Dalma News– ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը՝ դերասանուհի, ռեժիսոր, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար: Սա մի մարդ է, որը երբեք չի հանձնվում, սիրում է հոգ տանել ուրիշների մասին և ժպիտով առաջ գնալ կյանքում, անկախ ամեն բանից: Նարինեի հետ շփվելուց հետո ևս մեկ անգամ գիտակցում ես, թե որքան գեղեցիկ է այս աշխարհը և որքան անհայտ բան կա դեռ, որը տեսնելու համար պետք է պարզապես ավելի ուշադիր լինել:

-Ձեր գիտելիքներով դուք կարող էիք դառնալ, ինչ կամենայիք: Ո՞ր պահին գիտակցեցիք, որ ցանկանում եք դերասանուհի դառնալ:

Մանկուց ի վեր հասկացել եմ, որ դերասանուհի եմ դառնալու: Բայց լիովին պատահական մուտք գործեցի թատրոնի աշխարհ: Մտածում էի դառնալ մաթեմատիկոս կամ միջազգային հարաբերությունների մասնագետ: Այսպես ասեմ. Ժամանակն ընթանում է երկու ուղղությամբ՝ ներկայիից դեպի ապագա և հակառակը՝ ապագայից դեպի ներկա: Այսինքն, եթե ինչ-որ բան քո մեջ կա, միևնույն է, դու վաղ թե ուշ կհասնես դրան: Դա տեղի է ունենում ենթագիտակցորեն: Դա կոչվում է ճակատագիր:

Նարինե Գրիգորյան

-Թատրոնին պե՞տք է խիստ կարգապահություն:

Թատրոնը սահմանափակում չի ճանաչում: Թատրոնը ազատություն է: Այն թռիչք է: Պետք է վայելես այն, ինչ անում ես: Չէ՞ որ մենք խաղում ենք: Ուրեմն, պետք է մասնագիտորեն խաղալ: Ամբողջ սրտով: Վերջում մնում է էներգիան…

-Ներկայացում, որից սկսվեց ձեր ստեղծագործական գործունեությունը:

Իմ դիպլոմային աշխատանքը: Ես տանը գաղտնի ներկայացում էի ստեղծում ինքս ինձ համար: Եվ երբ ինձ ասացին, որ դիպլոմային աշխատանքը պետք է լինի ներկայացում, ես որոշեցի ցույց տալ Ալեքսանդր Գրիգորյանին (հեղ.՝ խոհրդային և հայկական թատրոնի ռեժիսոր) այդ աշխատանքը: Ես մենակ էի խաղում: Բայց այդ ժամանակ ես շատ ամաչկոտ էի: Այնուամենայնիվ, հենց այս մոնոներկայացումից հետո, որը կոչվում էր «Հրեշտակի և դևի միջև», ինձ հրավիրեցին աշխատել «Համազգային» թատրոնում:

-Ի՞նչ են տալիս միջազգային փառատոնները մասնագիտական և անձնական առումով:

Ընդլայնում են մտահորիզոնը: Թատրոնը կա՛մ ժամանակակից է, կա՛մ մահացած: Նույնիսկ դասական դրամատուրգիան կարող է և պետք է մատուցվի նոր ձևով: Անհրաժեշտ է ժամանակակից հայացք բացահայտել ինքդ քո մեջ: Եվ այն բացահայտվում է միջազգային փառատոներում: Ներկայացումները դառնում են ավելի ինտերակտիվ: Անձնական մակարդակով նույնպես, հավանաբար, զգացել եք, որ այս ամեն ինչից հեռանալիս հոգին թեթևանում է, վստահություն եք ձեռք բերում: Սա շատ կարևոր է: Որովհետև թատրոնը մի երևույթ է, որը միշտ պետք է ապացուցել: Այսօրվա ներկայացումը կարող է լավը լինել, իսկ վաղվա՞նը:

-Վերջերս Դուք դարձաք «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այս իրադարձությունից հետո:

Հիմա ամեն ինչ կենտրոնացած է մի վայրում: Իմ ողջ օրն անցնում է այս թատրոնում: Բայց ես չեմ կորցնում կապը այլ թատրոնների հետ: Շատ սերտ կապեր ունեմ տիկնիկային թատրոնի հետ: Ընդհանրապես, ես կցանկանայի, որ թատրոնները շատ շփվեն միմյանց և, առհասարակ, աշխարհի հետ

-Որքա՞ն ժամանակ է պետք լավ ներկայացում բեմադրելու համար:

Դա կախված է նրանից, թե որքան արագ է այն հասունանում: Եթե նախկինում ներկայացում բեմադրելը կարող էր տևել 2 տարի, ապա այժմ այս գործընթացը արագացել է: Որովհետև դա է պահանջում ժամանակը: Օրինակ՝ կես տարվա ընթացքում մենք ունեցանք 4 պրեմիերային ներկայացում: Բայց դրանք որակյալ էին: Շատ բան կախված է ստեղծագործության ընտրությունից, թե ինչպես այն կընկալեն դերասանները:

-Նախապրեմիերային տրամադրություն: Ի՞նչ է այն ռեժիսորի համար:

