Եթե ամբողջ աշխարհում մարտի 8-ը կանանց տոնն է և գարնան սկզբի խորհրդանշանը, ապա Հայաստանում մարտի 8-ը ազդարարում է նաև գեղեցիկ սեռին նվիրված մեկամսյակի սկիզբը: Հայաստանում տարիներ շարունակ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը նվիրված է կանանց` տարատեսակ համերգային և ժամանցային ծրագրեր, առողջապահության ոլորտում հատուկ նախագծեր, նույնիսկ՝ կանանց նվիրված զեղչեր խանութներում:
Մի քանի տարի շարունակ «Զարգացում» և «Future Team» («Ապագայի թիմ») հասարակական շարժումները «Womenspire» նախաձեռնության շրջանակներում ավանդաբար շնորհավորում են հայուհիներին Կանանց միջազգային օրվա առիթով: Այս տարի շարժման ակտիվիստները նախաձեռնություն իրականացրեցին երևանյան ծննդատներից մեկում: Dalma News-ի հետ զրույցում «Զարգացում» շարժման նախագահ Վահան Եղիազարյանը նշեց, որ նախաձեռնության վայրի ընտրությունը պատահական չէր. այսպիսով որոշեցին ուշադրություն հրավիրել ժողովրդագրության խնդրին.
«Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդագրական հեղափոխություն, ինչի մասին վկայում են պաշտոնական վիճակագրությունն ու փաստերը: Այս տարի մենք շնորհավորեցինք մեր կանանց և երիտասարդ մայրերին ծննդատներում` մեկ անգամ ևս ընդգծելով նրանց բացառիկ կարևոր դերը մեր հասարակության համար»,- ասաց նա
Եղիազարյանի խոսքերով, մեր հասարակությունը շատ է կարևորում տղամարդկանց պարտքը Հայրենիքի նկատմամբ, մինչդեռ մեր ազգի համալրման և պահպանման գործում կանանց հատկանշական դերի մասին գրեթե չի խոսվում.
«2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո մենք հաճախ ենք լսում տնտեսական հեղափոխության հրատապ անհրաժեշտության մասին, որի իրականացման նպատակով մեր շարժումը նույնպես կկատարի իր համեստ ներդրումը, սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանում կա նաև ժողովրդագրական իրավիճակի արմատական փոփոխությունների անհրաժեշտություն: Ես խորապես համոզված եմ, որ մեր երկիրը ժողովրդագրական հեղափոխության կարիք ունի: Եվ այս գործընթացը մեր կանանցից և երիտասարդ մայրերից է կախված, որոնք հանդիսանում են հայ ընտանիքի և հասարակության հիմքը: Ահա թե ինչու այս հրաշալի տոնի առթիվ մենք մեր նախաձեռնության անցկացման վայր ընտրեցինք Հայաստանի առաջատար ծննդատներից մեկը՝ կարևորագույն ուղերձ ներդնելով շնորհավորանքի մեջ»,- նշեց մեր զրուցակիցը:
Նախաձեռնության շրջանակներում երիտասարդ ծննդկանները և ապագա մայրերը նվեր ստացան սպիտակ վարդեր՝ խորհրդանշելով մաքրությունը և կատարելությունը:
Այս տարի Womenspire նախաձեռնությունը համախմբել է աշխարհի ավելի քան 30 երկրների. ամեն տարի նախաձեռնության մասնակից երկրների թիվը աճում է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2017 թվականին՝ Երիտասարդների և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի ապագա մասնակիցների նախաձեռնությամբ: Հայաստանում նախաձեռնության տեղեկատվական գործընկերն է՝ Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ մարտի 8-ին, «Զարգացում» շարժումը միջոցառում է կազմակերպել Երևանի կենտրոնում, որի ընթացքում անցորդները ստացել են վարդեր և շնորհավորանքներ, ինչպես նաև տոնական տրամադրություն ողջ օրվա համար:
Լինա Մակարյան