Անցնող տարին լի էր կարևոր, ճակատագրական բովանդակությամբ մեր ժողովրդի համար: Հայաստանում փոխվեց իշխանությունը, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ և ես հուսով եմ, դրանով կավարտվի հեղափոխության փուլը հայ իրականության մեջ, իսկ մենք մտնում ենք էվոլյուցիոն ակտիվ զարգացման շրջան: Այդ մասին Dalma News-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
– Պարոն Սաֆարյան, ըստ ավանդույթի Նոր տարվա նախօրեին ընդունված է ամփոփել անցնող տարվա արդյունքները: Մասնավորապես, կցանկանայինք ամփոփել Հայաստանի` ԵԱՏՄ կազմում գտնվելու չորս տարիների արդյունքները:
– Ամփոփելով այդ չորս տարիները Եվրասիական տնտեսական միությունում, կցանկանաի արձանագրել, որ ընդհանուր առմամբ այդ տարիները հաջողակ, բերքառատ էին մեր երկրի համար, և մենք ունենք դրական արդյունքներ: Եվ դրանք ոչ միայն հիմնավորում են երկրի հետագա կառուցողական մասնակցության անհրաժեշտությունը եվրասիական ինտեգրման գործընթացում, այլև անհրաժեշտությունը` մշակելու նոր քաղաքական, տնտեսական, քաղաքակակիրթ մոտեցումներ այդ գործընթացին, նոր գաղափարների վերարտադրմանը, մեծ նախագծերի ստեղծմանը, որոնք կարող են հաջողություն բերել երկրին: Մեր տնտեսագետները, իհարկե ապացուցել են, որ ԵԱՏՄ մտնելու որոշման ընդունումը ճիշտ էր թեկուզ և նրանով, որ այդ 4 տարիների ընթացքում տնտեսության աճը, և մասնավորապես՝ Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանումների աճը եվրասիական շուկա ավելացել է այնքան, որ մեզ հնարավորություն է տվել մտածելու մեծ նախագծերի մասին, որոնք իրապես կարող են ավելացնել մեր ՀՆԱ-ն: Եթե միտումները, որոնք նկատվում էին վերջին երեք տարիների ընթացքում, շարունակություն ունենան, ապա Հայաստանում մենք կկարողանանք այնպիսի տնտեսական նախագծեր մշակել և իրականացնել, որոնք ընդունակ են տեսանելի հեռանկարներով Հայաստանը դուրս բերել աղքատ երկրների շարքից դեպի զարգացող երկրներ: Եկել է ժամանակը, և մենք անցնում ենք հենց դրան, մշակելու ոչ միայն ռազմավարական մոտեցումներ եվրասիական ինտեգրացիոն գործընթացում մեր տեղի և դերի հիմնավորման հանդեպ, այլև կոնկրետ նախագծեր տնտեսության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, գյուղատնտեսության ոլորտներում, որպեսզի լուրջ հնարավորություններ ստեղծենք արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար մեր տնտեսության բուռն զարգացող ոլորտներ:
– Վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին դրական սպասումներ էին հնչում դեպի Հայաստան արտասահմանյան ներդրումների ներհոսքի մասին, սակայն, դեռևս թվում է, որ կառավարությունը գովաբանելու ոչինչ չունի:
– Եվ դա հասկանալի է: Ներդրումների ներգրավումը շատ բարդ է, ասյօր ոչ ոք հենց այնպես գումար չի ներդնում որևէ տեղ: Մենք շատ ենք խոսում ներդրումների մասին, սակայն մենք հասկանում ենք, որ այստեղ դժվարություններ կան և պետք չէ միջոցների մեծ հոսքի սպասել որևէ տեղից, և այդ պատճառով կոնկրետ, գրավիչ նախագծերի ստեղծումը մեր տնտեսության տարբեր ոլորտներում հանդես է գալիս որպես շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք
– Եվ ո՞վ պետք է դա անի:
– Օրինակ՝ մենք: Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբը 2019 թվականի սկզբին զբաղվելու է հանրապետության տնտեսական դրության վերլուծությամբ` ԵԱՏՄ-ին դրա անդամակցության համատեքստում, և արդեն փետրվարին մենք կներկայացնենք այդ աշխատանքի արդյունքները: Խոսքը ոչ միայն այն մասին է, որ մենք կամփոփենք տնտեսական և քաղաքական տարին, այլև որոշակի կանխատեսումներ կբարձրաձայնենք: Իսկ վերջին տարիները ցույց են տվել, որ հայկական և արտասահմանյան ԶԼՄ-ները և փորձագիտական հանրությունը լսում են մեզ, քանի որ մեր կանխատեսումներն իրականանում են:
– Պարոն Սաֆարյան, ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, սակայն դրանում առաջնային դերերից մեկը խաղում է քաղաքականությունը: Ինչպե՞ս երկրի քաղաքական փոփոխություններն արտացոլվեցին Հայաստանի տնտեսական գործերի վրա:
