Dalma News-ը ընթերցողին է ներկայացնում հայրենական և համաշխարհային գիտության զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցած խորհրդային գիտնականների մասին նյութերի շարք: Մեր նյութերի հերոսների գյուտերը, ուսումնասիրությունները և երկար տարիների քրտնաջան աշխատանքը մեկընդմիշտ փոխեցին աշխարհը և պատմության ընթացքը:

1907թ. աշտարակցի խաղողագործ Մարտիրոս Սիսակյանի ընտանիքում որդի ծնվեց. տղային Նորայր անվանեցին: Աճեցրած գրեթե ամբողջ խաղողից հայրը գինի էր ստանում, որի վաճառքից ընտանիքը չէր հարստանում, սակայն քաղցած էլ չէր մնում: Որդու օգնության կարիքը կար, բայց հորական այգում Նորայրը երկար չաշխատեց:

Տասնամյակներ անց Նորայր Սիսակյանը կդառնա ակադեմիկոս, նրա անունով լուսնային խառնարան կկոչվի, նրա հոբելյանին նվիրված գիտական սիմպոզիումներ կկազմակերպվեն, իսկ նրա ծննդյան հարյուրամյակը կավելացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2007 թվականի հիշարժան ամսաթվերի գրանցամատյանում: Եթե նույնիսկ ավագ դպրոցը ավարտում ես 21 տարեկանում, անհնար ոչինչ չկա, առավել ևս՝ Նորայր Սիսակյանի նման նպատակասլաց մարդու համար:

Նորայրը միջնակարգ դպրոց գնաց 16 տարեկանում` ընդհանրապես չկաշկանդվելով փոքր երեխաների հետ միասին սովորելուց. փոքրիկների կողքին թվում էր, որ նա սխալմամբ է հայտնվել դասարանում, որտեղ թվաբանության և կենսաբանության հիմունքներ էին սովորում: Տղան դպրոցական ծրագիրը ավարտեց չորս տարում, իսկ 1928թ.արդեն ուսանող էր Երևանում:

Այնուհետև, գործերն ավելի լավ գնացին. նրան գրավեց կենսաբանությունը, բացվեցին մինչ այդ անհայտ հորիզոններ կից ոլորտներում, և շուտով Նորայրը արդեն գտնվում էր Կ.Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում՝ Մոսկվայում: Այնուհետև ընդունվեց ասպիրանտուրա նորաբաց ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտ, որը այդ ոչ միանշանակ ժամանակների չափանիշներով շատ առաջադեմ էր. ինստիտուտը բացվել էր Սիսակյանի լավագույն ուսուցիչ, ակադեմիկոս Ալեքսեյ Բախի աջակցությամբ, իսկ Սիսակյանին վիճակված էր իր ամբողջ կյանքն աշխատել ինստիտուտում:

Նորայրը սկսեց կենսաքիմիական հետազոտություններով, այնուհետև դարձավ էնզիմոլոգիայի լաբորատորիայի վարիչ (ֆերմենտների կառուցվածքը, մեխանիզմները և մոլեկուլային կառուցվածքը ուսումնասիրող կենսաքիմիայի բաժնում), իսկ հետո` ինստիտուտի փոխտնօրեն:

Ժամանակակից կենսաքիմիան շատ բաներով է պարտական Նորայր Սիսակյանին, որը մշակել է մի շարք նոր ուղղություններ, որոնք իրենց ժամանակի համար երբեմն ֆանտաստիկ էին թվում: Նա դարձավ աշխարհում առաջին հետազոտողներից մեկը, որը մեծ ուշադրություն դարձրեց, օրինակ, ճառագայթման ազդեցությանը կենսաբանական նյութի և օրգանիզմների վրա. այս ոլորտում գիտական հետազոտությունների արդյունքները չափազանց կարևոր են և՛ տիեզերական, և՛ ռազմական ոլորտներում, նաև զուտ կենսաբանության և բժշկության համար: 

