Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կորոնավիրուսի տարածման շրջանում բացառիկ մեծահոգություն են ցուցաբերում՝ ուժերի ներածին չափով օգնություն տրամադրելով: Մերձավորներին օգնության են շտապում երիտասարդ կամավորները, բլոգերները, գործարարները, միջին եկամտի տեր մարդիկ: Ոմանք աջակցում են սեփական կապիտալով, մյուսները՝ տրանսպորտային միջոցներով, մեկ ուրիշները՝ ոսկե ձեռքերով:
«Вести» հեռուստահաղորդման վերջերս թողարկած «Молодежка ОНФ в Астраханской области» («Աստրախանի մարզի Մոլոդյոժկա շարժում») սյուժեում շարժման համակարգող Արթուր Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են ինքն ու ընկերները կամավոր իրենց մեքենաներով տեղափոխում բուժաշխատողներին. «Գելենդվագեն»-իս վրա գրեցի, որ բժիշկներին իրենց տուն կտանեմ և նշեցի հեռախոսահամարս»:
Մտահաղացումն աշխատեց. Արթուրը և նրա ընկերները զգալիորեն հեշտացրին տեղի բժիշկների կյանքը, որոնք բավականին ժամանակ են ծախսում աշխատավայր հասնելու համար` հաճախ մի քանի փոխադրամիջոց փոխելով: Բուժքույր Նադեժդա Բոնդարենկոն, որի աշխատավայր ժամանելն ավելի հեշտացավ, չթաքցրեց իր հույզերը. «Այժմ հաճույքով ենք գնում աշխատանքի: Հանգիստ քնում ենք, արթնանում լավ տրամադրությամբ»: Կամավորները բժիշկներին ոչ միայն կլինիկաներ են տանում, այլ նաև տուն՝ խնայելով նրանք թանկարժեք ժամանակը, չէ՞ որ այդ ժամանակը կարող է ինչ-որ մեկի կյանք արժենալ: Ակցիան դառնում է համառուսական:
Իսկ ահա գործարար Վադիմ Մելքումովի` Մոսկվայում գտնվող իտալական ռեստորանը Կոմունարկայի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բուժանձնակազմին ապահովում է տաք ճաշատեսակներով: Որոշ բժիշկների հերթափոխը տևում է 24 ժամ, իսկ հիվանդանոցների աշխատակիցների համար երեքանգամյա սնունդ նախատեսված չէ:
«Մեր հաստատությունը օրական մեկ ճաշատեսակ է պատրաստում ընթրիքի համար` մակարոնեղեն, ռավիոլի, պիցցա կամ ինչ-որ տաք ուտեստ: Վերջերս ռուսական խոհանոցի ուտեստ` բեֆստրոգանով մատուցեցինք: Մեկ բաժինը միջին հաշվով 350 գրամ է: Սնունդը հիվանդանոց են հասցնում առաքիչները: Այնտեղ կամավորները այն վերցնում և փոխանցում են բժիշկներին» – պատմեց իտալական ռեստորանի կառավարիչ Ալեքսանդր Ռուսնակը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում:
Հասարակական սննդի այս օբյեկտը 35 բաժին է պատրաստում բժիշկների ընթրիքի համար, ինչը բիզնեսի տերերի համար արժենում է 7500 ռուբլի: Մելքումովի խոսքով՝ խոհարարները ամեն օր փորձում են հաճույք պատճառել բժիշկներին իտալական խոհանոցի որևէ նոր ուտեստով. «Ռեստորանի ինստագրամյան էջում բժիշկները շնորհակալություն են հայտնում մեզ, նրանց դուր են գալիս ուտեստները: Երատագիտություն են հայտնում նաև կամավորների միջոցով: Մենք մեր հերթին նախատեսում ենք աջակցել մինչև կարանտինի ավարտը, սա մեկօրյա գործողություն չէ»: Հետաքրքրական է, որ ըստ գործարարի` ռեստորանն այժմ որևէ եկամուտ չունի: Այնտեղ այժմ աշխատում են մեկ կամ երկու հոգի, և նույնիսկ առաքումն ավելի շուտ իրականացվում է մարտական ոգին պահելու համար: Մենք` հայերս, լավ գիտենք, թե ինչ է «դուխը»:
Գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը ևս անմասն չմնաց բարի մտադրություններից: Դեռ մարտի երկրորդ կեսին, երբ նոր տեսակի վարակի տարածումը նոր էր միայն թափ ստանում, ընկերությունները հայտարարեցին հիվանդանոց բացելու մասին կորոնավիրուսի վարակի կասկածով պացիենտների, ինչպես նաև նրանց համար, ում մոտ վարակը հաստատվել է
«Անցյալ դարի 50-ական թվականներին կառուցված և արդեն տեխնիկապես հնացած ծննդատան տեղում կառուցվեց մոտ 52 հազար քառակուսի մետր մակերեսով բժշկական կենտրոն», – նշված էր «Armenia Today»-ի հրապարակման մեջ
Հիվանդանոցը, որի դռները բացվեցին մարտի 23-ին, նախատեսված է 500 պացիենտի համար (2-3 հիվանդասենյակներով) և ունի հատուկ բոքսեր, որոնք կկանխեն վարակի տարածումը: Կլինիկայում աշխատում են 34 բժիշկներ՝ թերապևտներ և նեղ մասնագետներ: Լաբորատորիայում հնարավոր է օրական անցկացնել կորոնավիրուսի մինչև 500 հետազոտություն:
Սոչիի Բարսեղյան ընտանիքի մասին տեղեկությունները, որը սկսել է բժշկական դիմակներ պատրաստել, տարածվեցին գրեթե բոլոր լրատվական պորտալներում: Կարի մեքենայի մոտ է ոչ միայն ընտանիքի հայրը՝ Գեորգի Բարսեղյանը, այլ նաև նրա ծնողները՝ Հասմիկ Լևոնովնան և Համլետ Գեորգիևիչը, ինչպես նաև նրանց բարեկամուհի Լուսինեն: Իրենց տանը Բարսեղյաններն ամեն օր ձևում և կարում են վիրուսից պաշտպանվելու 250 միջոց: Կարում են ոչ թե վաճառքի, այլ բարեգործական նպատակներով` փոխանցում են կամավորներին և բուժաշխատողներին, որոնք խնամում են կարանտինում գտնվող պացիենտներին:
«Սոչիի կարի նախաձեռնության» հրապարակման մեկնաբանությունները միայն դրական են: Օգտատերերից մեկը` Ելենա Կոնդրատևան գրել է. «Ինձ այստեղ դուր եկան «արտադրություն կազմակերպել» բառերը: Թվում է, թե դիմակ կարելն աննշան գործ է, բայց միայն մասնագետների համար է այդպես: Ես` որպես ոչ պրոֆեսիոնալ, առաջին դիմակի վրա առնվազն 3 ժամ ծախսեցի, քանի որ կարելիս բազմաթիվ փոքր հնարքներ կան, որոնց չհետևելը զգալիորեն դանդաղեցնում է գործընթացը: Բարսեղյանների ընտանիքի պես արտադրություն կազմակերպելու համար նախ պետք է կարի տեխնոլոգիա մշակել, և միայն դրանից հետո ամեն ինչ լավ կընթանա: Ամեն դեպքում, նրանք շատ լավ և բարի մարդիկ են »:
Պարզվեց` ընտանիքի համար իսկապես դժվար է, քանի որ ոչ ոք չունի կարի մասնագիտական հմտություններ:
«Մեր ընտանիքը կարուձևի հետ կապ չունի: Հայրս մասնագիտությամբ խոհարար է, մայրս միշտ տնային տնտեսուհի է եղել, քույրս աշխատել է գեղեցկության սրահում, ես զոդող եմ: Երբեք չեմ սովորել կարել, ազատ ժամանակ երբեմն զբաղվել եմ դրանով ինքս ինձ համար: Երբ սկսեցինք դիմակներով զբաղվել, բոլոր ծանոթները զարմանում էին, զանգահարում և հարցնում, թե ինչ օգուտ ունենք դրանից: Օգուտ չունենք, մենք դա անում ենք բացարձակապես անվճար, պատահում է, որ ինքներս ենք ինչ-որ բան գնում, որպեսզի չարգելակենք գործընթացը: Այժմ ռեզինը վերջացել է, անցել ենք ժապավենաթելերին. գործերն ավելի դանդաղ են ընթանում: Կցանկանայինք դիմել բոլոր նրանց, ովքեր կարող են մեզ օգնել դիմակների ռեզիններով: Շատ երախտապարտ կլինենք», – ասաց Գեորգին «Кубанские новости»-ին տված հարցազրույցում:
Նա նաև ավելացրեց, որ ընտանիքն արդեն ունի կարի իր սխեման. «Սկզբում ձևում ենք ապագա դիմակները, կարում կտորները և հարթուկում արդեն պատրաստ արտադրանքը»: Կարի գործընթացը սկսում է ընտանիքի հայր Համլետ Գեորգիևիչը, ով կտրում է 20-ը 36 սանտիմետրի չափսի կտորները: Դրանից հետո գործի է անցնում Հասմիկ Լևոնովնան: Նա վերցնում է երկշերտ պատրաստուքը և հարթուկելով` ախտահանում:
«Վիրուսի և կարանտինային իրավիճակի հետ կապված բոլորս մնացել ենք տանը առանց աշխատանքի: Հեռուստատեսությամբ մի պատմություն տեսանք Հայաստանի մասին, որտեղ կարանտինում գտնվող ամուսինն ու կինը խնդրում էին օգնել իրենց դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ նյութերով, միևնույնն է` տանն են, գոնե ինչ-որ կերպ օգտակար կլինեն, դիմակներ կկարեն և կօգնեն մարդկանց: Դրանից հետո մայրս առաջարկեց, որ մենք ևս փորձենք, կարանտինը երկար է տևելու, իսկ մենք լավ գործ կանենք», – ասել է Գեորգին օրաթերթի հետ զրույցում: Ասացին ու արեցին: Քաղաքային իշխանությունները սոչիի բնակիչներին տրամադրել են բյազ, թելեր և բժշկական դիմակի մեկ նմուշ, որը Բարսեղյանները ուսումնասիրել են, վերցրել դրանց չափերը, այնուհետև սկսել են պատրաստել իրենց դիմակները:
«Ահա՛, սովորե՛ք: Չեն տրտնջում, այլ աշխատում են: Նման ժամանակ պարզ է դառնում, թե ով ով է», «Պետք է շնորհակալ լինել նման մեծատառով մարդկանցից և խոնարհվել նրանց առջև», – սոցիալական ցանցերի օգտագործողները այս և նման այլ մեկնաբանություններ գրեցին Սոչիի հայերի մասին, ինչը շատ է ուրախացնում:
Հպարտության ևս մեկ պատճառ կա` հայերի բարի գործերը հեռավոր արտերկրից: Ֆրանսիայում տեսախցիկները ֆիքսել են երկու երիտասարդների, որոնք անցորդներին պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ էին բաժանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Լրագրողի հետ հարցազրույցում նրանք չնշեցին իրենց անունները, միայն ասացին, որ ազգությամբ հայ են և դաստիարակվել են այնպես, որ պետք է օգնեն մարդկանց:
««Մենք` հայերս, այնպիսի ոգով ենք դաստիարակված, որ պետք է օգնենք մարդկանց», – նման արտահայտություն հնչեց նրանց շուրթերից», – հայտնեց «Русарминфо»-ն`հղում անելով աղբուրին:
Ոչ պակաս վեհանձն պահվածք դրսևորեցին Բարսելոնայի հայ տաքսիստները: «Այս դժվարին պահերին Բարսելոնայի հայկական համայնքի տաքսիստները առաջարկում են անվճար տեղափոխել բուժանձնակազմին», – ասվում է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների «Los Armenios»-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ: Էջում նաև հրապարակվել են վարորդների անունները և հեռախոսահամարները, որոնց միջոցով կարելի է կապվել նրանց հետ:
Այնուհանդերձ ֆորսմաժորային իրավիճակում մերձավորին օգնություն ցուցաբերելու ամենավառ օրինակներից մեկը դարձավ ակցիան, որը նախաձեռնեց և իրականացրեց հայկական ծագումով ռուսաստանցի երգիչ և վիդեոբլոգեր Դավիթ Մանուկյանը՝ երկրպագուներին հայտնի DAVA բեմական անունով: Չնայած բլոգերը տեսանյութը իր ալիքում տեղադրեց ապրիլի 1-ին, այն, ինչ տեղի էր ունենում տեսանյութում, ամենևին կատակ չէր: Դավիթն ու ընկերները խոշոր սուպերմարկետներից մեկում գնեցին մոտ 1 տոննա հնդկաձավար (864 տուփ ձավարեղեն մոտ 1 կգ քաշով), ինչպես նաև մեծ քանակությամբ զուգարանի թղթի գլանափաթեթներ: Միայն հնդկաձավարի համար բարերարն իր գրպանից ծախսեց մոտ 56 հազար ռուբլի (ավելի քան 700 դոլար): Ընդ որում, ակցիան նպատակ չէր հետապնդում YouTube ալիքով գովազդի միջոցով ծախսերի փոխհատուցում ստանալ: «Տեսանյութն առանց մոնետիզացիայի և գովազդային ինտեգրման է: Օգնել եմ ի սրտե: Շնորհակալ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռնեցիք», – գրել է DAVA-ն տեսանյութի նկարագրության մեջ:
