Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է ծայրահեղ մնալ: Քանի դեռ մարտի դաշտում չեն դադարում ռազմական գործողությունները, թիկունքում աշխատում են հազարավոր մարդիկ՝ կամավորներ, հայեր ողջ աշխարհից, նույնիսկ օտարերկրացիներն են փորձում աջակցել կարիքավորներին:
Անմասն չեն մնում նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ռազմաճակատ են մեկնել եզդիներ, ասորիներ, հրեաներ, ռուսներ և նույնիսկ մոլոկաններ, որոնք կրոնական նկատառումներից ելնելով չեն ծառայում և զենք չեն վերցնում: Ցավոք, Արցախում մահացավ 19-ամյա ռուս ժամկետային զինծառայող Ալեքսանդր Վասիլևիչ Նեչաևը` սովորական ռուս պատանի մոլոկանների Լերմոնտովո գյուղից: Նեչաևը հերոսաբար զոհվեց Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ:
Բացի այդ, Հայաստանի մոլոկանները ակտիվորեն օգնում են կամավորներին, որոնք սննդի ծանրոցներ են պատրաստում Արցախից Հայաստան ժամանող ընտանիքների համար: Մի քանի օր առաջ, օրինակ, կամավորների մի խումբ Ֆիոլետովոյի մոլոկաններից մեծ քանակությամբ սննդամթերք ստացավ: Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի քարտուղար Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, որը պատերազմի առաջին օրերից Երևանում իր ընկերների հետ միասին ակտիվ կամավորական գործունեություն է ծավալել, Dalma News-ի հետ հարցազրույցում պատմեց, թե ինչպես է ամեն բան կազմակերպվում, և ովքեր են այս օրերին օգնության ձեռք մեկնել արցախցիներին:
«Ընտանիքների ցուցակը սկսեց կազմվել պատերազմի հենց հաջորդ օրվանից: Ինձ դիմեց Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան՝ ասելով, որ մի քանի ռուս կանայք իրենց երեխաների հետ` բոլոր բազմազավակ ընտանիքները, արցախցի տղամարդկանց ռուս կանայք ուղևորվել են դեպի Երևան և օգնության կարիք ունեն: Եվ առաջին ցուցակը կազմվեց հենց հայերի ռուս և ուկրաինացի կանանցից: Ավելի ուշ ցուցակում հայտնվեցին հայ կանայք, ինչպես նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, քանի որ այսպես կոչված «ժողովրդական ռադիոն» միմյանց փոխանցում էր, թե ովքեր կարող են օգնել նրանց կյանքի այս դժվարին իրավիճակում: Խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է», – հայտնեց Շուաևա-Պետրոսյանը:
Այսպես էլ սկսվեց նրանց կամավորական գործունեությունը, որը ոչ մի օր չի դադարել, ընդգրկելով նաև նոր քաղաքներ: Օրինակ՝ օրերս այցելել են Հրազդան քաղաքում ապաստան գտած արցախցի ընտանիքներին:
Առաջին իսկ օրերից նախաձեռնությանը միացան և շարունակում են միանալ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանից.
«Ընկերներ Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, որոնց շնորհիվ կարողացանք կազմել ոչ մեծ բյուջե և գնում ենք սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղամիջոցներ, իսկ հագուստը հավաքում ենք սոցիալական ցանցերի օգտատերերի շնորհիվ: Այս պահին ցուցակում կա շուրջ 80 ընտանիք, և քանի որ արցախցի ընտանիքները բազմազավակ են, խոսքը 700-ից ավելի մարդու մասին է: Փառք Աստծո, մեզ հաջողվում է աջակցել նրանց, ապահովել սննդով և անհրաժեշտ հագուստով, քանի որ շատերը հեռացել են առանց որևէ բանի, նույնիսկ անհրաժեշտ իրերը չեն կարողացել վերցնել», – ասաց մեր զրուցակիցը:
Շատ օտարերկրացիներ, հիմնականում ռուսներ, իրենք են ցուցակից ընտրում, թե որ ընտանիքներին են ցանկանում նպատակային օգնություն ցուցաբերել: Օրինակ՝ Ռուսաստանից մի աղջիկ իր հոգածության տակ է վերցրել մեկ ընտանիքի, որին վեց ամսվա ընթացքում ամսական 70,000 դրամ է փոխանցելու: Ելենան ասում է, որ շատերն են արձագանքել իրենց կոչին, շատերն են աջակցում այս ընտանիքներին: Եվ ոչ միայն քաղաքացիները, այլ նաև ընկերությունները:
«Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի աշխատակիցները առաջիններից էին, որոնք արձագանքեցին մեր կոչին. տվյալ պահին նրանք աջակցել են 48 ընտանիքի՝ ապահվելով սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների մեծ պաշարներով: Բացի այդ, Արցախից ժամանած որոշ քաղաքացիներ ընկերության շնորհիվ ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ մի կնոջ օրերս լուրջ վիրահատություն է սպասում»:
Մոտ 1500 ռուս է բնակվում Արցախում, հետևաբար, ցուցակում ընդգրկված ընտանիքների մեկ երրորդը ռուսներ են: Կամավորներին աջակցում են ոչ միայն հայերը, այն նաև մոլոկանները: Ըստ Շուաևա-Պետրոսյանի՝ Ֆիոլետովոյի և Լերմոնտովոյի մոլոկանները անմիջապես կապնվել և շատ շուտով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի աջակցությամբ մարդասիրական օգնությամբ մեծ մեքենա են ուղարկել. ի թիվս այլ բաների, կար ավանդական մոլոկանական պանիր և 10 դույլ թթու կաղամբ, որոնք բաժանվում են փախստական ընտանիքներին:
«Չնայած այն հանգամանքին, որ իրենց կրոնական նկատառումներից ելնելով՝ մոլոկանները զենք չեն վերցնում և չեն ծառայում բանակում, այնուամենայնիվ, այսօր Արցախում հայկական բանակի շարքերում ծառայող մոլոկանները շատ են: Ցավոք, այս պատերազմը խլեց նրանցից մեկի՝ Լերմոնտովո գյուղից 19-ամյա Ալեքսանդր Նեչաևի կյանքը, իսկ դրանից տաս օր առաջ զոհվեց Պրիվոլնոյե գյուղի մի ռուս պատանի:
Այսօր էլ շատերը շարունակում են պայքարել: Մոլոկանները, երբ ամբողջ գյուղով պատրաստվում էին աջակցել մեր նախաձեռնությանը, հայտնեցին, որ սա նաև իրենց հայրենի հողն է, և որ հայերի հետ միասին իրենք նույնպես հաղթանակ են ցանկանում, ուստի իրենց երեխաները նույնպես առաջնագծում են: Մենք բոլորս հավատում ենք հաղթանակին, իսկ քանի դեռ մեր տղամարդիկ պայքարում են, մենք մեր հնարավորությունների շրջանակներում կաջակցենք նրանց կանանց և բոլոր փախստականներին», – եզրափակեց մեր զրուցակիցը:
Լինա Մակարյան