Հայտնի փաստ է, որ աշխարհի շատ երկրներ հրաժարվում են կրկեսներում կենդանիների ելույթներից: Թվում է, թե Հայաստանը նույնպես կարող է այս երկրների հետ նույն շարքում հայտնվել. ամեն դեպքում, պետությունը դեմ չէ նման հեռանկարին և որոշումը թողել է հասարակությանը: Բայց արդյո՞ք մեր պահպանողական հասարակությունը պատրաստ է հրաժարվել մանուկ հասակից սովորական դարձած զվարճանքներից:

Մայիսին «Հայ կրկեսը առանց կենդանիների» ստորագրահավաքը հայտնվեց change.org կայքում: Հեղինակները ցանկանում են հասնել նրան, որ վերակառուցումից հետո Երևանի կրկեսը հրաժարվի պարող վայրի կենդանիներից, որոնց ստիպում են հեծանիվ վարել կամ, ավելի վատ` ցատկել կրակե օղակների միջով: ստորագրահավաքի հեղինակները դեմ չեն կրկեսին որպես այդպիսին, բայց դեմ են վայրի կենդանիների շահագործմանը ամբոխի զվարճանքի համար: Ի դեպ, ներկայումս հանրային քննարկման է ներկայացվել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, և ստորագրահավաքի հեղինակները ցանկանում են փաստաթղթում ամրագրել այդ արգելող դրույթը:

Dalma News-ին տված հարցազրույցում բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը նշեց, որ գաղափարը նոր չէ և նախարարությունում քննարկման առարկա է դարձել դեռևս 2018 թվականից, երբ ՀՀ-ում իրականացվել են վերլուծություններ և ուսումնասիրություններ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու համար: Սույն տարի այս փոփոխությունները հասարակության համար հասանելի դարձան իրավական ակտերի նախագծերի (e draft) հրապարակման հատուկ կայքում, և ստացվեցին մի շարք կարծիքներ: Բացի այդ, նախարարությունը հարցը քննարկել է կրկեսի ադմինիստրացիայի հետ, որը հանդես է եկել բավականին կառուցողական դիրքորոշմամբ.

«Ղեկավարությունը կառուցողական էր, պատրաստ էր աջակցել նման որոշմանը և որևէ խնդիր չտեսավ, եթե ստիպված լինի հրաժարվել վայրի կենդանիներ վարժեցնելուց: Այնուամենայնիվ, ղեկավարությունը որոշ վերապահումներ ուներ խնդրի հասարակական ընկալման վերաբերյալ, մասնավորապես, նրանք նշեցին, որ կրկեսն առանց կենդանիների հետաքրքիր չէ հանրության համար, և որոշ ժամանակ անց մարդիկ կկորցնեն հետաքրքրությունը առանց կենդանիների կրկեսի նկատմամբ և կդադարեն այցելել այն», – նշեց Ղափլանյանը: 

Այդ իսկ պատճառով նախարարությունը մեծ նշանակություն է տալիս ստորագրահավաքին, որը շոշափում է հասարակական կարծիքը և գոնե ինչ-որ կերպ պատասխանում է այն հարցին, թե պատրա՞ստ ենք արդյոք առանց կենդանիների կրկեսի: Ի դեպ, այս հոդվածը գրելու պահին 7000 մարդ արդեն ստորագրել է ստորագրահավաքը:

Կրկես էլ կա, կրկես էլ

Նրանց արածը տրամաբանական չէ, և նրանք, ովքեր կանգնած են դրա հետևում, անազնիվ մարդիկ են: Սրանք կեղծ կենդանասերներ են, որոնք միայն դրամաշնորհների հետևից են վազում: Dalma News-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել բնապահպան լրագրողների «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը: Ըստ նրա` այս ամբողջ նախաձեռնությունը կառուցված է մութ մեքենայությունների վրա, որոնց կենտրոնում ոչ թե կենդանիների և նրանց իրավունքների մասին մտահոգություններն են, այլ սեփական ամբիցիաները: Նա ասաց, սակայն, որ դա այլ պատմություն է:

Կիրակոսյանը դեմ է կրկեսներում վագրերի, առյուծների և մի շարք այլ վայրի կենդանիների շահագործմանը, բայց ընդհանուր առմամբ «կողմ» է կենդանիներով կրկեսին.

