Ապրիլի վերջին Երևանի ավագանին հավանություն տվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկությանը` Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի հուշարձանը: ՀՀ արտգործնախարարությունը հաղորդել է, որ հուշարձանի տեղադրման բոլոր ծախսերը իր վրա է վերցնում հնդկական կողմը, և նույնիսկ դրա տեղադրման վայրը համաձայնեցված է հնդկական կողմի հետ: Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանին չօգնեց այն փաստը, որ հուշարձանը տեղադրվելու է ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում, այլ ծայրամասում. լուրը մեծ սկանդալ առաջացրեց, և այս որոշման շուրջ կրքերը մինչ այժմ չեն հանդարտվում:
Սոցցանցերի հայկական բաժիններում կրքերը թեժացան, ինչը հասկանալի է. դրանից ընդամենը մի քանի օր առաջ էր, որ ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք մատուցեց Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, իսկ Երևանի ավագանին իր համաձայնությունը տվեց մի մարդու հուշարձան կանգնեցնել, որը չի ճանաչել ցեղասպանության փաստը:
Այս օրերին շատերը հարց բարձրացրին` ինչպե՞ս եղավ, որ հասարակությունը, որոշ ժամանակ անց ուշքի գալով, հանկարծ սկսեց բողոքել և անգամ սպառնալ, որ հուշարձանը, նույնիսկ եթե այն տեղադրվի էլ, մեկ օր էլ չի մնա և կկոտրվի: Այլևս չենք խոսում այն մասին, որ գերատեսչությունը, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով, սկզբում համաձայնեց այս առաջարկի շուրջ քննարկում անցկացնել հնդկական կողմի հետ՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ, թեև հենց ամենասկզբից կարող էր վերջ դնել հարցին: Ակնհայտ է, որ այս հարցերը, ինչպես նաև “դավաճանության” մեղադրանքները ավագանու կողմ կքվեարկած անդամների հասցեին դեռ երկար ժամանակ կախված կմնան օդում:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանի խոսքով` հեշտ է պարզաբանել, թե ինչու լուրը ի սկզբանե պայթած ռումբի ազդեցություն չունեցավ. շատերը չգիտեն, որ Գանդին չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը և, ինչպես պարզվել է, նույնիսկ հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի մաս է հանդիսանում: Ավելին` Գանդին հայտարարել է, որ հենց Թուրքիան է Առաջին աշխարհամարտում տուժած երկիրը: Շատերին Գանդին հայտնի է առաջին հերթին որպես Բրիտանական կայսրությունից Հնդկաստանի անկախության համար պայքարող քաղաքական գործիչ: Եվ այն, որ Գանդին նման հայացքներ ուներ հայերի և Հայաստանի մասին, մեր հասարակության մեծամասնության համար բացահայտում դարձավ թեժ սկանդալի ֆոնին:
«Ուսումնասիրելով այս թեման՝ շատ հետաքրքիր հոդված կարդացի հնդկական անգլալեզու SWARAJYA կայքում, որում հեղինակները վերլուծում են Գանդիի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման պատճառները և Թուրքիային սատարելու նրա դրդապատճառները: Մեջբերում եմ հոդվածից մի հատված՝ հայերեն թարգմանությամբ. «Թե՛ Մահաթմա Գանդին, և թե՛ Հնդկաստանի ազգային կոնգրեսը կույր էին Օսմանյան կայսրության կողմից իրականացված էթնիկ զտումների հարցում: Փոխարենը Գանդին որոշեց դատապարտել «Առաջին աշխարհամարտի ավարտին անարդար վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ»: Գանդին և Հնդկաստանի ազգային կոնգրեսը երբեք հրապարակավ չեն ճանաչել ցեղասպանությունը. դա այն դեպքում, որ նույնիսկ Հիտլերը ճանաչեց այդ փաստը…»: Արդյունքում ես հանգեցի այն եզրակացության, որ նախքան Հայաստանում որևէ հուշարձան տեղադրելը, անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն նաև պատմաբաններ, և միայն նրանց համապատասխան եզրակացության հիման վրա կլուծվի այս կամ այն հուշարձանի տեղադրման հարցը», – նշել է Կոստանյանը Dalma News-ի հետ զրույցում:
Նա, իհարկե, շարունակեց, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև այսօր հաստատված բարեկամական հարաբերությունները ոչ մի կերպ կապված չեն և կախված չեն անցյալից, սակայն Մահաթմա Գանդիին այս բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ դարձնելը սկզբունքորեն սխալ է, ինչը պետք է հասկանա նախևառաջ Արտաքին գործերի նախարարությունը, իսկ հետո արդեն նրանք, ովքեր իրենց համաձայնությունը տվեցին մայրաքաղաքում հուշարձանի տեղադրմանը:
«Մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, և այդ հարաբերությունները պետք է շարունակեն ակտիվ կերպով զարգանալ բոլոր ՝ առևտրատնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում: Հայաստանը Հնդկաստանից գնում է որոշակի տեսակի զենքեր, ինչը կարևոր է մեր երկրի պաշտպանունակությունը ապահովելու համար, և եթե ուզում ենք ընդգծել մեր երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունները, կարող ենք, օրինակ, հայ-հնդկական բարեկամության հուշարձան կանգնեցնել, սակայն ոչ այն անձի հուշարձանը, որը հակասական կերպար է մեր պատմության տեսանկյունից», – շեշտեց Ծովինար Կոստանյանը:
Հայ ժողովրդի համար նման հակասական գործչի հուշարձանի տեղադրմանը դեմ են նաև «Դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության անդամները: Հիմնական փաստարկն այն է, թե ինչու՞ Մահաթմա Գանդին պետք է հուշարձան ունենա Երևանում, իսկ, օրինակ, պատմաբան և 1919թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վուդրո Վիլսոնը, որը այդքան ջանքեր գործադրեց Հայկական հարցի արդար լուծման համար, չունենա:
Հակափաստարկներ են բերում նաև պատմաբանները: Ըստ պատմաբան Գեորգի Մելքոնյանի` եթե նպատակը հայ-հնդկական հարաբերությունների խորացումն է, ինչը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, հուշարձանը կարելի է տեղադրել Երևանի արվարձաններից մեկում կամ տարածաշրջանի քաղաքներից մեկում:
«Ինչու՞ Գանդին: Հայ ժողովրդի համար նա այն դերակատարումը չունեցավ, ինչ Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Վուդրո Վիլսոնը և այլ օտարազգի գործիչներ, որոնք փրկեցին հազարավոր հայ որբերի, օգնեցին ամբողջ աշխարհում բարձրացնել Հայկական հարցը: Գանդին երբեք հայտնի չի եղել հայանպաստ գործունեությամբ: Նա եղել և մնում է Հնդկաստանի` Բրիտանիայից անկախանալու շարժման խորհրդանիշ: Ուստի կարծում եմ, որ երբ ունենանք իմ կողմից հիշատակված մարդկանց հուշարձանները, գուցե կկարողանանք մտածել նաև որոշ խորհրդանշական կերպարների մասին», – ասաց նա:
Միևնույն ժամանակ, Մելքոնյանը, չնվազեցնելով հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների կարևորությունը, հիշեցրեց, որ սկսած Շահամիր Շահամիրյանից` հայերը մեծ դեր ունեն Հնդկաստանի պատմության մեջ: Հայերի ներդրումը մեծ է նաև երկրի տնտեսության մեջ, սակայն այս երկրում հայերի հուշարձաններ չկան, մինչդեռ չկան հնդիկ գործիչներ, որոնք մեծ դեր կխաղային հայ ժողովրդի պատմության մեջ:
Սկանդալը շարունակում է թափ հավաքել. ակտիվիստները սպառնում են, որ եթե հուշարձանը տեղադրվի Երևանում, «ժողովրդական զայրույթն ու արդարությունը» անմիջապես կքանդեն այն: Երևանի ավագանին չի շտապում մեկնաբանել, մանավանդ, որ, ըստ էության, այն միայն «կանաչ լույս» է տվել տարածքը հատկացնելու և հուշարձանը տեղադրելու համար, մինչդեռ որոշման համար պատասխանատու է ՀՀ արտգործնախարարությունը: Եվ սա, կրկնում ենք` այն գերատեսչությունն է, որը չէր կարող տեղյակ չլինել Գանդիի հակահայկական գործունեության մասին, հատկապես` Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, որը կարևորագույն խնդիր է ՀՀ ԱԳՆ օրակարգում: Սպասենք հանգուցալուծմանը…
Լինա Մակարյան