Հասել ենք նրան, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է Քրեական օրենսգրքում փոփոխության նախագիծ, որը խստացնում է իշխանություններին վիրավորելու համար կրելիք պատասխանատվությունը: Փաստաթուղթը կարելի է գտնել e-draft.am իրավական տեղեկատվության պորտալում:
Փոփոխությունների համաձայն, որի հեղինակներից մեկը խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, պետական ծառայողին վիրավորելը կամ զրպարտելը կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-500-ապատիկի չափով (նվազագույն աշխատավարձը` 1000 դրամ): Նույն արարքը պետական պաշտոնյայի նկատմամբ հրապարակավ և լրատվամիջոցներում կպատժվի նվազագույն աշխատավարձի 500-3000-ապատիկի չափ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգիրքը իշխանության ներկայացուցչին սահմանում է որպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող անձ, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
Սա որպես տեղեկություն:
Առաջարկվող օրինագծին ի պատասխան՝ հեղինակները դժգոհության մեծ ալիք ստացան լրատվամիջոցներից, փաստաբաններից և քաղաքական ու հասարակական այլ գործիչներից, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից:
«Առաջարկվող օրինագծի վերլուծությունը մտահոգություն է առաջացնում և հակասում է միջազգային իրավական նորմերին, որոնք թույլ են տալիս ապաքրեականացնել վիրավորանքներն ու զրպարտությունները: Առաջարկվող օրենքի նախագիծը, ընդհակառակը, նախատեսում է քրեական պատասխանատվություն ցանկացած պետական ծառայողի դեմ հայտարարությունների համար», – հայտնել է Թաթոյանը:
Օմբուցմենը գտնում է, որ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ նման հայտարարությունների քրեականացումը չի համապատասխանում խոսքի ազատության նորմերին: Նրա մտավախությունները վերաբերում են նաև պատժաչափերի ցուցակում ազատազրկման ներառմանը այն դեպքերում, երբ վերոնշյալ գործողությունները վերագրվում են ԶԼՄ-ներին կամ տարածվում են դրանց միջոցով:
Փաստաբան Արա Ղազարյանը առաջարկը համարում է թաքնված քրեական հետապնդում, քանի որ իր բովանդակությամբ այն ավելի շատ քրեական բնույթի պատիժ է, քան թե փոխհատուցում քաղաքացիական իրավունքի խախտման համար:
Մյուսները արտահայտվում էին նույն ոգով, երբեմն շատ ավելի կոշտ. օրինակները շատ են, սակայն չենք մեջբերի բոլորին անընդմեջ: Բավական է, թերևս:
Իսկ եթե իրերն անվանք իրենց անուններով, առանց երկիմաստությունների ու ձևականությունների, ինչը բնորոշ է փաստաբաններին և Մարդու իրավունքների պաշտպանին, ապա օրինագիծը պետք է անվանել գրաքննություն մտցնելու ակնհայտ փորձ և վրեժխնդրության գործիք անցանկալի ԶԼՄ-ների և դրանց լրագրողների դեմ: Սա, ըստ էության, փաստաթղթի բովանդակության վերաբերյալ:
Եթե դիտարկենք հարցի բառագիտական կողմը, ի հայտ են գալիս ոչ այնքան դրական բացահայտումներ: Օրինակ՝ տրամաբանական է ենթադրել, որ հետագա մեղադրանքները կոնկրետացնելու համար, բացառելու համար երկարատև, հոգնեցուցիչ և անարդյունք բանավեճերը, բողոքարկման հոսքը և այլն, այս իրավական «գլուխգործոցը» առաջարկող կողմը պետք է կազմի բառերի և արտահայտությունների ցուցակ, որոնք այսուհետ վիրավորական կհամարվեն: Անհրաժեշտ է նաև պետական ծառայողների բարեկամների ցուցակ, որոնց հասցեին արտահայտությունները ևս կդիտարկվեն որպես վիրավորանք պետական ծառայողի հասցեին. հետաքրքիր է՝ օրինագծի հեղինակները մինչև ու՞ր կհասնեն բարեկամների այդ ցուցակը կազմելիս:
Եթե նման ցուցակներ կազմելուն պատասխանատու կերպով մոտենան, ապա կգրվեն մեկից ավելի հատորներ: Իսկ անպատասխանատու մոտենալ չի ստացվի, այլապես փաստաբանները կսկսեն կառչել ցանկացած բառից. յուրաքանչյուր հայհոյանք ունի շատ հոմանիշներ, ուստի դրանք բոլորը պետք է նշվեն: Իսկ եթե հաշվի առեք, որ հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ները շատ հաճախ երկլեզու կամ նույնիսկ եռալեզու են (կան ավելին), ապա հատուկ ուղղվածության բանասիրական հնարքներ ուսումնասիրելու հաճույքը խոստանում է լինել երկարատև ու հետաքրքրաշարժ, ինչպես նաև ճանաչողական՝ սեփական բառապաշարը հարստացնելու տեսանկյունից:
Բայց չէ՞ որ (և սա վկայում եմ որպես բանասեր-ռուսագետ) ռուսերենում (հայերենում ևս) առկա են բազմաթիվ այնպիսի արտահայտություններ, որոնք, անխոս, սալոնային բառապաշար չես անվանի, բայց հայհոյանք ևս: Եթե սկսել դրանք ցուցակագրել…
Ենթադրենք, տարիներ են անցել, ու նման բառարան-ցուցակներ կազմողները (և պատվիրատուները) ավարտել են իրենց քրտնաջան աշխատանքը: Կարելի է պատկերացնել նրանց հիասթափության խորությունը, երբ պարզվում է, որ այդ ամենը անիմաստ էր արված:
Օրինագծի հարգարժա՛ն հեղինակներ, բանն այն է, որ լեզվին ոչ վատ տիրապետող և քիչ թե շատ կրթված անձը ընհանրապես կարիք չունի հայհոյանքներ օգտագործել համապատասխան վերաբերմունք արտահայտելու համար: Ինչ-որ մեկի, այդ թվում` ձանձրացրած պետական ծառայողի նկատմամբ վերաբերմունքն արտահայտելու համար կան բազմաթիվ մեղմասություններ, լեզվական շրջադարձեր, դարձվածքներ և այլ անգնահատելի հնարավորություններ ինչպես հայերենում, այնպես էլ ռուսերենում, անգլերենում և այլ լեզուներում: Կուլտուրական մարդը միանգամայն ունակ է արտահայտվել շատ նրբանկատորեն, միևնույն ժամանակ՝ հասկանալի:
Սա հենց այն է, ինչ քաջ զինվոր Շվեյկը փորձում էր հասկացնել մի անհաջող կապրալի. Շվեյկի խոսքերը մեզ է հասցրել չեխ Յարոսլավ Հաշեկը:
«Ձեզ ոչ ոք չի՞ ասել այնպիսի բառեր, որոնք կարող եք սխալ մեկնաբանել: Միշտ տհաճ է ստացվում, երբ ինչ-որ մեկը վիրավորված է զգում: Մեկ անգամ նստած էի գիշերային սրճարանում, խոսակցությունը օրանգուտանների մասին էր: Մեզ հետ մի նավաստի կար, որն ասաց, որ օրանգուտանին հաճախ չես կարողանում տարբերել որևէ մորուքավոր քաղաքացուց, քանի որ օրանգուտանի դեմքը ծածկված է մազերով, ինչպես, օրինակ, հարևան սեղանի այն պարոնի դեմքը: Մենք շրջվեցինք նայելու մորուքավոր պարոնին, իսկ վերջինս վեր կացավ, քայլեց դեպի նավաստին և հարվածեց նրա դեմքին: Նավաստին վերցրեց գարեջրի շիշը և ջարդեց նրա գլխին: Մորուքավոր պարոնը մնաց անգիտակից պառկած, իսկ նավաստին անմիջապես հեռացավ՝ կարծելով, որ սպանել է պարոնին: Հետո մենք նրան ուշքի բերեցինք և, իհարկե, հիմարություն գործեցինք, որովհետև «հարություն առնելով»՝ նա անմիջապես ոստիկանություն կանչեց: Չնայած մենք դրա հետ ոչ մի կապ չունեինք, մեզ բոլորիս տարան ոստիկանական բաժանմունք: Այնտեղ նա պնդում էր, որ մենք իրեն օրանգուտանի տեղ ենք դրել և ամբողջ ժամանակ միայն նրա մասին էինք խոսում: Եվ, պատկերացրեք, նա պնդում էր իրենը: Մենք ասացինք, որ չկա նման բան, և նա օրանգուտան չէ, իսկ նա անդադար կրկնում էր՝ օրանգուտան, օրանգուտան, ասում էր՝ ինքն է լսել: Տեսնու՞մ եք, պարոն կապրալ, թե փոքր, չնչին թյուրիմացությունը, որի վրա անիմաստ է բառեր անգամ վատնել, ինչի կարող է վերածվել: Կամ, օրինակ, մի քաղաքացի վիրավորվել է, երբ նրան անվանել են վագրային օձ: Քիչ չեն բառերը, որոնց համար ոչ ոք չի կարող պատժվել: Եթե, օրինակ, ձեզ ասենք, որ դուք մշկամուկ եք, կբարկանա՞ք մեզ վրա դրա համար»:
Այսպիսով, պարոնա՛յք, գուցե կարո՞ղ ենք բավարարվել առանց նման ոչ միանշանակ օրինագծերի: Հակառակ դեպքում, կարող է չստացվել այն, ինչ ակնկալում եք, այլ ստացվի ճիշտ հակառակը…
Ռուբեն Գյուլմիսարյան