Հայաստանում ավարտվեց 2019 թվականի «Միջազգային բանակային խաղերի» (АРМИ-2019) շրջանակներում զինծառայողների ռազմական մասնագիտական ​​վարպետության «Խաղաղության մարտիկ» 11-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Հայաստանի հավաքականը, երկրորդ տեղը գրավեցին ռուսները, իսկ երրորդը` Ղազախստանի զինված ուժերը:

Բոլոր մրցումների արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի Զինված ուժերի թիմի ներկայացուցիչ, լեյտենանտ Միխայիլ Իվանովը: Հաղթողների շարքում երկրորդը հայ զինվոր էր՝ լեյտենանտ Հայկ Հակոբյանը: Առաջատար եռյակն ամփոփեց Իրանի ներկայացուցիչը՝ ավագ լեյտենանտ Մազիար Հեյդարին: Կանանց մեջ բացարձակ առաջատար դարձավ Արմինե Գրիգորյանը (Հայաստան), արծաթե մեդալը նվաճեց պայմանագրային զինծառայող, սերժանտ Լիլիա Դաուտովան (Ռուսաստան), իսկ Հունաստանի ներկայացուցիչ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Գեստիմանիս Կուտուզօղլուն գրավեց երրորդ տեղը:

Մրցույթի ամենադժվար փուլերն էին` «Մարզիկ» ռազմական-սպորտային մրցումը, մարտական ​​պատրաստության «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահար» մրցումները, «Էրուդիտ» ինտելեկտուալ փուլը և տաղանդի մրցույթը, որոնք հաղթահարեց 24 մասնակից, այդ թվում` զինվորներ, նավաստիներ, սերժանտներ, ավագներ և կրտսեր սպաներ, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հունաստանի և Իրանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ:

Ի դեպ, ավարտված մրցումները կարելի է համեմատել ամենախիստ քննության հետ, որից բոլորը փորձում էին «գերազանց» ստանալ. չէ՞ որ զինծառայողները ստիպված էին ցույց տալ ոչ միայն իրենց բոլոր մասնագիտական ​​հմտությունները, այլև ստեղծագործական ունակությունները: Նման խնդիրը, անշուշտ, հասանելի է լավագույններից լավագույններին, այդ իսկ պատճառով Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթին մասնակցելու էին եկել ազգային ընտրական փուլերի հաղթողները: 

Թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք դրսևորեցին մարտական ​​տոկունություն և մարտավարական վարպետություն, իսկ կանայք մրցույթի ընթացքում շատ քիչ էին զիջում տղամարդկանց: Չնայած, դիտարկելով ֆիզիկական պատրաստության մակարդակով և առաջադրանքների կատարման որակը, թվում էր, թե թույլ սեռի ներկայացուցիչներն ընդհանրապես ժյուրիի կողմից որևէ զիջման կարիք չունեն:

Դրա վառն օրինակն է թվացյալ փխրուն, բայց, միևնույն ժամանակ, կարգապահ և կամային սերժանտ Լիլիա Դաուտովան, որը դարձավ կանանց արծաթե մեդալակիրը: Նախկինում սամբոյի և ձյուդոյի սպորտի վարպետը խոստովանում է, որ նրան առաջ էին մղում ազարտը և հաղթելու կամքը. «Ես առաջին անգամը չէ, ինչ մասնակցում եմ այս խաղերին, սակայն առաջին տեղ երբեք չեմ գրավել, ինչը ինձ՝ որպես մարզիկի, խելագարության չափ սադրում է, և ես ուզում եմ վերջնակետ դնել այս հարցում», – իսկ նրա հաջողության գաղտնիքը շատ պարզ է. – «Այստեղ ամենակարևորը խուճապի չմտանվելն է և, միևնույն ժամանակ, չթուլանալն է, այսինքն՝ պահպանել մի հստակ ուղղություն՝ ​​հավասարակշռություն, որն, ըստ էության, անհրաժեշտ է նաև կյանքում»:

Ի տարբերություն Լիլիայի, մրցույթում նաև սկսնակներ կային, բայց փորձի բացակայությունը նրանց չէր խանգարում հավասար մրցել փորձառուների հետ: Օրինակ՝ ղազախստանցի եֆրեյտոր Մոլդիր Սաֆակովան ունի դանակ նետելու հիանալի հմտություններ: «Պրոֆեսիոնալ» փուլում վերջնագծի մոտ նա ռուս մրցակից Լիլիա Դաուտովայից ետ էր մնում ընդամենը 40 վայրկյան: Մոլդիրի ոգեշնչանքը հաջող ռազմական կարիերան է: Նա ասում է, որ «մանկության երազանքն իրեն մեծ ուժ է տալիս»: Եֆրեյտոր Սաֆակովան պատրաստվում է հաջորդ տարի ևս մասնակցել մրցույթներին՝ լավագույն արդյունք ցույցաբերելու նպատակով:

Ավելի արագ, ուժեղ և բարձր: Այս 3 հզոր բառերը կարմիր թելի պես ընկած էին այս մրցույթի հիմքում: Մրցույթի ընթացքը բարդացնում էր խոչընդոտների հաղթահարումը, որոնցով պարզապես հեղեղված էր մրցուղին: Ընդամենը մի քանի հարյուր մետր վազք, բայց այնքա՜ն խոչընդոտ: Այնուամենայնիվ, մրցակիցներից ոչ մեկը չընկրկեց դժվարության առջև:

Օրինակ՝ «Մարզիկ» ռազմական մարզական մրցումների շրջանակներում, ընկերական բանակների զինծառայողները մրցեցին լեռնային մրցուղու խոչընդոտների հաղթահարմամբ, նռնակների և սառը զենքերի ճշգրիտ, հեռու և արագ նետմամբ, Կալաշնիկովի ինքնաձիգից կրծքավանդակային և ամբողջական ֆիգուրներին կրակելով: Եվ այս բոլոր գործողությունները տեղի ունեցան բարձրադիր լեռներում՝ ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ Տավուշի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. արտասահմանյան մասնակիցների համար անծանոթ տեղանքը լրացուցիչ մարտահրավեր էր: Բայց, արի ու տես, որ նրանցից յուրաքանչյուրն անխտիր հաղթահարեց առաջադրանքը: Յուրաքանչյուրը դրսևորեց հիանալի տոկունություն և բարձր պրոֆեսիոնալիզմ, շեշտում են փորձառու հրամանատարները:

Թեմիրբեկ Խալիկով – Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտ

«Բանակային բոլոր խաղերից «Խաղաղության մարտիկը» համարվում է ամենադժվարներից մեկը, քանի որ այստեղ մարտական ​​պատրաստության տարբեր փուլեր կան՝ «Դիպուկահարը», «Պրոֆեսիոնալը»: Այստեղ մրցակիցները պետք է ապացուցեն, թե որ երկրի զինված ուժերն են ավելի լավ տիրապետում մարտական վարպետության արվեստին: Եվ մենք դա հասկանում ենք»:

Վյաչեսլավ Տարասով – մրցույթի դատավոր (ՌԴ)

«Թիմերը ցուցաբերեցին արժանի պատրաստականություն, բոլորը հանդես եկան բարձր մակարդակով, բոլորը ցույց տվեցին լավ արդյունքներ»:

Նարեկ Չալիկյան – մրցույթի դատավոր (Հայաստան)

«Խաղաղության մարտիկ» մրցույթը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում՝ միևնույն բազայում: Այս տարի մրցակիցները ցույց են տալիս ավելի լավ արդյունքներ, քան անցած տարի. մրցման ժամանակ բոլորը ցուցաբերում են զգալի կամային հատկանիշներ և հոգեբանական լուրջ պատրաստվածություն»:

Միևնույն ժամանակ, ըստ մրցույթի մասնակիցների և նրանց հրամանատարների, այստեղ մրցակցությունը կողք կողքի էր բարեկամության հետ: Միասին անցկացրած այս ժամանակահատվածում 6 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի, Իրանի, Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կարողացան ձևավորել մեծ ու ընկերական միջազգային թիմ, որտեղ բոլորը պատրաստ են միմյանց օգնության ձեռք մեկնել, եթե մարտական ​​առաջադրանքը լինի իրական, այլ ոչ թե ուսումնական: «Մարտական ​​եղբայրությունը հաղթանակեց», – նշում էին շատերը:

 

Լաուրա Դելի