ՌԴ Պաշտպանության նախարարության երկու Իլ-76 ինքնաթիռները ապրիլի 7-ին վայրէջք կատարեցին Երևանում։ Ինքնաթիռները Երևան հասցրին ռուս ռազմական փորձագետների մի խումբ, ինչպես նաև ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ժամանակակից սարքավորումներ: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները՝ Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն, պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ չվերթի և երկկողմ համագործակցության շրջանակներում օժանդակության ցուցաբերելու շուրջ:

Շարժական լաբորատորիան Հայաստան բերվեց կորոնավիրուսի թեստավորման, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր մոդուլի ախտահանման համար: Լաբորատոր համալիրի հնարավորությունները թույլ են տալիս անալիզներ անցկացնել հնարավորինս արագ. պատասխանները պատրաստ են լինում 5 ժամվա ընթացքում: Իսկ դրա ճշգրտությունը կասկածից դուրս է` պոլիմերազային շղթայի ռեակցիայի շարժական մոդուլը (ՊՇՌ) 99% ճշգրտությամբ տալիս է կորոնավիրուսային վարակի անալիզների արդյունքները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են ռուսական շարժական լաբորատորիայի` կորոնավիրուսի հայտնաբերման աշխատանքներին:

Ինչպես նշել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, COVID-19-ի առկայությունը պարզելու համար ստուգվելու են թե՛ հայկական զորամասերի անձնակազմը, թե՛ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինված ուժերը: Առաքված վերջին մոդելի սարքավորումները արդեն սկսել են մարտական հերթապահությունը ռուսական բանակում և հասցրել են ցույց տալ իրենց լավագույն կողմերը մի շարք համաճարակների ժամանակ:

«Այս տեխնիկան ամենանորն է: Այն նաև օգտագործվում է կորոնավիրուսային վարակի վերացման համար Իտալիայում, Սերբիայում և այժմ այստեղ՝ Հայաստանում: Այն իրեն ցույց է տվել լավագույն կողմերից, օգտագործվել է վարակիչ հիվանդությունների բռնկման ժամանակ և մեծապես օգնել է դրանց վերացման գործում», – ժամանումից հետո ասել է միացյալ ջոկատի ավագ սպա, գնդապետ Ալեքսեյ Սուսլոպարովը, որը ղեկավարում է մասնագետների թիմը: 

Մասնագետների թվում են Ռուսաստանի առաջատար համաճարակաբաններ, որոնք գիտակներ են իրենց գործում և հսկայան փորձ ունեն: Հենց նրանք թեստավորումներ կանցկացնեն շարժական մոդուլում, որն, ի դեպ, նախատեսված է երեք հոգու համար և օպերատորների համար առավելագույն պաշտպանվածություն է ապահովում (վարակվելու վտանգը գրեթե ամբողջությամբ բացառված է):

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Նմուշառումները և շարժական համալիրի օգնությամբ դրանք լաբորատորիա հասցնելը կիրականացնեն տեղի մասնագետները: Ի դեպ, մեքենայում, որով լաբորատորիա կտեղափոխվեն COVID-19-ով վարակված լինելու մեջ կասկածվող նմուշառված անձինք, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` հատուկ ջերմաստիճանային ռեժիմ և այլն: Հենց նույն շարժական համալիրը կապահովի լաբորատորիայի ախտահանումը: Նախագծողները ամեն բան մանրամասն հաշվարկել են: Լաբորատոր մոդուլը այնպես է նախագծված, որ անհրաժեշտության դեպքում կարող է ավտոնոմ ռեժիմով ամբողջ 45 օր անդադար գործել`առանց որևէ արտաքին միջամտության: Դա նշանակում է, որ համալիրը կարող է գործել ցանկացած վայրում, ցանկացած եղանակային պայմաններում և ունենալ բավականաչափ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ռեակտիվներ, դեղամիջոցներ, այսինքն՝ այն ամենը, ինչը թույլ կտա անդադար աշխատել:

Արդեն ապրիլի 8-ի առավոտից ռուս ռազմական կենսաբանների մի խումբ սկսեց իր փորձով կիսվել հայ գործընկերների հետ: Հանդիպումն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում: Տեղի մասնագետները շատ արագ էին ըմբռնում ամեն բան: Իսկ ռուս գործընկերները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում նույնիսկ արտաժամյա աշխատել:

«Երբ քննարկվում էր աշխատանքային ժամերի գրաֆիկը, մեր ռուս հյուրերը հայտնեցին, որ սահմանված աշխատանքային ժամերից դուրս ևս անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել: Այնուամենայնիվ, լարված գրաֆիկի պայմաններում ներկա փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Համաճարակաբանական իրավիճակը մեր բանակի շարքերում ամբողջովին վերահսկելի է: Ընդամենը վեց մարդ ունենք վարակված: Վարակն առաջացավ շղթայական կերպով: Ինչպես հաղորդվում է, վիրուսը հայտնաբերվել է զինծառայողներից մեկի կնոջ մոտ և փոխանցվել է զինծառայողին: Հնարավորինս արագ հաջողվեց պարզել վարակված անձանց շրջանակը և մեկուսացնել վերջիններիս: Այնպես որ, ներկայիս սարքավորումների մատակարարումը ծանր իրավիճակով թելադրված հրատապ անհրաժեշտություն չէ, այլ կանխարգելիչ միջոցառում է վարակի հնարավոր տարածման դեպքում», – ընդգծել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Նրա խոսքով թեստավորման ընթացքում առաջնահերթությունը կտրվի արդեն վարակված զինծառայողների անալիզներին: «Նրանք իրենց լավ են զգում, ուստի կրկնակի թեստավորումը կօգնի հասկանալ՝ այս պահին նրանք առո՞ղջ են, թե՞ ոչ», – ավելացրեց Ստեփանյանը: Բացի այդ, վարակի առկայությունը պարզելու համար կթեստավորվեն նաև մեկուսացված զինծառայողները: Պարզ է, որ եթե շարքային քաղաքացիները կարող են բավական երկար մնալ կարանտինային պայմաններում, ապա զինվորները պետք է հնարավորինս արագ վերադառնան իրենց ծառայությանը: Թեստավորումը ծանրաբեռնված կլինիկաներում, իհարկե, ինչ-որ չափով ձգձգում է այս գործընթացը:

«Հետևաբար, ստեղծված հնարավորությունը (խոսքը վերաբերում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիայի` օրական 100 ՊՇՌ անալիզ անցկացնելու հնարավորությանը) թույլ կտա պատասխանները ստանալ հնարավորինս արագ` առանց ծառայությունն ընդհատելու», – շեշտեց զրուցակիցը:

Արդեն ապրիլի 9-ին՝ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի գնդապետ Ալեքսեյ Սուսլոպարովը հայտարարեց, որ կայանի տեղակայման պահից ի վեր 24 նմուշ է վերցվել: «Միաժամանակ թեստավորվում են ինչպես հայ, այնպես էլ ռուս զինծառայողներ», – նշել է նա: Թեստերի արդյունքների մասին դժվարացավ որևէ բան ասել, քանի որ ճեպազրույցի պահին դրանք դեռևս հայտնի չէին:

Պաշտպանության նախարարությունը խոստացավ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել հաջորդ շաբաթվա սկզբին: Այնուամենայնիվ, գլխավորն այժմ ակնհայտ է` ռուսական աջակցությունը հայկական զինված ուժերի շարքերում կորոնավիրուսի դեմ պայքարին աննախադեպ է:

Չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հարց բարձրացվեց` արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանի ծրագրերում հետագայում նման սարքավորումներ ձեռք բերելու մտադրություն կա: Հարցին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանը պատասխանեց. «Զինված ուժերի ղեկավարությունը միշտ էլ ձգտում է ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաներ»:

 

Իրինա Գրիգորյան