Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտն այս տարվա սեպտեմբեր ամսին կազմել է 375.6 մլն դոլար, ինչը 17.9%-ով կամ 57 մլն դոլարով ավելի է, քան նախաքովիդային 2019 թվականի հարկային ժամանակահատվածում (318 մլն դոլար):
«Միջազգային ճամփորդություններից ստացված եկամուտները երրորդ անգամ գերազանցել են 2019 թվականի առանձին ամիսների ցուցանիշները, երբ Վրաստանի՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները ռեկորդային ցուցանիշ են գրանցել։ 2021 թվականի սեպտեմբերի համեմատ՝ ճամփորդությունների հասույթն աճել է 213.752.443 դոլարով (+132.1%)», – ասվում է զեկույցում։
Բացի այդ, նշվում է, որ զբոսաշրջային հոսքի աճով պայմանավորված՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ճամփորդություններից (զբոսաշրջությունից) ստացված եկամուտն աճել է 1.65 մլրդ դոլարով կամ 190%-ով՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 2.5 մլրդ դոլար։
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության վիճակագրության համաձայն՝ այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ զբոսաշրջությունից ստացված եկամուտների մակարդակը 2019 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ վերականգնվել է 97.5%-ով։