Արդեն մի քանի շաբաթ է Հայաստանի մշակութային աշխարհն ալեկոծվել է ու կրքերը չեն հանդարտվում: Հուլիսի 3-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի ժ.պ. Արամ Թորոսյանը ժողով է հրավիրել և հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս փոխնախարար Արա Խզմալյանի, մտադրություն ունի միավորել թատրոնը Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի հետ: Բնականաբար, այս լուրը չէր կարող ուրախացնել Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմին և մի քանի օր անց նրանք իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնել են անձամբ Արա Խզմալյանին: Որպես բացատրություն վերջինս տեղեկացրել է, թե այս որոշումը բխում է հենց թատրոնի անձնակազմի շահերից՝ այդպես ավելի լավ պայմաններ են ստեղծվելու նրանց համար Պարոնյանի անվան թատրոնում, քանի որ իրենք չունեն պարային խումբ, չունեն երգչախումբ, տեխնիկա և այլն: Իսկ այդ ամենը առկա է Պարոնյանի անվան թատրոնում: Բայց շան գլուխը, ինչպես ասում են, թաղված է այլ տեղ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, բայց թե ինչ նպատակներով՝ անձնակազմն այդպես էլ մինչև վերջ չի հասկանում:
Dalma News-ի հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Զառա Հակոբյանը նշեց, որ ներկայացվող հիմնավորումներն աբսուրդային են և իրենց թատրոնը կարիք չունի առանձին երգչախմբի, բալետի, նվագախմբի, քանի որ ժանրային ուղղվածությունը տարբերվում է Պարոնյանի թատրոնի ուղղվածությունից, որտեղ ավելի շատ օպերետներ են բեմադրվում և այլն: Բացի այդ, թատրոնն իր ամենամսյա խաղացանկում ունի 20-25 ներկայացում և եթե համեմատենք Երևան քաղաքի բոլոր թատրոնների խաղացանկերի հետ, ապա տեսանելի է, որ այն Տիկնիկային թատրոնից հետո ամենաաշխատող, շատ ներկայացումներ խաղացող թատրոնն է.
«Հետևապես հարց է ծագում՝ ի՞նչ է նշանակում փակել աշխատող թատրոն, որը պետության համար ֆինանսական բեռ չի, որն իր ֆինանսավորումն ապահովում է արտաբյուջետային միջոցներով և վերջին տաս տարվա ընթացքում թերևս երկու ներկայացում է խաղացել, որը ֆինանսավորվել է պետության կողմից: Այսինքն մեր թատրոնը ոչ մի կերպ բեռ չի կարող համարվել պետության համար, առավել ևս, որ հենց պարոն Խզմալյանն էլ պնդում է, որ անձնակազմի հաստիքները պահպանվելու են: Ստացվում է, որ այս որոշմամբ պետությունը չի ձգտում ֆինանսական հարց լուծել՝ իրենց մեկնաբանությամբ», – ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին շենքը փոխանցելուն, ապա այստեղ էլ ամեն բան հստակ չէ, քանի որ ներկա դրությամբ շենքային պայմանները չեն համապատասխանում նվագախմբի գործունեության համար: Իսկ եթե խոսվում է այն մասին, որ շենքային պայմանները բարելավվելու են, ինչի վրա ահռելի գումարներ են հատկացվելու, ապա մեր զրուցակիցը հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ դա չի արվում թատրոնի համար, որպեսզի «մեզ երեսով չտան, թե մենք երգում ենք ֆոնոգրամայի տակ և չունենք անգամ միկրոֆոններ»: Հակոբյանը շեշտում ՝ այո, խնդիրները բազմազան են, իբայց դրանց լուծումները պահանջում են շատ խորքային, ծրագրային փոփոխություններ:
«Ի դեպ, մեր կողմից առաջարկ եղավ, որ եթե Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խնդիր ունի փորձեր անցկացնելու հետ, ապա մենք պատրաստ ենք մեր օրվա գրաֆիկը կիսել նրանց հետ, ժամեր հատկացնել, որպեսզի նրանք գան ու փորձեր անեն: Եթե, իհարկե, դա է խնդիրը: Բայց քանի որ մեր այս առաջարկը չընդունվեց, ապա ստացվում է, որ իրենք չեն լուծում նվագախմբի հարցը, այդ մարդկանց կոնկրետ հետաքրքիր է կոնկրետ թատրոնի շենքը: Եվ անհայտ է, թե երկու տարի հետո, եթե մենք դուրս գանք, ինչ կլինի այդ շենքի հետ»,- նշեց մեր զրուցակիցը:
Զառա Հակոբյանը նաև ասաց, որ անցած այս շաբաթների ընթացքում, երբ թատրոնի ճակատագիրն է որոշվում, ոչ մի վաստակավոր արտիստ, ոչ մի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ոչ մի մշակութային գործիչ չի ողջունել նախարարության այս նախաձեռնությունը, բոլորը դեմ են: Նրանցից շատերը հնարավոր բոլոր ձևերով աջակցում են թատրոնին ու դերասանական կազմին.
