Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածը քննարկում է «բրազիլական կառնավալ» կոչվող գունագեղ շոուն, որի մի մասը նվիրված էր Հայաստանին: Հայաստանը իր ողջ հմայքով ներկայացավ բրազիլացիներին, ինչպես նաև հատուկ այդ անմոռանալի և գունագեղ շոուին մասնակցելու համար ժամանած հյուրերին: Պարային խմբերից մեկը «Սամբադրոմ» կոչվող մարզադաշտում ներկայացավ հայկական նախշերով զարդարված հագուստով և հայկական ազգային պարի տարրերով համեմված բեմադրությամբ: Հանդիսատեսին Հայաստանը ցուցադրվեց մի քանի դիտանկյունից՝ Աստվածաշնչի և Նոյյան տապանի առնչությունը Հայաստանին, պատերազմների ժամանակագրության համատեքստում հայերի պայքարը ազատության համար, Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի գյուտը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և հայերի նկատմամբ հալածանքների ողբերգական էջի ցուցադրումը: Կազմակերպիչները չեն մոռացել նաև մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Կառնավալի ողջ ընթացքում հնչում էր հատուկ այդ առիթով գրված «Viva Hayastan» երգը, որը գովերգում է Հայաստանի և Բրազիլիայի միջև բարեկամությունը, ինչպես նաև հայ ժողովրդին:
Հայաստանին նվիրված 65-րոպեանոց շոուն հեռարձակվել և մանրամասնորեն լուսաբանվել է աշխարհի 140 երկրներում՝ հատկապես Օսմանյան Կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության մասով: Սա նշանակում է, որ շոուն ոչ միայն զվարճալի և մշակութային բնույթ ուներ, այլ նաև՝ կարևոր քաղաքական, կրթական և նույնիսկ քարոզչական նշանակություն: Եվ հատկանշական է, որ Հայաստանն առաջին անգամ է այսքան ծավալուն և մանրամասն կերպով ներկայացվել կառնավալում:
Հանուն արդարության՝ հարկ է նշել, որ Հայաստանի եռագույնը և հայկական ոգին անակնկալ չէր կառնավալում: Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի հրավերով մեր երկիր են ժամանել Սան Պաուլոյի «Socieda de Rosas de Ouro» բրազիլական սամբայի դպրոցի ներկայացուցիչներ Անդրե Մաշադուն և Անժելինա Բազիլիուն, որոնք և նախաձեռնել են այս շոուն: Նրանք եկել էին Երևան` ծանոթանալու Հայաստանի մշակութային ավանդույթներին, հայկական աշխարհընկալման առանձնահատկություններին, որպեսզի ամենամյա կառնավալի ժամանակ այդ ամբողջը ներկայացնեն հանրությանը:
Չնայած այն բանին, որ հայկական թեմատիկան առաջին անգամ է լուսաբանվում ամենամյա շոուի ընթացքում, մեր հայրենակիցները երկար ժամանակ է, ինչ ապրում են Բրազիլիայում: Նրանց մեծ մասը 1915 թվականի ողբերգական իրադարձությունները վերապրածների հետնորդներն են: Հայ փախստականները հիմնականում բնակություն են հաստատել Սան Պաուլոյում և նրա արվարձաններում, որտեղ մինչ այսօր գործում են հայկական եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, և նույնիսկ «Հայաստան» անունով մետրոյի կայարան: Միահամուռ հայկական համայնքը հայկական այբուբենին նվիրված հուշարձան է կանգնեցրել Սան Պաուլոյի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում: Համայնքն անընդհատ աշխատանքներ է իրականացնում, որոնք ուղղված են այս հեռավոր օտար երկրում հայկականության ոգին վառ պահելուն:
Հայաստանի պատմությունը առաջին անգամ չէ, որ դառնում է նման գունագեղ շոուների հիմնական թեման: Օրինակ, անցյալ տարի Երևանում ներկայացվել է հայկական «Ախթամար» սիրային լեգենդի հիման վրա բեմադրված մեծ սառցե շոուն: Բեմադրությունը ներառվել էր լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի «KINGSONICE» սառցե շոուի նոր ծրագրում: Այն նվիրված է գեղեցկոհի Թամարի և նրա սիրո մասին հայտնի հայկական լեգենդին: Երևանյան բեմադրությունից հետո, շոուն ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում, իսկ այս տարի նրա աշխարհագրությունը զգալիորեն կընդլայնվի. այն առաջին անգամ կցուցադրվի ոչ միայն Ռուսաստանի այլ քաղաքներում, այլև Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Վարշավայում, Վերոնայում, Փարիզում և այլ քաղաքներում: Իսկ այս երաժշտական ստեղծագործությունը ներառող համաշխարհային շրջագայության ծրագիրը Պլյուշչենկոն կավարտի Մոսկվայում 2019 թ. վերջին:
Մենք վստահ ենք, որ հայաստանյան թեման դեռ շատ ու շատ անգամ կներկայացվի աշխարհի ամենահայտնի հարթակներում՝ շնորհիվ մեր հարուստ պատմության և բազմադարյա մշակույթի:
Լինա Մակարյան