Վիետնամը Հայաստանի հետ ավանդական-ընկերական հարաբերությունների մեջ է, որոնք պահանջում են ակտիվացում և խորացում: ԽՍՀՄ փլուզումից հետո Վիետնամը գրեթե կորցրել էր իր կապերը հետխորհրդային հանրապետությունների հետ և զբաղվում էր իր խնդիրների լուծմամբ, սակայն այժմ ժամանակն է եկել ինտենսիֆիկացնել համագործակցությունը, անկախ այն բանից, թե ինչ աշխարհագրական հեռավորություն կա դրանց միջև: Այդ մասին Dalma News-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության ԿՀ միջազգային բաժնի ղեկավարի տեղակալ Նգուեն Տուան Ֆոնգը:
– Պարոն Ֆոնգ, Երևանում դուք հանդիպումներ եք ունեցել Հայաստանի պաշտոնական անձանց հետ: Ինչի՞ հետ է կապված ձեր այցելությունը և ի՞նչ արդյունքներով եք մեկնում ձեր հայրենիք:
– Մեր այցը Հայաստան նպատակ ունի ամրապնդելու մեր երկրների միջև հարաբերությունները: Վիետնամի և Հայաստանի միջև արդեն վաղուց գոյություն ունեն ավանդական-ընկերական հարաբերություններ, վիետնամական ժողովուրդը խորը երախտապարտություն է տածում ձեր ժողովրդի հանդեպ այն հսկայական և նյութական օգնության համար, որը հայ ժողովուրդը ցուցաբերել է ավելի վաղ՝ օտարերկրյա զավթիչների դեմ պայքարում: Պատերազմից հետո, երբ Վիետնամը մեծ տնտեսական դժվարություններ էր ապրում, հայ ժողովուրդը մեզ շատ է օգնել, Հայաստանում շատ վիետնամցիներ էին սովորում, ձեր կրթական միջավայրում լավ կադրեր էին պատրաստվում, բացի այդ հանրապետություն էին գալիս աշխատելու շատ վիետնամցիներ: Քաղաքական փոփոխությունների հետևանքով մեր հարաբերությունները, կարծես թեկասեցվեցին, սակայն այժմ մենք ցանկանում ենք կրկին վերականգնել և խորացնել հայ-վիետնամական հարաբերությունները տարբեր ոլորտներում և ճյուղերում: Այո, քաղաքական մակարդակով մեր հարաբերությունները շատ բարձր են, սակայն ես կարծում եմ, որ մեր բիզնես միջավայրերը դեռևս չեն կարողանում այն փոխազդեցությունը ստեղծել, որը կհամապատասխանի քաղաքական հարաբերություններին:
– Հայկական շուկայում շա՞տ վիետնամական կազմակերպություններ են ներկայացված:
– Ցավոք սրտի, դեռևս շատ քիչ են: Եվ մեր խնդիրը այս այցի ընթացքում կայանում էր հենց նրանում, որպեսզի ևս մեկ անգամ հաստատենք մեր հավատարմությունը Հայաստանի հետ ավանդական կապերին և հաղորդակցություններ ստեղծենք դրանց զարգացման և խորացման համար: Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը ձգտում է մշակել մեր պետության քաղաքական մի գիծ արտաքին քաղաքականության մեջ, և ինտենսիֆիկացնել հարաբերությունները երկրների միջև, այդ թվում նաև Հայաստանի հետ, տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, ներդրումներ, սոցիալական, հումանիտար-մշակութային կապեր և այլն:
– Հայաստանում ո՞ր քաղաքական ուժի հետ է համագործակցում Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը: Արդյոք կան հաստատված կապեր, որոնք կօգնեն արագացնել մեր երկրների միջև փոխհարաբերությունների ինտենսիֆիկացման գործընթացը:
– Անուններ ես չեմ կարող տալ, քանի որ կոնկրետ համագործակցությունը այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք դեռևս այնքան շատ չէ: Հայ-վիետնամական հարաբերությունների պոտենցիալը հսկայական է: Սակայն, առայժմ մենք տեղում ենք դոփում, առանց որևէ հստակ գործողությունների: Հայաստան կատարած մեր այցի ընթացքում մեզ մոտ հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ, իսկ որոշ ժամանակ առաջ, երբ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, Վիետնամը այդ միջոցառմանը մասնակցելու համար պատվիրակություն էր ուղարկել Վիետնամի փովարչապետի, արտաքին գործերի նախարար Ֆամ ԲինՄինի գլխավորությամբ: Այդ բարձր հարաբերությունները հիմնված են այն փոխադարձ հասկացման վրա, որ պետք է ամրապնդել մեր հարաբերությունները և համագործակցություն ստեղծել բոլոր ոլորտներում: Մեր հանդիպումների ընթացքում հայկական կողմը հավաստիացրել է, որ հանդես է գալիս այդ խորացման և այդ խնդիրների լուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու օգտին: Հատուկ շեշտադրված էր երկու երկրների ձեռներեցների համագործակցության խորացման հարցը և որոշակի հարթակ ստեղծելու հարցը, որը նրանց թույլ կտա գտնվել ավելի սերտ հաղորդակցության մեջ:
– Որքան ես գիտեմ, Վիետնամը չունի իր դիվանագիտական ներկայացուցիչը Հայաստանում, չնայած, որ մեր դեսպանը աշխատում է Հանոեյում:
– Այո, այս հարցը նույնպես բարձրացվել է Երևանում պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում: Երկկողմանի ցանկություն է հայտնվել շտկել այդ բացթողումը և աշխատել Հայաստանում վիետնամական ներկայացուցչականության բացման ուղղությամբ: Քանի որ դեսպանատան բացումը բավականին երկարատև գործընթաց է, ապա ամենայն հավանականությամբ, մենք կսկսենք աշխատել Հայաստանում՝ Վիետնամի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ, իսկ հետագայում կլինի նաև դեսպանատուն:
– Դեռևս շուտ է խոսել կոնկրետ թվերի և ներդրումների մասին, սակայն ո՞ր ոլորտներն են հետաքրքրում վիետնամական ձեռներեցներին Հայաստանում:
– Երկկողմանի համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկն ենք համարում կադրերի պատրաստումը: Նաև մենք կարծում ենք, որ Վիետնամի թեթև արդյունաբերության արտադրանքը կարող է հետաքրքիր լինել հայ սպառողի համար և կարող է արժանապատվորեն ներկայացվել հայկական շուկայում: Մեզ համար նաև հետաքրքիր են Հայաստանի թանկարժեք քարերը, IT ոլորտը և այլն: Վիետնամը՝ դա 90-միլիոնանոց շուկա է, և կարծում եմ դա շատ հեռանկարային ուղղություն է Հայաստանի համար: Մեր երկիրը կարող է առաջարկել նաև արևադարձային մրգերի մեծ շուկա, և այս առումով մենք արդեն բանակցություններ ենք վարում «ArmEcTrading» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանի հետ, ով զբաղվում է էկվադորյան բանանների և այլ մրգատեսակների ներկրմամբ ոչ միայն Հայաստան, այլև ԵԱՏՄ այլ երկրներ: Մենք կարծում ենք, որ այս համատեքստում Վիետնամը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել:
– Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԵԱՏՄ և Վիետնամը համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրային գոտու մասին, արդյոք կարելի է դիտարկել հայ-վիետնամական հարաբերությունների խորացումը նաև այս համատեքստում:
– Այո, համաձայնագիրը կա, սակայն դեռևս խոսքը ավելի շուտ լավ և հստակ իրավական բազայի մասին է, սակայն շատ քիչ բան է արվել նրա համար, որպեսզի իրացվեն այն բոլոր հնարավորությունները, որոնք մենք տրամադրում ենք: Եվ Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նույնպես քննարկվել է, որ առկա է լավ իրավական հիմք, սակայն կոնկրետ քայլեր չկան, և արդեն ժամանակն է գործի անցնել: Իսկ դրա համար պետք է խորացնել հարաբերությունները առանձին երկրների միջև, հենց նույն Հայաստանի և Վիետնամի միջև: Ես հասկանում եմ, որ շատ հոռետեսներ կսկսեն խոսել, որ մեր միջև մեծ աշխարհագրական հեռավորություն է և մեծ տարբերություններ մշակույթում և մենթալիտետում, սակայն ես վստահ եմ, որ դրանք բոլորը նրբություններ են, որոնք լուծվում են սերտ համագործակցության ընթացքում:
-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ այս տարիների ընթացքում, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, երբ Վիետնամը դուրս եկավ պատերազմի հետևանքներից, հաշվի առնելով ավանդական-ընկերական հիմքը, մեզ մոտ այդպես էլ չստացվեց զուտ խոսակցություններից առաջ գնալ՝ բաժակաճառերի նման: Հնարավոր է, դա փոքր ինչ կոպիտ է հնչում, բայց ստացվում է, որ խոսքերով մեզ մոտ ամեն ինչ լավ է, սակայն գործնականում պետք է ամեն բան սկսել մաքուր էջից:
-Ես համաձայն եմ այս նկատողության հետ… Խորհրդային Միության փլուզումից հետո պետությունները պետք է ոտքի կանգնեին և լուծեին իրենց ներքին քաղաքական խնդիրները: Մենք ինքներս էլ ԽՍՀՄ փլուզումից հետո բազմաթիվ դժվարություններ կրեցինք, քանի որ պարզ դարձավ, որ արդեն ոչ ոքի վրա չես կարող հենվել, մենք պետք է ինքնուրույն կառուցենք և զարգացնենք մեր երկիրը սանկցիաների պայմաններում: Վիետնամը սկսեց թարմացման քաղաքականություն վարել և արդեն 30 տարի է, այդ քաղաքականությունն իրականացվում է, իր լավ արդյունքներն է բերում, և արդեն կարելի է ասել, որ դրա շնորհիվ մեր արտաքին քաղաքականությունը սկսել է բարելավվել: Մեզ նույնպես դժվար է, մեր տնտեսությունը ևս արտասահմանյան ներդրումների կարիք ունի, սակայն մենք փորձում ենք հարաբերություններ ստեղծել ԽՍՀՄ նախկին՝ մեզ համար ընկերական պետությունների հետ, և վստահ ենք, որ դա կլինի ի օգուտ բոլորին:
Զրուցեց Լիա Խոջոյանը