Ամանորն այլեւս «սարերի հետեւում չէ», սակայն նորաձությանը հետեւող հանրության համար հարցերի հարցը շարունակում է մնալ այն, թե ինչ հագուստով դիմավորել Նոր տարին եւ առհասարակ՝ պահարանում ինչ թողնել, ինչը մի կողմ նետել: Թե ինչպիսի գույներն ու զգեստները կլինեն 2019-ի խորհրդանիշի՝ դեղին խոզի «ճաշակով», Dalma News-ը հարցախույզ անցկացրեց նորաձեւություն թելադրողներից:
Դերասան, պարող, բալետմաստեր, «Shero Yan» նորաձեւության տան հիմնադիր-դիզայներ Գեղամ Շերոյանը նշեց, որ աշխարհահռչակ «Պանտոն» գույների ինստիտուտի մասնագետները, որոնք ամեն տարի ներկայացնում է տարվա գույները՝ ճշգրիտ եւ ստուգաբանված վերլուծությամբ, արդեն իսկ հրապարակել են մի զեկույց, որից տեղեկանում ենք, թե որ գույները 2019 թվականին նորաձեւ կլինեն:
«Այսպիսով՝ նորաձեւ գույները ձմռան հավաքածուների համար կլինեն ընդհանուր 15 երանգներ: Օրինակ, կապույտը կարելի է համադրել նարնջագույնի կամ կաթնագույնի հետ, ուլտրամանուշակագույնը նույնպես մոդայիկ է եւ կարելի է համադրել կարմիրի եւ սեւի հետ, դեղինը կընդգծի ձեր յուրահատուկ ոճը, մանավանդ եթե կոնտրաստ ստանաք՝ այն համադրելով կապույտի հետ», – խորհուրդ տվեց դիզայները:
Ըստ Գ. Շերոյանի, կարելի է պահարանումդ եղած ցանկացած հագուստից մի էլեմենտ վերցնել, համադրել մեկ այլ գույնով հագուստի հետ, եւ դուք կլինեք ավելի մոդայիկ եւ օրիգինալ:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հագուստով դիմավորել 2019 թվականը, դիզայները տղաներին եւ աղջիկներին առաջարկեց հագնել ցանկացած նոր հագուստ, որը իրենց սրտով կլինի՝ վառ, գունագեղ, փայլուն, որպեսզի Նոր տարին դիմավորեն նորովի՝ անկախ նրանից, թե ինչի տարի է:
Գ. Շերոյանը վստահեցրեց, որ տարվա խորհրդանիշ կենդանակերպը ոչ մի կապ եւ ազդեցություն չի կարող ունենալ նորաձեւության վրա: Իսկ վերջում զգուշացրեց. «Աշխատեք կրել նվազագույն աքսեսուարներ, որովհետեւ այս տարի գույների պակաս չկա»:
U CAN մոդելային ստուդիոյի տնօրեն Մանե Մխիթարյանի կարծիքով՝ տարվա խորհրդանիշը՝ դեղին հողե խոզը, մեծ հնարավորություններ է տալիս մեզ ընդգծելու սեփական անհատականությունն՝ ավելի ցայտուն, բայց, անշուշտ, կարելիի սահմաններում:
«Այն, ինչ նախկինում անընդունելի էր, այսօր կարող է համարվել թրենդային: Խորհուրդ եմ տալիս չվախենալ լինել վառ՝ ընդգծելով սեփական անհատականությունը: Ավելի լավ է նորաձեւությանը վերաբերել ինչպես հետաքրքիր խաղի եւ չլինել միաոճ ու սեփական իմիջի հարցում էլ ավելի համարձակ փորձարկումներ կատարել», – հորդորեց Մխիթարյանը:
Հայտնի մոդելային ստուդիոյի տնօրենն առանձնացնելով գալիք տարվա թրենդային գույներն ու ասաց. «Նորաձեւ կլինեն մուգ վարդագույնը, սուրճի գույնը, կանաչը, կիտրոնի գույնը, շագանակագույնը, ոսկեգույնը, բոլոր պաստելային եւ անանուխային գույների տոները»:
Ինչ հագնել Ամանորին՝ կարեւոր չէ կլինի երկար զգեստ, կոկտելային, թե զգեստ նախշերով եւ ուլունքներով, այլ կարեւորն այն է, որ այն ընդգծի ձեր անհատականությունը եւ լինի վառ: Այս մասին նշեց Մ. Մխիթարյանը եւ կրկին պնդեց. «Պետք չէ վախենալ փորձարկումներից, օրինակ, կրել զգեստը շալվարի վրայից կամ զգեստի տակից վերնաշապիկ: Ինչպես նաեւ կարելի է կրել լայն սարաֆան կամ երկար բոխո-զգեստ: Կարող եք փորձել նաեւ «վադալազկա» (փակ վզով բլուզ) հագնել երեկոյան զգեստի տակից: Օրինակ, խորհուրդ եմ տալիս փորձել կրել բարակ «վադալազկաներ»՝ չեզեք գույների հետ, ինչպիսիք են սեւը, սպիտակը կամ բեժը»:
Եվ, վերջիվերջո, Մխիթարյանը հիշեցրեց. «Կարեւոր է երեւալ ավելի լավը, քան երեկ էիք, ոչ թե ավելի լավը, քան ուրիշներն են»:
Իսկ ըստ մոսկվաբնակ հայազգի ոճաբան, իմիջմեյքեր Վիգեն Ինդոյանի, 2019-ին ամենանորաձեւ գույները կլինեն խակ կարմիրը (մոտիկ բորդոյին), մուգ կապույտը, կարմրադեղինը եւ ուլտրամանուշակագույնը:
Թե ինչպիսի հագուստները կլինեն նորաձեւ 2019-ին՝ ոճաբանն անկեղծացավ. «Հիմա ուզում եմ գոռամ՝ նորաձեւություն սպասի՜ր, քանի որ մենք դեռ չենք հասցրել նույնիսկ կրել այն ամենն, ինչ նորաձեւ էր 2018-ին: Ինչեւիցե, քանի որ արդեն արդեն 2019 թվականին հաշված օրեր են մնացել, պետք է պահարանում ազատել մեկ հարմար անկյուն: Ասեմ, որ 2019-ի նորաձեւության միտումները շատ հարմարավետ են կյանքի ռիթմի համար: Այս տարի նրանք, ովքեր ուզում են տարբերվել, շեշտը պետք է դնեն ծավալով հագուստների վրա»:
Իմիջմեյքերը, ինչպես եւ մեր մյուս զրուցակիցները խորհուրդ տվեց Ամանորին հագնել ինչ-որ վառ հագուստ, քանի որ տարվա խորհրդանիշ խոզը սիրում է վառ գույներ: