Հայաստանի Սյունիքի մարզում Ռուսական տան (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության) աշխատակիցները մարդասիրական արշավ են անցկացրել։ Թեստավորում են անցել Մեղրի, Ագարակ, Կապան, Քաջարան, Գորիս և Սիսիան քաղաքների միջնակարգ դպրոցների երեխաները, ինչը կօգնի նրանց ապագայում մասնագիտության ընտրության հարցում:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության հիմնական ուղղություններից է ռուսաց լեզվի և ռուսական կրթության խթանումը: Այդ իսկ պատճառով կարևորագույն նախագծերից մեկն իրավամբ կարելի է անվանել մարդասիրական արշավ դեպի Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի դպրոցներ։ Փոքր քաղաքները, ըստ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի, մարդասիրական աջակցության կարիք ունեն՝ ինչպես տեղեկատվական, այնպես էլ նյութական։ Պարբերաբար դպրոցներ են բերվում ռուսերենի ուսուցման նյութեր և գեղարվեստական գրականություն։
Դպրոցականներին ակտիվորեն հուզում է այն հարցը, թե որակյալ կրթություն ստանալու համար որ բուհն արժե ընդունվել։ Թեստավորմանը զուգահեռ ապագա դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կրթական ծրագրին, որը հնարավորություն է տալիս երկրի դաշնային բյուջեի հաշվին բարձրագույն կրթություն ստանալ լավագույն ռուսական բուհերում։
«15-ից 17 տարեկանը դժվար շրջան է աշակերտների համար, քանի որ նրանք պետք է կայացնեն իրենց կյանքում ամենակարևոր որոշումներից մեկը՝ մասնագիտություն ընտրեն։ Մենք կօգնենք նրանց կողմնորոշվել այս հարցում: Թեստավորումը կօգնի հասկանալ, թե երեխաները մասնագիտությունների որ խմբին են առավել մոտ։ Նման խմբերը հինգն են, և դրանք միմյանցից տարբերվում են այն սկզբունքով, թե մարդն ինչի կամ ում հետ է նախընտրում աշխատել, որ որակներն են ավելի զարգացած նրա մեջ և ինչով է նա ավելի շատ սիրում զբաղվել», – ասաց Երևանում Ռուսական տան նախագծերի և կրթական ծրագրերի համակարգողի օգնական Մարիա Ավանեսովան:
Ռուսաստանը զարգացնում է մշակութային և հումանիտար կապերը Հայաստանի հետ հումանիտար ծրագրերի շրջանակներում։ Ռուսաց լեզվի՝ որպես ազգամիջյան հաղորդակցության գործիքի հանրահռչակումը երկկողմ համագործակցության առաջնահերթություններից է։