Ուղիղ տասը տարի առաջ՝ 2011 թվականի հոկտեմբերին, Երևանում բացվեց առաջին «Ռուսական գրքի տունը», որի նպատակը հասարակական-մշակութային գործունեությամբ զբաղվելն էր: Ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը պատշաճ շարունակություն չունեցավ, սակայն հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակը հանգեցրեց նրան, որ տասը տարի անց այս բացթողումը շտկվեց. սեպտեմբերի 17-ին Երևանի կենտրոնում բացվեց բազմաֆունկցիոնալ սոցիալ-մշակութային «Ռուսական գրքի տունը», որը նախատեսված նրանց համար, ովքեր համոզված են, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններին այլընտրանք չկա: Նման կարծիք հայտնեց Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, ով կենտրոնի բացումը անվանեց «կարևոր իրադարձություն մեր ժողովուրդների համար».
«Ուրախալի է, որ միջմշակութային երկխոսություն զարգացնելու՝ Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների ձգտումը մնում է անփոփոխ», – հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց նա:
Սինեգուբովը վստահություն հայտնեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդումը և մեր երկրում ռուսական մշակույթի հանրահռչակումը ավանդաբար ռուս-հայկական հումանիտար համագործակցության գերակա ուղղություններից են, և այդ համատեքստում, իհարկե, «Ռուսական գրքի տունը» կնպաստի կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը և կապերի հետագա ընդլայնմանը ընդհանուր առմամբ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս երկար սպասված կենտրոնը: Նախ՝ սա ժամանակակից հարթակ է, որն օգտագործում է նորարար առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ապահովելով ռուսական գեղարվեստական և գիտական գրականության հասանելիությունը: Սա լավ հարթակ է այն հայ երիտասարդների համար, ովքեր ձգտում են կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը և հետաքրքրված են ռուսական մշակույթով: Դրա համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները. այստեղ կանցկացվեն տարբեր՝ մշակութային, կրթական, գործարար և այլ միջոցառումներ:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար Երևան է ժամանել նաև Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, ով նշել է, որ բարեկամության, վստահության, փոխադարձ աջակցության ավանդույթների վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել դաշնակցային գործընկերության ոգով և ի շահ Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների.
«Մեր երկրների միջև եղբայրական կապերը, ինչպես նաև ակտիվ երկխոսությունը ամուր հիմք են ստեղծում համագործակցության բազմաթիվ ոլորտներում», – ընդգծեց ռուս փոխնախարարը:
Վերջին տասնամյակների ընթացքում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ռուսաց լեզուն կորցնում է դիրքերը, և առանձին կենտրոններ պայքարում են այն ավելի թուլացնելու համար: Այնուամենայնիվ, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը վստահ է, որ այսօր ռուս գրողների ստեղծագործությունների ուսումնասիրման և ընթերցման պահանջարկ կա, և այս առումով Երևանում «Ռուսական գրքի տան» բացումը կնպաստի այս միտմանը:
«Սա հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ևս մեկ նշան է, ովքեր ունեն փոխգործակցության դարավոր ավանդույթներ, սակայն, ցավոք, 90-ականները որոշակիորեն խաթարեցին ինչպես առևտրային, այնպես էլ տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացումը: Սակայն այժմ ռուսաց լեզուն սովորելու ուժեղ միտում կա՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում ուսանելը: Այնպես որ, ես վստահ եմ, որ «Ռուսական գրքի տունը» հիմք կծառայի հայ համայնքի տարբեր տարիքի ներկայացուցիչներին ռուսական մշակույթի հետ փոխազդեցության մեջ ներգրավման համար», – ասաց Շևցովը:
Նա նաև հիշեցրեց, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն բազմաթիվ նախագծեր է իրականացնում տարբեր ուղղություններով, այդ թվում` հայ ուսանողների համար ՌԴ բուհերում ուսանելու համար պետական քվոտաների տրամադրումը: Հայ երիտասարդները շատ ակտիվորեն ներգրավված են բոլոր նախագծերում, օրինակ՝ «Բարև, Ռուսաստան», «Նոր սերունդ» և այլն:
«Մենք տեսնում ենք, որ հայ երիտասարդությունը ռուսական բուհերում սովորելու մեծ հետաքրքրություն ունի: Շատերը հետո վերադառնում են Հայաստան, որպեսզի Ռուսաստանում ձեռք բերված փորձն ու մասնագիտական հմտությունները կիրառեն հայ բնակչության կյանքի որակը բարելավելու, տնտեսությունը զարգացնելու համար», – ամփոփեց Շևցովը:
Մեկ բան հստակ է՝ ռուս-հայկական բիզնեսի համատեղ ջանքերով և երկու երկրների կառավարությունների աջակցությամբ, ինչպես նաև բարեգործ Մհեր Ավետիսյանի անմիջական ֆինանսավորմամբ ստեղծված «Ռուսական գրքերի տունը» բոլորի համար է՝ երիտասարդների, ուսանողների և ավագ սերնդի: Այն բաց է բոլորի համար, ովքեր գնահատում են ռուսական գրականությունն ու ռուսաց լեզուն:
Նշենք, որ կենտրոնի գրադարանն այսօր պարունակում է 1200 գրողի ստեղծագործություններ, շուրջ 2350 տարբեր ժանրերի ստեղծագործություններ: «Ռուսական գրքերի տան» հիմնական առանձնահատկությունը Ելցինի առցանց գրադարանի հասանելիությունն է, որը պարունակում է Պետրոս թագավորի ժամանակաշրջանի՝ 1550-1830 թվականների թվայնացված հրատարակություններ: Կազմակերպիչների հավաստիացումների համաձայն՝ սա դեռ միայն սկիզբն է:
Լուսանկարները՝ https://kamoblog.tv
Լինա Մակարյան