Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը վերջերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հպարտությամբ կիսվեց անցնող տարվա հաջողություններով, ոգևորությամբ խոսեց 2023 թվականի ծրագրերի մասին։
2022 թվականին Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ձեռքբերումը ռուսական ամենահեղինակավոր «Թատերասերի աստղ» թատերական մրցանակն էր։ Թատերախումբը պատշաճ կերպով գնահատվեց «Արտասահմանում գործող լավագույն ռուսալեզու թատրոն» անվանակարգում՝ հայտնվելով եզրափակիչ փուլ անցածների նախնական ցուցակում իտալական Միջազգային թատրոնի կենտրոնի և Ալմա Աթայի Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ միասին։
«Մենք նույնիսկ չգիտեինք, որ մեր թատրոնն առաջադրվել է այս մրցանակին, ուստի այն լուրը, որ ընդգրկվել ենք նախնական ցուցակում, մեզ համար անսպասելի ու հաճելի անակնկալ էր։ Մրցանակաբաշխությանը մասնակցում են ռուսալեզու թատրոններ ամբողջ աշխարհից։ Իսկ թատերական հանրությունը դրան բավականին լուրջ է վերաբերվում, քանի որ այն շնորհվում է միջազգային հանդիսատեսի բաց քվեարկության արդյունքներով, փաստացի լինելով լիովին անկախ», – պատմել է Ներսիսյանը։
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ե.Վախթանգովի անվան թատրոնում։ Դա շատ պատվաբեր էր այդ թվում նաև այն պատճառով, որ այս սեզոնում մրցանակը շնորհվել է այնպիսի նշանավոր դերասանների, ինչպիսիք են Ալեքսանդր Կալյագինը, Իգոր Յասուլովիչը, Նատալյա Տենյակովան («Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում): «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Եվգենի Պիսարևը, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ «Լավագույն ներկայացում» է ճանաչվել Թումինոսի «Պատերազմ և խաղաղություն» բեմադրությունը։
«Շատ հաճելի էր ստանալ գլխավոր թատերական մրցանակներից մեկը։ Եվ սա 2022 թվականի փառահեղ ամփոփումը դարձավ», – նշեց Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Պատահական չէ, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը դարձել է հանդիսատեսի մրցանակի դափնեկիրը. 2021 թվականից թատերախումբը մասնակցել է տարբեր փառատոների և ոչ եղել է ոչ միայն պարզապես հայտնի, այլև թատերական հանրության իրադարձությունների կենտրոնում։ Դերասաններն ու ռեժիսորները նույն տեմպով աշխատել են նաև 2022 թվականին: Արդյունքում, վերջին երկու տարիների ընթացքում Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» թատերական փառատոնում հաջողությամբ ցուցադրել են «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» և «ԿոնտրԱկտ» ներկայացումները։ Իսկ «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը հանդիսատեսի կողմից սիրվեց նաև Տամբով քաղաքում կայացած արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների միջազգային փառատոնում։ «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդում, իսկ մինչ այդ` Բրեստում, ցուցադրվել է լեփ-լեցուն դահլիճում։
«Այն, որ հանդիսատեսը մեզ նման հրաշալի «դատավճիռ» հրապարակեց՝ արժանացնելով «Թատերասերի աստղին», հիանալի նվեր էր անցյալ տարի մեկնարկած մեր թատրոնի 85-ամյակի հոբելյանական թատերաշրջանի համար», – ընդգծեց Կարեն Ներսիսյանը։
Նրա խոսքով, 2023 թվականը նույնպես խոստանում է լինել բավականին բուռն: Արդեն անցյալ տարի նոր ներկայացումներ հայտնվեցին թե՛ փորձարարական Փոքր բեմում, թե՛ հիմնական՝ Մեծ բեմում։ Փոքր բեմում միանգամից երկու բեմադրությամբ հանդես եկավ թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը, ով փորձում է իրեն ռեժիսուրայում: Դրանք ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի հիման վրա բեմադրված «Խաղը» և Միխայիլ Խեյֆեցի պիեսի հիման վրա բեմադրված «Նրան սպասելիս» ներկայացումները։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը Կոմիտասի մասին մոնոներկայացմամաբ է հանդես եկել՝ «Վերհիշիր քո անունը»։
