Մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբը՝ «Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) կուսակցության հետ համատեղ բարեգործական ակցիա է մեկնարկել: Դրա շրջանակում ակումբի և կուսակցության անդամներն այսօր այցելեցին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոց, որի առաջին դասարանի թվով 25 աշակերտներ ստացան նվերներ:
Երեխաները ստացան Հ.Թումանյանի հեքիաթների ժողովածուն և գրենական պիտույքներ:
«Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ, ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝ հոբելյանական թումանյանական ողջ տարվա ընթացքում իրենք ուշադրության կենտրոնում են պահելու հատկապես մարզային համայնքների դպրոցները, այցելելու են նաև հեռավոր գյուղեր և պարբերաբար նմանատիպ ակցիաներ են իրականացնելու.
«Կարծում ենք, որ երեխաները փոքր տարիքից պետք է ճանաչեն մեր ազգի մեծերին, և ով, եթե ոչ Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներով կարող է նրանց դեպի կյանք իրական ու անկեղծ ճանապարհ հարթել՝ կերտելով նրանցից ՀՀ արժանվույն քաղաքացվիների»,- նշեց նա:
Ղուկասյանի խոսքով, Նոր Կեսարիայից սկիզբ առած ակցիան առաջիկայում կիրականացվի Արմավիրի այլ համայնքներից մեկում ևս:
Ակցիայի կազմակերպիչները հանդիպում ունեցան միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Հակոբյանի հետ, քննարկվեցին թե՛ դպրոցի, թե՛ համայնքի խնդիրները: Որոշում կայացվեց մշտական կապ պահել դպրոցի տնօրինության հետ: