Ցանկացած պետության տնտեսության զարգացման բնորոշ ցուցանիշներից է նրա արտաքին պարտքի չափը: Արդեն երկար տարիներ Հայաստանի տնտեսության առաջատար փորձագետները բարձրաձայնում են այն մասին, որ երկրի արտաքին պարտքը դինամիկ աճում է, իսկ այսօրվա դրությամբ իրավիճակն արդեն վտանգավոր է: Հայաստանի տնտեսության ներկա վիճակի և առկա իրողություններից դուրս գալու ուղիների մասին Dalma News-ի լրագրողը զրուցել է հայտնի տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
Պարոն Մանասերյան, բոլորովին վերջերս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ պետական պարտքի անվանական և հարաբերական մեծությունը գերազանցել է այն շեմը, որը կառավարելի է համարվում մեզ նման բնութագրեր ունեցող երկրների համար: Նա նաև պնդեց, որ պարտքի առումով մեր խնդիրներն այնքան էլ մասշտաբային չեն: Այս պահի դրությամբ Հայաստանի պարտքը հասել է 7 մլրդ 509 մլն դոլարի: Այս թեմայով հանդես եկան տարբեր փորձագետներ, որոնց մեծ մասը կարծում է, որ Հայաստանի պետական պարտքի նման ցուցանիշը ծայրահեղ վտանգավոր է տնտեսության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կցանկանայի լսել Ձեր կարծիքն այս մասին:
– Այն, ինչի մասին խոսում էր պարոն Ջանջուգազյանը, իհարկե, զարմանք է առաջացնում: Կառավարելի կարող է լինել, օրինակ, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հոլանդիայի պետական պարտքը: Նրանց մոտ գոյություն ունի պետական պարտքի կառավարման շատ խիստ մեխանիզմ: Այս երկրները կարող են հպարտանալ նրանով, որ կարող են արտաքին աղբյուրներից վերցնել նյութական ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ և ուղղել դրանք այն ոլորտներին, որոնք ներդրումների կարիք ունեն: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել իր արտաքին պարտքը:
Այն աճում է՝ հաշվի չառնելով երկրի առջև ծառացած առաջնահերթությունները: Այն, ինչ այսօր ունենք, Սերգեյ Գլազևի աղյուսակի համաձայն, վաղուց գերազանցել է շեմային արժեքը: Նա առաջարկում է ոչ թե 60 տոկոս արտաքին պարտք ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ, այլ շատ ողջամիտ հարաբերակցություն` 25 տոկոս արտաքին պարտք և 25 տոկոս ներքին պարտք: Այսինքն, ընդհանուր առմամբ, պետական պարտքի 50 տոկոս հարաբերակցություն ՀՆԱ-ի նկատմամբ: Իսկ «ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոս» անհասկանալի թիվը հորինել են փորձագետները և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարությունը: Այն անհասկանալի է, քանի որ եթե 60 տոկոսը արտաքին պարտք է, ապա որքա՞ն պետք է պետությունը վերցնի սեփական բնակչությունից, այսինքն՝ այն, ինչ կոչվում է ներքին պարտք: Ստացվում է՝ մենք ունենք նաև ներքին պարտք, որը չի կարող լինել ավելի բարձր կամ ցածր, քան արտաքին պարտքը: Այստեղից էլ այն եզրակացությունը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը մտահոգվում է միայն իր վարկերի վերադարձի մասին: Սա արդեն չափազանց սուբյեկտիվ մոտեցում է: Ես պարզապես ցանկանում էի հստակեցնել, որպեսզի հասկանաք, թե ինչով են առաջնորդվում զարգացող երկրները, այդ թվում՝ Հայաստանը: Մենք արդեն երկար ժամանակ է՝ անցել ենք շեմային արժեքը: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իրավիճակում, երբ այդ շեմն արդեն հատվել է, Հայաստանի ֆինանսների նախարարը պետք է հրաժարական տա:
