Հետխորհրդային տարածքի երկրներում արևմտյան կամ արևմտամետ կառույցների ակտիվ քարոզչական աշխատանքի արդյունքում նկատվում է Ռուսաստանի նկատմամբ հաղորդակցային ռեժիմների բարեկամության նվազման միտում։ Այս առումով հատկանշական են 2022 թվականին Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ՀԶԱՀԻ) ուսումնասիրության արդյունքները։ Այս մասին Dalma News-ի հետ հարցազրույցում խոսել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։
ՀԶԱՀԻ-ի վերջերս հրապարակված հետազոտության համաձայն՝ 2022 թվականին բարեկամական հաղորդակցային ռեժիմների խմբում ընդգրկված էր 8 երկիր, համեմատաբար բարեկամական՝ 2 երկիր և ոչ բարեկամական՝ 4 երկիր։ Բարեկամական երկրների վարկանիշի առաջատարը Բելառուսն է, որը Ռուսաստանի հետ միութենական պետությունում է։ Վարկանիշի երկրորդ տեղում է Ղրղզստանը, երրորդում՝ Ուզբեկստանը, չորրորդում՝ Ղազախստանը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Հայաստանը։
Հայաստանը, Ղրղզստանը և Ղազախստանն առանձնացված են տատանվող հաղորդակցային ռեժիմների միևնույն խմբում, որտեղ 2023 թվականին, ամենայն հավանականությամբ, փոխվելու են բարեկամական հաղորդակցության զարգացման պայմանները։ Փոփոխությունների վեկտորը կախված կլինի նաև հաղորդակցային ճիշտ ռազմավարություն ընտրելու Ռուսաստանի կարողությունից, կարծում են ՀԶԱՀԻ-ի փորձագետները, որոնց հետ համաձայն է Տիգրան Քոչարյանը։
«Այս ամենը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական քարոզչություն է իրականացվում։ Ընդ որում, այն իրականացվում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ուղիներով։ Հաճախակիացել են հարձակումները նաև ՀԱՊԿ-ի վրա, որը ընդհանրապես ասոցացվում է Ռուսաստանի հետ», – ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ նման ահռելի տեղեկատվական հոսքի դեպքում, բնականաբար, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը հայ հասարակության մեջ պետք է փոխվի բացասական ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Ղազախստանին, որը Հայաստանի հետ գտնվում է տատանվող հաղորդակցային ռեժիմների խմբում, ապա Քոչարյանն այստեղ տեսնում է նաև հակառուսական, այդ թվում՝ լարվածության օջախներ ստեղծելու տեղեկատվական աշխատանքի արդյունք։ «Կարծում եմ՝ դա կապված կլինի առաջին հերթին Ղազախստանի հյուսիսի հետ, որտեղ գերակշռում է ռուս բնակչությունը», – զգուշացրել է նա։
Քոչարյանին հետաքրքրիր են թվացել նաև Վրաստանի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, որտեղ վերջին շրջանում «բարելավվել են տնտեսական հաղորդակցությունների զարգացման պայմանները»։
«Վերջին շրջանում Վրաստանը բավականին ռացիոնալ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ։ Թբիլիսին չի փորձում դառնալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին միացած երկրների ակումբի անդամ՝ փորձելով չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Արդյունքում, ամենայն հավանականությամբ, երբ բնակչությունը չի ենթարկվում պետական քարոզչությանը, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը հասարակության մեջ ևս փոխվում է», – ասաց Քոչարյանը։
Քաղաքագետ Արման Ղուկասյանը հատկանշական է համարում այն, որ Ռուսաստանի նկատմամբ հաղորդակցային ռեժիմների բարեկամության վարկանիշում Հայաստանը նախորդ տարի, 2021 թվականի համեմատ, 2-րդ տեղից իջել է 5-րդ տեղ։
«Կանխատեսումների համաձայն՝ վատթարացման միտումներ կան», – Dalma News-ի հետ հարցազրույցում ասաց Ղուկասյանը՝ այնուամենայնիվ կոչ անելով առանձնացնել հարցի քաղաքական կողմը հասարակականից։
«Հասարակական մակարդակում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, կան թյուրըմռնումներ և խնդիրներ, սակայն, դատելով սոցիոլոգիական տվյալներից, հայ հասարակության ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի նկատմամբ դեռևս դրական վերաբերմունք է պահպանում, – համարում է Ղուկասյանը։ – Քաղաքական մակարդակում, ցավոք սրտի, կա որոշակի հակում դեպի Արևմուտք։ Սա դրսևորվում է քաղաքական ղեկավարության գործողություններով, որոնք ոչ բարեկամական են»։
Փորձագետը չի կարծում, որ գործընթացները կարող են դրամատիկ բնույթ ստանալ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բազմաթիվ խորը կապերով։
«Մենք սերտորեն փոխկապակցված ենք հումանիտար, առևտրատնտեսական և շատ այլ ոլորտներում: Այս առումով ուղղակի վերցնելն ու Ռուսաստանին ոչ բարեկամական երկիր դառնալը սխալ է և չի բխում Հայաստանի շահերից։ Կարծում եմ, որ իշխանությունում գտնվողներն ու որոշում կայացնողները կհասկանան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի վատթարացնել։ Ցանկացած դեպքում, չնայած այս վարկանիշում Հայաստանի դիրքերի որոշակի վատթարացմանը, մոտ ապագայում իրատեսական չի թվում, որ մեր երկիրը կարող է հայտնվել Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական պետությունների ցանկում»։
Հայկ Գրիգորյան