Դատելով այն բանից, թե որքան ակտիվ և եռանդուն էր նա ընկերների հետ բաժանում հնկաձավարն և զուգարանի թղթերը, իսկապես երևում է, որ այդ ամենն ի սրտե էր արվում: Անցորդները, հաճախ չթաքցնելով զարմանքը, պատրաստակամորեն ձգվում էին վերցնելու դրանք: Տրոլեյբուսների և տաքսիստների որոշ վարորդներ նույնիսկ դուրս էին գալիս իրենց տրանսպորտային միջոցներից և ստանալով զուգարանի թղթի գլանափաթեթը և ձավարեղենի տուփը`շտապում էին իրենց սպասող ուղևորների մոտ: Այլ մոսկվայաբնակներին տղաներն իրենք էին մոտեցնում ապրանքը՝ առաջնահերթություն տալով տարեց մարդկանց: Տատիկների սայլակների մեջ մի քանի տուփ հնդկաձավար էին դնում: Տարեցներից մեկը հնդկաձավար խնդրեց թռչունների և շների համար. «Ես կերակրում եմ դրանց, որդիս: Շնորհակալ եմ»: Մյուսները խոստովանեցին. «Խանութ էինք գնում հենց հնդկաձավարի համար: Շատ շնորհակալ ենք»: Իսկ մյուսները տխուր, բայց կատակում էին. «Հաջողություն ձեզ: Ասե՛ք, վիրուս էլ չի՞ լինելու: Այլևս ոչինչ չե՞ք բաժանելու»:
«Հուզվեցի տեսանյութը դիտելիս: Ուկրաինայում նույն իրավիճակն է, ավելին`համաճարակի ամենաթեժ շրջանն է: Իսկապես շատ հուզիչ էր: Դավա, դու շատ գեղեցիկ ես», «Աստված այժմ երևի ուրախանում է, որ նման մարդ է ստեղծել», «Մինչև հոգուս խորքը հուզվեցի, ապրե՛ք, տղանե՛ր: Նայում էի ու հուզվում… հենց քեզ ու քո ընկերների նման մարդկանց շնորհիվ է աշխարհը կանգուն մնում», «Դավի՛թ, նայում եմ քեզ և հասկանում, թե որքան լավ մարդ ես: Դու հիանալի ամուսին և հայրիկ կլինես», – տեսանյութի մեկնաբանությունները մեկը մեկից հուզիչ են: Հրապարակման պահից ընդամենը 6 օրվա ընթացքում ակցիայի «Անվճար հնդկաձավար քեզ համար» տեսանյութը մոտ 450 հազար դիտում հավաքեց:
«Այս տեսանյութով չէի ցանկանում ցույց տալ, որ լավ մարդ եմ: Ես բլոգեր եմ և նկարահանում եմ այն ամենը, ինչ անում եմ: Իմ ամբողջ կյանքը ձեր առջև է, այնպես որ, չեմ ակնկալում գովասանքի խոսքեր: Ուղղակի դիտեք: Այս տեսահոլովակը ձեզ սեր նվիրելու և ուրախացնելու համար է միայն», – Դավիթ Մանուկյանն ամփոփեց օրը՝ արդեն գտնվելով «Մայրերի տանը», ուր տղաները հասցրեցին բարեգործական օգնության զգալի մասը:
Ավելի ուշ սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ բարեգործությունը պետք է մշտական բնույթ կրի, սակայն կարանտինային միջոցառումների խստացումը, կարծես, խանգարեց մտադրությանը: Այնուամենայնիվ, Մանուկյանի մեկանգամյա ակցիան հաջողություն գրանցեց: Դատելով արձագանքներից՝ շատերին պետք էր ոչ միայն հնդկաձավար, այլ նաև դրական էմոցիաներ և ուշադրություն: Պատահական չէ, որ հաջորդ «Անվճար հնդկաձավա՜ր» բացականչությանն ի պատասխան, մոտեցած աղջիկներից մեկը հնդկաձավարի փոխարեն պարզապես խնդրեց գրկախառնվել: «Կարելի՞ է անվճար գրկախառնվել», – կատակով հարցրեց նա: «Կարելի է», – հնչեց ի պատասխան: Տեսարանը շատերին տպավորեց, որովհետև այս դժվարին պահին համախմբվելը, գրկախառնվելը` թեկուզ մտավոր, և միասին, կողք կողքի լինելը ամենակարևորն է:
Իրինա Գրիգորյան