Բայց պատերազմը սկսվեց և տիեզերական մասշտաբի նախագծերը պետք էր որոշ ժամանակով հետաձգել՝ զինվելով գործիքներով, որոնք կարող էին լուծել ավելի հրատապ խնդիրներ: Այժմ Սիսակյանի «Նոու-հաու»-ները (չնայած այդ ժամանակ նման բառ չգիտեին) կարող են անկարևոր թվալ, սակայն ռազմական պայմաններում դրանք անգին էին և ունեին գործնական մեծ արժեք. օրինակ` նրա կողմից օպերատիվ կերպով մշակված` բանջարեղենի և կարտոֆիլի չորացման մեթոդը դրանց մեջ պարունակվող գրեթե բոլոր վիտամինների պահպանմամբ լայն կիրառում գտավ ոչ միայն խորհրդային բանակում:

Այս մշակումները, շատ այլ մշակումների հետ միասին, կենսաքիմիայի մի շարք նոր ուղղությունների հիմք հանդիսացան, որոնք իրենց ստեղծմամբ «պարտական» են Նորայր Սիսակյանին: Առանձնահատուկ ոգևորությամբ էր նա զարգացնում տիեզերական կենսաբանությունը՝ վստահ լինելով Տիեզերքում օրգանական աշխարհի և կյանքի որոնման (և այդ որոնման հաջողությունների) անհրաժեշտության մեջ. համոզված էր, որ այնտեղ, անկասկած, առնվազն միկրոօրգանիզմներ, պարզագույն ձևեր ունեցող օրգանիզմներ` սպորավորներ կան:

Այսպես դրվեց գրավիտացիոն կենսաբանության զարգացման, անկշռության ուսումնասիրության, և, որպես հետևանք, տիեզերագնացների ընտրության և վերապատրաստման գիտական սկզբունքների, փակ համակարգի էկոլոգիայի խնդրի, տիեզերագնացների կենսունակության ապահովման և անվտանգության գիտական հիմքը: Նա ոչ մի վայրկյան չկասկածեց, որ Գագարինի թռիչքը հաջողությամբ կավարտվի՝ համեստորեն հավատալով, որ ինքը ևս իր ներդրումն է ունեցել այդ հաջողության մեջ:

1960թ.Սիսակյանը դարձավ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, և 5 տարի անց, ելույթ ունենալով Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնգրեսում, հետևյալ խոսքերը ասաց.

«Մարսը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար: Դրա միջավայրը ամենամոտն է Երկրի պայմաններին. մեծապես հարմար է մարդու կենսագործունեության համակարգի ստեղծման համար: Մարսի մթնոլորտում հայտնաբերվել են ածխածնային միացություններ, իսկ ջրի առկայությունը կասկածի տակ անգամ չի դրվում: Բացի այդ, Մարսի վրա բացակայում է Երկրից աղտոտվածության հավանականությունը, այսինքն՝ կատարյալ պայմաններ ունենք ուսումնասիրելու կյանքի խնդիրը մեր մոլորակից դուրս»:

«Կյանքն իր բնույթով, էությամբ, հակասական և միաժամանակ լավատեսական երևույթ է», – ասաց Սիսակյանը նույն համագումարի ժամանակ: Սրանք տիեզերական կենսաբժշկության հիմքը դրած մարդու խոսքերն էին: Դրանից ընդամենը հինգ տարի առաջ, երբ Սիսակյանը դեռ նոր էր ակադեմիկոս դարձել, նա հսկայական պատասխանատվություն ստանձնեց՝ ուղղակիորեն ղեկավարելով տիեզերական թռիչք նախապատրաստող մի շարք փորձարկումներ:

Այս փորձերը կատարվում էին Գագարինի «Արևելք»-ի «ավագ եղբայրների»՝ Երկիր վերադարձվող արբանյակների վրա: Այդ ժամանակ նման գործունեությամբ եզակի մարդիկ էին զբաղվում. մարդուն տիեզերական թռիչքի նախապատրաստում, տիեզերագնացների ընտրություն և մարզում, թռիչքի ժամանակ և վերադառնալիս անվտանգություն և բժշկական վերահսկողության և նույնիսկ թռիչքի ընթացքում առավելագույն հարմարավետության ապահովում։ Այս ամենը նոր, բոլորովին չուսումնասիրված ոլորտ էր, և նման բեռ վերցնելու համար անսահման քաջություն էր պետք, և ոչ միայն գիտական: Ամեն բան, իհարկե, խիստ գաղտնի էր:

Այստեղ արժե ուշադրություն դարձնել, որ «հարմարավետության ապահովումը» դուրս է գալիս զուտ կենսաբանական առաջադրանքի սահմաններից՝ վերածվելով նաև յուրօրինակ «ինտերիերի դիզայնի» հանելուկի: Տիեզերանավի տարածքը նեղ է, և այնտեղ պետք է տեղադրվեն ժամանակակից չափանիշներով ծավալուն սարքավորումներ, բայց նաև պետք է ապահովել մարդու ազատ տեղաշարժը և հարմարավետության գոտին:

Այս դեպքում կա՛մ պետք է միացնել մաթեմատիկական տրամաբանությունը և տարածական երևակայությունը, կա՛մ հրաժարվել խնդրի լուծումից: Բացի այդ, չմոռանանք, որ մարդը պետք է կարողանա շնչել, և այդ հարցն էլ է պետք լուծել. եթե կարողացել ես այդ ամենն անել, ապա քեզ համար լավագույն պարգևը կլինեն Գագարինի խոսքերը թռիչքից հետո. «Շնչելը հեշտ էր»:

1960-ականների սկիզբը ցամաքային քաղաքակրթության պատմության մեջ մտավ որպես խորհրդային ղեկավարվող տիեզերագնացության հաղթական ժամանակաշրջան: Գագարինի և Տիտովի թռիչքները, Ա.Նիկոլաևի, Պ. Պոպովիչի, Վ. Տերեշկովայի առաջին խմբային թռիչքները տիեզերքը նվաճելու փայլուն փուլեր էին, և ակադեմիկոս Նորայր Սիսակյանը անմիջական կապ ուներ այս ամենի հետ: Բացի վերը թվարկված խնդիրներից, Սիսակյանը զբաղվել է նաև մարդու օրգանիզմին տարբեր տեսակի իոնացնող ճառագայթման հասցրած վնասի աստիճանը գնահատելով և գտել է ռիսկի նվազեցման ուղիներ. միայն այս թեմատիկայով մեկ տասնյակից ավելի հետազոտական լաբորատորիաներ բացվեցին:

Ակադեմիկոս Օլեգ Գազենկոն, որը ուս ուսի աշխատել էր Սիսակյանի հետ, պատմում էր, որ իր կոլեգան չէր սահմանափակվում տիեզերական թռիչքների միայն կենսաբանական և բժշկական կողմերով: Սիսակյանը ղեկավարում և անմիջականորեն մասնակցում էր մարդուն տիեզերական թռիչքի նախապատրաստման բազմաթիվ և բազմապլանային ծրագրերի մշակմանը, տիեզերագնացների թեկնածուների մրցակցային ընտրությանը և ուսուցմանը, թռիչքի ընթացքում անվտանգության և բժշկական վերահսկողության ապահովմանը, Երկիր վերադարձին, փրկելուն և նրանց առողջության հետագա հետազոտմանը:

Ցավոք, Նորայր Սիսակյանը քիչ ապրեց, սակայն շատ բան հացրեց անել. ԽՍՀՄ ԳԱ-ում ստեղծեց 14 լաբորատորիա, Պուշինոյում՝ կենսաբանական կենտրոն և Հայաստանում՝ հիդրոպոնիկայի խնդիրների ԳՀԻ: Նրան նվիրված նամականիշները և Աշտարակում գտնվող Սիսակյանի հուշարձանը հարգանքի տուրք դարձան մեծ գիտնականի հիշատակին:

Հիշատակի համար լավ կլիներ նաև փորձել հայկական գիտությանը վերադարձնել այն մակարդակը, որը ձեռք էր բերվել երեք-չորս տասնամյակ առաջ: Այսօր դա դեռ հնարավոր է:

Ռուբեն Գյուլմիսարյան 

 

Կարդացեք նաև.

«Բուրան» եզակի ուղեծրային տիեզերանավը. նախագիծ հայերի զգալի մասնակցությամբ

Իր ժամանակից առաջ ընկած Հովհաննես Ադամյանը. ոչ մի օր առանց գյուտերի, երաժշտության և կտավների