Այս տարվա սկզբին Հայաստանը ընդգրկվել է ռուսների շրջանում ձմեռային հանգստի մի քանի թոփ ուղղություններում: 2023 թվականի փետրվարի վերջին ամրագրված ավիատոմսերի տվյալները վերլուծելուց հետո Երևանը հայտնվել է ռուս փորձագետների վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում, ավելի ճիշտ՝ նրանց հայրենակիցների նախասիրությունների վարկանիշում։ Ընդ որում, խոսքը ոչ թե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մերձավոր և հեռավոր արտերկիրը ողողած վերաբնակվածների, այլ գրավիչ ու հետաքրքիր ճամփորդությունների իսկական երկրպագուների մասին է:
Իր հերթին, հայ տուրօպերատորները նշում են նաև, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքն արդեն հասել է նախաքովիդային և նախապատերազմական շրջանի ցուցանիշներին, և կան բոլոր նախադրյալները կայուն աճի համար։ Ամեն դեպքում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականին մեր երկիր է այցելել 1 միլիոն 670 հազար մարդ, որից 46 տոկոսը՝ Ռուսաստանից։ Նմանատիպ միտում է նկատվել նաև այս տարվա հունվարին։
Ռուսներն իրենք են վկայում այն մասին, որ Հայաստանը վաղուց և հաստատակամորեն առաջատար դիրքեր է գրավել հարմարավետ և, որ ամենակարևորը, բյուջետային արձակուրդների հարցում՝ նշելով, որ գրավիչ գործոնների շարքում են լեզվական խոչընդոտի բացակայությունը, համեղ և ռուսական գներով մատչելի խոհանոցը, ինտերնետ կապը և տեսարժան վայրերի լայն ընտրության հնարավորությունը՝ լինի դա պատմական, էթնոմշակութային, առողջապահական կամ սպորտային զբոսաշրջություն: Նշվում է նաև տեղի բնակիչների հյուրընկալությունը և … անվտանգությունը։ Ռուսներն այս գործոնն ընդգծում են որպես երկրի ընկալման հիմնական գործոններից մեկը՝ վստահեցնելով, որ Երևանում կարելի է պատշաճ կերպով հանգստանալ ընտանիքի հետ, ուշ գիշերով դուրս գալ ու քայլել փողոցներով՝ առանց հարձակման վախի։
Ի դեպ, ըստ «Numbeo» վերլուծական ծառայության, անցյալ տարեվերջին աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշում Երևանը զբաղեցրել է 19-րդ տեղը աշխարհի 417 մայրաքաղաքների շարքում։ Հատկանշական է, որ տարածաշրջանային հարևաններից Թբիլիսին զբաղեցրել է 45-րդ տեղը, Բաքուն՝ 85-րդ, Անկարան՝ 159-րդ, իսկ Թեհրանը՝ 311-րդ։
Ինչպես նշել է Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, դեպի մեր երկիր Զբոսաշրջային հոսքերի խթանման ծրագրի նախագիծը, որը վերջերս մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից, մեծապես պետք է նպաստի զբոսաշրջության ոլորտի բարելավմանը։ Նրա կարծիքով, պետական և մասնավոր հատվածները պետք է համատեղ ջանքեր գործադրեն իրավիճակը գնահատելու, աշխատանքները վերակազմակերպելու և մասնակցության ծրագիր մշակելու համար։ Կարևոր է արդեն այսօր՝ ամառային արձակուրդների նախաշեմին, քննարկումներ անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, կազմակերպել մի քանի, գերադասելի է՝ միջազգային միջոցառումներ՝ ամառային արձակուրդներին հանրապետություն առավելագույն թվով զբոսաշրջիկներ ներգրավելու համար, այդ թվում՝ Ռուսաստանից։
Ռուս զբոսաշրջիկներին, ընդ որում, հետաքրքրում է ոչ միայն ամառային սեզոնը։ Օրինակ՝ ռուսների շրջանում մեծ պահանջարկ ունի ձմեռային Ծաղկաձորը, որտեղ էքստրեմալ սպորտի սիրահարները սիրում են դահուկներով սահել։ Ի դեպ, այս տարի ձմռանը բարձրալեռնային գոտիներում ձյուն չի նստել, ուստի ձմեռային մարզաձևերի սիրահարները հաճույքով սահում են 30 հազար մետր երկարությամբ լեռնադահուկային ուղով։ Այստեղ կարող եք սահել սովորական եւ նորաձեւ սահնակներով, ձնագնդի խաղալ կամ կանգ առնել ճոպանուղու միջանկյալ կայարանում, հարմարավետ սրճարանում վայելել անուշահոտ թեյ, սուրճ կամ տաք գլինտվեյն, ինչը հատկապես օգտակար է, երբ դրսում ջերմաստիճանը մինուս քսան աստիճանից ցածր չէ:
Շատերը նախընտրում են ամբարձիչ մեքենաներով ավելի վեր բարձրանալ և այնտեղից սկսել արագընթաց վայրէջքը: Ինչպես ասում են փորձառու դահուկորդները, լանջի զառիթափությունը մինչև 270 աստիճան և անսպասելի շրջադարձերը թույլ են տալիս 7-8 կիլոմետր հեռավորության վրա իրական դրայվ և էքստրիմ զգալ: Պատահական չէ, որ զբոսաշրջիկների՝ տեղացի հրահանգիչներից լսած առաջին խոսքերը հետևյալն են.