«Նախ` կրկեսում կարող են ներգրավվել ընտանի կենդանիներ. դրանց համարները առավել հաջողակ են: Օրինակը Կուկլաչովի կատուների թատրոնն է, և հնարավոր է նաև ձիերով և շներով համարներ ցուցադրել», – ասաց նա:

Ընդհանրապես, նա շեշտեց, որ գլխավորը երկու բանի մասին հիշելն է. «Նախ` այս կամ այլ կենդանու ելույթի` օրենքին համապատասխանությունն է, իսկ ամենակարևորը՝ սերն է կենդանիների հանդեպ», – ամփոփեց նա:

Որ երկրներն են «ոչ» ասում կենդանիների կտտանքներին

Այսօրվա դրությամբ աշխարհի ավելի քան 45 երկիր ամբողջությամբ կամ մասնակի արգելել է կենդանիների ներգրավվումը ժամանցի ոլորտում` ներառյալ կրկեսները: Պատճառը ակնհայտ է, չնայած շատերը համառորեն չեն ցանկանում այն տեսնել և «դեմ» փաստարկները հուզական ուղի են տեղափոխում` ասելով, որ մենք մեծացել ենք կրկեսում և ուրախացել ենք դրանով, ուստի ինչու՞ պետք է զրկենք մեր երեխաներին այդ հաճույքից: Բայց այն երկրները, որոնք արդեն հրաժարվել են և որոնք հրաժարվելու ճանապարհին են, այս հարցին ունեն համառոտ պատասխան. եթե երեխաները տեսնեն, թե ինչի միջով են անցնում կենդանիները, որպեսզի կարողանան կանգնել հետևի ոտքերի վրա կամ ցատկել կրակի մեջ, այս փաստարկը կհերքվի: Մենք, իհարկե, չենք փչացնում երեխաների հոգեբանությունը այդ կտտանքների տեսարաններով և ավելի «ճիշտ» ենք համարում կտտանքների ենթարկել իրավազուրկ կենդանիներին…:

Ավստրիան դարձավ առաջինը, որ 2002թ. ժամանցի ոլորտում վայրի կենդանիներին ներգրավելու արգելք սահմանեց: Եվրոպայի ավելի քան 26 երկիր հետևել է նրա օրինակին: Հնդկաստանը ավելի հեռու գնաց` 2009թ. որոշվեց ազատել երկրի կենդանաբանական այգիների և կրկեսների բոլոր փղերին ազգային պարկեր և արգելավայրեր: Իհարկե, երկիրը անելիք դեռ շատ ունի, քանի որ զբոսաշրջության ոլորտում կենդանիների շահագործումը դեռ շարունակվում է: Հատկանշական է նաև Կոստա Ռիկայի օրինակը, որը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որ դելֆիններին և կետերին անազատության մեջ պահելու արգելք մտցրեց:

Հավելենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ երևանցիները սպասում են կրկեսի նոր շենքին: Թե իրականում երբ կրկեսը կվերադառնա մեր կյանք, առայժմ պարզ չէ, սակայն երևանյան կրկեսի նոր շենքը դեռ կառուցման փուլում է և, ամենայն հավանականությամբ, տարեվերջին պատրաստ կլինի ընդունել հանդիսատեսին: Աշխատանքները շարունակվում են արդեն ինը տարի:

Ընդ որում, կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը կարծում է, որ հնարավոր չէ պատկերացնել կրկես առանց վայրի կենդանիների, և եթե նույնիսկ հիմա մարդիկ բնապահպանների և հույզերի ճնշման ներքո համաձայնեն, որ կրկեսը պետք է հրաժարվի վարժեցված կենդանիներով համարներից, ապա հետո հասկանալու են, որ առանց կենդանիների կրկեսն այն չէ.

«Պատկերացրեք Մոսկվայի «Նիկուլին» կամ «Զապաշնին» կրկեսները առանց կենդանիների. նման բան չի կարող լինել, մարդիկ չեն գա, մի քանի օր կգան և վերջ», – հարցազրույցում ասաց նա:

Այնուամենայնիվ, նա առիթը բաց չթողեց և ավելացրեց, որ կանեն այնպես, ինչպես ուզում է ժողովուրդը, իրենք կարող են աշխատել ինչպես կենդանիների հետ, այնպես էլ առանց կենդանիների: 

Լինա Մակարյան