Հայերը հատուկ դեր են խաղում Պյատիգորսկի կյանքի ու պատմության մեջ: Նրանց մասին առաջին անգամ հիշատակվել է հեռավոր 12-րդ դարում. հենց այն ժամանակ էր, «Հայկական անտառ» անունը կրող անտառակում կար մի փոքրիկ հայկական գյուղ` «Армянский Аул»: Հայերի ներգաղթի նոր ալիքը սկսվեց 18-րդ դարում և շարունակվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ինչի հետևանքով հայերը դարձան տարածաշրջանում երկրորդ մեծաքանակ ժողովուրդը՝ ռուսներից հետո: Պյատիգորսկում ամենուր կարելի է հայկական հետք գտնել:
Օրինակ, Պյատիգորսկի պետական համալսարանում արդեն մի քանի տարի է՝ գործում է Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը: Պարզապես այն, որ պետական համալսարանին կից գործում է նման կենտրոն, արդեն իսկ մեծ նվաճում է: Եվ ամենակարևորն այն է, որ Կենտրոն են հաճախում ոչ միայն հայ ուսանողներ, այլև ռուսներ և այլ ազգեր:
Վերջերս, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին, Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան-քննարկում, որի շրջանակներում քննարկվեցին համամարդկային բնույթի պատմական, բարոյական, էթիկական և հոգևոր հիմնախնդիրներ՝ հայ ժողովրդի վերապրած ողբերգության համատեքստում:
«Մենք պետք է իմանանք մեր պատմությունը, հարգենք մեր նախնիների հիշատակը, խոսենք ողբերգական իրադարձությունների և անցյալի սխալների մասին, որպեսզի նրանք չկրկնվեն ապագայում»՝ սա է միջոցառման հիմնական ուղերձը:
Կենտրոնը ստեղծվել է 11 տարի առաջ: Dalma News-ի հետ զրույցում Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Մարինա Ջագարյանը նշեց, որ իրենց նպատակն է՝ խթանել հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրումը Հյուսիսային Կովկասում, միջմշակութային կապեր հաստատել Հայաստանի ուսումնական հաստատությունների և Ռուսաստանում գործող նմանատիպ կենտրոնների հետ, ինչպես նաև ամրապնդել Ռուսաստանի հարավի և Հայաստանի միջև միջազգային հարաբերությունները և պատրաստել հայրենիքի պատմությանը և մշակույթին խորապես տիրապետող բարձրակարգ մասնագետների:
«Մեր գործունեությունը բազմակողմանի է, բայց, առաջին հերթին, այն ներառում է հայոց լեզվի դասերը, որոնք լիովին անվճար են բոլոր ցանկացողների համար: Այստեղ են ուսանողներ են գալիս թե՛ մեր բուհից և թե՛ այլ բուհերից. մեզ մոտ գալիս են ոչ ուսանողներ, որոնք պարզապես հետաքրքրված են հայոց լեզվով և մշակույթով»,- նշում է Ջագարյանը:
Կենտրոնը ակտիվորեն համագործակցում է Պյատիգորսկի հայ համայնքի հետ, որի շնորհիվ կենտրոնում հաճախ Հայաստանի հետ կապված տարբեր միջոցառումներ են անցկացվում:
«Մենք շատ մեծ աշխատանքային ծրագիր ունենք, հետևում ենք հայկական տոներին և փորձում ենք միջոցառումներ իրականացնել խոշոր և նշանակալից իրադարձությունների կապակցությամբ: Օրինակ, տարվա սկզբին կազմակերպեցինք Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում, որին հրավիրված էին ոչ միայն հայ համայնքի, այլև քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Հայաստանը մշտապես գտնվում է մեր գործունեության կենտրոնում», – նշում է Մարինա Ջագարյանը:
Հայոց լեզվի և մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը առկա է նաև այլազգի ուսանողների շրջանակում: Օրինակ, շատ ռուս ուսանողներ, նույնիսկ եթե չեն սովորում հայերեն, ապա հաճույքով ծանոթանում են հայ գրականությանը և պատմությանը, մասնակցում են տարբեր միջոցառումների, օգնում են կազմակերպչական հարցերով և նույնիսկ սովորում են բանաստեղծություններ` առանց լեզուն իմանալու: Մարինա Ջաղարյանի խոսքերով, սա միանգամայն նորմալ է՝ հաշվի առնելով, թե որքան հայ է ապրում Պյատիգորսկում, և որքան շատ է հայկական հետքը:
«Քանի որ մեր բուհում շատ են օտարերկրացի ուսանողները, նրանք հետաքրքրություն են ցուցաբերում նաև կենտրոնի գործունեությամբ. նրանք վերցնում են հայ գրողների գրքեր, հարցնում են, թե ինչ կարելի է ընթերցել, հետաքրքրվում են հայ ժողովրդի պատմությամբ, առցանց թարգմանչի օգնությամբ թարգմանում են բանաստեղծություններ և հոդվածներ: Օրինակ, վերջերս իմ իտալացի ուսանողուհին հարցրեց, թե ինչ գիրք կարելի է կարդալ հայկական մշակույթն ավելի լավ հասկանալու համար: Նրան նույնիսկ չի խանգառում այն փաստը, որ նման գրքերը շատ դժվար է գտնել իտալերեն լեզվով. նա ռուսերեն թարգմանությամբ գիրք է վերցրել և այժմ առցանց թարգմանչի օգնությամբ ծանոթանում է մեր մշակույթին: Հենց այն պահերին ենք գիտակցում, թե որքան անհրաժեշտ է մեր գործունեությունը և լիովին արդարացնում է առաջացող բոլոր դժվարությունները», – շեշտեց մեր զրուցակիցը:
Հայոց լեզվի կենտրոնի հարևանությամբ գործում է նաև Եբրայերենի և հրեական մշակույթի կենտրոն, իսկ շուտով Պյատիգորսկի պետական համալսարանին կից կբացվի Վրացերենի կենտրոն: Սակայն հայերը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Պյատիգորսկի պատմության և կյանքի մեջ` հանդիսանալով նրա անբաժան մասը: Բայց դա արդեն մեկ այլ պատմություն է…
Լիա Խոջոյան