«Մեր զենքը պիտի լինի անդադար աշխատելն ու ստեղծագործելը: Մի զրկեք մեզ աշխատելու հնարավորությունից, այլ ստեղծեք մեզ համար լավ աշխատանքային պայմաններ: Երբ առաջարկվում է տանել 23 հոգու կցել 45 հոգանոց դերասանական կազմին և սարքել 68 հոգանոց դերասանական կազմ, դա պայմանների ստեղծում չէ: Ուղղակի դերասանին, ստեղծագործողին առաջարկվում է «թոշակ» աշխատավարձի չափով և ամիսը մեկ հազիվ բեմ դուրս գալու հնարավորություն: Սա անթույլատրելի է, իսկ այն, ինչ կատարվում է կայացած թատրոնի շուրջ ուղղակի դատապարտելի է»,- հավելեց Զառա Հակոբյանը:
Ինչ է ասում Արա Խզմալյանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փորձեր անելու մշտական տեղ չունի: Պետության ռեսուրսները չեն բավարարելու առաջիկա տարիներին նոր համերգասրահ կառուցելու և այդպիսով նվագախմբի, պարային համույթների հարցը լուծելու համար: Փոխնախարարը վստահեցնում է՝ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհն է, և ոչ թե բյուջեի կրճատման հարցի լուծում: Ավելին՝ պրոֆեսիոնալ գործունեության համար ստեղծվում են ավելի լավ պայմաններ.
«Սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»,- վստահեցրել է նա: Արա Խզմալյանի առաջարկով՝ նվագախմբի համար տարածք է հատկացվելու Կամերային երաժշտության թատրոնում: Ու թեև այս օրերի ընթացքում Խզմալյանը մի քանի անգամ փոխել է իր կարծիքն ու մեկնաբանությունը, մասնավորապես թատրոնի գործունեության մասով, բայց գլխավորում մնում է անկոտրում՝ թատրոնը պետք է ազատի շենքը:
Ի դեպ, փոխնախարարը հստակ հայտարարել է՝ կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, քանի որ «Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ», բայց հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը։ Այլ կերպ ասած՝ թատրոնի աշխատակազմը դեռ պետք է շնորհակալ լինի նման որոշման համար:
Ելքը՞
Թատրոնում բավականին վճռական են տրամադրված, թեև մեծ հույսեր չունեն, որ իրավիճակը կհանգուցալուծվի իրենց օգտին: Այնուամենայնիվ շարունակում են պայքարը: Օրինակ, թատրոնի աշխատակազմը օրերս նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում ներկայացված են բոլոր մտահոգությունները ու ամենագլխավորը՝ եթե թատրոնները միավորվեն, ապա Կամերային երաժշտական թատրոնն ամբողջությամբ կվերանա:
Ինչ մնում է կռվախնձոր դարձած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որի համար փորձատեղի փնտրտուքն է, ըստ էության, նման փոթորկային իրավիճակ ստեղծել, ապա դրա գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը չի շտապում այս թեման մեկնաբանել: Միակ բանը, որ նա այս ընթացքում հայտարարել է, այն է, որ խնդրի լուծումը պետք է գտնել ոչ թե մեկ ուրիշ կոլեկտիվի հաշվին, այլ պրոֆեսիոնալիզմի սկզբունքով.
«Նվագախումբը 15 տարի մշտական տեղ չուներ փորձերի համար, և որևէ մեկի մոտ սա հարց չէր առաջացնում։ Մենք ապացուցում ենք, որ նվագախումբն առանց կենցաղային պայմանների ստեղծում է արժեք, լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Սակայն նվագախումբը պիտի ունենա հնչողության մինիմալ պայմաններ, ու ամեն անգամ տարբեր տեղերում փորձ անելիս նվագախմբի որակն ընկնում է», – ընդգծել է Սմբատյանը։
Եվ այս պահին էլ կրքերը շարունակում են եռալ, իսկ վերջնական որոշում դեռ չկա:
Լինա Մակարյան