Թատերական աշխարհում այս ամռան բացումը եղավ ռեժիսոր-բեմադրիչ Սերժ Մելիք Հովսեփյանի «Սերը բավարար չէ՞» ներկայացումը, Ժոյել Պոմռայի «Երկու Կորեաների վերամիացում» պիեսի հիման վրա: Բեմադրությունը ներկայացնում է «Ագորա» թատերական խումբը, որի կազմի մեջ մտնում են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Նարինե Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Արմինե Անդրեասյանը, Մարիա Սեյրանյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սոնա Վարդանյանը, Արթուր Նազարյանը և Հռիփսիմե Շահինյանը: Բեմադրությունը բաղկացած է 12 նովելներից՝ «Ապահարզան», «Հավաքում», «Մահ», «Բանալիներ», «Հիշողություն», «Սեր», «Փող», «Ֆիլտր», «Սպասում», «Երեխաներ», «Սերը բավարար չէ», «Ամուսնություն»:

Սերժ Մելիք Հովսեփյան

Ներկայացումը ցուցադրում է, թե իրականում որքան բարդ երևույթ է սերը, որի մասին թվում է թե ամեն ինչ հայտնի է: Ներկայացման յուրաքանչյուր մասը յուրովի է բացահայտում սերը, ինչը նկատելի է առաջին հայացքից: Առաջին՝ «Ապահարզան» նովելում կինը ցանկանում է բաժանվել ամուսնուց, քանի որ ավելի լավ է մենակ լինել, քան ապրել մի մարդու հետ, ում չես սիրում, իսկ մյուս նովելում հավաքարար կնոջը բավական է բարձրացնել աչքերը և նա կտեսնի, թե որքան անմիտ են իր հույսերը: Այսպիսով, որտե՞ղ է այդ անտեսանելի սերը: Թվում է, այն ամբողջի անբաժանելի մասն է, ինչ մենք խոսում ենք ինքներս մեզ կամ այլոց մասին:

«Սովորաբար ես չեմ մտածում որևէ նոր բան անել: Քանի որ այս ներկայացումը բաղկացած է մի քանի մասերից, ես մտածեցի, որ այն հարմար չէ բեմի համար: Իմաստը նրանում է, որպեսզի հանդիսատեսը ինքը ներգրավված լինի գործընթացի մեջ և սկսի ուշադրություն դարձնել այն բանի վրա, ինչը առօրյա կյանքում ուշադրությունից դուրս է մնում: Այս պիեսը բաղկացած է սովորական կենսական իրավիճակներից: Ինձ համար սա ավելի շատ նման է փողոցի, որտեղ մենք քայլում ենք, նկատում ենք ինչ-որ բան, խորամուխ լինում դրա մեջ, լսում կամ ոչ»,- ասաց ռեժիսոր Սերժ Մելիք Հովսեփյանը:

Ռեժիսորի խոսքով դերասանները սիրով են աշխատում, ինքնուրույն են զբաղվում դեկորացիաներով, լույսով և այլն: Դերասաններն ազատ են: Նրանք անում են այն, ինչ զգում են այդ պահին: Ամբողջ ներկայացման ընթացքում հերոսները մտնում են երկխոսության մեջ, սակայն նրանք չեն լսում միմյանց: Եթե մեկի մոտ սիրո ներկայությունը կամ բացակայությունը ռեալ է, ապա մյուսի համար դա խելագարություն է: Հերոսները վերապրում են կորուստներ, բաժանում, անվստահություն, բռնություն: Այս պիեսը սիրո, դրա անբավարարության, դրա բացակայության մասին է։ Բոլոր մասերը տարբեր եղանակներով բարձրացնում են այս թեմաները:

Հատկանշական է այն, որ գործողությունները տեղի չեն ունենում բեմի վրա: Հանդիսատեսը չի նստում և դիտում ներկայացումը, ինչպես մենք սովոր ենք, այլ քայլում են դահլիճով, որտեղ մեկ գործողությունը փոխարինվում է մյուսով: Հաջորդ մասը դիտելու համար հանդիսատեսը գնում է այնտեղ, որտեղ այդ պահին լույս է վառվում:

Բոլոր մասերում հանդիսատեսը տեսնում է սիրո դրսևորման տարբեր ձևեր, և միայն առաջին մասում կան ջերմ զգացողություններ, սակայն սեր չկա, այդ պատճառով էլ հերոսուհին ուզում է բաժանվել:

Ներկայացման յուրահատկությունը նրանում է, որ դրանում չկան հստակ պատասխաններ: Հանդիսատեսը մտածելու բան ունի։ Յուրաքանչյուրը կարող է տեսնել ինչ-որ յուրահատուկ, տարբերվող բան:

«Յուրաքանչյուր մասում առկա է սիրո թեման: Կյանքը միանշանակ չէ: Եթե որևէ մեկի համար սեր պարզապես չկա, նա բաժանվում է, մյուսին սերը բավարար չէ և նա բաժանվում է, մեկը գիտի, թե ինչպես պահել սիրելի մարդուն, մյուսը նույնիսկ չի փորձում: Ես շատ կցանկանայի լինել այս ներկայացման հանդիսատեսը, քայլեմ և ինձ համար որևէ նոր բան գտնեմ: Որոշ հանդիսատեսներ ասում էին ինձ, որ ներկայացումը նման է ցուցահանդեսի: Ինձ համար ամենակարևորն այն է, որ 10 րոպեի ընթացքում մենք կարող ենք պատմել երկու ժամ տևողությամբ մի պատմություն: Սա շատ համապատասխան է 21-րդ դարի մարդու աշխարհայացքին: Քանի որ մեզ մոտ հիմա «ֆեյսբուքյան» մտածելակերպ է: Տեղեկատվության մեծ հոսքի ներքո յուրաքանչյուրը միևնույն է կգտնի մի բան, ինչը կհուզի նրան, ինչը նրան ավելի մոտ է»,- նշեց Հայաստանի վաստակավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

Առօրյա կյանքում մենք շատ բաներ բաց ենք թողնում մեր ուշադրությունից: Թատրոնը հնարավորություն է տալիս տեսնել կյանքը այլ տեսանկյունից, տեսնել այն, ինչը չես տեսել, ավելի ուշադիր լինել շրջապատի հանդեպ: Հիշեցնենք, որ «Սերը բավարար չէ՞» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 29-ին «ՆՓԱԿ» ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոնում:

 

Մարիանա Հակոբյան