«Բացի այդ, Մեծ բեմում ցուցադրվեց Չեխովի «Բալի այգին», որին հաջորդեց Գոգոլի «Վիյ»-ը: Իսկ արդեն Ամանորին, ռուսական ժողովրդական հեքիաթի համաձայն, բեմադրվեց «Արքայադուստր գորտը»: Այսպիսին է ռուս դասականների գիծը, որի մասին ավելի վաղ հայտարարել էի, և որը մենք հաջողությամբ իրականացնում ենք, իհարկե, չմոռանալով համաշխարհային այլ ստեղծագործությունների մասին։ Այսպիսով, «Կեղծ նոտա» ներկայացումը՝ ժամանակակից ֆրանսիական պիեսի հիման վրա, նույնպես 2022 թվականին համալրեց մեր խաղացանկը։ Դուետային այս ներկայացման մեջ ներգրավված են Արմեն Առնաուտովն ու Ռոբերտ Հակոբյանը», – պատմեց զրուցակիցը։ Թատրոն են ժամանել թե՛ մեծաթիվ հանդիսատեսներ, թե՛ թատերախմբի անդամներ։
«Հայտնի աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով մենք շատ նոր հանդիսատեսներ ունենք Ռուսաստանից, և ոչ միայն։ Բացի այդ, բավականին շատ են Երևան տեղափոխված դերասանները։ Վերջին մի քանի ամիսներին պարբերաբար հանդիպումներ եմ ունենում՝ թե՛ Ռուսաստանից ժամանած դերասանների, թե՛ ռեժիսորների, թատերական արհեստանոցների ներկայացուցիչների հետ։ Արդյունքը՝ միանգամից երեք նոր դերասան թատերախմբում: Առաջինը մեր թիմին միացավ հրաշալի Իվան Ստեպանովը Մոսկվայից, ով մինչ Հայաստան տեղափոխվելը աշխատել է Ռոման Վիկտյուկի թատրոնում։ Ստեպանովը խաղացել է Իվան Ցարևիչի դերը «Արքայադուստր գորտը» ներկայացման մեջ, որը թեև մանկական է, սակայն դերը բավականին լուրջ է։ Բացի այդ, Իվանը փոքր դեր ունի նաև «Վիյ» ներկայացման մեջ։ Սա շատ հետաքրքիր, ուժեղ երիտասարդ դերասան է, և մենք նրա հետ կապված մեծ հույսեր ունենք», – ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Ներսիսյանի խոսքով, ստեղծագործական թիմը համալրվել է նաև երկու ռուս դերասանուհիներով, ովքեր այժմ ներգրավված են «Արքայադուստր գորտը» ներկայացման մեջ։ Ժամանել է նաև թատերական արհեստանոցների անձնակազմը, լուսավորության, ձայնի, բուտաֆորիայի, մոնտաժի համար պատասխանատու աշխատակիցներ՝ բոլորը լուրջ մասնագետներ: Օրինակ, բուտաֆորը մինչ Երևան տեղափոխվելը աշխատել է Մարիինյան թատրոնում։
«Երբ թատրոնում ինչ-որ նոր էներգիա է հայտնվում, միշտ լավ է, դա խթանում է։ Ընդ որում, և՛ նախկիններին, և՛ նորեկներին. արդյունքում առաջանում է փոխադարձ ստեղծագործական հարստացում։
Մեկ անգամ փորձերից մեկի ժամանակ բռնեցի Իվան Ստեպանովին հայկական առոգանությամբ խոսելիս։ Ես նրան ասում եմ. «Վանյա, չե՞ս կարծում, որ հայկական առոգանությամբ ես խոսում»: Նա պարզապես ժպտաց՝ ըստ երևույթին չնկատելով դա։ Մինչդեռ դա նրանից միանգամայն սպասելի է։ Թատրոնը, ընդհանրապես, կենդանի մարդկային էներգիա է, և թատրոնի հրաշքը գալիս է հենց էներգիայի տարբեր հոսքերի փոխազդեցությունից, հենց դրանով է այն գեղեցիկ», – պատմում է զրուցակիցը։
Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի նորեկների թվում կան նաև ռեժիսորներ, որոնց աշխատանքը հանդիսատեսը կտեսնի արդեն 2023 թվականին։ Փոքր բեմում մոսկվացի ռեժիսոր Օլեգ Գալիցկին արդեն բեմադրում է «Ֆարյատևի ֆանտազիաները» Ալլա Սոկոլովայի պիեսի հիման վրա։
«Գալիցկին կինոյի և թատրոնի ռեժիսոր է, ով այժմ փորձեր է անում մեր փոքրիկ բեմում: Կարծում եմ, որ մարտին պրեմիերա կունենանք», – նշել է Ներսիսյանը։
Մեկ այլ մարտյան պրեմիերա, բայց արդեն Մեծ բեմում, նվիրված է Օստրովսկու 200-ամյակին։ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի թատերախումբը ցուցադրում է «Բալզամինովի ամուսնությունը»:
Ապրիլը ևս առանց թատերական ներկայացումների չի մնա. Սուրեն Շահվերդյանը վարում է Ջեյմս Գոլդմանի պիեսի հիման վրա «Առյուծը ձմռանը» ներկայացման փորձերը։ Սա անգլիական պիես է, որի հիման վրա նկարահանվել է Պիթեր Օ’Թուլի մասնակցությամբ հանրահայտ ֆիլմը։
Չի մոռացվում նաև մեր փոքրիկ հանդիսատեսը. պարուսույց Նունե Կիրակոսյանի մոտ Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» բեմադրելու գաղափար է ծնվում։ Փորձերը շուտով կսկսվեն։ Իր հերթին ռեժիսոր Նորա Գրիգորյանը մտադիր է Բուլգակովի ստեղծագործություններից մեկը բեմադրել։
«Այսպիսով, մենք շարունակում ենք ռուսական դասականների շարքը: «Երիտասարդ բժշկի գրառումները» Բուլգակովի արձակի վրա հիմնված պատմվածաշար է։ Պրեմիերան կկայանա մի փոքր ուշ՝ հաջորդ թատերաշրջանի սկզբին, արձակուրդներից հետո», – պարզաբանեց Ներսիսյանը։
Եվս մեկ նոր բեմադրություն է պատրաստում Ելենա Վարդանյանը, ով բառացիորեն «վարակված» է Է. Իոնեսկոյի «Զառանցանք միասին» պիեսով։ Զրուցակցի խոսքով, եթե ամեն բան լավ ընթանա, ապա փոքր ֆորմատի խաղացանկը կհամալրվի նաև այս հրաշալի բեմադրությամբ: Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ Սոֆոկլեսի «Էդիպուս արքա»-ի բեմադրությամբ՝ Հունական մշակութային կենտրոնի հետ համատեղ:
«Այս բոլոր ծրագրերը հաստատված են։ Սակայն ամենևին չեմ բացառում, որ մեր խաղացանկը համալրվի նաև ժամանակակից հիանալի դրամատուրգ Մարտին ՄաքԴոնայի պիեսով, ում գործերը, չգիտես ինչու, չեն ներկայացվում Հայաստանի ոչ մի թատրոնում։ Կարծում եմ՝ դա պետք է շտկվի։ Այս փուլում բեմադրության շուրջ բանակցություններ ենք վարում մեկ շատ հետաքրքիր ռեժիսորի հետ Ռուսաստանից։
Ոչ պակաս լուրջ ռուս ռեժիսորից Օստրովսկու ևս մեկ պիես բեմադրելու հետաքրքիր առաջարկ է ստացվել: Եթե ամեն բան հաջողվի, ապա նոր ստեղծագործական ալիքի ներհոսք կլինի, ինչը միայն ողջունելի է։
Նախկինում բազմիցս նշել եմ՝ կողմնակից եմ այն բանի, որ մեր թատրոնում բեմադրեն օտարերկրացի ռեժիսորներ՝ կապ չունի ռուս, ղազախստանցի, թե, ասենք, իսրայելցի։ Գլխավորն այն ազդեցությունն է, որ տալիս է այս բոլոր մշակութային հոսքերի միախառնումը։ Եվ դա բավականին հետաքրքիր է՝ թատրոնի ներսում լավ մրցակցություն է առաջանում, որը խթանում է թիմի ստեղծագործական աճը։ Ուստի, իմ խորին համոզմամբ, թատրոնը չպետք է փակվի իր մեջ, չպետք է վերածվի թիթեղյա տարայի», – նշեց գեղարվեստական ղեկավարը։
Իսկ հանդիսատեսի մասով. հաշվի առնելով ներկայիս դժվար իրողությունները, արդյո՞ք հանդիսատեսի հոսքը նվազում է: Ներսիսյանը փաստում է՝ երկրում և ընդհանուր առմամբ ողջ աշխարհում ստեղծված ծանր իրավիճակի հետևանքով 2022 թվականին հանդիսատեսների թիվը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ աճել է։
«Իմ դիտարկումներով, երբ ինչ-որ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում՝ թե՛ համաշխարհային մասշտաբով, թե՛ մեկ երկրի մասշտաբով, լինի դա ռազմական իրավիճակ, կամ «քովիդ», մարդիկ, ընդհակառակը, ձգտում են դեպի թատրոն։ Դա մի տեսակ իրողություն է: Դա նման է այն բանին, երբ ձմռանից հետո գալիս է գարունը, հետո ամառը, իսկ հետո՝ նաև աշունը։ Որովհետև թատրոնը մարդու կյանքի անբաժան մասն է, առանց որի շատ դժվար է։ Երբ ինչ-որ կատակլիզմներ են տեղի ունենում, մարդիկ հակված են համախմբվել ու թատրոն գնալ կենդանի շփման համար։ Նրանք գնում են թատրոն՝ կողքին նստած անծանոթի արմունկը զգալու, բեմում գտնվող անծանոթների էներգիան զգալու համար։ Եվ այս էներգիայի փոխանակումը փոխադարձ է։ Ահա թե ինչու, չնայած ներկայիս դժվարին իրողություններին, մենք ամեն օր գնում ենք փորձի, բացում ենք վարագույրը և ներկայացում խաղում։ Դա մեզ համար որոշակի հենման կետ է ստեղծում կյանքում: Հավատում ենք, որ հանդիսատեսի համար ևս ստեղծում է», – ամփոփեց Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավարը:
Իրինա Գրիգորյան