2018թ․սեպտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույց էր հրատարակել՝ հիմնված աշխարհում ալկոհոլի օգտագործման վիճակագրության վրա: Համաձայն այդ տվյալների, Հայաստանը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների մեջ զբաղեցրել է 11-րդ տեղը՝ տարեկան մեկ շնչի համար 5,5 լիտր ալկոհոլային խմիչքների ցուցանիշով: Իհարկե, խոսքը նրանց մասին է, ովքեր 15 տարեկանից մեծ են և սիրում են ոգելից խմիչքներ: Ընդ որում, նախկին ԽՍՀՄ երկրներից «ամենախմողն» է ճանաչվել Մոլդովան (տարեկան 15,2 լիտր ալկոհոլ մեկ անձի համար), որին հաջորդում են Լիտվան և Լատվիան, իսկ չորրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը՝ տարեկան 11,7 լիտր ցուցանիշով:

Առաջնորդության առումով իրավիճակն, ինչպես ասվում է, գրեթե չի փոփոխվել. սպիրտային խմիչքների օգտագործման մակարդակով ԽՍՀՄ-ում առաջնորդներն էին Մոլդովան, Բելառուսը և Ղազախստանը (տարեկան 10-12 լիտր մեկ անձի համար): Այսօր Բելառուսը տվյալ վարկանիշի 6-րդ տեղում է, թեպետ զիջում է չնչին ցուցանիշով, եթե Ռուսաստանում և Էստոնիայում մեկ անձի համար ցուցանիշը կազմում է 11,7 և 11,6 լիտր տարեկան, ապա երկրում, որը ղեկավարում է Ալեկսանդր Լուկաշենկոն, մեկ անձի համար ցուցանիշը կազմում է 11,2 լիտր տարեկան:

Այնուհետև հաջորդում է Վրաստանը, որը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ տարեկան մեկ անձին ընկնող 9,8 լիտր խմիչք ցուցանիշով: Ինչ մնում է Ադրբեջանին, ապա ԱՀԿ-ի կողմից այն ճանաչվել է ամենաչխմող երկիրը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ, և փակում է ցուցակը տարեկան 0,8 լիտր մեկ անձի համար ցուցանիշով:

Գինու փառատոնը Արենիում

Հաշվի առնելով հայկական և վրացական գինեգործական ավանդույթները, պարզ է, որ այս երկու կովկասյան երկրները հայտնվել են ցուցակում այս ազնվական խմիչքի շնորհիվ: Իսկ քանի որ վերջին տարիներին Հայաստանի այս ոլորտում ծաղկում է նկատվում, ապա 5, 5 ցուցանիշին նայելով, նույնիսկ հավատն էլ չի գալիս: Սակայն, ինչպես ասվում է, ԱՀԿ-ին ավելի լավ է տեսանելի։

Հայաստանում գինեգործությունը ամենահեռանկարային ուղղություններից մեկն է, որի ցուցանիշները տարեց տարի գնալով լավանում են: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների՝ 2017թ. Հայաստանում արտադրված գինու ծավալը աճել է 30%, կազմելով 8 852.5 հազար լիտր: Լավ ցուցանիշներ են նաև կոնյակի և գարեջրի արտադրողների մոտ՝ աճ համապատասխանաբար 39,4% և 10,3%: Միաժամանակ անկում է նկատվում օղու և լիկյորային ապրանքատեսակների արտադրության մեջ (10,9% անկում 2017թ․ ընթացքում):

Գինու փառատոնը Արենիում

Գինին նաև դարձել է զբոսաշրջային ուղղություն, քանի որ բազմաթիվ տուրօպերատորներ հատուկ ուղևորություններ են առաջարկում դեպի Հայաստան այն օրերին, երբ մեզ մոտ անցկացվում են բազմապիսի գինու փառատոններ: Ամենահայտնի գինու փառատոններից մեկը Արենիում կայացել է նախօրեին՝ հոկտեմբերի 6-ին: Այս տարի նման բուրավետ և ուրախ միջոցառմանը մասնակցելու համար Վայոցձորյան տարածաշրջան էին ժամանել հայտնի ֆուդ-բլոգերներ Ռուսաստանից, ինչպես նաև բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ և հյուրեր Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ եվրոպական երկրներից:

Սիրանուշ տատիկը երկար տարիներ գինի է վաճառում Արենիի շուկայում և իր դիտարկումներով զբոսաշրջիկներին կիսում է մի քանի կատեգորիաների: Dalma News-ի հետ զրույցի ժամանակ նա պատմեց, որ օրինակ, իտալացիները սիրում են թունդ գինի, երբ ըմպելիքը մի փոքր կաղնու համ է տալիս: Ասում է, որ եթե ավտոբուսի դռները բացվում են և շուկան լցվում է բարձր ծիծաղով և ձայներով, նշանակում է իտալացիներ են ժամանել և պետք է թունդ գինի պատրաստել:

Գինու փառատոնը Արենիում

Իսկ գերմանացիները՝ հակառակը, քաղաքավարի կերպով, զգուշորեն և կասկածամտորեն են վերաբերում իրենց համար անսովոր գինիներին: Օրինակ, նռան գինուն. «Սակայն մեկ անգամ փորձելուց հետո արդեն վերջ, այլևս ուրիշ գինի չեն գնում»,- հայտնեց նա: Նրա խոսքով, նռան գինին վերջին տարիներին դարձել է գրեթե ամենատարածվածը: Իր դուստրը ընտանիքի հետ ապրում է Ղարաբաղում և հենց նրանց բակում նուռ է աճում: Սակայն, կիսվեց մեզ հետ գաղտնիքով, նրանց նռան գինու մեջ զգացվում են նաև ընկույզի համ, քանի որ յուրաքանչյուր գինեգործ պետք է ունենա իր ձեռագիրը նման ազնվագույն ըմպելիքի մեջ:

Սակայն, ամենից շատ այստեղ սիրում են ռուս զբոսաշրջիկներին, որոնք սիրում են էկզոտիկ գինիներ՝ մորու, սերկևիլի, նաև նռան գինի, և գնում են գրեթե ամեն ինչ

«5-6 տարի առաջ մեր գինին գնում էին միայն բեռնատարների վարորդներն ու երևանցիները, որոնք անցնում էին մեր ճանապարհով: Իսկ այժմ՝ երբեմն ինքներս մեզ գինին չի բավականացնում, քանի որ զբոսաշրջիկների հոսքը մշտապես առկա է: Բայց ես միշտ մի քիչ գինի եմ պահում երևանցիների համար, այն՝ շաբաթօրյա շուկայի ժամանակ իմ փեսան է վաճառում. ես ուզում եմ, որպեսզի այդ համը ծանոթ լինի նաև նրանց, թե չէ նրանք սովորել են խմել շշերի գինին իրենց մայրաքաղաքում՝ խառնված չգիտեմ ինչի հետ»,- ասաց տատիկը:

Գինու փառատոն Սարյան փողոցում

Սակայն, ինչպես էլ Սիրանուշ տատիկը չնախատի մեզ՝ երևանցիներիս շշերի մեջ լցրած գինու հանդեպ սիրո համար, դրանց պահանջարկը շարունակում է վստահորեն աճել, և արդեն մի ամբողջ փողոց Երևանում ժողովրդի մեջ ստացել է Գինու փողոց անվանումը: Սարյանի վրա, որտեղ, օրինակ, արդեն մի քանի տարի է գինու փառատոններ են անցկացվում մայիս ամսին, տեղակայված են բազմաթիվ սրճարաններ, որտեղ կարելի է գինի փորձել աշխարհի ցանկացած անկյունից: Տաք օրերը իրենց կանոններն են թելադրում և անցնելու համար այն փողոցով, որտեղ բոլորը նստած են հարմարավետ սեղանների առջև և վայելելով թավշյա-զվարճալի գինին բարձր գավաթներից, համարձակություն է անհրաժեշտ: Չէ՞ որ, ինչպես ասում էին մեծերը, ճշմարտությունը գինու մեջ է, իսկ ո՞վ կհամաձայնի անցնել դրա կողքով:

 

Լինա Մակարյան