© Sputnik / Aram Nersesyan

Սկսած այն պահից, ինչ կյանքը բաժանվեց փուլերի` «մինչ» կորոնավիրուսը և դրանից «հետո», գլխավորը աշխարհում դարձել են բժիշկները: Այնպես է ստացվել, որ ժամանակակից հասարակության շրջանում բժիշկների դերը որոշ չափով արժեզրկվել է՝ զիջելով նրանց մասնագիտության կարևորությունը այլ մասնագիտությունների: Սակայն կորոնավիրուսային հիվանդությունը ամեն բան իր տեղը գցեց՝ ընդծելով բժիշկների անգնահատելի աշխատանքի կարևորությունը:

Ինչպե՞ս են այսօր ապրում բուժաշխատողները, ինչպե՞ս են հաղթահարում աներևակայելի լարվածությունն ու սթրեսը, ինչի՞ մասին են նրանք երազում: Չնայած վերջին հարցը ամենահեշտն է, և բոլորն առանց բացառության տալիս են մեկ պատասխան` իրենց երազանքն է, որ ամեն բան շուտ ավարտվի և վերջապես կարողանան վերադառնալ տուն ու գրկել իրենց երեխաներին: Եվ սրանք պարզապես խոսքեր չեն, այլ դաժան իրականություն, քանի որ շատ բժիշկներ շաբաթներ և նույնիսկ ամիսներ շարունակ չեն տեսնում իրենց հարազատներին: Կան նաև այնպիսի բժիշկներ, որոնք Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքի հաստատման օրվանից տանը չեն եղել:

Dalma News-ի հետ զրույցում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր ռեանիմատոլոգ, իսկ մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել բժիշկներին, քանի որ սարսափելի ծանրաբեռնվածությանը, ֆիզիկական հոգնածությանը ավելացել են նաև հոգեբանական խնդիրներ` շատերը երկար ժամանակ չեն տեսել իրենց հարազատներին, զրկված են երեխաներին ու ծնողներին գրկելու ու համբուրելու հնարավորությունից, քանի որ «ճակատում» աշխատելու պատճառով հավանական է, որ նրանց համար վտանգ են հանդիսանում: Ըստ մեր զրուցակցի` ինֆեկցիոն հիվանդանոցում կան բժիշկներ և բուժքույրեր, որոնք տանը չեն եղել մարտ ամսից.

«Շատ դժվար է, սակայն գիտենք, որ մեզանից ոչ ոք իրավունք չունի վտանգել մեր ընտանիքի անդամներին: Մենք ամեն ժամ, ամեն րոպե շփվում ենք պացիենտների հետ, և վարակվելու հավանականությունը մեծ է», – ընդգծեց նա

Բայց բուժաշխատողներին, որոնց կյանքը կտրուկ փոխվել է վերջին երկու ամսվա ընթացքում, ավելի շատ անհանգստացնում է մեր քաղաքացիների անբարեխիղճ ու անլուրջ վերաբերմունքը կորոնավիրուսների տարածման սպառնալիքի հանդեպ: Գայանե Հովհաննիսյանը նշում է, որ այն փաստը, որ մեր քաղաքացիները սկսել են մատների արանքով նայել իրավիճակին, ուշադրություն չդարձնել սահմանափակումներին, ազատ տեղաշարժվել և իրենց այնպես պահել, կարծես սպառնալիքը վերացել է, ավելի շատ է ճնշում նրանց, որոնք ամեն օր և ամեն ժամ տեսնում են, որ սպառնալիքը չի վերացել, և կորոնավիրուսը շարունակում է կյանքեր խլել:

«Բացի այն, որ դա մեզ անձամբ է վնասում, արդյունքն արդեն ակնհայտ է` օրեցօր ավելանում է վարակակիրների թիվը, և վիրուսի նկատմամբ հաղթանակը օրեցօր հեռվանում է: Եվ ես ստիպված եմ կրկնել` մնացեք տանը ձեր և ձեր մտերիմների առողջության համար: Մնացեք տանը, որպեսզի մենք տուն գնանք: Միայն այս կերպ կմոտեցնեք այն օրը, երբ կկարողանանք վերադառնալ մեր ընտանիքների մոտ», – կոչ արեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր ռեանիմատոլոգը:

Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսը չի նահանջում, և ամեն օր Հայաստանում գրանցվում է վարակի 100 կամ ավելի դեպք, այնուամենայնիվ, բժիշկները վստահորեն հայտարարում են, որ այս հիվանդությունը դատավճիռ չէ, և փաստերը դրա վկայությունն են: Օրինակ՝ ապաքինվողների թվում մի պացիենտ կա, որը բառացիորեն քրոնիկ հիվանդությունների փունջ ունի՝ շաքարային դիաբետ, սրտի յոթ ստենտ և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, սակայն կարողացել է հաղթահարել թոքաբորբը և դուրս է գրվել հիվանդանոցից: Իսկ օրերս հիվանդանոցից տուն ուղեկցվեց մինչ օրս հաստատված ամենատարեց հիվանդը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը, որին հաջողվեց ապաքինվել:

Բժիշկների շրջանում ևս վարակակիրները քիչ չեն: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում ավելի քան 320 պացիենտ կամ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թվի 13%-ը կազմում են բուժաշխատողները: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծում է` հասկանալի է, որ չէինք կարողանա խուսափել դրանից, քանի որ ամբողջ աշխարհում աճում է բժիշկների շրջանում վարակվածների թիվը: Սակայն, բարեբախտաբար, վարակված բուժաշխատողների շրջանում մահվան դեպքեր չեն գրանցվել, ինչը մեծապես հնարավոր է եղել տարեց աշխատողների մեկուսացման շնորհիվ:

«Հայաստանում կորոնավիրուսային վարակի դեպքեր արձանագրվել են, երբ բուժաշխատողները եղել են առանց պաշտպանիչ միջոցների: Եղել են դեպքեր, երբ, օրինակ, հիվանդի հետ շփվելիս նրանք լիովին պաշտպանված են եղել, սակայն միմյանց հետ շփվելիս, համատեղ ճաշի ընթացքում, անպաշտպան են եղել, և հենց այդ ժամանակ է վարակը փոխանցվել», – ասաց նախարարը:

Ի դեպ, վարակված բուժաշխատողների թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել Վարդենիսի հայտնի դեպքի պատճառով. Վարդենիսում կորոնավիրուսով հիվանդ առաջին հիվանդը տեղական պոլիկլինիկայի բժիշկներից էր, ինչի արդյունքում վիրուս հայտնաբերվեց ոչ միայն այս բժշկական հաստատության մի շարք աշխատակիցների, այլ նաև Վարդենիսի հիվանդանոցի անձնակազմի շրջանում: Բայց այս շղթան հաջողվեց կանգնեցնել` մայիսի 5-ին հայտնի դարձան Վարդենիսի 140 բուժաշխատողների կորոնավիրուսի անալիզների արդյունքները: Հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների կրկնակի թեստավորման արդյունքները բացասական էին: Այսպիսով, տվյալ բժշկական հաստատությունները վերսկսեցին իրենց աշխատանքը բնականոն ռեժիմով՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային կանոնները: Իսկ մեկուսացված Վարդենիսը մուտքի և ելքի համար կբացվի 2020 թվականի մայիսի 7-ից:

Մայիսի 4-ից Հայաստանում մեղմացրել են կարանտինային միջոցառումները, չնայած վիճակագրությունն ամենևին չի տրամադրում դրանց մեղմացման: Այնուամենայնիվ, իշխանությունները գիտակցեցին, որ անհնար է անվերջ ապրել կարանտինային պայմաններում և, կարելի է ասել` ապագայի համար պատասխանատվությունը գործնականում թողեց քաղաքացիների և նրանց գիտակցության վրա: Տանից արդեն կարելի է դուրս գալ առանց համապատասխան թերթիկների, թույլատրվում է նստել սրճարաններում և ռեստորաններում (առայժմ միայն նրանցում, որտեղ կան բացօթյա տեղեր), վերսկսվել է մի շարք արտադրական ձեռնարկությունների, առևտրի, գեղեցկության սրահների գործունեությունը: Սակայն հարկ է հիշել, որ օրեցօր վարակի ավելի շատ նոր դեպքեր են գրանցվում, և սպառնալիքը չի վերացել: Եկեք փորձենք այնպես անել, որ բժիշկները անելիք չունենան և մեր պահվածքով մեղմենք սահմանափակումները, որոնք չարաբաստիկ կորոնավիրուսը մտցրել է վերջիններիս կյանքում:

 

Լինա Մակարյան