«Երկար տարիներ մեր հանգստավայրը մշտական դահուկային արդյունաբերության նվաճումների առաջատար միջազգային ցուցահանդեսի` Ski-Expo-ի մասնակիցն է, որը անցկացվում է Մոսկվայում՝ «Գոստինի Դվոր»-ում: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի յուրաքանչյուր հանգստացողի հանգիստը լինի հարմարավետ, անմոռանալի և միանգամայն անվտանգ»։
Իսկ պասիվ հանգստի սիրահարների համար հյուրանոցային ծառայությունը ներկայացված է երկուսից հինգ աստղանի ծառայությունների լայն տեսականիով։ «Այս տարի առաջին անգամ եկանք Հայաստան մեր ընկերների խորհրդով։ Նրանք հիացած էին Ծաղկաձորում անցյալ տարվա ձմեռով և համոզեցին մեզ կրկնել իրենց երթուղին, ինչի համար այսօր ամենևին չենք ափսոսում։ Յոթ օրում անգամ չնչին պատճառ չգտանք ինչ-որ բանից դժգոհելու։ Ջերմ ընդունելություն, գերազանց սպասարկում, հիասքանչ տեսարաններ, ռուսալեզու էքսկուրսավարներ, անվճար Wi-Fi, արագ սննդի ցանց և շքեղ ռեստորաններ, բարձրակարգ հյուրանոցներ և հյուրատներ, որոնցում կարելի է կացարան ընտրել ցանկացած ճաշակի և բյուջեի համար, – Նիժնի Նովգորոդից եկած հյուրը՝ Նատալյա Իվանովան կիսվում է իր տպավորություններով: – Իսկ քաղաքում շրջագայության ժամանակ հանդիպեցինք ռուսական կաթնահունց բլիթներ մատուցող «Թեյանոցի», որը մեզ շատ դուր եկավ։ Սակայն ինձ համար տեղական խոհանոցի մի նոր համ հայտնաբերեցի՝ հայկական սենդվիչը։ Սրանք լավաշի մեջ փաթաթված կանաչեղեն, պանիր, լոլիկ և խաշած պինդ ձվեր են։ Բուռումը, ինչպես անվանում են այստեղ, խմում են ֆերմենտացված կաթնային խմիչքով՝ թանով։ Հավատացեք, սա իսկական հաճույք է: Միշտ սիրել եմ ծանոթանալ այլ ազգերի ազգային խոհանոցներին։ Այս առումով հայկական ուտեստները կարող են նվաճել ցանկացած գուրմանի»։
Ազգային խոհանոցի ինքնատիպության մասին են խոսել նաև Սմոլենսկի ճանապարհորդները, ովքեր մեր երկիր են եկել որպես էթնոտուրիստներ։ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը գործում է 2018 թվականից՝ «Միասնություն և համաձայնություն» ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման կենտրոնի հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։ Կազմակերպության ղեկավար Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսում է ծանոթություն Հայաստանի մշակույթին, ավանդույթներին ու պատմությանը։
«Մենք արդեն մի խումբ տարածաշրջանագետների և պատմաբանների հետ աշխատելու փորձ ունեինք, որոնց հետաքրքրիր է Հայաստանը: Հանդիպումներ ենք կազմակերպում պատմական փաստերի հետ աշխատող մարդկանց հետ, ովքեր կարող են կիսվել հետաքրքիր տեղեկություններով», – պատմում է զրուցակիցը։ – Ուստի յուրաքանչյուրն իր համար բացահայտում է մեր երկրի այն կողմը, որն իրեն ամենաշատն է հետաքրքրում մասնագիտական գործունեությամբ կամ անձնական համակրանքով։ Առաջարկում ենք ծանոթություն ոչ միայն եկեղեցիների, թանգարանների և ավանդական տեսարժան վայրերի հետ։ Մենք զբոսաշրջիկներին ծանոթացնում ենք Հայաստանի բազմադարյա պատմությանը հասարակ մարդկանց ճակատագրերի միջոցով»։
Հիմնականում շեշտը դրվում է քանթրի ոճի կամ, ինչպես ընդունված է ասել, «էթնիկ ինքնության» վրա։ Տիկին Խաչատրյանի կարծիքով, հենց նման հանդիպումներն են ծրագրի կարևորագույն կետը, որը թույլ է տալիս «ներսից» ճանաչել երկիրը։ Զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում ոչ միայն շրջել մեր երկրի խորքերում, այլև գոնե մեկ օրով լինել գյուղական ընտանիքի անդամ, զգալ պարզ կենցաղը, մասնակցել հին բաղադրատոմսերով ազգային ուտեստներ պատրաստելու վարպետության դասին և պարզապես որոշ ժամանակ ապրել հասարակ մարդկանց ուրախություններով ու խնդիրներով, նրանց իմաստուն կյանքի փիլիսոփայությամբ:
«Նման ճանաչողական արշավները զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս բացահայտել իրական Հայաստանը։ Ընդ որում, յուրաքանչյուրի համար այն տարբեր է՝ լի բազմաթիվ տպավորություններով և հիշարժան հանդիպումներով: Հայաստանը անմոռանալի հույզեր հաղորդեց, նվաճեց մեզ անկեղծությամբ ու հյուրընկալությամբ, – Երևանից մեկնելուց առաջ իր տպավորություններով է կիսվում Սմոլենսկից ժամանած զբոսավար Անաստասիա Շորոխովան, ով այցելել է ավելի քան ութսուն երկիր։ – Վստահ եմ, որ անպայման կվերադառնամ Հայաստան, գուցե արդեն այս ամառ։ Դա կլինի վերադարձ իմ նոր ընկերների մոտ, ովքեր ընդամենը մի քանի օրվա ընթացքում ինձ համար գրեթե հարազատ դարձան:
Նատելլա Օհանյան