«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի հիմնադիր, լեգենդար «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանն այցելել է Երևանում Ռուսական տուն։ Միջոցառման հյուրերը բացառիկ հնարավորություն ունեցան անձամբ լսելու պատմությունն այն մասին, թե ինչպես է հաջողվել կառուցել Կիլիկյան հայկական թագավորության ժամանակների (XIII դար) առևտրական նավի ճշգրիտ պատճենը: Ծովային թեման հետաքրքրում էր ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներին, այլ նաև դպրոցականներին։
Երևանում Ռուսական տան պատմամշակութային նախագծերի համակարգող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը ողջունեց հյուրերին. «Ուրախ ենք ողջունել ձեզ Երևանում Ռուսական տանը: Գիտեք, որ յուրաքանչյուր հայի գեներում ապրում է ծովի հիշողությունը։ Ժամանակին Հայաստանը ծովից ծով երկիր էր։ Ու թեև պատմության այս շրջանը կարճ էր, ամենակարևորն այն է, որ այն եղել է։ Գուցե այդ պատճառով հայկական ծագում ունեցող այդքան շատ ծովային գործիչներ, նավաշինարարներ կան, էլ չեմ խոսում հայ վաճառականների նավերի մասին, որոնք շրջել են բոլոր ծովերով ու օվկիանոսներով»։
1985 թվականին Հայաստանում ստեղծվել է «Այաս» ծովային ակումբը։ Այդ ժամանակ Կարեն Բալայանն ու իր թիմը որոշեցին պատմական փորձ կատարել: Մատենադարանի թանգարանից վերցնելով հին ձեռագրերն ու մանրանկարները՝ հավաքվել են՝ կառուցելու «Կիլիկիա» առագաստանավի ճշգրիտ պատճենը։ Հետաքրքիր է, որ շինարարության մեջ օգտագործվել են միայն այն նյութերն ու դետալները, որոնք նավաշինության մեջ կիրառվել են 13-րդ դարում։
2004 թվականին առագաստանավն ուղարկվեց մեծ ճանապարհորդության՝ դառնալով միակը ծովային պատմության մեջ, որ շրջել է ողջ Եվրոպայով։ Այս մեծ ճանապարհորդության մասին խոսել է ինքը՝ Կարեն Բալայանը, նախապես ցուցադրելով «Արարում» ֆիլմը, որը հաղթող է դարձել ծովային և արկածային ֆիլմերի մրցույթի անվանակարգերից մեկում։
Ինչպես Dalma News-ի հետ հարցազրույցում նշել է Կարեն Բալայանը, նման ճանապարհորդությունը պահանջում էր ոչ միայն տոկունություն, այլև հետաքրքրվածություն։ Նա կիսվել է, թե ինչպես է իրեն հաջողվել հասնել իր նպատակին.
«Մենք պատահական մարդիկ չենք: Ոչ այն առումով, որ շատ բան գիտենք (դա անկասկած): Տղաները, որոնց հետ ճամփորդության էինք մեկնել, ընկերներ են շատ երկար ժամանակ՝ 80-ականների կեսերից։ Մենք ապշեցուցիչ արշավներ կատարեցինք՝ ժայռամագլցում, առագաստային սպորտ և այլն: Հասկանալի է, որ գաղափարն առաջանալուն պես բոլորը մեծ հետաքրքրությամբ սկսեցին կյանքի կոչել ծրագիրը։ Թիմն ընտրվել է ըստ հոգեբանական համատեղելիության: Եվ, իհարկե, անհնար է առանց հումորի զգացումի», – նշել է նավապետը:
Միջոցառման ավարտին կազմակերպիչները վիկտորինա անցկացրին հյուրերի համար, ովքեր պայքարում էին «Կիլիկիա»-ի պատկերով հիշարժան մրցանակների համար։ Առանց նվերի չմնաց նաև Երևանում Ռուսական տունը՝ այն ստացավ «Կիլիկիա»-ի պատկերով նկար և կապիտան Բալայանի ինքնագիրը։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության փոխղեկավար Վիկտորյա Դերիպասկոն նշեց, որ «նավն ինչպես կոչես, այնպես էլ կնավարկի»։ «Մեր Ռուսական տունը նման միջոցառման միջոցով համախմբում է մարդկանց, ովքեր փոխադարձ հետաքրքրություն ունեն միմյանց նկատմամբ։ Հուսով ենք, որ մեկ օր դեռ կհասնենք այդ նավին և մեր աչքերով կտեսնենք ձեր ստեղծած հրաշքը», – նավապետին երախտագիտություն հայտնեց Դերիպասկոն:
Դիանա Կարոնինա