Դուք բազմիցս անդրադարձել եք Հայաստանի կառավարության կողմից ստացված վարկերի անարդյունավետ օգտագործման խնդրին: Ըստ ձեզ՝ վարկերի ուղղության մասին միայն կցկտուր տեղեկություններ են հայտնի: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը նման տնտեսական քաղաքականություն վարում: Եվ որպես նման քաղաքականության արդյունք՝ սպասե՞լ ամենավատ սցենարին:
– Ինքներդ դատեք, թե ինչ է անում Հայաստանի ներկայիս կառավարությունը: Նախ՝ այն հանրությանը չի տեղեկացնում, թե ինչու են Հայաստանին պետք այդ վարկերը: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պետք է դիմի օրենսդիր մարմնին` խորհրդարանին, ներկայացնի փաստարկներ, որ կա վարկերի անհրաժեշտություն: Պետք է փաստարկի վարկերի պայմանները և սկսի բանակցությունները խորհրդարանի համաձայնությունից հետո: Այնուհետև պետք է զեկուցի խորհրդարանին, թե ինչ արդյունքներ են գրանցվել: Խորհրդարանը կարող է հաստատել կամ չհաստատել բանակցությունների արդյունքները: Եթե համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և որևէ երկրի կամ կազմակերպության միջև, ապա խորհրդարանը կարող է տալ իր համաձայնությունը այդ բանակցությունների արդյունքների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ գործադիր մարմինը` կառավարությունը, պետք է խորհրդարանին զեկուցի արտաքին վարկերի պայմանագրի կատարման ընթացքի և այն մասին, թե ինչ արդյունքներ են ձեռք բերվել, ինչը ընդհանրապես տեղի չի ունեցել: Եվ այստեղ պետք է նշեմ, ես վերջերս եթերում հանդիպեցի Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, իշխանության ներկայացուցիչ Հայկ Գևորգյանի հետ: Եվ ահա Հայկ Գևորգյանն ասում է հետևյալը՝ այն, ինչ ունենք այսօր, այն պարտքը, որը վերցրել ենք, այսինքն՝ արտաքին պարտքը, չի սպասարկվի հարկատուների կողմից: Կարծում եմ, որ այս հայտարարության համար Հայկ Գևորգյանը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի պետք է առաջադրվի: Այս մարդը պարզապես նման նորամուծություն արեց, հայտնագործություն, որ արտաքին պարտքը չեն սպասարկի հարկատուները: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է վճարելու պարտքի դիմաց: Հասկացողության նման մակարդակ ունեն կառավարության անդամները, Փաշինյանի գլխավորած կուսակցության պատգամավորները: Նրանք ամենափոքր պատկերացում անգամ չունեն, թե ինչ է արտաքին պարտքը, ինչպես պետք է կառավարել արտաքին պարտքը, ինչ սահմանափակումներ, ինչ շեմային արժեքներ կարող են լինել: Առավել ևս բացարձակապես պատկերացում չունեն, թե ինչ առաջնահերթություններ են կանգնած երկրի առջև, և ինչ վտանգ է ներկայացնում արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ: Մենք հատել ենք այդ շեմը, ես դա արդեն ընդծել եմ, և մենք արդեն 70 տոկոսից ավելիին ենք հասել…
