Օպերային հարակից որոշ սրճարանների փակվելու մասին լուրերը տարածվել էին դեռ հունվար ամսին։ Նշվում էր, որ քաղաքային իշխանությունը սրճարանների փոխարեն ուզում է ստեղծել կանաչ գոտի, այսինքն՝ Օպերայի շրջակայքը պետք է իր հին տեսքին վերադառնա։ Քաղաքապետարանի այս որոշումը մեղմ ասած՝ միանշանակ չընդունվեց սրճարանատերերի ու աշխատակիցների կողմից։
Մարտի 12-ին քաղաքային իշխանության ներկայացուցիչները Օպերայի կենտրոնում էին՝ «Ատլանտիկ» և «Ջազզվե» սրճարանները ապամոնտաժելու նպատակով։ Սակայն սրճարանատերերն ու աշխատակիցները բաղոքի ակցիա արեցին ընդդեմ քաղաքապետարանի այս որոշմանը և պահանջեցին հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ինչը տեղի չունեցավ։ «Շոկոլադնիցա» սրճարանի մենեջեր Լաերթ Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ սրճարանի փակման պարագայում 60 աշխատող է աշխատանքից զրկվելու։
«Ինչքան մարդ է սոված մնում, լավ ես մենակ աշխատողներին չեմ ասում, բա մատակարարներն ինչ ասեն, մեզ արդեն մատակարարնեն են բողոքում, ասում են, որ դուք փակվեք, բա մե՞նք, այդ մարդիկ էլ են տուժվելու»։
Սրճարանատերերի բողոքը նաև պայմանավորված էր նրանով, որ պայմանագրերը լուծարվել են միակողմանի։ Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում էին, որ դրա իրավունքը քաղաքապետարանը ունեցել է։ Օրինակ՝ «Ջազզվե» սրճարանի պայմանագիրը մինչև 2028 թվականն էր։ Սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանի խոսքով, լավ կլիներ, եթե քաղաքապետրանը որոշ ժամանակ տար իրենց եղած խնդիրները կարգավորելու համար, և ոչ թե միանգամից փակեր։
Իսկ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ընդգծեց, որ սրճարանատերերին սրճարանները ապամոնտաժելու անհրաժեշտության մասին դեռ փետրվարի 13-ին են ծանուցել։ Նա հավելեց, որ ծրագիրը բացի կանաչապատումից ներառում է նաև այլ գործընթաց։
«Ամբողջ ծրագիրը ներառում է ոչ միայն կանաչապատումը, այլև հարակից ճարտարապետական ձևավորումը, և Օպերայի շինության գեղարվեստական լուսավորության թարմացումը և Օպերայի տանիքի վրայի անտենաների մաքրելու գործընթացը»:
Մարտի 12-ին ակցիայի մասնակիցներին հաջողվեց չթույլատրել ապամոնտաժել սրճարանները, քանի որ իրավիճակը առավել քան լարված էր և որպեսզի էլ ավելի չխորանա, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը որոշեցին, որ սրճարանների ներկայացուցիչները հանդիպում կունենան քաղաքապետարանում, քննարկելու խնդիրները, սակայն այդ հանդիպումից հետո Վիկտոր Մնացականյանը հայտնել էր, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել և քաղաքապետարանի որոշումը անփոփոխելի է՝ սրճարանները ապամոնտաժվելու են։
Արդեն մարտի 13-ին քաղաքապետարանը անցել էր գործի։ Ապամոնտաժման համար նախատեսված տեխնիկան Օպերայի կենտրոնում էր։ Մի կողմից ապամոնտաժումն էր արվում, մյուս կողմից էլ սրճարանատերերն ու աշխատակիցներն էին փակել Մաշտոց-Թումանյան խաչմերուկը, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների միջև բախում էր սկսվել։ Բերման էին ենթարկվել 41 անձ։ Ժամեր անց իրավիճակն ավելի էր սրվել, որի հետևանքով 2 ոստիկան և 1 քաղաքացի վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ ի սկզբանե չպիտի թույլատրվեր Օպերայի տարածքում սրճարանների կառուցումը։
«Օրենքի ուժով պիտի պարտադրվեր, որ Օպերայի տարածքում չլիներ կաֆե։ Այգու մեջ կառուցել են բետոնապատ կաֆեներ, գերշահույթ են ստանում, օգտագործում են մի քանի աշխատողների, մատուցողների, հավաքարարների, ուղղորդում են, բոլորս լավ հասկանում ենք՝ ինչ է կատարվում»,- ասել էր նա։
Մարտի 14-ի երեկոյան, քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ տեղի ունեցող գործընթացը 100%-ով համապատասխանում է օրենքին։ Նա նաև անդրադառնալով ցուցարարների այն դժգոհություններին, թե ոչ բոլոր սրճարաններն են փակվելու, նշել էր՝ գործընթացը լինելու է շարունակական, բայց փուլային։
Նշենք, որ գործընթացին հետևող քաղաքացիներից շատերն էին իրենց աջակցությունը հայտնում քաղաքապետին, շեշտելով, որ Երևանում կանաչ տարածքներ քիչ կան, բացի այդ Օպերայի տարածքում չպիտի լինեն զվարճանքի կենտրոններ։ Քաղաքապետարանի որոշմանը դեմ քաղաքացիներ նույնպես կային։ Նրանք էլ հակադարձում էին, թե քաղաքապետարանը մարդկանց աշխատանքով ապահովելու փոխարեն, զրկում է աշխատանքից։
Ի դեպ, բացի վերը նշված երկու սրճարաններից ապամոնտաժվելու են նաև «Շոկոլադնիցա», «Մոնտալ», «Ատմոսֆերա» և «Ռիչ» սրճարանները։ Հատկանշական է, որ «Ռիչը» ինքնակամ է ապամոնտաժել իր տարածքը։ Իսկ «Շոկոլադնիցա», «Մոնտալ» սրճարանների գործերը այս պահին դատարանում են և հայտնի չէ, թե երբ դրանք կապամոնտաժվեն, կամ ցուցե չապամոնտաժվեն։
Նշենք նաև, որ մարտի 16-ին քաղաքապետարանը քանդված սրճարանների տեղում սկսել էր բարեկարգման աշխատանքներ իրականացնել։
Լիկա Մովսիսյան