճակ չունեցող տարածքների առկայության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ (МГИМО)) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Փորձագետը նշել է, որ խոսելով Ռուսաստանի մասին հետխորհրդային տարածքում, հատկապես Կովկասում, պետք չէ մոռանալ, որ այդ տարածաշրջանները որոշակիորեն կառուցողական ազդեցություն ունեն հետխորհրդային Ռուսաստանի համար։

«Ռուսաստանը փորձում է դիրքավորվել նոր` առանց Խորհրդային Միության իրողություններում։ Նրա ինքնությունը մեծապես կապված է վերաիմաստավորման, խորհրդային շրջանից բաժանվելու հետ: Խորհրդային միության փլուզումը ավարտված է ֆորմալ առումով, բայց ոչ պատմականորեն, քանի որ «Ո՞ւմն է Ղրիմը», «Ո՞ւմն է Ղարաբաղը» և «Ո՞ւմն է Աբխազիան» հարցերին մենք կստանանք ոչ երկու, ոչ երեք, այլ բազմաթիվ պատասխաններ», – հայտարարել է նա։

Մարկեդոնովն ընդգծել է, որ քանի որ այդ կազմավորումների կարգավիճակը դեռ հստակեցված չէ, և դրանց մի զգալի մասը գտնվում է հենց Կովկասում, նշանակում է, որ փլուզման գործընթացը շարունակվում է։

«Մենք դեռևս փլուզման փուլում ենք, նոր օրակարգի չենք անցել, անցյալի հետ չենք հաշտվել։ Մեր օրակարգը կենտրոնացած է անցյալի վրա՝ այսինչ տարում այսինչ մարմինը որոշել է, որ Աբխազիան կլինի Վրաստանի կազմում, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում։ Քանի դեռ մենք այնտեղ ենք (անցյալում), այս գործընթացը շարունակվում է», – ասել է նա։

 

Սարա Մարտիրոսյան