Պրեմիերայից առաջ ես չեմ քնում, մտածում եմ, անհանգստանում եմ: Նույնիսկ եթե ապահովում ես լավագույն թիմի անդամներին՝ լավագույն դերասաններին, լավագույն սցենարիստներին և այլն, միևնույն է՝ չես կարող համոզված լինել, թե ինչպիսին կլինի ներկայացումը վերջում: Դա նման է ապուր խառնելուն, երբ այն դեռ չի դարձել ապուր, դեռ պատրաստ չէ: Այն օրը, երբ հեռուստադիտողը կտեսնի ներկայացումը, հնարավոր կլինի ասել, որ այն պատրաստ է: Եվ միայն այդ դեպքում պարզ կլինի՝ այն կսիրվի, թե ոչ:

-Դերասանուհի, ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, ուսուցիչ, մայր, կին… Այս բոլոր տիտղոսներով հանդերձ՝ ժամանակ ունենո՞ւմ եք հանգստանալու:

Ես այդպես էլ չսովորեցի հանգստանալ: Իմ դերասաններին նույնպես չեմ կարողանում սովորեցնել: Երկուշաբթի բոլոր թատրոնները փակ են: Բայց մենք ամեն օր գալիս ենք և խենթի պես ենք աշխատում: Եվ ոչ ոք չի բողոքում: Բայց ես հասկանում եմ, որ դա սխալ է: Պետք է սովորել հանգստանալ…

Ինչ-որ պահի հասկանում ես, որ ամեն ինչի համար ուժերդ չեն հերիքում, և ստիպված ես լինում հրաժարվել որոշ աշխատանքներից: Ես հրաժարվում եմ նրանից, ինչի ժամանակը ֆիզիկապես չունեմ: Ես հասկանում եմ, որ որպես դերասանուհի չեմ կարող հիմա այդքան շատ էներգիա տալ: Քանի որ դեր կերտելը մեծ արվեստ է: Իսկ արագ-արագ անել չեմ ուզում: Միգուցե այս ժամանակահատվածը նաև օգտակար լինի, քանի որ, ըստ երևույթին, ես որպես դերասանուհի, այժմ ես կուտակում եմ առանդս, որպեսզի հետագայում կարողանամ լավագույնս ներկայանալ:

-Իսկ ներկայացումները, որոնցում խաղում եք, ազդո՞ւմ են հոգեվիճակի վրա:

Իհարկե: Հիմնականում՝ այդ երկու ժամվա ընթացքում: Այնուհետև, ներկայացումից հետո ես շատ դանդաղ զգեստափոխվում եմ: Քանի որ այդ ժամանակն ինձ անհրաժեշտ է տվյալ վիճակից դուրս գալու համար: Իհարկե, ներկայացումը ազդում է: Բայց միշտ դեպի լավը: Դա չի մնում քո մեջ: Դա դառնում է թատրոն, արվեստ: Նույնիսկ եթե դա ինչ-որ չար բան է: Միևնույն է, դու դա հանում ես քեզանից և վերածում արվեստի: Մենք ապրում ենք այս աշխարհում, որպեսզի զարգանանք, դառնանք ավելի լավը: Թատրոնը օգնում է դրանում:

-Բազմաբնույթ դերասանը պետք է կարողանա…

Դուրս գալ իր կերպարից: Կարողանալ ճիշտ գնահատել իրավիճակը: Երբ խաղում ես, պետք է գնահատես՝ ինչպես է դա տեղի ունենում: Մասնագիտությունը այսպես թե այն պես ազդում է բնավորության վրա: Կյանքին նույնպես կողմնակի հայացքով ես նայում: Հասկանում ես, որ ամեն ինչ կանցնի: Այսօր այդպես է, իսկ վաղը ուրիշ կերպ կլինի: Ամեն դեպքում սա խաղ է, և այն կավարտվի: Եվ կյանքը նույնպես:

-Ինչո՞ւ եք սիրում թատրոնի ռեժիսորությունը:

Անասելի հաճույք է, երբ բեմում ստեղծում ես քո սեփական աշխարհը, քո հերոսներով, քո ռիթմով, քո գեղագիտությամբ, քո հեքիաթով… Դրանում, իրոք, մի վեհաշուք բան կա:

-Ռեժիսոր, ում հետ կցանկանայիք աշխատել:

Բոլորի հետ, ում հետ դեռ չեմ աշխատել: Օրինակ՝ Պիտեր Բրուքը:

-Գիրք, որը փոխեց Ձեր աշխարհայացքը:

Սերգեյ Լազարև՝ «Ապագայի մարդ»:

-Գիրք, որը խորհուրդ եք տալիս կարդալ նորաթուխ դերասաններին:

Միխայիլ Չեխով՝ «Դերասանի տեխնիկա»:

-Ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդկանց մեջ:

Հումորի զգացումը, անկեղծությունը, այն բանի հասկացողությունը, որ ամեն ինչ կախված է մեզանից և, իհարկե, սիրելու, իրապես սիրելու կարողությունը:

-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ձեր կյանքը…

Կյանքում մեզ միշտ սպասում են անակնկալներ: Ամեն ինչին պետք է պատրաստ լինել: Մյուս կողմից, պետք է միշտ արժանանալ երջանկության: ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱԼ ԴՐԱՆ: Այն ոչ ոքի հենց այնպես չի տրվում: Ամենատխուրն այն է, երբ ապրում ես կյանքն առանց զարգանալու՝ կորցնելով ինքդ քեզ:

-Ձեզ ոգեշնչում է…

Ամեն ինչ:

 

Զրուցեց Մարիանա Հակոբյանը