Սեպտեմբերի 1-ը ոչ միայն տոն է առաջին դասարանցիների համար, ովքեր պայուսակով և առաջին ուսուցչուհու համար ծաղկեփնջով շտապում են դպրոց, այլև մանկապարտեզի երեխաների համար, որոնց համար նախադպրոցական հաստատությունը առաջին անգամ բացում է իր դռները: Սակայն, գործնականում պարզվում է, որ Երևանում այսօր հայտնվել մանկապարտեզում նույնքան դժվար է, որքան համալսարան ընդունվելը: Եվ դրա պատճառները մի քանիսն են:

7 տարի առաջ մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները, որոնք գտնվում էին քաղաքապետարանի իրավասության տակ, դարձան անվճար: Այդ նորությունը դարձել էր ամենաշատ շրջանառվողներից մեկը 2011 թվականին և ուրախացրեց բազմաթիվ ծնողների, մինչդեռ քաղաքային իշխանությունները, թեպետ և գնացին այդ քայլին, սակայն փոքր-ինչ լարվեցին:

Անվճար նախադպրոցական հաստատությունը նշանակում էր ոչ միայն ծանրաբեռնվածություն մայրաքաղաքային բյուջեյի վրա, այլև գերծանրաբեռնվածություն մանկապարտեզներում, որի հետևանքով անխուսափելիորեն կտուժեին ծառայությունները: Այն ժամանակ այդ մասին զգուշացնում էին, այսօր մենք դարձել ենք դրա ականատեսները, թեպետ և քաղաքապետարանում հանգստացնում էին, որ, իբրև թե կստեղծեն լրացուցիչ խմբեր:

Ի՞նչ մենք ունենք յոթ տարի անց: Ծանրաբեռնված խմբեր՝ 30-40 հոգի երեխաներով, մի քանի տարի տևողությամբ մանկապարտեզների հերթ և բյուրոկրատական քաշքշուկներ նյարդային լարվածությունների հետ մեկտեղ: Իհարկե, ոչ ոք չի ասում, որ պետք է ամեն բան վերադարձնել իրենց տեղերը և մանկապարտեզները վճարովի դարձնել, սակայն այն, որ խնդիրը պետք է լուծում ստանա՝ փաստ է:

Համաձայն պաշտոնական հայտարարությունների, մինչև երեք տարեկան տարիքային խմբերում պետք է լինեն 15-20 երեխաներ, իսկ մինչև 6 տարեկան երեխաների խմբերում՝ 25-30 երեխա: Սակայն իրականում ամեն բան այլ է. առաջին հերթին, ամեն մանկապարտեզ չէ, որ ունի մինչև 3 տարեկան երեխաների խումբ, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում այն ծնողների համար, ովքեր ուզում են կամ պետք է շուտ վերադառնան իրենց աշխատանքին (համաձայն Հայաստանում գործող օրենսդրությանը, մայրիկները իրավունք ունեն գտնվելու արձակուրդի մեջ մինչև երեխայի 2 տարեկանը): Ստացվում է, որ մի կողմից կառավարությունը խրախուսում է երիտասարդ մայրիկների զբաղվածությանն ուղղված ծրագրերը, օրենք է ընդունում որոշ մայրերին դայակների կամ մանկապարտեզների վճարի մի մասի փոխհատուցման մասին, ինչը նպատակ ունի խթանելու նրանց զբաղվածությունը և կարիերան, սակայն մյուս կողմից բոլոր մայրիկների համար մանկապարտեզները չեն բավականացնում: Հենց մայրիկների համար, ոչ թե երեխաների, քանի որ արդյունքում ծնողների մեծամասնությունը գնում են դեպի մասնավոր մանկապարտեզներ կամ նմանատիպ հաստատություններ, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում երեխաներին:

Հենց այդ պատճառով այսօր տեսնում ենք մի պատկեր, որ Երևանում է, կարծես անձրևից հետո, օրեցօր ավելանում է մասնավոր մանկապարտեզների և զարգացման կենտրոնների թիվը, որոնք հաճույքով իրենց գիրկն են առնում այն երեխաներին, որոնցից, այսպես ասած, խուսափում են քաղաքային հաստատությունները: Սակայն հարցի այս կողմին մենք դեռ կանդրադառնանք:

Facebook-ում գործում են բազմաթիվ խմբեր, որոնց շրջանակներում մայրիկները պատմում են իրենց դժվարությունների մասին՝ բաղձալի մանկապարտեզի ճանապարհին: Մեկ այդպիսի խմբի գրառումներից պարզ է դառնում, որ բազմաթիվ մայրեր, չնայած փաստաթղթերի ժամանակին տրամադրմանը և հերթագրված լինելուն, մերժում են ստանում հաստատությունների տնօրենների կողմից: Իսկ վերջինները, բացատրելով մերժման պատճառները, առանձնապես շատ չեն «խորանում»՝ «տեղ չկա», «երեխան դեռ փոքր է», «3 տարեկանը կլրանա ձմռանը, իսկ ձմռանը խմբերում ընդունելություն չկա» և այլն:

Օրինակ, 2018թ․, համաձայն Երևանի քաղաքապետի որոշման, մանկապարտեզներ պետք է ընդունվեն երեխաները, որոնք ծնվել են 2015թ., այսինքն այն երեխաները, ում 3 տարեկանը արդեն լրացել է: Սակայն անհրաժեշտ տարեթվով ծննդյան վկայականը բոլորովին չի նշանակում, որ երեխան արդեն ընդունված է: Կրկին պատճառները տարբեր են: Եվ մինչդեռ մայրը դիմում է տարբեր ատյաններ, զանգահարում է քաղաքապետարանի «թեժ գծեր», որտեղ այս օրերին ոչ ոքի ոչինչ չի հուզում (քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ մնացածները սպասում են իրենց ժամին և Երևանի ավագանու խորհրդի նոր ընտրություններին), երեխան կամ մեկ տարի կորցնում է, կամ էլ ծնողը այլընտրանքային որոշում է կայացնում՝ դիմելով մասնավորներին: Եվ մեծամասնությամբ այդ ճանապարհը իրենց ցույց են տալիս այդ նույն պետական մանկապարտեզների տնօրենները:

Այլընտրանքը, իհարկե լավն է՝ խմբերում երեխաների թիվը քիչ է, երեխաներին լավ են կերակրում, մատուցված ծաայությունները կտրականապես տարբերվում են նրանցից, որոնք մատուցվում են անվճար հաստատություններում: Սակայն այդ ամենը կախված է գնային քաղաքականությունից, իսկ այն տատանվում է 80 հազար դրամից մինչև 200 հազար, առանձին դեպքերում մինչև 300 հազար դրամ: Իհարկե, կարելի է մանկապարտեզ գտնել 60 հազար դրամով, սակայն դա նշանակում է երեխայի զբաղվածություն միայն մի քանի ժամով և այլ պայմաններ, որոնք ամեն մայրիկի չէ, որ բավարարում են: Այս բիզնեսը ծաղկում է արդեն մի քանի տարի, դրա հետևում կանգնած են պետական ծառայողների և օլիգարխների կանայք և դստրերը: Կան նաև այնպիսի մասնավոր հաստատություններ, որոնք տեղակայված են պետական մանկապարտեզների շենքերում, դրանք ղեկավարում են վերջինների նախկին տնօրենները, որոնք թոշակի են անցել: Այդ մասին, ի դեպ, բազմիցս հայտարարել է Երևանի ավագանու խորհրդի անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը, ով կոչ էր անում քաղաքապետարանին հստակ քաղաքականություն վարել այդ հարցի շուրջ՝ «ճանճերն առանձին, կոտլետներն առանձին» կարգախոսով, քանի որ համադրված մանկապարտեզներում ծառայությունները երեխաներին մատուցվում են պետական հաստատության հաշվին, և փաստացի, հենց դրա տարածքում, սակայն այն գումարով, որը նախատեսված է նույն ծառայությունների մատուցման համար մասնավոր մանկապարտեզի կողմից: Իհարկե, խառնաշփոթը մեծ է, ինչպես և գումարները, որոնք ծնողները ստիպված են վճարել, որպեսզի երեխան լավ մանկություն ունենա:

Փորձագետները նշում են, որ այս ամբողջ գլխացավանքի հիմքում ընկած է իշխանությունների անհեռատեսությունը, որոնք իրենց ժամանակին թույլ տվեցին զանգվածայնորեն պետականացնել մանկապարտեզները, ինչն այսօր, չնայած ժողովրդագրական իրավիճակին, այնուամենայնիվ խնդիրների առաջ կանգնեցրեց, այն է տեղերի բացակայությունը քաղաքային մանկապարտեզներում: Բացի այդ մեղավոր է նաև օրենսդրությունը, որի շրջանակներում նախադպրոցական կրթությունը դեռևս ամրագրված չէ, որպես պարտադիր, և պետությունը թաքնվելով այդ փաստի տակ, ամեն ինչին մատների արանքով է նայում և առանձնապես մեծ ջանքեր չի գործադրում այս կոնֆլիկտի լուծման համար: Եվ սպասել, որ ավագանու խորհրդի ընտրություններից հետո որևէ բան կփոխվի՝ անիմաստ է, դեռևս նվազագույնը մեկ տարի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը զբաղված են լինելու տեղափոխություններով քաղաքական դաշտում, և նրանք չեն մտահոգվի երեխաներով, ովքեր տարիներ շարունակ սպասում են, մինչև իրենց հերթը կհասնի և իրենք մանկապարտեզ կգնան: Եվ շատերի համար, ի դեպ, այդ հերթը այդպես էլ չի հասնում և նրանք միանգամից գնում են «առաջին անգամ՝ առաջին դասարան»:

 

Լինա Մակարյան