Վերջերս Թբիլիսիում տեղի ունեցավ «Յար, արի Գյումրի» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է այդ գեղեցիկ քաղաքի մշակույթի, պատմության և Վրաստանի հետ կապերի մասին: Սա վրացի ռեժիսոր և սցենարիստ, թբիլիսյան «Ագորա Ջորջիա» հասարակական կազմակերպության տնօրեն Վիկտորյա Մակսոևայի արդեն վեցերորդ ֆիլմն է, որը պատմում է հայերի և վրացիների բարիդրացիական հարաբերությունների, ինչպես նաև մեր ժողովուրդների պատմության ու ավանդույթների մասին:
Dalma News-ի հետ զրույցում Վիկտորյա Մակսոևան նշել է, որ ֆիլմի պրեմիերան ավելի վաղ տեղի է ունեցել Գյումրիում, ինչպես նաև ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում և որոշ ռուսական ալիքներով:
Ինչպես է ամեն ինչ սկսվել
«Ֆիլմի նկարահանման գաղափարը լիովին անսպասելի ծագեց ինձ մոտ, քանի որ ես մեկ այլ ոլորտից կինո եմ եկել. ես եղել եմ մշակութային մենեջեր և կազմակերպել հայկական մշակույթին նվիրված միջոցառումներ: Ես արտահանում էի հայկական մշակույթը Վրաստան, որովհետև ես միշտ համարել եմ, որ Հայաստանի և Վրաստանի ժողովուրդները պետք է ավելի շատ բան իմանան միմյանց մասին: Ես կարծել եմ և կարծում եմ, որ այդ մշակութային դիվանագիտությունը կարող է լինել առավելագույնս արդյունավետ՝ հարևանների միջև ավանդաբար ամուր հարաբերությունների պահպանման համար:
Իմ առաջին ֆիլմը նվիրված էր Հայաստանում ապրող վրացիներին: Այս ֆիլմն իր էությամբ շատ հետաքրքիր էր, քանի որ հիմնված էր հայ-վրացական բարեկամության գաղափարի վրա: Ֆիլմը շատ լավ ընդունվեց թե՛ Հայաստանում և թե՛ հատկապես Վրաստանում, քանի որ մարդկանց հետաքրքիր էր իմանալ հարևան երկրում ապրող սփյուռքի մասին: Առաջին հաջողված փորձից հետո մենք որոշեցինք շարունակել նույն ոգով. ստեղծեցինք ստեղծագործական խումբ, որում ես հանդես եմ գալիս որպես ռեժիսոր և սցենարիստ, իսկ բեմադրող օպերատորը տաղանդավոր Գարիկ Աբելյանն է Հայաստանից»:
Երևան-Բաթում. բարեկամության ճանապարհ
«Սա մեր հաջորդ ֆիլմն էր: Չհաշված տուրիստական հատվածը՝ ասեմ, որ ֆիլմում մենք առաջին հերթին ներկայացրեցինք Բաթումը և Աջարիան հայերի համար: Ֆիլմի գլխավոր ուղերձն այն է, որ մեր ժողովուրդների միջև կապերն ամրանում են զբոսաշրջության միջոցով: Ֆիլմում ներկայացված է հայ-վրացական ընտանիք, որը ձևավորվել է այն բանից հետո, երբ հայ աղջիկը մեկնել էր ծով հանգստանալու, իսկ այժմ նրանց ընտանիքում մեծանում է մի հրաշալի բալիկ: Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված տոնական արարողությունների ժամանակ Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր «Երևան-Բաթում. բարեկամության ճանապարհ» ֆիլմի շնորհանդեսը»:
«Հոմերոս» մրցանակ` Լոռու մասին ֆիլմի համար
«Մեր հաջորդ ֆիլմը՝ «Հավերժության արտացոլումը», նվիրված է չնաշխարհիկ Լոռու մարզին: Ցավոք, մարզն այսօր այդքան էլ հայտնի չէ զբոսաշրջիկներին և տուրիստական վայր չէ, սակայն մենք փորձել ենք հետաքրքրություն առաջացնեն նրա նկատմամբ: Մենք ներկայացրել ենք լեգենդար անձանց` Սայաթ-Նովայի, Սերգեյ Փարաջանովի և այլոց մասին մի հետաքրքրաշարժ պատմություն: Ֆիլմում մենք ընդգծել ենք ոչ միայն ռուսական և վրացական, այլ նաև հունական հետքը Լոռու մարզում: Արդյունքում մեզ հրավիրեցին «Այցելություն մուսաներին» միջազգային ստեղծագործական փառատոնին (2017թ., Հունաստան), որտեղ ֆիլմն արժանացավ հատուկ «Հոմերոս» մրցանակին: Եվ դա մեզ համար մեծ նվաճում է»:
«Ես գնում եմ Երևան»
«Ես ունեմ վեց «երեխա»` վեց ֆիլմ, և ինչպես բոլոր ծնողներին, այդպես էլ ինձ բարդ է ասել, թե որին եմ ավելի շատ սիրում: Բայց միանշանակ դա «Ես գնում եմ Երևան» ֆիլմն է՝ սիրված «Միմինո» կատակերգության հիման վրա: Բացի դրանց, անհամեստություն չլինի նշել, որ այն ամենաստացվածն է: Ֆիլմը մրցանակի է արժանացել ռուսական «Золотой витязь» մրցանակաբաշխությանը (2018թ.), ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում, իսկ վերջերս ներառվել է «Северный характер» կինոփառատոնի (Մուրմանսկ, Ռուսաստան) անվանակարգերից մեկում: Մուրմանսկը ջերմորեն ողջունեց ֆիլմը, որն այնուհետև ցուցադրվեց տեղի հեռուստաալիքներով և հանդիսատեսի կողմից բուռն դրական արձագանքների արժանացավ: Արդյունքում որոշվեց մայիսին ուղարկել նկարահանող խումբը Երևան՝ արևի մայրաքաղաքի մասին ֆիլմ նկարահանելու համար: Կարծում եմ, սա իսկապես հաջողություն է»:
Վախթանգ Կիկաբիձեի նոստալգիան.
«Ես մի պահ անգամ չէի կասկածում, թե որ վայրը պետք է նկարահանել Երևանից հետո: Իհարկե՝ Գյումրին: Այսպես մենք նկարահանեցինք «Յար, արի Գյումրի» ֆիլմը: Իրականում ես հատուկ կապվածություն ունեմ այդ քաղաքի նկատմամբ. 1915 թվականին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո մեր ընտանիքը զրկվել է իր պատմական հայրենիքից, իսկ կին նախնիներիս մեծ մասը ստիպված է եղել փախչել թուրքերի հալածանքներից: Տատիկս հայտվել է Ալեքսանդրապոլի (Գյումրի) մանկատանը և միայն որոշ ժամանակ նրա զարմիկ Պարույր Սարգսյանը, որը օգնել է Ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի տեղափոխվել Թիֆլիս, գտել է տատիկիս և բերել Վրաստան, որտեղ շարունակվեց մեր ընտանիքի պատմությունը:
«Յար, արի Գյումրի» ֆիլմը, որի շնորհանդեսն առաջինը տեղի ունեցավ Գյումրիում՝ Սև բերդում, և վերջերս նաև՝ Թբիլիսիում, չի անդրադառնում հայոց պատմության ողբերգական էջերին. դա թեթև, զվարճալի ֆիլմ է: Ֆիլմի ստեղծման համար ես ոգեշնչվել եմ սրամիտ և կատակասեր Պոլոզ Մուկուչի պատմությամբ, որն ապրել է 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին: Պոլոզ Մուկուչի դերը խաղում է Էմիլ Գալստյանը, որն, ըստ սյուժեի, ծանոթանում է Գյումրի այցելած ռուս աղջիկների և ցույց է տալիս նրանց քաղաքը…
Ֆիլմում նկարահանվել է նաև շատերի կուռքը հանդիսացող Վախթանգ Կիկաբիձեն, ով կիսվում է իր ընկեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին հիշողություններով: Նա պատմում է ծիծաղաշարժ պատմություններ, որոնց անբաժանելի մասն է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը, մեզ միավորող մշակութային ավանդույթները: Եվ այս նոստալգիայի շնորհիվ ՝ ֆիլմն առանձնահատուկ ջերմ ստացվեց…
Լիա Խոջոյան