Ձեր հարցազրույցներից մեկում անդրադարձել եք արտաքին պարտքի վերակազմավորման թեմային: Մասնավորապես, խոսել եք այն մասին, որ Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ է վարում արտաքին պարտքի վերակազմավորման վերաբերյալ: Սակայն դրանից հետո Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հայտարարեցին, որ որևէ վերակազմավորման մասին խոսք լինել չի կարող: Փաստորեն, մեր կառավարության գործողությունների շնորհիվ նման կարևոր գործընթացը կանգ է առել: Ի՞նչ պետք է անել նման իրավիճակում, երբ որոշիչ խոսքը կառավարությանն է, որը հաշվի չի առնում ականավոր փորձագետների կարծիքը:
– Պետք է նշեմ, որ մասնագետների կարծիքն այսօր Հայաստանում պահանջված չէ: Փաշինյանի թիմում չկա ոչ մի մասնագետ: Ես ինձ համար արդեն պարզել եմ, որ Փաշինյանի թիմում չկա ոչ մի արժանի, նորմալ տնտեսագետ: Էկոնոմիկայի նախարարն ինքը չունի տնտեսագիտական կրթություն: Հարկային ծառայության նախագահը չունի տնտեսագիտական կրթություն: Այսինքն, եթե նման կարևոր գործով զբաղվում են մարդիկ, ովքեր դրա մասին բացարձակապես պատկերացում չունեն, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում կարող է գտնվել Հայաստանի տնտեսությունը և նրա բնակչությունը: Կարիք կա՞ երկրի զարգացման մասին ընդհանրապես ինչ-որ բան ասելու:
Ներդրումները տնտեսության զարգացման կարևոր գործոններից են: Ցավոք, մի շարք հայտնի գործոնների պատճառով այս ուղղությամբ դրական դինամիկա չկա: Փոխարենը շարունակվում է սխալ վարկային քաղաքականությունը: Այսինքն, կարծես ամեն ինչ արվում է, որպեսզի մեզ ավելի ու ավելի հեռվանանք Հայաստանի իրական տնտեսական զարգացումից: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի կառավարության նման ծրագրին:
– Իրականում կառավարության ոչ մի ծրագիր չկա: Հասկանո՞ւմ եք: Որովհետև շատ բան է փոխվել: Եթե «Հայաստան» անունը փոխարինենք, ասենք, «Տաջիկստան», «Զիմբաբվե» կամ «Կոլումբիա» անուններով, ապա նման «ծրագիրը» լիովին կարող է համապատասխանել այս երկրներից որևէ մեկին: Քանի որ դրանում չեն նշվում երկրի առանձնահատկությունները, չի նշում, թե ինչ խնդիրների առջև է կանգնած Հայաստանը, հատկապես պատերազմից հետո, ինչ վնասներ են հասցվել Հայաստանի տնտեսությանը և ժողովրդագրությանը: Այսինքն, նրանք նույնիսկ գաղափար չունեն, թե ինչպես կարելի է կազմել պետական ծրագիր: Կառավարության ծրագիրը, իմ կարծիքով, պետք է բաղկացած լինի մարտահրավերներից, առաջնահերթություններից, սպառնալիքներից, որոնց ներքո գործում է տվյալ կառավարությունը: Իսկ մեր կառավարությունը ձևացնում է, թե նման սպառնալիքները չկան և ընդհանրապես գոյություն չունեն: Կան, ասենք, ժողովրդագրական անվտանգությանը սպառնացող վտանգներ, կան ֆինանսական անվտանգության, պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության սպառնալիքներ և այլն: Սակայն, դատելով կառավարության ծրագրից, մենք նման սպառնալիքներ չունենք: Այդ դեպքում՝ ինչի՞ մասին է խոսքը: Ինչո՞վ է Հայաստանը տարբերվում, ասենք, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Պետք է, չէ՞, մատնանշել այս ամենը: Ավելին, պատերազմից հետո ընդունված բյուջեն նույնպես կապ չունի մեր իրականության հետ: Այսինքն, բյուջեն ոչ միայն թվեր են, ոչ միայն դրանց չափն է և այլն. դա տնտեսության տվյալ տարվա զարգացման ծրագիրն է: Իսկ 2021 թվականի բյուջեում, որն ընդունվել է պատերազմից հետո, չկա ոչ մի մտահոգություն այն մասին, թե ինչ պետք է անել պատերազմից հետո: Ահա այդպիսի «ծրագրի» մասին է խոսքը: Կարծում եմ, որ այս կառավարությունը աղետ և սպառնալիք է մեր երկրի համար: Եվ մեզ պետք է մի փոքր ավելի շատ խստապահանջություն քաղաքացիական հասարակության կողմից, որպեսզի ժամ առաջ ազատվենք այս կառավարությունից:
Պարոն Մանասերյան, պատկերացնենք, որ վաղը Հայաստանի կառավարության ղեկին նոր թիմ է` երկրի տնտեսական վիճակը բարելավելու կոնկրետ առաջադրանքներով: Եթե Ձեզնից՝ որպես մասնագետի, խորհուրդ հարցնեն, թե որտեղից սկսել, ի՞նչ կասեք նրանց:
– Ես կսկսեմ երկու շատ կարևոր կետերով: Առաջինը՝ հաշվի առնել և գնահատել սպառնալիքները, որոնց ներքո մենք այսօր ապրում ենք: Եվ երկրորդը` հաշվառել ռեսուրսները, որոնց մասին նույնպես բացարձակապես գաղափար չկա: Վերջիվերջո, անհրաժեշտ է սկսել ռեսուրսների հաշվառումը: Սա, առաջին հերթին, մարդկային ռեսուրսների, բնական ռեսուրսների, արտադրական ռեսուրսների հաշվառումն է: Եվ վերջում միտումնավոր խոսում եմ ֆինանսական ռեսուրսների մասին, քանի որ եթե չկա գաղափար, թե ինչպես ղեկավարել, ինչպես կառավարել, ինչպես պլանավորել ռազմավարությունը և ուր ուղղել այս ամենը, ապա ֆինանսական միջոցները ոչինչ են: Եվ պետք է սկսել հենց այս ամենից: Պետք է պատկերացում ունենալ, թե ինչ է ռազմավարական պլանավորումը, և արդյո՞ք երկրին անհրաժեշտ է ռազմավարական ծրագիր: Այս կառավարությունն ընդհանրապես չունի ռազմավարական ծրագիր: Եթե կարդաք այսպես կոչված ռազմավարությունը, որը, որքանով հիշում եմ, կոչվում է «Անվտանգության ռազմավարություն», ապա այնտեղ կգտնեք միայն լիրիկա և ոչ մի կոնկրետ բան:
Այնտեղ նույնիսկ չի նշում, թե ով կարող է լինել Հայաստանի հավանական թշնամին, առավել ևս՝ ով կարող է լինել թշնամի կամ ով է Հայաստանի թշնամին: Նույնիսկ դա չկա: Ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն, մարդիկ պարզապես գրում կամ օգտագործում են ուրիշի մտքերը… Նրանք ինձնից էլ են հարցրել, վերցրել են իմ աշխատանքները, ընդօրինակել… Օգտագործել են ընդամենը մի քանի նախադասություն: Եվ այժմ ես նույնիսկ ամաչում եմ, որ իմ աշխատանքները նման «ռազմավարության» մաս են կազմում: Սա ռազմավարություն չէ: Սա խայտառակություն է: Ռազմավարությունը ներառում է կարևոր տարրեր: Նայեք Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի անվտանգության ռազմավարությանը և կտեսնեք տարբերությունը:
Նաև անհրաժեշտ եմ համարում ավելացնել, որ ես ոչ մի կուսակցություն չեմ ներկայացնում, այսինքն՝ չեմ ներկայացնում որևէ մեկի քաղաքական շահերը: Դա շատ կարևոր է: Որովհետև երբ խոսում են որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ՝ լինելով պրոֆեսիոնալ տնտեսագետներ, նրանց անուններ են տալիս և ասում. «Դե, նրանց հետ ամեն ինչ պարզ է…»: Ես երբեք չեմ ներկայացրել որևէ մեկի քաղաքական շահերը: Եվ ցանկանում էի, որ կառավարության կողմից հակակշիռներ լինեն, այսինքն՝ հակափաստարկներ ներկայացվել: Սակայն այդպիսիք դեռևս չկան:
Զրուցեց Հասմիկ Բակունցը