Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները ահազանգում են. Արցախի տարածքները Ադրբեջանին փոխանցելով՝ լուրջ սպառնալիք է ստեղծվել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պարենային ապահովման հետ կապված: Արցախը հացահատիկ արտահանողներից էր. եթե Հայաստանը տարեկան արտադրում է շուրջ 200 հազար տոննա հացահատիկ, ապա Արցախում աճեցվում էր շուրջ 150 հազար տոննա: Ուստի, Արցախից ներմուծվող պաշարների կորուստը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, պնդում են փորձագետները:
«Մենք զրկվել ենք Հայաստանում արտադրվող հացահատիկի մոտ 75% ծավալին համարժեք հացահատիկից», – դեռ անցյալ տարվա նոյեմբերին արձանագրել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նաև նշում էր, որ ներմուծվող հացահատիկի ծավալի մեծացման դեպքում կթանկանան ալյուրն ու հացը, այնուհետև մնացած ամեն բան:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սենսացիոն հայտարարություն արեց՝ պարենային ճգնաժամն իրեն զգացնել կտա գարնանը: «Կարող է սով սկսվել մարտին, ապրիլին, մայիսին: Դեռ ոչ մի լավ բան չեմ տեսնում: Տարածքային լուրջ կորուստներ ունեցանք՝ հազարավոր հեկտար վարելահողեր, արոտավայրեր, ցորենի արտեր», – ասաց Բագրատյանը հունվարի սկզբին: Փորձագետների կանխատեսումները հիասթափեցնող են, սակայն դրանք իրականություն կդառնա՞ն:
Dalma News-ի հետ հարցազրույցում այս և այլ հարցերի պատասխանեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը:
– Արցախի հողերի կորուստը, խոսքը գնում է և՛ պատմական հողերի, և՛ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվածների մասին, անկասկած, կանդրադառնա ընդհանուր ցուցանիշների, պարենային անվտանգության վրա ընդհանուր վերցրած: Այնուամենայնիվ, ճիշտ չէ ասել, որ սա կհանգեցնի կտրուկ բացասական հետևանքների: Ինչո՞ւ: Փաստն այն է, որ Արցախից Հայաստան ներկրվող հիմնական արտադրանքը հացահատիկն էր: Կախված բերքատվությունից՝ այնտեղից Հայաստան տարեկան միջինը ներկրվում էր շուրջ 50 հազար տոննա հացահատիկ: Կարծում եմ՝ դժվար չի լինի այդ բացը լրացնելը: Հացահատիկ ներկրողները բավականին արագ են արձագանքում շուկայում կատարվող ամենափոքր փոփոխություններին, ուստի, համոզված եմ, որ նրանք հաջողությամբ կլուծեն այս խնդիրը դրսից՝ հիմնականում Ռուսաստանից մատակարարումների ավելացման շնորհիվ: Եվ եթե ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվում էր միջինը շուրջ 250 հազար տոննա հացահատիկ, ապա այժմ այդ ցուցանիշը կավելացվի մինչև 300 հազար տոննա: Սա խնդրահարույց չէ: Հացահատիկային պաշարների լուրջ ճգնաժամ պետք չէ սպասել ո՛չ Հայաստանում, ո՛չ առավել ևս Արցախում, քանի որ այնտեղ մնացած ցանքատարածություններում արտադրվող տոննաժը ամբողջությամբ ծածկելու է ներքին պահանջարկը, և հացի դեֆիցիտ չի լինի այդ հյուրընկալ երկրում:
– Իսկապե՞ս ամեն բան այդքան լավ է:
-Ոչ, այդպես չէ: Խոշոր կորուստներ ունենք ինչպես տարածքային առումով, այնպես էլ տունկի, տեխնիկայի առումով, իհարկե, լուրջ վնասներ են գրանցվել ազատագրված տարածքներում, այսպես կոչված բուֆերային գոտում, որտեղ երկար տարիներ զգալի ներդրումներ են կատարվել: Իսկ վերջին տարիներին շեշտը դրվում էր այդ շրջաններին պետական աջակցության վրա: Արդյունքում, զգալի ջանքերի շնորհիվ այնտեղ նռան շքեղ այգիներ ստեղծվեցին, և ինչպես տեղացի մասնագետներն ինձ հայտնեցին, տնկարկների ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 2500 հա: Այժմ ցավալի ու վիրավորական է փաստել այն, որ այդ այգիներից մոտ 1500 հա տարածք մնացել է թշնամուն հանձնված հողերում: Ադրբեջանական կողմում են մնացել նաև շուրջ 1000 հա խաղողի այգիներ՝ մշակված ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Այլևս չեմ խոսում գինու արտադրության, այդ թվում՝ հայկական բրենդ դարձած «Կատարո» գինու մասին, որի ճակատագիրը դեռ հստակ չէ:
Սրանք բավականին ցավալի կորուստներ են: Այնուամենայնիվ, չպետք է չափազանցնել դրանց ազդեցության աստիճանը Հայաստանում և Արցախում պարենային անվտանգության ընդհանուր իրավիճակի վրա: Այո, հետևանքներ կլինեն, բայց աղետներ, առավել ևս սով, չի լինի:
– Ասում են, որ անասունների կորուստը ևս լուրջ խնդիր է: Իսկ բացառվա՞ծ է, որ ապագայում արոտավայրերի բացակայության պատճառով ֆերմերները ստիպված լինեն մորթել անասուններին:
– Ֆերմերները իսկապես բախվել են նման խնդրի հետ. օրինակ՝ այս պահին առանց նախկին արոտավայրերի են մնացել Սյունիքի մարզի խոշոր եղջերավոր անասունները: Տեղի անասնապահները իրենց անասունները տեղափոխում էին հիմնականում հարավ՝ Կուբաթլուի, Զանգելանի, Հորադիզի տարածք, որտեղ բնակլիմայական պայմանները հնարավորություն էին տալիս դա անել գրեթե ողջ տարվա ընթացքում՝ էապես կրճատելով մսի և կաթի արտադրության ինքնարժեքը: Հենց դա է հանգեցրել վերջին տարիներին Սյունիքի մարզի համայնքներում անասնագլխաքանակի շոշափելի աճին: Սակայն ֆերմերները միանգամից մնացին առանց իրենց անասունները արոտավայրեր տանելու հնարավորության, այն էլ աշուն-ձմեռ սեզոնին նախապատրաստման ամենաթեժ պահին:
Բայց այս փակուղուց ելք կա: Սյունիքի մարզի նշանակալի տարածքները կամ անարդյունավետ են օգտագործվում, կամ ընդհանրապես չեն օգտագործվում: Եվ այս հսկայական ռեսուրսը, հիմնականում բարձր լեռնային շրջաններում, պարզապես պետք է գրագետ օգտագործել: Չնայած ոչ ամբողջ ծավալով. ի վերջո, հարավում կլիման շատ ավելի բարենպաստ էր անասունների մշտական արածեցման համար, սակայն դա գոնե մասամբ կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Կարծում եմ, որ տեղական իշխանությունները լուրջ քննարկումներ կսկսեն այս հարցի շուրջ և առաջիկայում միջոցներ կձեռնարկեն խնդրի լուծման համար:
Ընդհանրապես, եթե դիտարկենք գյուղատնտեսության ոլորտում կորուստները՝ դրանք պայմանականորեն բաժանելով վերականգնվող և անդառնալի կորուստների, ապա ես վերջինների մեջ կներառեի գյուղտեխնիկայի կորուստը: Այստեղ իսկապես հասցվել է շոշափելի վնաս, որը փոխհատուցելն անիրատեսական է. տարածքների փոխանցումից հետո հայկական կողմը այնտեղ թողեց բավականին մեծ թվով շատ թանկ ժամանակակից գյուղտեխնիկա՝ հացահատիկահավաք կոմբայններ, շարքացաններ և շատ այլ բաներ, որոնք պարզապես հնարավոր չեղավ ժամանակին դուրս բերել և փաստացի «նվիրեցինք» թշնամուն: Միակ ելքը նոր սարքավորումներ գնելն է, ինչը, մեղմ ասած, թանկ կնստի:
– Ստացվում է, որ «մարտ ամսվա սովի» մասին խոսակցությունները բավականին չափազանցվա՞ծ են:
– Անկասկած: Ըստ իս՝ նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք: Մեր ժամանակներում՝ բաց սահմանների, ազատ տնտեսական հարաբերությունների պայմաններում նման ճգնաժամ պարզապես չի կարող տեղի ունենալ: Միջոցների առկայության դեպքում այսօր հնարավոր է կազմակերպել ցանկացած ապրանքի և մթերքի ներմուծում ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ: Ավելին, Արցախում ընդհանրապես չպետք է լինի հացի խնդիր, քանի որ տարածքների հանձնման պահին բերքահավաքը ավարտվել էր և հավաքվել էր հացահատիկի բավարար պաշար: Այնպես որ, փետրվար ամսին և գարնանը Արցախում հացը բավարար կլինի: Դեֆիցիտի դեպքում այն անմիջապես կհամալրվի Հայաստանից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Արցախից ներկրվող հացահատիկի պակասը կարելի է ծածկել ինչպես դրսից մատակարարումների ծավալը մեծացնելու, այնպես էլ հանրապետությունում հացահատիկի արտադրության ծավալի ավելացման միջոցով: Այսօրվա դրությամբ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է անթույլատրելի քիչ` վարելահողերի ընդամենը 45%-ը: Եթե 2005-2007 թվականներին աշնանացանի համար հատկացվում էր 125-130 հազար հա, ապա այժմ կազմում են այդ թվի կեսից պակաս՝ 60-63 հա տարածք: Սա նշանակում է, որ մեր տրամադրության տակ ունենք «արցախյան ցորենի» ամբողջ ծավալը համալրելու համար ահռելի ռեսուրս:
– Այո, բայց եթե այդ հողային ռեսուրսները տարիներ շարունակ չեն օգտագործվել, ապա ո՞րն է երաշխիքը, որ հարցը այժմ կլուծվի: Պետությունը դեռևս չի ընդունել համապատասխան աջակցության ծրագիր ու լրջորեն չի զբաղվում այս հարցով: Կա՞ արդյոք առաջընթաց նման ծրագրի մշակման տեսանկյունից:
– Այս փուլում չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի մասին օրենքի նախագիծ է մտել խորհրդարան: Կոնկրետ այդ փաստաթղթին ծանոթ չեմ, սակայն նման քննարկումներ անցկացվել են, երբ ես դեռ փոխնախարար էի: Ինչպես այն ժամանակ, այժմ էլ կտրականապես դեմ եմ վարչական լծակների վրա հիմնված նոր մոտեցումներին: Իմ կարծիքը անփոփոխ է՝ գյուղատնտեսության զարգացման թիվ մեկ խնդիրը յուրաքանչյուր ֆերմերի համար հող մշակելու խթան ստեղծելն է: Եվ դրան կարելի է հասնել միայն պետական աջակցության լուրջ ծրագրերի իրականացման միջոցով, այլ ոչ թե որոշ վարչական մեթոդներով, որոնք, եթե անգամ ազդեցություն ունենան, այն կլինի աննշան և կարճատև:
Ի դեպ, նախարարությունը մի ժամանակ օժանդակության ծրագրեր էր իրականացնում՝ սահմանամերձ շրջանների գյուղացիներին անվերադարձ որոշակի գումար էր վճարվում 2018-2019թթ. աշնանացան իրականացնելու համար: Այդ ժամանակ ցանքատարածության յուրաքանչյուր հեկտարի համար տրվում էր 60 հազար դրամ: Եվ դա այնքան ոգեշնչեց ֆերմերներին, որ արդյունքները շոշափելի էին՝ հողերը «կենդանացան»: Սակայն շուտով գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմը փոխվեց, և մոտեցումները նույնպես փոխվեցին. հաջորդ տարվա ծրագրով նախատեսված 2 միլիարդ դրամը չեղարկվեց: Այնուհետև նախարարությունն ամբողջությամբ լուծարվեց:
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ պետք է նորից սկսել հետաքրքրություն առաջացնել գյուղիներին մոտ ավելի շատ հեկտարներ մշակելու, անասունները նոր տարածքներ դուրս բերելու համար: Դրա համար գյուղացին պետք է վստահ լինի իր «բիզնեսի» շահութաբերության մեջ: Ներկայումս գյուղերում մարդիկ ավելի հաճախ վնասով են աշխատում: Պարզ օրինակ՝ 1990-ականներին Հայաստանում հացահատիկի գնման արժեքը մեկ կիլոգրամի համար կազմում էր 100-110 դրամ: Անցել է 30 տարի, սակայն գինը դեռ նույնն է: Սա այն դեպքում, երբ այս երեք տասնամյակների ընթացքում դրամը զգալիորեն արժեզրկվել է, բարձրացել են ծառայությունների սակագները, աշխատուժը թանկացել է, էլ չեմ խոսում այն մասին, որ ֆերմերի պահանջներն են աճել: Եթե 30 տարի առաջ հեկտարից ստանալով 50-70 հազար դրամ շահույթ՝ ֆերմերը դեռ որոշ հարցեր էր լուծում, հիմա դա ծիծաղելի գումար է: Արդյունքում, մարդիկ մեկնում են արտերկիր՝ կոպեկների համար շինհրապարակներում տաժանակիր աշխատանք կատարելու: Ցանկացած բան ավելի լավ է, քան հայրենիքում վնասով աշխատելը:
– Ձեր կողմից հնչեցված հարցերը պետք է բարձրացնի գյուղատնտեսության նախարարությունը: Ճի՞շտ եք համարում, որ ագրարային երկիր համարվող Հայաստանը չունի մասնագիտացված նախարարություն:
– Այժմ, իհարկե, Հայաստանը այլևս չունի այդ կարգավիճակը, սակայն կար ժամանակ, երբ ագրարային ոլորտը ապահովում էր ՀՆԱ-ի 25%-ը: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, որպեսզի կանգնեցվի նրանց, ովքեր գրչի մեկ հարվածով գլխատեցին ոլորտը՝ թողնելով այն առանց կառավարման, առանց բարձր որակավորում ունեցող կադրերի: Այսօր Հայաստանում գրեթե անհնար է գտնել, օրինակ, խաղողագործության մասնագետ: Միակ երկու մասնագետները՝ 96 և 62 տարեկան, ցավոք, կյանքից հեռացան անցյալ տարի: Նոր կադրեր, ավաղ, չկան: Եվ սա այն ժամանակ, երբ մենք մտադիր ենք զարգացնել գինեգործությունը, մի ոլորտ, որտեղ կենսականորեն կարևոր են մարդիկ, որոնք համալսարանական դիպլոմից բացի ունեն նաև մեծ գործնական փորձ: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատանքից հեռացնել 65 տարեկանից բարձր մարդկանց, որոնք ունեն հենց այդպիսի անգնահատելի փորձ, հեշտությամբ վերացնում ենք գիտական կենտրոնները, իսկ խորհրդատվական կենտրոններում ընդունում ենք քաղծառայողներին, ընդ որում` ցանկացած մասնագիտությամբ, բացի անհրաժեշտից:
Գյուղատնտեսության նախարարության փակումը, դրա փոխարինումը էկոնոմիկայի նախարարության կազմում վարչությամբ, որը, ի դեպ, չհանգեցրեց բյուջեի լուրջ խնայողությունների, ամենամեծ սխալն էր: Եվ այժմ, քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է շտկել այն:
– Վերադառնալով մեր թեմային՝ պարենամթերքի հնարավոր դեֆիցիտին, չեմ կարող չհարցնել՝ եթե սկսենք հենց նույն հացահատիկի (այլ ապրանքների) դեֆիցիտը լրացնել ներմուծվող ծավալների ավելացմամբ, դա չի՞ հանգեցնի թանկացումների:
– Ոչ մի դեպքում: Եվ, ի վերջո, Հայաստան ներկրվող հացահատիկը ավելի թանկ չէ, քան տեղականը: Ռուսաստանում հացահատիկի արտադրությունը իրականացվում է հսկայական տարածքներում` բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինտենսիվ սորտերի օգտագործմամբ, որոնք երաշխավորում են բարձր արտադրողականություն: Այլևս չեմ խոսում մեքենայացման այն մակարդակի մասին, որը թույլ է տալիս բերքը հավաքել նվազագույն կորուստներով, ինչը էապես նվազեցնում է ծախսերը: Օրինակ՝ 30-40 տարվա կոմբայնները հացահատիկի 20-30%-ը թողնում են վարելահողերում, մինչդեռ Ռուսաստանում այդ ցուցանիշները չնչին են:
Այնպես որ, կրկնեմ՝ պարենային անվտանգության առումով և՛ Հայաստանում, և՛ Արցախում իրավիճակը հեշտ չէ, սակայն կառավարելի է: Ամեն դեպքում, պետք չէ սպասել այլոց օգնությանը, պետք է ինքնուրույն գործել և առանց հապաղելու: Պետք է ավելացնենք պարենամթերքի՝ հանրապետության ռազմավարական պաշարները, մշակենք չօգտագործվող վարելահողերը, անասունները տեղափոխենք նոր արոտավայրեր, իսկ ամենակարևորը՝ մոտիվացնենք տեղի ֆերմերներին:
Իրինա Գրիգորյան