– Երբ ես խոսում էի այն մասին, որ քաղաքական տարին չափազանց հագեցած էր, հարուստ էր տարբեր իրադարձություններով, ես նկատի ունեի այն, որ հույս ունենք, որ քաղաքական իրադարձությունները կազդեն նաև Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա առկա է, սակայն միտինգների ալիքով իշխանության եկած կառավարությունը պետք է հասկանա, որ այժմ հարկավոր է բոլորովին այլ կարգի, երբեմն նաև նրբագույն ջանքեր գործադրել` տարբեր ուղղություններով առաջընթացի համար, այդ թվում նաև Ռուսաստանի և ԵԱՏՄ ուղղություններով: Ընդ որում, անշուշտ, հաշվի առնելով, որ մեր ազգային շահերը ոչ միայն չպետք է տուժեն, այլև մենք պետք է լրացուցիչ բոնուսներ, սպասումներ և շահեր ստանանք:
Մենք արձանագրում ենք, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը հնարավորություն է ստացել լրջորեն զարգացնել իր տնտեսությունը, հատկապես վերականգնել և զարգացնել այն ուղղությունները, որոնք պահանջված են միայն ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև լրջորեն մտածել տնտեսության նոր ոլորտների զարգացման մասին, օրինակ զբոսաշրջության: Հայ ժողովուրդը, ինչպես և ցանկացած այլ ժողովուրդ, արդարություն, ճշմարտություն, բարեկեցություն է ցանկանում, սակայն մեր դեպքում այն նաև ցանկանում է նյութական հարստությունների արդար վերաբաշխում, բարեկեցության և ծաղկման աճի ավելացում: Եվ դա բարձր խոսքեր չեն, այլ բավականին իրական հեռանկար, և իշխանությունները պետք է հասկանալով մոտենան դրան և իրենց քաղաքականությունը կառուցեն այնպես, որպեսզի բաց չթողնեն այդ սպասումների` կյանքի կոչվելու իրական հնարավորությունները:
– Այնուամենայնիվ, նոր կառավարությունը դեռևս չի հրապարակել իր տնտեսական ծրագիրը:
– Այո, և մենք շատ ենք սպասում դրան, քանի որ միայն այդ փաստաթուղթը ունենալով ձեռքերի մեջ, կարելի է ավելի հստակ հասկանալ, թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում կյանքի կոչել այդ կարևորագույն հարցերը և ու՞մ օգնությամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ քաղաքական մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարել է այն մասին, որ չի ցանկանում կտրուկ փոփոխություններ լինեն արտաքին քաղաքականությունում, և անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ: Մենք շատ կարևոր ենք համարում մեր քաղաքականության ելքային վեկտորի պահպանումը` Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ և ՀԱՊԿ գործընկերների հետ հարաբերությունները: Բամբասանքները բամբասանքներով, տարաձայնությունները տարաձայնություններով, սակայն մենք պետք է հասկանանք և տարբերենք առաջնայինը երկրորդայինից և պետք է հասկանանք, որ եթե մեր առավելագույն տնտեսական սպասումները կապված են Հայաստանի զարգացման եվրասիական վեկտորի հետ, ապա մենք պետք է հետագայում էլ կառուցողական, խելացի, արգասաբեր և արդյունավետ կերպով աշխատենք այդ վեկտորի ուժեղացման ուղղությամբ:
– Պարոն Սաֆարյան, 2019 թվականին Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում, ինչպիսի՞ լրացուցիչ հնարավորություններ դա կբացի մեր երկրի առջև:
– Դա նշանակում է, որ մեր երկրում և՛ կառավարությունը, և՛ շահագրգռված հասարակական կազմակերպությունները, և՛ քաղաքացիական հատվածը պետք է հանդես գան հասկանալի, գրավիչ նախագծերով, արժեքավոր միջոցառումներով, որոնք կբարձրացնեն մեր երկրի ազդեցությունը և կշիռը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև միջազգային ասպարեզում ընդհանուր առմամբ: Եվրասիական փորձագիտական ակումբի անունից հայտնում եմ իմ լիակատար պատրաստակամությունը մասնակցելու կառավարության նախագծերում և սկսումներում, եթե այն հետաքրքրված լինի ՀԿ-ի հետ և ուզում եմ հավաստիացնել, որ մենք մեր գործընկերների հետ արդեն այժմ մտածում ենք գալիք տարվա ընթացքում այնպիսի նշանակալի նախագծեր պատրաստելու մասին, որոնք կմեծացնեն մեր ազդեցությունը և կշիռը հայ հասարակության մեջ իսկ մյուս կողմից իրական և էական օգուտ կբերեն հանրապետությանը և կծառայեն դրա պոտենցիալի և հնարավորությունների զարգացման գործին միջազգային ասպարեզում:
Զրուցեց Լիա Խոջոյանը