Հայաստանի արդարադատության նախարարությունը նախագիծ է պատրաստել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մասին կառավարության որոշման մեջ փոփոխությունների վերաբերյալ, որը պարտադիր է դարձնում մանկական թիկնաթոռների (քարսիթների) օգտագործումը մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելու ժամանակ: Այս նորությունը հասարակությանը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ երեխաների առողջության և անվտանգության հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Ինչպես և ցանկացած նորարարություն, որն ի դեպ, ֆինանսական ծախսեր է պահանջում, այս նորությունը երկու մասի բաժանեց հայ հասարակությանը: Մեծամասնությունը (ի ուրախություն) այսպիսի նոու-հաուն ընդունեցին, որպես այդպիսին, քանի որ ՃՏՊ վիճակագրությունը լավ չէ, ինչպես և երթևեկությունը մեր փողոցներում: Սակայն, գտնվեցին նաև նրանք, ովքեր այսպիսի պարտադիր կանոնը (որը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ նախագիծը դեռևս գտնվում է հանրային քննարկումների փուլում) համարեցին ավելորդություն, որի նպատակը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնումը: Նրանք, ովքեր դեմ են, կարծում են, որ յուրաքանչյուր ծնող ինքը շատ լավ գիտի, թե ինչպես ապահովագրել սեփական երեխային և պարտադիր չէ, որպեսզի կառավարությունը խառնվի այդ գործընթացին: Հարցը հատկապես նրբանկատ է այն ընտանիքների համար, որտեղ երկու և ավելի երեխաներ են այդ տարիքի, ինչը նշանակում է ոչ միայն մի քանի «քարսիթների» գնում, այլև նոր, ավելի մեծ մեքենայի:
Հատկանշական է, որ արդարադատության նախարարը առաջարկում է 2006 թվականի կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ հատուկ թիկնաթոռների կիրառումը մինչև 7 տարեկան երեխաների թոխադրման համար պարտադիր է: Սակայն, ինչպես և շատ օրենքներ և կառավարության որոշումներ, այս նորմը ևս երկար տարիներ պարտադիր է եղել միայն թղթի վրա: Ընդ որում, մեր ճանապարհներին կարելի է հանդիպել շատ ծնողների, ովքեր արդեն չեն պատկերացնում երեխաների փոխադրումը մեքենաներով առանց հատուկ թիկնաթոռների, և նրանց թիվն ամեն օր աճում է:
Նրանք, ովքեր հաճախ են ճանապարհորդում, տեղյակ են, որ շատ արևմտյան երկրներում տաքսի պատվիրելիս օպերատորը ճշտում է երեխաների առկայությունը և նրանց թիվը, քանի որ մեքենան երեխաներին չի փոխադրի առանց «քարսիթների»: Դեռևս հասկանալի չէ, թե այս հարցն ինչպես է լուծվելու մեր պայմաններում, և տաքսիների բազմաթիվ վարորդներ արդեն պատրաստվում են արտահայտել իրենց բողոքը, եթե փոփոխությունների նախագիծը հաստատվի:
Եվս մեկ քննադատություն արդարադատության նախարարի հասցեին կապված է երեխաների տարիքային շեմի բարձրացման հետ: Շատ ծնողներ նշում են, որ բավականին դժվար կլինի թիկնաթոռ գտնել 12 տարեկան երեխայի համար՝ հաշվի առնելով նրա քաշը և հասակը: Չէ որ մի բան է, երբ երեխան 2, 4, 5 կամ 7 տարեկան է, և այլ բան է՝ 10-12 տարեկանը: Սակայն, այս հարցով հետաքրքրվողները միանգամից ինտերնետում գտան հատուկ թիկնաթոռներ այս տարիքի երեխաների համար, թեպետ դրանք դժվար է անվանել թիկնաթոռ՝ ընդամենը հատուկ սարքավորում է, առանց հենակի, սակայն առանձին անվտանգության գոտիներով ամրացման համար:
Ե՞րբ են ստեղծվել թիկնաթոռները երեխաների համար:
Իրականում փոխադրվող երեխաների անվտանգության մասին մտածում էին դեռևս 1930-ական թվականներին, իսկ առաջին մանկական ավտոթիկնաթոռը ստեղծվել է ԱՄՆ-ում: Ի սկզբանե այն ուներ առանձին թիկնաթոռի տեսք, որն ամրացվում էր մեքենայի հատակին: 1935 թ․ գարնանը «Modern Mechaniks» ամսագրում փոքր գրառում նկատվեց այս թեմայով: Իհարկե, այսօր այս սարքավորումը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան ստիպում է մտածել, որ այն հեռավոր տարիներին երեխաներն իսկապես անվտանգ էին փոխադրվում, սակայն հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ այն տարիներին մեքենաները չէին կարող մեծ արագություն զարգացնել, մեքենաներն էլ փողոցներում շատ ավելի քիչ էին: Այնուամենայնիվ, գյուտարարները շեշտը դնում էին այնպիսի սարքավորման ստեղծման վրա, որը կֆիքսի երեխային մեկ տեղում, որպեսզի նա պարզապես չտեղաշարժվի սրահով:
Գոտին, որը երեխային պահում է տեղում, թիկնաթոռի մոտ առաջացավ արդեն 1939 թ․: Իր փոքր որդու համար այդպիսի նստատեղ ստեղծեց Լեսթեր Բրեսսոնը (Տորրինգտոն, Կոննեկտիկուտ նահանգ): Սակայն, մանկական թիկնաթոռի նոր մոդելը, որը դարձավ ժամանակակիցի նախապատկերը, կառուցվեց պրոֆեսոր Բերտիլ Ալդմանի կողմից 1963 թ․: Թիկնաթոռը տեղադրվում է հենակով դեպի առաջ դիմացի նստարանին, այսինքն մեքենայի շարժմանը հակառակ: Հետագայում Ալդմանը ներգրավվեց Volvo ընկերության կողմից՝ երեխաների համար նոր թիկնաթոռ մշակելու գործընթացում: Իսկ նորույթն առաջին անգամ ներկայացվեց միջազգային ավտոցուցահանդեսին 1967 թ․:
Ո՞ր երկրներում է մանկական թիկնաթոռը պարտադիր:
Հայաստանը բոլորովին առաջին երկիրը չէ, որը փորձում է պարտադիր դարձնել այս թիկնաթոռների առկայությունը մեքենաներում: Այսպես, 2017 թ. Ռուսաստանում ուժի մեջ մտան ուղղումները Ճանապարհային երթևեկության կանոնների մեջ, որոնք կարգավորում են երեխաների փոխադրումը մեքենաներում, համաձայն որոնց երեխաները մինչև 7 տարեկան հասակը պետք է երթևեկեն միայն ավտոթիկնաթոռներում: Եվրոպական երկրներում այս հարցը շատ սուր է դրված, տուգանքներն էլ փոքր չեն. Ավստրիայում խախտման համար վարորդը կտուգանվի 35 եվրո, Բելգիայում՝ 50 եվրո, Գերմանիայում՝ սկսած 60 եվրոյից, իսկ Իսպանիայում՝ 200 եվրո: Հարևան երկրներում նույնպես գործում են տուգանքներ: Օրինակ, Ադրբեջանում Ճանապարհային ոստիկանությունը կտուգանի ավտոսեփականատերերին 60 մանաթ, եթե նրանք իրենց մեքենաներում մինչև 12 տարեկան երեխաներ փոխադրեն առանց ավտոթիկնաթոռի: Վրաստանում տուգանքը կկազմի 40 լարի:
Ի՞նչ է ասում վիճակագրությունը
Վիճակագրությունն այն մասին, թե Հայաստանում ՃՏՊ քանիսում և քանի մեքենաների մեջ է առկա եղել մանկական թիկնաթոռ, և քանի երեխաների է այն օգնել ողջ մնալ կամ ստանալ պակաս վտանգավոր վնասվածքներ, չկա: Սակայն, միանշանակ է, որ մանկական աթոռի առկայությունը նվազեցնում է մահվան ելքի վտանգը 70%: Համաձայն միջազգային վիճակագրությանը, ավտոթիկնաթոռների կիրառությունը նվազեցնում է երեխաների մահվան ռիսկը (մինչև 1 տարեկան հասակը) ուղևորային տրանսպորտային միջոցներում 71% և 54% նվազեցնում է փոքր տարիքի երեխաների (1-4 տարեկան հասակում) մահվան ռիսկը: Բացի այդ, մանկական թիկնաթոռի կիրառումը մեքենայում նվազեցնում է լուրջ վնասվածքներ ստանալու ռիսկը 4-8 տարեկան երեխաների մոտ 45%, համեմատած միայն անվտանգության գոտու կիրառման հետ:
Այսպիսով, ստացվում է, որ մանկական թիկնաթոռների կիրառումը անկասկած առավելություն է, որը վերաբերում է ցանկացած մարդու համար ամենաթանկին՝ սեփական երեխայի կյանքին և առողջությանը: Իհարկե, մանկական թիկնաթոռը չի կարելի համարել ամենաէժանագին հաճույքը, գները սկսվում են 100$ և ավելին, սակայն մյուս կողմից, արդյո՞ք դա այդքան շատ է, եթե մի վայրկյանով պատկերացնենք, թե ինչպիսի ողբերգությունից այն կարող է փրկել:
Լինա Մակարյան