Նոյեմբերի 22-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցները «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամներն էին։ Պահանջ ունեին կառավարությանը՝ համասեռամոլության քարոզչությունը օրենքով պետք է արգելվի։
Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն ու այլ կուսակիցներ բողոքելու էին եկել պաստառներով, որոնց վրա պատկերված էին համասեռամոլությանը դեմ պատկերներ։ Արման Ղուկասյանի պնդմամբ՝ խնդիրը ոչ թե համասեռամոլներն են, այլ նրանց և այլ ուժերի կողմից տարվող քարոզչությունն է, ինչը վերջին տարիներին ակնհայտ շատացել է։
«Խնդիրը փոքրամասնության խմբերի դեմ չէ։ Խնդիրը քարոզի մեջ է, որը հաճախ ենք նկատում անչափահասների շրջանում։ Պետք չէ որևէ մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառել, բայց նրանց քարոզչությունն էլ ընդունելի չէ։ Երևույթի դեմ պայքարելն անիմաստ է, քարոզի դեմ՝ անհրաժեշտ»,- ասաց նա։
Ու թեև շատ է խոսվում այն մասին, որ համասեռամոլության քարոզչությունը տեղի է ունենում նոր կառավարության օրոք, բայց Արման Ղուկասյանը հավաստիացրեց՝ խնդիրը սկսվել է դեռ նախկին իշխանության ժամանակ։
«Մենք նախկին կառավարությանը մի քանի անգամ գրավոր դիմել ենք, որևէ արձագանք չենք ստացել նրանց կողմից։ Այսօր նախկինները շատ են խոսում, որ համասեռամոլությունը զարգանում է Հայաստանում, բայց կներեք էլի, անկեղծ լինենք, ինչու՞ նախկին իշխանության ժամանակ այս ամենը չէր զարգանում։ Հենց նախկին իշխանության ժամանակ է եղել արտաքին ուժերի կողմից ֆինանսավորումը։ Ինչու՞ այն ժամանակ ձայն չէին հանում»։
Արման Ղուկասյանը համոզված է, որ Հայաստանում համասեռամոլության քարոզչությունը իրականացվում է օտարերկրյա հիմնադրամների կողմից եկած ֆինանսների միջոցով։ Ակցիայի մասնակիցների պահանջները հետևյալ բնույթն ունեին։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ընդունվի օրենք, որը կարգելի համասեռամոլության քարոզը։ Պատկան մարմիններին կոչ ենք անում՝ վերահսկեն Հայասատանում այն հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք համասեռամոլության քարոզչություն են անում և պարզեն, թե ի՞նչ հիմնադրամներից են նրանք սնվում»,- նշեց կուսակցության նախագահը։
Ի դեպ, նախատեսվում էր, որ նոյեմբերի 15-ից 18-ը Հայաստանում անցկացվելու է ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում, որը սակայն չեղարկվեց։ Ըստ Արման Ղուկասյանի՝ թեև ֆորումը կասեցվեց, այնուամենայնիվ շարունակվեց քարոզչությունը։
«Վերջին օրերին մի քանի օտարերկրացի ֆլեշմոբ էին կազմակերպել մեր արձանների կողքին՝ միմյանց հետ համբուրվում էին և կոչ անում վարչապետին՝ ավելի վստահ քայլ անել։ Ի՞նչ է սա նշանակում»,- վրդովված նշեց նա։
Ղուկասյանը շեշտեց՝ հետամուտ են լինելու, որպեսզի օրենսդրորեն այս հարցը կարգավորվի։
Ակցիայի մեկ այլ մասնակից, կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ նշեց՝ վարչապետից ակնկալում են հստակ դիրքորոշում։ Նա հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսելով խնդրի մասին հարց է հղել, թե որտե՞ղ էին այդ հարցով մտահոգ ուժերը այն ժամանակ, ինչու՞ չէին խոսում։ Ինչին ի պատասխան Կոստանյանն ընդգծեց.
«Մենք այստեղ էինք: Մենք բողոքի ակցիա էինք իրականացնում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց, երբ բրիտանացիները իջեցրեցին իրենց դրոշը և բարձրացրեցին ԼԳԲՏ դրոշը։ Մենք երկու տարի առաջ ԵՄ ներկայացուցչության դիմաց էինք ակցիա իրականացրել՝ պահանջելով դադարեցնել ԼԳԲՏ քարոզչության ֆինանսավորումը։ Մենք նախկին իշխանությանը շատ անգամներ ենք դիմել, բայց երբևէ արձագանք չենք ստացել»։
Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին նամակ, որը հասցեագրված էր վարչապետ Փաշինյանին։ Նրանք տեղում ստորագրեցին նամակը, ինչին միացան նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք նույնպես մտահոգված էին այս հարցով։
Պատրաստեց Լիկա Մովսիսյանը