Հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ Թեթև արդյունաբերության ուսուցման և սպասարկման կենտրոնի բացումը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում: Այս նախաձեռնությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում հատկացվել է 2 միլիոն դոլար:
Կենտրոնի հիմնական նպատակն է՝ սովորեցնել և պատրաստել բարձրակարգ մասնագետների հայկական տեքստիլ և կոշկեղեն արտադրող ընկերությունների համար, ինչը կնպաստի ներքին և արտաքին շուկաներում հայկական արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը՝ ապրանքների որակի բարելավման և դրանց արտադրական ինքնարժեքի իջեցման միջոցով:
Հայաստանը ավանդաբար համարվել է ոլորտի առաջատար երկիր, որը խորհրդային տարիներին լավագույններից էր տեքստիլի և կոշկեղենի արդյունաբերության որակի տեսանկյունից: ՀԽՍՀ թեթև արդյունաբերության ոլորտում աշխատել է 120 հազար մարդ, իսկ հայկական ապրանքների որակի մասին համբավը տարածվել է եղբայրական հանրապետություններում:
Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո այս ոլորտները, ինչպես և մնացած ամեն ինչ, անկում ապրեցին, բոլոր գործարաններն ու արտադրամասերը փակվեցին, և միայն 21-րդ դարում՝ բիզնեսի ծաղկման և արտաքին դոնորների ու ներդրումների օգնությամբ, երկրում սկսեցին բացվել տեքստիլ և տրիկոտաժե արտադրանք արտադրող ձեռնարկություններ:
2010 թվականների սկզբին Հայաստանի կառավարությունը մտածում էր, թե ինչպես վերականգնել նախկին հաջողությունը: Հայաստանը դեռևս մտադրություն չուներ անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մշակվեց ռազմավարություն` Հայաստանում կոշկեղենի, ինչպես նաև տեքստիլ և տրիկոտաժի արտադրության զարգացման համար:
Փաստաթուղթը նախատեսում էր, որ տասը տարի հետո 15 հազար նոր աշխատատեղ կբացվի, բայց մինչ այժմ այդ փաստաթղթի մեծ մասը մնացել է թղթի վրա: Հայտնի չէ, թե ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե Հայաստանը 2015թ.-ին չանդամակցեր ԵԱՏՄ-ին՝ այդպիսով, կոպիտ ասած, ստանալով հրամանագիր՝ 180-միլիոնանոց շուկան սեփական տեքստիլով և կոշկեղենով ապահովելու համար: Դատելով պաշտոնական վիճակագրությունից՝ այս ոլորտում գործերը հաջող են ընթանում, թեև այս ոլորտը դեռ հեռու է 120 հազար աշխատատեղ ապահովելուց:
2018թ.-ին Հայաստանը դարձավ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման աճի բացարձակ առաջատարը: հայկական ապրանքների արտահանման զգալի աճն ապահովվել է, այդ թվում նաև տեքստիլի արտահանման միջոցով (100%-ով). անցյալ տարի Հայաստանը կրկնապատկել է տեքստիլ արտադրանքի և կոշիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ մինչև 153,1 միլիոն դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 2018թ.-ից սկսած, ընդհանուր առմամբ, Հայաստանից տեքստիլի և տեքստիլ արտադրանքի արտահանումը կազմել է 225 միլիոն դոլար՝ աճելով 65,4%-ով:
Այսպիսով, հայկական տեքստիլի արտահանման կեսից ավելին (68%) բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին: Եվ եթե 2014թ.-ին Հայաստանում հագուստի արտադրության ծավալի աճը կազմել էր ընդամենը 16,1%, ապա 2018 թվականի դեկտեմբերի տվյալներով, տեքստիլ արտադրության ծավալներն աճել են 35%-ից 43%-ով, և այս դրական միտումը շարունակվում է:
Վերադառնալով խորհրդային ժամանակաշրջանին՝ կցանկանայի պատմել մի իրական պատմություն, որը տեղի է ունեցել Հայաստանի քաղծառայողներից մեկի հետ: 70-ականների վերջին նրան գործուղեցին Լոնդոն և, բնականաբար, նա տուն վերադարձավ հուշանվերներով լեփ-լեցուն ճամպրուկով (որքանով որ թույլ էին տալիս այդ ժամանակները): Ի թիվս այլ բաների, գնել էր նաև տղամարդու գուլպա՝ երկու հատ: Եվ ինչպիսի զարմանք, երբ նրա կինը տանը հայտնաբերեց, որ գուլպաները հայկական ծագման են: Ցանկանում ենք հավատալ, որ մենզ էլ բախտ կվիճակվի հայրենական արտադրության հուշանվերներ և որակյալ ապրանքներ բերել արտասահմանյան գործուղումներից, որոնք տուն բերելով՝ հանկարծ կպարզենք, որ հայկական են:
Լինա Մակարյան