Տիտանիկի ողբերգական ճակատագիրը ծանոթ է բոլորին: Բայց քչերը գիտեն, որ ԽՍՀՄ-ը ևս ուներ իր Տիտանիկը՝ «Արմենիա» հնչեղ անունով: 1928թ.-ին Լենինգրադի Բալթյան գործարանում կառուցված ջերմանավը 1941թ. նոյեմբերի 7-ին խորտակվել է Ղրիմի ափերի մոտ գերմանական օդուժի ռմբակոծությունից՝ պաշարված Սևաստոպոլից Տուապսե ուղևորվելիս: Մինչ օրս նրա կործանումը համարվում է մարդկության պատմության մեջ ամենաառեղծվածային և սարսափելի աղետներից մեկը, որը մի քանի անգամ ավելի շատ կյանք է խլել, քան աշխարհահռչակ «Տիտանիկ» նավի խորտակումը:

Խորհրդային տարիներին հայտարարվել էր 5000 զոհի մասին, սակայն ժամանակակից պատմաբանները վստահ են, որ խոսքը վերաբերում է ավելի քան 7000 զոհերի: Թվի նմանօրինակ տարբերության պատճառն այն է, որ պատերազմի սկզբում «Արմենիա» նավը Օդեսայի նավահանգստում վերակահավորվել է սանիտարատրանսպորտային նավի, որի վրա տեղադրվել է միջազգային Կարմիր խաչի դրոշը. 1941 թվականի սեպտեմբերին նավն ուներ գործող վիրահատարան և 4 վիրակապարան՝ 11 սեղաններով: Իսկ նոյեմբերի 6-ին նավը դուրս եկավ Սևաստոպոլի նավահանգստից՝ տարհանելով մի շարք ռազմական հիվանդանոցների անձնակազմին և քաղաքի բնակիչներին: Մինչ այժմ, ճշգրիտ հայտնի չէ, թե այդ պահին քանի մարդ կար «Արմենիա»-յի վրա, այդ իսկ պատճառով կոչվում է մոտավոր թիվ՝ 4,5-10 հազար մարդ: Միայն ութին հաջողվեց փրկել: Օդանավում տեղակայված էին նաև արխիվներ, թանգարանային հավաքածուներ և առարկաներ…

Ավելի քան 50 տարի է, ինչ «Արմենիա» ջերմանավի խորտակման մասին փաստաթղթերը պահվում էին «Հույժ գաղտնի» դրոշմագրի ներքո, և այս ընթացքում նավը կամ ուղեբեռը բարձրացնելու ոչ մի փորձ չի արվել: 2006թ.-ին որոնողական աշխատանքներ սկսեց ամերիկացի հետազոտող Ռոբերտ Բալարդը, որը նախկինում կարողացել էր հայտնաբերել «Տիտանիկ»-ը, սակայն ապարդյուն` նա չկարողացավ գտնել նավի ճշգրիտ վայրը: 2019 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ հնագիտական արշավախումբը սկսում է գերմանական օդուժի կողմից 1941թ.-ին Ղրիմի ափերի մոտ խորտակված նավի որոնողական աշխատանքները: Հատակը կուսումնասիրվի շարժական հիդրոլոկացիոն համակարգի միջոցով, իսկ հայտնաբերված օբյեկտների բարձրացումը կիրականացվի հեռակառավարվող ստորջրյա սարքավորումների միջոցով: Բայց այս պահի դրությամբ այս հերթական արշավախմբի հաջողության մասին նորություններ չկան: «Արմենիա» նավի կործանումը դեռ մնում է մի առեղծված, որի պատասխանը թաքնված է Սև ծովի հատակին:

«Ծով դուրս գալով՝ նավը ռմբակոծվեց թշնամու օդուժի կողմից: Մի իսկական դժոխք սկսվեց: Պայթյուններ, խուճապ, մարդկանց ճիչեր. այս բոլորը միախառնվեց մի աննկարագրելի մղձավանջի մեջ: Մարդիկ վազում էին տախտակամածով՝ չհասկանալով, թե որտեղ են թաքնվեն կրակից: Ես ցատկեցի ծովը և լողացի դեպի ափ՝ կորցնելով գիտակցությունս: Նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես հայտնվեցի ափին», – պատմում է փրկված ութ ուղևորներից մեկը՝ Յալթայի բնակիչ Անաստասիա Պոպովան:

Մինչ դեռ «Արմենիա»-ն հայտնաբերված չէ, դժվար է դատել, թե արդյոք այդ վկայությունն իրական է, և թե որքանով ճշգրիտ է փոխանցում եղելությունը: Միևնույն ժամանակ, պատմաբանները առավել արժանահավատ են համարում այն վարկածը, որ նավը խորտակվել է գերմանական տորպեդակիր ռմբակոծիչի կողմից, բայց հարձակումը նպատակային չի եղել. ֆաշիստական օդաչուն փնտրում էր «Ղրիմ-Կովկաս» ուղեգծի վրա խորհրդային տրանսպորտային նավերից որևէ մեկը: Այսպիսով, «Արմենիա»-ն ընդամենը չորս րոպեում խորտակվեց…

Նախօրեին Յալթայում տեղի ունեցավ սգո երթ՝ նվիրված «Արմենիա»-յի խորտակման 78-ամյակին, իսկ հոգեհանգստյան արարողությունը տեղի ունեցավ Ռուս նորանահատակների և խոստովանիչների մատուռում: Յալթայի քաղաքապետ Իվան Իմգրունտի խոսքերով՝ հարգանքի տուրք մատուցելով մահացածներին, պետք է մտածել այսօրվա մասին, քանի որ խոսքերից բացի, այդ մարդկանց մասին որևէ այլ հիշողություն չկա:

 

Լինա Մակարյան