ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղ, որտեղ Վաչե Ռոստոմյանի անվան դպրոցում բացվել է Ռուսաց լեզվի կենտրոն, ինչպես նաև Ա.Ս. Գրիբոյեդովի անվան պուրակ:
Դեսպանը մասնակցեց հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացմանը և ծառատունկին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի ազատամարտիկներին նվիրված հուշարձանին:
Միջոցառմանը մասնակցեցին նաև Երևանի «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչները տնօրեն Սերգեյ Ռիբինսկիի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչները և այլք:
Ողջույնի խոսքում ՌԴ դեսպան Կոպիրկինը նշեց, որ կենտրոնը դպրոցի աշակերտների կյանքը պետք է հետաքրքրացնի և ավելի հագեցած դարձնի:
«Ես ուրախ եմ, որ սա տեղի է ունենում մի գյուղում, որը կրում է այնպիսի մարդու անուն, որը դրոշմված է մեր երկու ժողովուրդների պատմության մեջ, մարդու, ում անունը կապում է մեր ժողովուրդներին հարյուրամյակներ շարունակ: Այդպիսով մենք շարունակում ենք մեր բարեկամության, եղբայրության և փոխըմբռնման ավանդույթները», – նշեց դեսպանը` շնորհակալություն հայտնելով տեղական իշխանության ներկայացուցիչներին և ԱԺ պատգամավորներին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել այսօրվա տոնական միջոցառման կազմակերպմանը, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի ներկայացուցիչներին:
Արմավիրի մարզպետը իր հերթին նշեց, որ իրենք ծրագրում են հաջորդ տարվանից աշխատանքներ սկսել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող պուրակի բարեկարգման ուղղությամբ:
Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը թարգմանեց հայկական «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» ասացվածքը` հավելելով, որ ռուսերենը երբեք օտար լեզու չի եղել հայերի համար:
Միջոցառման պաշտոնական հատվածի ավարտին դպրոցի աշակերտները ելույթ ունեցան հյուրերի համար` արտասանելով բանաստեղծի հայտնի բանաստեղծությունները, ինչպես նաև Ա.Ս. Գրիբոյեդովի կենսագրությունից փաստեր ներկայացնելով:
Միջոցառումը նվիրված էր ռուս մեծ բանաստեղծ, դրամատուրգ և դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի ծննդյան 225-ամյակին:
Գոհար Իսախանյան